Սպիտակ ագռավ կամ հեծանվորդը Երեւանում - Mediamax.am

Սպիտակ ագռավ կամ հեծանվորդը Երեւանում
5439 դիտում

Սպիտակ ագռավ կամ հեծանվորդը Երեւանում


Երեւանը հեծանվորդի համար ջունգլի անտառ է, ուր գոյատեւելու համար պետք է զգոնություն, զգուշավորություն եւ համարձակություն։ Այս սյունակը կոչված է օգնել նրանց, ովքեր չվախեցան նախորդ նախադասությունից եւ մտադրված են օգտագործել հեծանիվը Երեւանում որպես անհատական փոխադրամիջոց։ Այդ մարդկանց մի քանի կարեւոր փաստեր ունեմ հաղորդելու իմ երկու տարվա փորձից եւ այլ՝ էլ ավելի հավաստի աղբյուրներից։

Բայց մինչ այդ ասեմ, որ հեծանիվների քանակը Երեւանում (եւ, կարծում եմ, մարզերի քաղաքներում) անխուսափելիորեն աճելու է։ Օրվա ցանկացած ժամին, բացի, ենթադրաբար՝ ուշ գիշերից, Երեւանի կենտրոնում հեծանվորդը ավելի արագ կհասնի իր նպատակին, քան մեքենայի վարորդը։ Հեծանիվի համար չկա կայանման խնդիր, այն ավելի հասանելի է, եւ ընթացիկ ծախս գրեթե չի պահանջում։ Քաղաքի կենտրոնը բավարար հարթ է հեծանվի համար, իսկ արվարձաններ կարելի է տեղափոխվել ավտոբուսի կամ տրոլեյբուսի միջոցով, եթե հավելյալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չի ոգեւորում։ Այն շատ առողջարար է, առավել եւս մեր՝ ոտքերի տարատեսակ հիվանդություններից տառապող բնակչության համար։ Մեր քաղաքը գնալով հագենում է մեքենաներով, եւ խցանումները համատարած են դառնում։ Հեծանիվի շնորհիվ մենք շատ կթեթեւացնենք քաղաքի տրանսպորտային հոսքերը, ինչի վառ օրինակը Ամստերդամն է։ Եվ վերջապես, այն չի վնասում շրջակա միջավայրին։

Եթե մենք լուրջ ենք ընկալում հեծանվի ապագան քաղաքում, ապա այն մայթերի վրա չէ, այլ հիմնական ճանապարհների։ Եթե հեծանվորները շարունակեն շարժվել մայթերով, ինչպես շատ հաճախ անում են այսօր, իրենց քանակի աճի հետեւանքով վաղ թե ուշ կառաջանան լուրջ ընդհարումներ հետիոտների հետ, ինչը արդյունքում կբերի հասարակական դիմադրության։ Երեւանի մայթերը մեծամասամբ բավարար լայն չեն, որպեսզի առանձին ուղի առանձնացվի հեծանիվի համար, ինչպես դա արվել է, օրինակ, Գերմանիայի քաղաքներում։ Անգամ հարուստ Լոնդոնում հեծանիվները հիմնականում կիսում են ճանապարհը տրանսպորտի այլ միջոցների հետ։ Ուրեմն, եւ հեծանվորդները, եւ վարորդները պիտի հարմարվեն համակեցության կանոններին, որպեսզի կարողանան առանց կորուստների հասնել ներդաշնակության։ Քանի որ այս պահին հեծանվորդները փոքրամասնություն են, առաջին հերթին իրենք պիտի ցուցաբերեն հատուկ զգոնություն եւ տրամադրված լինեն համագործակցելու վարորդների հետ, այլ ոչ թե առճակատվելու։

Սկսեմ ամենակարեւոր կանոնից՝ հեծանվորդը պիտի ամեն բան անի, որպեսզի նկատելի լինի ճանապարհի վրա օրվա ցանկացած ժամին։ Հագեք վառ շապիկներ, շարժվեք հոսքի մեջ այնպես, որ ձեզ միշտ տեսնեն, հաշվի առեք, որ որոշ պահերին կարող եք հայտնվել վարորդի «կույր գոտում», եւ ձեզ կարող են չնկատել։ Երեկոյան ժամերին օգտագործեք թարթող վառ կարմիր (ետեւում) եւ սպիտակ (առջեւում) լապտերներ, որքան շատ, այնքան լավ, հնարավորինս շատ լուսանդրադարձնող մակերեսներ ունեցեք հագուստի եւ պայուսակի վրա։

Երկրորդ կարեւոր գործոնը, որ պետք է հաշվի առնել՝ հոգեբանական է։ Վարորդը, անգամ եթե ագրեսիվ է, միեւնույն է՝ գիտակցում է, որ դուք խոցելի եք, եւ ընդհարումը կարող է վտանգել ձեր, եւ առհավետ փոխել իր կյանքը։ Այդ վախը պետք է օգտագործել հօգուտ ձեր անվտանգության։ Մի թույլ տվեք ձեր ետեւից եկող վարորդին անգամ մտածել, որ ձեզ կարելի է շրջանցել առանց գիծը փոխելու, եթե դուք շարժվում ենք հիմնական հոսքին համընթաց։ Միշտ շարժվեք գծի կենտրոնով, մի փոքր աջ ու ձախ արեք, հասկացրեք, որ նման բան չեք հանդուրժելու, հսկեք ձեր անվտանգության տարածքը։ Երբեք մի շարժվեք հոսքերի միջնագծով, շրջանցելով շարժվող մեքենաները՝ դա շատ վտանգավոր է։

Մյուս կողմից, եթե հոսքն արագ է, եւ դուք չեք ուզում կամ չեք կարող նույն արագությամբ ընթանալ, մի կողմ քաշվեք, մի զայրացրեք վարորդներին, զգուշորեն շարժվեք ճանապարհի եզրով, նմանապես զգուշորեն շրջանցելով կանգնած ավտոմեքենաները ձախից, համոզվելով, որ կողքի գիծը ազատ է։ Միշտ հաշվի առեք, որ վարորդական կողմի դռներից ցանկացած մեկը կարող է անակնկալ բացվել, քանի որ ձեզ չեն տեսել կամ ուղղակի անուշադիր են։ Անակնկալ բացվող դռները հեծանվորդներին պատճառած վնասվածքների հիմնական պատճառներից մեկն են։

Եվս մեկ կարեւոր սկզբունք՝ միշտ պահպանեք երթեւեկության կանոնները։ Եթե չգիտեք, ժամանակ գտեք եւ սերտեք։ Ինձ թույլ եմ տալիս միայն երկու բացառություն, այն էլ ծայրաստիճան զգուշորեն՝ որոշ դեպքերում (երբ բացի ինձանից ճանապարհն անցնող հետիոտներ կան) դանդաղ շարժվում եմ հետիոտների անցումներին զուգընթաց առանց հեծանվից իջնելու, եւ կանգ-գծից առաջ եմ անցնում, որպեսզի ինձ վարորդները տեսնեն շարժումը սկսելիս։ Հիշեք պարզ կանոն՝ երբ դուք հեծանիվի վրա եք, դուք տրանսպորտային միջոցի վարորդ եք, երբ հեծանիվի կողքով եք քայլում, դուք հետիոտն եք։

Հետաքրքիր է, որ վիճակագրության համաձայն, հեծանիվների հետ ավելի շատ վթարներ են լինում փոքր եւ լուռ փողոցներում, քան մայրուղիներում։ Պատճառն այն է, որ փոքր փողոցներով երթեւեկելիս եւ վարորդները, եւ հեծանվորդները շատ ավելի անզգույշ են եւ անուշադիր։ Խաբուսիկ անվտանգության զգացողությունը չպիտի նվազեցնի ձեր զգոնությունը։ Ակնկալեք դուրս եկող ավտոմեքենա ամեն դալանից, բակից, հաշվի առեք, որ կանգնած մեքենան կարող է անակնկալ շարժվել առանց թարթիչը միացնելու, որ մեքենաները կարող են առանց նախազգուշացնելու թեքվել աջ կամ ձախ։

Չեմ անդրադառնում փողոցներում առկա այլ բազմաթիվ վտանգներին՝ փոսերին, հետիոտների անզգուշությանը, երկար բեռնատար մեքենաների եւ ավտոբուսների շարժման առանձնահատկություններին եւ այլն։ Եթե շատ վտանգներ թվարկեմ, կարող եմ ընթերցողին ետ վանել հեծանիվը առօրյա փոխադրամիջոց դարձնելու մտքից։ Խոսեցի միայն համակեցության կարեւոր սկզբունքների մասին, որոնց պահպանությունը անվտանգության հիմնական գրավականն է։ Ճանապարհը վտանգավոր գոտի է, անկախ նրանից, մեքենայով եք տեղափոխվում, հեծանիվով, թե ոտքով։ Եթե զիջեք, ընդհարման չգնաք, վտանգավոր քայլերի չդիմեք, ապա ձեզ  հնարավորինս ապահով կզգաք ցանկացած փոխադրամիջոցի պարագայում։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին