Ուսերիս ծանրացած ուրիշի մերկ խիղճը - Mediamax.am

Ուսերիս ծանրացած ուրիշի մերկ խիղճը
11512 դիտում

Ուսերիս ծանրացած ուրիշի մերկ խիղճը


Փոքրիկ մատները շարժվում են խոտերի արանքում, մերկ նորածինը մենակ պառկած է ծառի տակ, ես լալիս եմ՝ կոկորդս այրող ցավով: Քարացած ծանրությամբ կոպերս պոկում եմ աչքերիցս ու խեղդվողի պես ագահորեն կուլ տալիս թթվածինը:

Օրերս հայտնի դարձավ, որ Պռոշյան գյուղում երեք ժամ առաջ ծնված երեխային թողել են սալորի ծառի տակ՝ բոլորովին մերկ: Փոքրիկին մի աղջիկ է գտել, ում սկզբում թվացել է, թե կատվի մլավոց է լսում բակից: Լրատվականների առաջին էջերում աղմկում է որբացած աղջնակի մասին լուրը, լրագրողները թակում են գյուղացիների դռները՝ փորձելով մանրամասներ պարզել:

Մի քանի օր է՝ ինձ որբացած եմ զգում, մի քանի օր է՝ երազումս երեխան լալիս է: Արթնանում եմ կիսամութ սենյակումս, նայում պատերին, հասկանում, որ երազ էր, բայց որբության սեղմող ցավը չի թողնում կոկորդս:

Հիշում եմ պռոշյանցի կնոջ խոսքերը, ով ասում է, որ իրենց հարազատներից մեկը 14 տարի է՝ երեխա ունենալ չի կարողանում, հետո սրտի եկած բառերն արտասանում՝ թող կուրանա այդ մայրը: Չեմ քննադատում կնոջը, բայց որբացած աղջնակի՝ մերկ խոտերին պառկած տեսարանն ինձ չի թողնում շնչել: 

Օգոստոսի 12-ի առավոտյան ինչ-որ բան տիեզերքում սխալ է դասավորվել, ինչ-որ մեկը թողել է իր մերկ խիղճը ծառի տակ: Խիղճը, որ հիմա ծանրացել է ուսերիս ու ինձ անդադար հրում է ներքեւ:

-Վայ, էն ինչ լավ աղջիկ էր, սպիտակ, սիրուն,- ճերմակած մազերով պռոշյանցի կինը պատմում է աղջնակի մասին, աչքերիս առաջ գծագրվում են փոքրիկ այտերն ու կիսափակ աչուկները:

Դիմացս սալորի ծառի պես վեր է խոյանում մարդու անտարբերությունը դիմացինի նկատմամբ: Ճյուղերի նման տարածված էգոն խմում է արեւի ողջ էներգիան ու ստվեր գցում ներքեւում գտնվող ամեն բանի վրա: Էգոն հաղթում է նույնիսկ սեփական մարմնում 9 ամիս պահած ու ծնունդ տված ամենաթանկ մարդուն: Հաղթում է եւ անպաշտպան թողնում նրան չորացած խոտերին:

Ծառը գնալով մեծանում է եւ ավելի խեղճացնում թուլացած «ես»-ս: Ես ինձ անզոր եմ զգում երկու հսկաների՝ պատասխանատվության եւ անտարբերության արանքում: Ներսումս եղած ամենասիրուն բաները պոկվում են ինձնից, ու ես լրիվ դատարկ կանգնում եմ մարդկային անտաբերության առաջ:

Ինչ-որ պահից անտարբերությունը հաղթել է մեզ, զրոյացրել մեր ներսում եղած գեղեցիկն ու թողել հողին կպած, որից հետո էլ արմատ ենք գցել ու սնունդ տվել այդ ծառին: Դատարկվել ենք ու հանձնվել այնպիսի կանոնների, որոնք մեզ հաստոցի նման «հունցում են»՝ մեր մեջ դնելով միակ արժեքը՝ էգոն:

Սալորի ծառի տակ թողած երեխայի մեծանալուն զուգահեռ խեղճանալու է բոլորիս հոգին, որովհետեւ մենք չենք դարձել այնպիսին, որ պատասխանատու լինենք դիմացինի նկատմամբ, անտարբեր չանցնենք նրա ցավի կողքով, չթողնենք մեր խիղճն ամեն պատահած ծառի տակ:

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին