Մի՞թե ծեծով պիտի դաստիարակվի երեխան - Mediamax.am

Մի՞թե ծեծով պիտի դաստիարակվի երեխան
10633 դիտում

Մի՞թե ծեծով պիտի դաստիարակվի երեխան


Համացանցում կարդացի, որ Ընտանեկան բռնության օրենքի դեմ արվեստագետներ, ազգագրագետներ դեմ են դուրս եկել եւ ընդվզում են։ Ախր, շատերը փակված իրենց շրջապատում չեն էլ ուզում պատկերացնել, թե ինչ է կատարվում ուրիշ ընտանիքներում՝ հայ ընտանիքներում, որտեղ կնոջը ոտքով հրելը նորմալ է… որտեղ կնոջ երեսին դատարկ հացամանը շպրտելը սովորական է… ես լսել եմ մի կնոջ մասին, որի ամուսինը ծխախոտ էր հանգցնում կնոջ մարմնի վրա։ Պատկերացնու՞մ եք։

Եթե այս երեւույթները մեր ընտանիքից հեռու են կատարվում, դա հո՞ չի նշանակում, որ գոյություն չունեն, եւ ամուսնու ծեծից մահացող բազմաթիվ կանայք մեր հասարակության անդամ չեն ու մեր մտածելիքը չեն… նրանց որբացած ձագերը մեր ցավը չեն ու վաղը մեր հասարակության մաս չեն լինելու։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի տվյալներով 2010-2016 թթ. ընթացքում ընտանեկան բռնությունների հետեւանքով 50 կին է սպանվել։ Նրանցից շատերը երեխաների մայրեր են. 2013-ին սպանված Նելլի Աղայանը (1959-2013) չորս երեխայի մայր էր… սպանվել է ամուսնու կողմից հասցրված 18 դանակի հարվածից։

Դանակի հարվածներից է սպանվել նաեւ Լիաննա Մանուկյանը (1986-2014)՝ իրենց տղայի ներկայությամբ… սոցիալական ցանցում գրանցվելու համար։ Երբ դանակը կոտրվել է, ամուսինը նորն է վերցրել։ Շարունակե՞մ…

Հայտնի օրենքում կետ կա նաեւ երեխաների դեմ բռնության մասին։ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը մամլո ասուլիսի ժամանակ հարց է ուղղում. «Թող մեկը խոսի, եւ ասի, թե հոր ապտակը կյանքում իր համար դեր չի ունեցել….»: Ես էլ ձեզ եմ ասում, պարոն Մամուլյան, մի՞թե ծեծով պիտի դաստիարակվի երեխան։

Արաբկիր բժշկական հիվանդանոցի կողքի մթերային խանութում հանդիպել եմ կապույտ, տխու՜ր աչիկներով մի աղջկա, որը էժան օղի գնեց ու հեռացավ։ Երբ վաճառողուհուն հարցրեցի, ախր ինչի՞ եք օղի վաճառում երեխային։ Վերջինս պատմեց, որ եթե երեխան օղին չտանի՝ տանը նրան սաստիկ կծեծեն։ Մայրը հաճախ հարբում է իր տղամարդ ընկերների հետ տանը եւ այդ փոքրիկ աղջկան հաճախ են ուղարկում ալկոհոլի հետեւից։ Հիմա այս օրենքը այդ երեխային պաշտպանելու համար չէ՞ արդյոք, տիկնայք ու պարոնայք։

Միգուցե, օրենքը ունի անլիարժեքություններ՝ կարող է պետք է լրամշակմա՞ն մասին խոսել։

Պետք չի արդյո՞ք պահանջել, որ պետական մակարդակով հրաման իջեցվի հայկական հեռուստաընկերություններով կանանց իրավունքները պաշտպանող հաղորդումներ ստեղծելու, հայկական սերիալների մեջ կնոջ բռնության տեսարաններ չլինելու մասի՞ն։ Միացրեք ցանկացած հայկական սերիալ, գրեթե բոլոր սերիալներում մոտիվի գծերից մեկը վերաբերվում է իգական սեռի ներկայացուցչի հանդեպ բռնությանը։

Մեր երեխաներին պետք չի՞ օրենք սովորեցնել, իրենց իրավունքները սովորեցնել։ Եվ այդ օրենք էլ իրենց պաշտպանող լինի։

Ես, ցավոք, գիտեի ընտանիք, որտեղ անչափահաս աղջկան մայրը ստիպում էր քնել իր սիրեկանի հետ, պատկերացնու՞մ եք։ Պատկերացնում եք երեխայի վախը, անհասկացված լինելը, ստիպված լինելը…եւ ես, որ երեխա էի հասկանալու համար, որ պետք է բարձրաձայնել՝ պատմել մեծերի իմ իմացածի մասին, գոնե փորձել այդպես օգնել։ Իսկ այսօրվա երեխաները գիտե՞ն, որ այս դեպքը քրեորեն պատժելի է…ՈՉ։ Հարցում եմ կատարել դեռահաս աղջկաս ու իր ընկերուհիներին, եթե այս վիճակում գտնվեին, ի՞նչ կանեին…Պատասխանը պտտվում է «մամայիս կասեմ»-ի մոտերքում, իսկ եթե մայրդ է…. կարկամում են։

Հիմա ձեզ եմ հարցնում սիրելի, լավ ընտանիքներում մեծացած ու լավ ընտանիքներ ունեցող հայեր՝ պե՞տք է արդյոք մեր արշինով չափենք Հայաստանը….

Մենք, որ ամուր, լավ փոխհարաբերություններով ընտանիքներ ունենք, պարտավոր չե՞նք օգնել բռնության ենթարկվողին…

Ու զարմանալին այն է, որ ընտանեկան բռնության դեմ օրենքը բովանդակային խորը քննարկումից, առաջարկների վեր հանումից վերածվել է ԵՏՄ-ԵՄ տիրույթում համեմատական քննարկման, որին համադրում են հայկական ավանդական ընտանեկան արժեքները։ Բոլոր այդ կարգի համեմատություններն եւ խոսակցությունները միայն ու միայն մեզ հեռացնում են բովանդակությունից ու կենտրոնացնում են ձեւի վրա, ձեւի, որն առանց այն էլ մեր կյանքից, հարաբերություններից, խնդիրներին խորքային՝ բոլոր անկյուններից մանրամասն նայելիս, հեռացնում է եւ ցանկացած խնդրի քննարկում կիսամասնագիտական ասուլիսներից ու ՖԲ քոմենթներից այն կողմ չի անցնում։

Արփի Մաղաքյանը ռեժիսոր եւ լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին