Վագոնի դռները դեռ չեն փակվել, կկոցած աչքերով որսում եմ միակ ազատ տեղն ու անհաստատ քայլերով մոտենում վերջին փոքրիկ նստարանին: Գլուխս այնքան ծանրացած է, որ թվում է` դռները հենց ուղեղիս մեջ են շրխկոցով փակվում:
Հայացքս ոտքերիցս մի քիչ եմ բարձրացնում: Փոքրիկ ոտքերը հանգիստ կախված ճոճվում են: Երեխայի ուսերը կնոջ հաստ ձեռքում սեղմված են: Մի փոքր էլ եմ վերեւ նայում. ուղիղ աչքերիս քարացած տղայի մեծ, կլոր աչքեր են, այնուհետեւ՝ լրիվ նույն, կարծես թե կրկնօրինակված աչքերը. մայրն է:
Կոկիկ հագնված երեխային մայրն այնքան պինդ է գրկել, որ կարծես` վագոնում որեւէ վտանգ կա, կինն էլ փորձում է անվնաս պահել երեխային: Կնոջ աչքերը մեկ տղայի վրա են ուղղվում, մեկ դիմացը: Մեխանիկորեն ես էլ թեքում եմ գլուխս:
Բացվող մյուս տեսարանից սիրտս միանգամից թուլանում է, բայց ամեն կերպ փորձում եմ չփոխել հայացքս ու ցույց չտալ էմոցիաներս:
Դիմացի նստարանին նիհար, ոսկորները ցնցված կին է: Սեւացած մաշկը տեղ-տեղ ավելի է մգված` կեղտի հետեւանքով: Աչքերը խեղճացած են, երկար քթի ստվերը ծածկել է վերեւի շուրթը: Սեւ կիսաշրջազգեստի տակից բարակ ոտքերի մի փոքր մասն է երեւում:
Կնոջից մի քիչ հեռու որդին է: Քթիկ տակ ինչ-որ բաներ է արտասանում: Մատները ծալելով թվերն է հաշվում: Կանաչ վերնաշապիկի վրա մի քանի տեղ կեղտի հետքեր են, դեմքին էլ: Մոր պես` տղայի մաշկն էլ է մուգ: Կոպերի տակ աշխույժ աչքերն արագ վազում են վագոնով ու պարբերաբար կանգ առնում դիմացի նստարանի տղայի դեմքին: Չարաճճի դեմքով փորձում է հեռվից խաղալ իր հասակակցի հետ, վերջինն անհաղորդ հայացքով նայում է պատուհանին: Մոր հայացքում եւս սառնություն եւ անտարբերություն է, միայն ձեռքերն են գնալով ավելի ուժեղ սեղմվում տղայի ուսին:
Ցցված ոսկորներով կնոջ դեմքով մեկ անհանգստությունն է վազում, մեկ խեղճությունը: Սեւացած եղունգները սեղմվում են ձեռքի մաշկին: Այդ պահին նրա ունեցած բոլոր ապրումները տեսնելու համար բավարար է հետեւել միայն մատների այդ խաղին, մաշկի ու եղունգների սեղմումներին:
Մարդկային խեղճությունն ու դրա հանդեպ անտարբերությունը երկու կողմից ճնշում են գիտակցությունս: Աղքատությունն իր ողջ գորշությամբ եւ ապահովված կյանքն իր բոլոր գույներով փորձում են խժռել ինձ մի քանի րոպեում:
Իմ նստարանին նստած կինը բռնում է տղայի ձեռքը, գլուխը կախում նրա վրա ու ինչ-որ բան շշնջում: Վագոնն ընդհատում է ընթացքը, հասել ենք Երիտասարդական կայարան: Կինը պոկվում է տեղից, նրան հետեւում է որդին: Տղան պարզում է ձախ ձեռքն ու մինչեւ իջնելը պահում օդում:
-Հրաժեշտ է տալիս,- ինքնագոհ ժպտում եմ քթիս տակ:
Վագոնը գրեթե դատարկվում է: Սեւացած դեմքով փոքրիկն արագ վեր է ցատկում եւ տեղավորվում իմ հարեւանությամբ: Ինչ-որ բան է ասում մորը հեռվից, մտքերս չեմ հասցնում լռեցնել` նրան լսելու համար: Հիմա արդեն, երբ այդքան մոտ եմ զգում չարճճի փոքրիկի շնչառությունը, անզոր եմ անզգացմունք հայացքով նստել: Ողջ կարեկցանքս գծագրվում է դեմքիս, կինն ավելի է խեղճանում` հայացքս բռնելով:
Աչքերը կախում է թեւերի վրա ու ափերով սեղմում դրանք: Թեւերին մի քանի խոշոր սպի է փայլում: Չեմ զգում էլ ինչպես՝ կարեկցանքս վերածվում է խղճահարության: Ես մեղավոր կախում եմ աչքերս: Վագոնը դեռ ընթացքի մեջ է, կանգնում եմ ու քայլում դեպի դուռը: Չեմ կարողանում ներել ինձ դեմքիս հայտնված խղճահարության համար: Մեղավորությունը չի թողնում ավելի երկար նայել կնոջ աչքերի մեջ:
Ամեն օրվա պես որոշում եմ իջնել Բաղրամյանում եւ ոտքով շարունակել ճանապարհս: Իմ վեր կենալուն պես` տղան վերադառնում է մոր մոտ: Դուրս գալիս ենթագիտակցորեն հետ եմ նայում: Տղան օդում սառեցրել է ափը. հրաժեշտն արագ է կատարվում: Վագոն մտնող մարդիկ հրելով ուղիղ ռելսերին են շպրտում խղճահարությունից ճմռթված դեմքս: Բաղրամյանից Կիեւյան հասնում եմ սեւացած դեմքով կնոջ աչքերը գրկած:
Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: