Անցյալի եւ ներկայի «պուլեմյոտչիկները» - Mediamax.am

Անցյալի եւ ներկայի «պուլեմյոտչիկները»
7252 դիտում

Անցյալի եւ ներկայի «պուլեմյոտչիկները»


Ազգային Արխիվում մի անուն ազգանուն էի փնտրում: Բարեհամբույր աշխատողները սեղանիս դրեցին մի քանի հատոր անուն-ազգանուններով գրքեր, որտեղ պիտի ման գայի պապիս հոր անունը:
 
Շարամբեյան Միհրանը եւ իր երկու եղբայրները, ովքեր Վանից գաղթել էին Երեւան, երեսունականներին աքսորվել, գնդակահարվել էին` որպես «հակասովետական տարրեր»: Միհրանի անունը դեռ չեմ գտել, որովհետեւ դեռ էլի քարտեր կան նայելու, բայց մյուս եղբայրների անունները գտել եմ:



Չէի պատկերացնի, որ այդ գործերը նայելիս ուղեղս այդպես խառնվելու է. կարդում էի ցուցմունքները ու տեղս չէի գտնում: Այդ քրեական գործերը տարիներ շարունակ պահվել են խիստ գաղտնի: Անգամ ընտանիքներն այդքան տեղեկություն չունեին իրենց հարազատների ճակատագրից, որքան ես` մի քանի օրում:
 
Կարդում եմ. «պուլեմյոտչիկ» կեղծանվամբ մեկը հայտնում է, որ ներկա է եղել Շարամբեյանների ընտանեկան մի առիթի, որտեղ խոսում էին Նժդեհի մասին եւ անգամ մի քիչ խմելուց հետո հանդգնել էին երգել «Մեր հայրենիքը»:
 
Նույն ընթերցասրահում նստած պատմաբան ընկերս, ով ամեն օր նման գործեր է ուսումնասիրում ասեց. «Էհ, էս ինչ ա, բա տեսնես էլ ինչեր կան գրված»:
 
Ակամայից ահավոր ատելություն է մտնում մեջդ «պուլեմյոտչիկների» ու դրանց հրաման տվող տեսակի նկատմամբ: Անուն չգիտես, բայց հայհոյանք չես խնայում: Բայց խնդիրը զուտ անցյալի հուզական հարց չէ: Մարդկային այդ տեսակը շարունակում է ապրել մարդկանց մեջ նաեւ այսօր, պարզապես դրսեւորման համար պայմանները այլ են: Եթե առիթ լինի, վստահ եմ, որ նույն որակի տեռոր անողները կրկին շարվեշարան կկանգնեն ի գործ: Եվ սրա չկրկնման երաշխիք չկա. միակ բանը, որ կարելի է անել, դա պատմությունը բացել ու պարզ ներկայացնելն է: Ոչինչ, որ դրանց սերունդները ծանր կտանեն փաստը, բայց դա չկրկնվելու հնարավորություններից մեկն է:
 
Կարծում եմ, որ այսօր այդ ժառանգներն էլ անելիք ունեն … այդ նույն «պուլեմյոտչիկները» լավ առիթի դեպքում իրանց էլ են հասնելու` անկախ մասնագիտությունից ու զբաղմունքից: Պատմությունը` վկա:
 
Այս համատեքստում Թումանյանի տուն-թանգարանի ցուցահանդեսի հետ կապված լուրերը շատ անհանգստացնող են: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ բոլոր արխիվները պետք է լայն հանրայնացվեն, ինչու ոչ, իսկական անուններն էլ բացվեն ու հնչեն: Եվ սրա նպատակը ոչ թե իրարից վրեժ լուծելով անցյալ պարզաբանելն է, այլ հանրային դիսկուրսով «տեսակի» հանրայնացումը եւ հնարավոր տեռորի կանխարգելումը: Այդ սուտ ու ժամանակավոր հայրենասեր «պուլեմյոտչիկները» պիտի հասկանան, որ ոչ մի բան հավիտենական չէ ու իրենց արածին ու չարածին առնվազն երկու սերունդ հետո գնահատական է տրվելու: Անկախ ժամանակներից, բարքերից ու սուբյեկտիվ գնահատականներից, մարդկայինը մնում է անժամանակ:

Նարեկ Աշուղաթոյանը «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերության հիմնադիր բաժնետերն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին