Ձեւավորենք sexy օրակարգ, ստեղծենք մեր «հայկական Բիլբաոն»
22108 դիտում

Ձեւավորենք sexy օրակարգ, ստեղծենք մեր «հայկական Բիլբաոն»


Սեպտեմբերի 19-ից 20-ը Երեւանում կայանալու է Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովը: Չարախոս չեմ, բայց չեմ կարծում, որ այդ հավաքը կարող է որեւէ հեղափոխական արդյունք ունենալ: Նախատեսվում է, որ համաժողովում Համահայկական խորհրդի ստեղծման որոշում կկայացվի: Գաղափարը վեհ է հնչում, սակայն փորձը ցույց է տալիս, որ դեկլարատիվ քայլերն ու կոչերը Հայաստան-Սփյուռք կապերին որեւէ հավելյալ արժեք չեն տալիս:

Շուտով կլրանա Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ընդունված Համահայկական հռչակագրի երկու տարին: Ո՞վ է այսօր հիշում, թե ինչ է գրված այդ փաստաթղթում:

Ավելի թարմ օրինակ բերեմ՝ 2017թ. փետրվարին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ սփյուռքահայությանն ուղղված կոչով, որը որեւէ կիրառական արդյունք չտվեց:

Ժամանակները եւ կյանքի ընթացքը փոխվել են: Մարդիկ այլեւս չեն ցանկանում համախմբվել անորոշ գաղափարների եւ կոչերի շուրջ: Հատկապես եթե խոսում ենք սփյուռքի այն ներկայացուցիչների մասին, որոնք հայերեն չեն խոսում, Հայաստանում չեն եղել, իսկ պատմական հայրենիք են համարում Արեւմտյան Հայաստանը, որովհետեւ այդպես են լսել իրենց մեծ պապերից եւ տատերից:

Այսօրվա աշխարհում, որտեղ հնարավորությունները օրեցօր աճում են, իսկ ժամանակը գնալով սեղմվում է, մարդկանց պետք է առաջարկել գրավիչ կամ, ինչպես Արեւմուտքում են ասում, sexy օրակարգ, որպեսզի հայկական արմատներին վերադառնալը կամ Հայաստան գալը դիտարկվի ոչ թե իբրեւ մի «պատմական պատասխանատվություն», այլ իրական հաճույք:

Երեկ պատմեցինք Երուսաղեմի հայկական թանգարանը վերագործարկելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին: Միջին Արեւելքը 20-րդ դարի սկզբից առանցքային նշանակություն ունի միջազգային կյանքում եւ այդ նշանակությունը միայն ուժեղանում է: Ունենալ նման ժառանգություն Սուրբ քաղաքում եւ վերաբերվել դրան այնպես, ինչպես մենք ենք անում՝ պատմական հիմարություն է: Հոդվածում Կլոդ-Արմեն Մութաֆյանն ասում է, որ թանգարանի վերաբացման համար մոտ երկու միլիոն եվրո է անհրաժեշտ, եւ Նուրհան պատրիարքը խոստացել է հայթայթել պահանջվող գումարը:

Վստահ եմ, որ եթե Երուսաղեմի հայկական թանգարանի համար երկու միլիոն եվրո հանգանակելու հարցը պատշաճ ձեւով ընդգրկվեր Հայաստան-Սփյուռք համաժողովի օրակարգում՝ դառնալով դրա առանցքային հարցերից մեկը, գումարը հեշտությամբ կհանգանակվեր: Շատերը կցանկանային մաս կազմել մի նախագծի, որն իրական ու շոշափելի է եւ, ազգային հպարտության զգացման հետ մեկտեղ, թույլ կտա Հայաստանին առաջ տանել իր շահերը Մերձավոր Արեւելքում:

Կան բազմաթիվ այլ նախագծեր, որոնք կարող են game changer դառնալ:

2012 թվականի աշնանը Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը եւ հայտնի ճարտարապետ Միշել Մոսեսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկում էին Արցախում աստղացուցարան կառուցելու գաղափարը: Անցել է հինգ տարի, նախագիծը մնում է աղոտ գաղափարի կարգավիճակում: Պատճառը ոչ թե զուտ ֆինանսական միջոցների բացակայությունն է, այլ մեծ ու համարձակ նախագծերի օրակարգ սահմանելու մեր անկարողությունը:

Ամռանը հանգստանում էինք Բասկերի երկրում՝ Սան Սեբաստյանում եւ Բիլբաոյում: Մի քանի ծանոթներ՝ լսելով Բիլբաո գնալու մեր մտադրության մասին՝ պնդում էին, որ այն «անհետաքրքիր ինդուստրիալ քաղաք է»: Հայտնվելով Բիլբաոյում՝ չէի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի էր այդ ֆանտաստիկ քաղաքը, որտեղ հին եւ նոր ճարտարապետության հարմոնիան կատարելության է հասցված, անհետաքրքիր անվանել: Հետո գլխի ընկա՝ ծանոթներս, ամենայն հավանականությամբ, Բիլբաոյի մասին կարդացել էին մինչեւ 1997 թվականը, երբ քաղաքի սրտում լքված նավահանգստի տեղում կառուցվեց Գուգենհայմի թանգարանը:


Լուսանկարը՝ REUTERS

Այս կառույցը փոխեց ամեն ինչ, Բիլբաոն նոր շունչ ստացավ եւ դարձավ մի քաղաք, որն ամեն տարի այցելում են միլիոնավոր մարդիկ: Բասկերի երկրի իշխանությունը թանգարանի նախագծման եւ կառուցման համար ներդրեց ավելի քան 120 միլիոն դոլար՝ ամենեւին հարուստ չլինելով: Հարուստ չէին, բայց խելոք էին:

Մենք էլ ենք խելոք, ոստի  ժամանակն է հասկանանք, որ Հայաստան-Սփյուռք կապերին նոր լիցք տալու համար պետք է համարձակ եւ շատ հստակ օրակարգ:

Երկու տարի առաջ Նուբար Աֆեյանը մեզ հետ հարցազրույցում ասում էր.

«Պետք է հասկանանք, թե որտեղից ենք ոգեշնչում գտնելու մեր նորացված ինքնության համար, որը կկարողանա գոյություն ունենալ ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ թե Հայաստանում: Սա հետաքրքիր մարտահրավեր է: Գիտնականները, փիլիսոփաները, գրողները եւ շատ այլ մարդիկ պետք է արտահայտվեն այս հարցի շուրջ եւ իրենց գաղափարները հանձնեն հանրությանը, որպեսզի վերջիններս յուրացնեն, ընդունեն եւ սկսեն կրկնել, որպեսզի այդ ինքնությունն իսկապես ի հայտ գա»:

Ես կարծում եմ, որ համարձակ նախագծերի կյանքի կոչումը այդ նոր ինքնությունը գտնելու լավագույն միջոցն է:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am