Ճակատամարտ Հայաստանի համար - Mediamax.am

Ճակատամարտ Հայաստանի համար
19992 դիտում

Ճակատամարտ Հայաստանի համար


Հինգ ամիս է անցել այն օրից, երբ ես վերադարձա Հայաստան՝ ունենալով միանգամայն հստակ նպատակ՝ նպաստել քաղաքական իմաստների ձեւավորմանը, որոնք կօգնեն ներկա սերնդին լուծել համազգային բնույթի խնդիրներ: Մեր թիմի գործիքը դարձավ «The Armenian Interest» գիտավերլուծական կենտրոնը, որի շուրջ մենք ձգտում ենք համախմբել հայկական եւ համաշխարհային ինտելեկտուալ կապիտալը: Հաշվի առնելով առկա միջազգային փորձն ու տարբեր կենտրոններում ստացած գիտելիքները, ունենք  այն ընկալումը, որ լուրջ նպատակների իրագործումը կրում է երկարաժամկետ եւ փուլային բնույթ:

Առաջին մակարդակը, որի վրա կցանկանայի հրավիրել ընթերցողների ուշադրությունը, գիտակցումն է: Երկրում առկա կենցաղային դժվարությունները թվարկելու կարիք չկա, դրանք բոլորին են հայտնի: Որպես վերլուծաբանի՝ ինձ համար կարեւոր է լուծել ավելի բարդ խնդիր՝ բացահայտել հիմնական ֆունդամենտալ խնդիրների խորքային պատճառները, եւ փորձել գտնել համապատասխան լուծումներ:

Գլխավոր հիմնարար խնդիրը, որն ունի գիտակցման կարիք, պետական անկախության թերագնահատումն է: Պատմությունը ցույց է տալիս, որ աշխարհում հարյուրավոր ազգեր դարեր շարունակ դաժան պայքար են մղել սեփական ազգային պետությունն ունենալու հնարավորության համար: Դժբախտաբար, մենք այդ ժողովուրդների թվում չենք: Բոլոր ժամանակներում հայկական վերնախավն ու ազնվականությունը կենտրոնացած են եղել կորցրած ֆիզիկական տարածքները վերադարձնելու գաղափարի վրա: Իհարկե, մենք պետք է ձգտենք վերադարձնել մեր ժառանգությունը, այդ թվում՝ օկուպացված հողերը: Սակայն չի կարելի հավասարության նշան դնել այդ հասկացությունների միջեւ: Պետությունը ժողովուրդն է, որն ապրում է միեւնույն տարածքում եւ միավորված է հոգեւոր-գաղափարախոսական առաքելության ընդհանրությամբ: Ի՞նչը ստիպեց իռլանդացիներին հանդես գալ Բրիտանական կայսրության դեմ, որի կազմում մնալը տնտեսական տեսանկյունից ավելի ձեռնտու էր, քան անկախությունը: Ի՞նչ պատճառներով հրեական ազնվականությունը հրաժարվեց գերտերությունների շահավետ առաջարկներից՝ պահանջելով սեփական պետությունը Սիոն սրբազան լեռան կողքին:

Պատասխանը մակերեւույթին է՝ քաղաքական իմաստները, որոնք կողմնորոշված չեն դեպի բացառապես նյութական բարիքների ստացումը: Երկար ժամանակ այդ ժողովուրդները բարիք են ստեղծել գերտերությունների համար՝ իրենց առաքելությունը տեսնելով կայսերական տիտղոսակիր ազգերին սպասարկելու մեջ: Ազնիվ ծառայության եւ հավատարմության համար կայսրերը, թագավորներն ու արքաները փոքր ազգերի առանձին ներկայացուցիչներին թույլ են տվել հասնել մինչեւ իրենց արքունիք: Որպես կանոն, դա արհեստականորեն ստեղծված վերնախավ էր, որն ծառայում էր կենտրոնի շահերին եւ կտրված էր իր էթնոսից: Տիտղոսակիր ազգի ներկայացուցիչները միշտ առավելություն են ունեցել, որը դրսեւորվել է տարբեր ձեւերով՝ լրացուցիչ հավաքներ, «առաջին գիշերվա» իրավունք, փոքր ազգերի համար որոշակի մասնագիտություններ ստանալու արգելք եւ այլն: Իրավիճակը փոխվեց, երբ ի հայտ եկան կրթված կազմակերպված փոքրամասնությունները, որոնք իրենց ազգի շահերի կենսագործման քաղաքական ծրագրեր ունեին: Ազգային առաջնորդները սովորեցնում էին իրենց ժողովուրդներին, որ կարելի է եւ պետք է արարել իրենց համար՝ չվախենալով մահակը ձեռքին արտաքին վերակացուից: Նրանք գրում եւ պատմում էին, որ մեկ այլ ազգի կամքից ամբողջական կախվածության մեջ գտնվելը նշանակում է ինքդ քեզ ոչնչացման դատապարտել: Պատմական հարյուրավոր օրինակները հաստատում են դա:

Հրեա ժողովուրդը ստեղծեց Իսպանիայի ֆինանսական համակարգը եւ մարտնչեց կայսերական Գերմանիայի շահերի համար: Ինչի՞ դա հանգեցրեց: Նրանց վտարեցին իսպանական քաղաքներից 1492 թ., իսկ գերմանական եւ եվրոպական հրեաների մեծ մասը ոչնչացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Բրիտանական թագի շահերին բազմադարյա հավատարիմ ծառայության համար Լոնդոնը իռլանդացիներին «շնորհակալություն հայտնեց» Մեծ սովով 1845 թ., իսկ հայերը, որոնց Օսմանյան կայսրությունում երկար ժամանակ անվանում էին «հավատարիմ ազգ», զանգվածային ոչնչացման ենթարկվեցին եւ վտարվեցին իրենց բնական պատմական արեալից: Նման փորձությունների միջով շատ ազգեր են անցել, բայց դասեր քաղել են միայն նրանք, ովքեր կարողացել են XXI դար մուտք գործել քաղաքական ազգի կարգավիճակով՝ իրենց իմաստներով, արժեքներով եւ պետական շահերով: Ընդհանուր առմամբ, ժողովուրդներն, ովքեր ցանկանում են ապագա կերտել, միշտ դիմում են պատմությանը՝ անմահ ուսուցչին, ով պահպանում է բոլոր ձեռքբերումները եւ գիտի բոլոր ձախողումներն ու սխալները:

Մեզ համար պատմությունը ոչ թե ուսուցիչ է, այլ դասագրքեր են, որոնցում պատմվում է մեծ հերոսների սխրանքների մասին, ովքեր միշտ եղել են բարու ուժերի կողմում եւ հաղթել են չարի գերակշիռ ուժերին: Իհարկե, ժողովուրդն, ով իր տանիքի տակ է հավաքել հարյուրավոր հին ցեղերի, ստեղծել է ծովից ծով մեծ կայսրություն եւ հինգ հազար տարվա ընթացքում անցել է բոլոր հնարավոր եւ անհնար փորձությունները, վաստակել է իր պատմությամբ հպարտանալու եւ այն աշխարհին պատմելու իրավունքը: Այնուամենայնիվ, պատմությունն ունի նաեւ մեկ այլ օգտակար գործառույթ՝ ուսուցողական: Մենք սովորել ենք այդ գիտությանը դիմել միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ապացուցել մեր գերազանցությունը մյուսների, հատկապես՝ թշնամիների նկատմամբ: Այլ կերպ ասած՝ մենք վատ գիտենք մեր անցյալը (այսինքն՝ մեզ չենք ճանաչում), այդ իսկ պատճառով՝ չենք գիտակցում այնպիսի հասկացությունների գործնական արժեքը, ինչպիսիք են ազգը, արժեքները եւ պետությունը:

Մենք հրեաներից եւ իռլանդացիներից ավելի ուշ ենք ազատվել կայսրությանը ծառայող փոքր էթնոսի կարգավիճակից: Միայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայ ժողովուրդը ստացավ իր քաղաքակրթական առաքելությունը գտնելու հնարավորություն՝ վերադարձնելով քաղաքական իմաստները, որոնք մինչ օրս գտնվում են Մեծ Հայաստանի փլատակների տակ: Մեծագույն աղետն այն է, որ այդ անկախությունը ոչ թե կրթված հայակենտրոն ազնվականության պայքարի արդյունքն էր, այլ ընդամենը ճակատագրի հերթական նվերը: Տարատեսակ էլիտաները եւս ձեւավորվեցին բնական ճանապարհով (երբեմն ստեղծվելով արհեստականորեն՝ արտաքին ուժերի կողմից) եւ չունեին երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր: Թվում է, թե ամեն ինչ հակառակը պետք է լիներ. եթե ազգը վեց դար չի ունեցել պետականություն եւ երազել է նրա մասին, ապա նա պետք է գնահատեր ընձեռնված հնարավորությունը եւ համազգային ներուժն առավելագույնս օգտագործեր հզոր երկիր կառուցելու համար: Մեր դեպքում (այն ժամանակ եւ այսօր) ամեն ինչ հակառակն է:

Պետությունը, փաստորեն, վերածվել է բիզնես-օբյեկտի էլիտաների համար, տարածքային միավորի՝ ժողովրդի համար, որը երազում է նորից վերադառնալ գերտերությունների շահերը սպասարկող փոքր էթնոսի դերին, եւ գրասենյակային կենտրոնի՝ սփյուռքյան ազդեցության խմբերի համար: Այդ բոլոր գործոնները նպաստում են «գոյատեւման ռեժիմի» պահպանմանը (1915թ.-ից), որից մենք այնպես էլ չկարողացանք անցում կատարել կենսապես կարեւոր՝ հզոր պետության «արարման ռեժիմին»: Պատմությունը կրկին սովորեցնում է, որ հայկական պետականությունը վերացել է, իսկ ժողովուրդը ամբողջական ոչնչացման եզրին գտնվել, երբ մեծամասնության շահերից կտրված պայմանական «էլիտան», կենցաղային նյութապաշտությունը դարձրել է գաղափարախոսական բացարձակ: Արդյո՞ք նույն բանը այսօր չենք տեսնում: Արդյո՞ք փողը չէ բարձրացված համազգային գաղափարի աստիճանի: Կարծում եմ, որ դա ժխտելն անիմաստ է, ուստի ճակատամարտը Հայաստանի համար շարունակվում է:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին