Ինչպես համալրել բանակը
8705 դիտում

Ինչպես համալրել բանակը


Անցյալ շաբաթ Ազգային ժողովում ՀՀ «Զինվորական ծառայության մասին» նոր օրենքի նախագծի քննարկումը վերածվեց իշխանության եւ ընդդիմության միջեւ բավական բուռն, երբեմն նաեւ քաղաքավարության եւ հանդուրժողականության սահմաններն անցող բանավեճի։ Եթե վերանանք հարցի զգացմունքային կողմից, եւ, ըստ իս, բավական տգեղ եւ անպտուղ երկկողմանի անձնավորված մեղադրանքներից, բուն սկզբունքային հարցը հանգում է գիտության եւ բանակի շահերի օպտիմալ համադրմանը, իսկ ավելի ընդարձակ իմաստով՝ երկրի անվտանգության եւ հասարակական զարգացման օպտիմալ հաշվեկշռի սահմանմանը։

Այս հարցը երկար պատմություն ունի, ու ծանրաբեռնված է ծանր ժառանգությամբ։ Գաղտնիք չի, որ երկրի իշխող վերնախավի մեծ մասի համար զինվորական ծառայությունը ընկալվում է որպես հասարակության պակաս ազդեցիկ խավերի համար վերապահված «արտոնություն», այն դեպքում, երբ սեփական երեխաների մեծ մասը կամ բանակում ծառայում են արտոնյալ պայմաններում, կամ տարբեր պատրվակներով չեն ծառայում ընդհանրապես։ Դա չի խանգարում նույն այդ վերնախավի անդամներին «սելֆիներ» անել առաջնագծի դիրքերից, խոսել հայրենասիրությունից եւ բանակի կարեւորությունից, եւ նույնիսկ դժգոհել, որ հասարակության տարբեր խավեր եւս փորձում են խուսափել զինվորական ծառայությունից։ Այս պայմաններում զարմանալի չի, որ իշխանության կողմից Ազգային ժողով բերած օրինագիծը, որը, ի թիվս այլոց, նախատեսում է կտրուկ կրճատել պարտադիր զինվորական ծառայությունից ազատման օրինական, եւ հասարակության համեմատաբար լայն խավերին հասանելի հնարավորությունները, պետք է բախվեր նույն այդ խավերի, եւ նրանց շահերը մասնակիորեն ներկայացնող ընդդիմության կտրուկ հակազդեցությանը։

Կրքերի թեժացմանը նպաստեցին նաեւ մինչ այդ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից բազմակի հնչած հայտարարությունները, որ այսուհետ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում տարկետումները կտրամադրվեն միայն հետագայում առաջնագծում եռամյա սպայական ծառայություն իրականացնելու դիմաց, մի բան, որ ի սկզբանե զգալիորեն սահմանափակում է այդ ծրագրի գրավչությունը եւ կիրառական իմաստը հնարավոր մասնակիցների համար։ Ակնհայտ է, որ այդ երեք տարվա ընթացքում շատերի ստացած մասնագիտական կրթությունը առաջնագծի իրական պայմաններում զգալի չափով կարժեզրկվի, եւ ծրագրից վերադարձողները ստիպված են լինելու նորից սկսել սեփական կրթությունը եւ քաղաքացիական կյանքին ինտեգրվելու գործընթացը, եւ այդ պարագայում զինվորական ծառայությունից խուսափածները ակնհայտ առավելություն են ստանալու։ Դրան գումարվում է նաեւ այն գիտակցությունը, որ բժշկական հանձնաժողովները շարունակելու են մնալ արտոնյալ խավերի զավակների համար զինվորական ծառայությունից ազատման հիմնական խողովակ: Դա ամբողջանում է այն պատկերացումը, որ օրենքի նախագիծը միտված է էլ ավելի սահմանափակել հասարակական ազատությունները եւ արտաքին վտանգի պատճառաբանությամբ հասարակությանը էլ ավելի ենթարկել պետությանը, եւ արդյունքում՝ այն փաստացի վերահսկող արտոնյալ վերնախավին։

Սակայն եթե մի պահ հետ կանգնենք կրքերից, եւ իրականությանը նայենք այլ տեսանկյունից, պետք է ընդունենք, որ այսօր մենք կանգնած ենք ծայրահեղ վտանգավոր նոր աշխարհաքաղաքական իրողության առջեւ, որը պահանջում է արմատական լուծումներ երկրի անվտանգության ապահովման համար։ 2016 թ․ ապրիլյան պատերազմը ամենայն ակնառությամբ ցույց տվեց մեր խոցելիությունը, եւ Արցախյան առաջին պատերազմի թանկարժեք ձեռքբերումները պահպանելու  համար ուժերի գերագույն լարման անհրաժեշտությունը։ Այսօր մենք առերեսվում ենք մի հակառակորդի հետ, որի պետական գաղափարախոսությունը կառուցված է հայատյացության եւ ռեւանշիզմի վրա, եւ որի արտաքին քաղաքականության հիմքում Հայաստանը եւ հայությունը ուժասպառ անելու դոկտրինն է։

Թեեւ այդ քաղաքականությունը դեռեւս չի բերել ակնհայտ ձեռքբերումների, այն դանդաղ, բայց հաստատուն իր արդյունքները տալիս է։ Վերջին յոթ տարիների ընթացքում՝ 2010 թվականից սկսած, հակառակորդը կարողացել է սպառազինությունների ձեռքբերման վրա ծախսել մոտ յոթ անգամ ավելի շատ փաստացի ռեսուրսներ, ծանր սպառազինությունների եւ ավիացիայի մասով խախտելով մինչ այդ գոյություն ունեցող ռազմատեխնիկական հաշվեկշիռը։ Նույն այդ յոթ տարիների ընթացքում Հայաստանում տարեկան զորակոչային ռեսուրսը պակասել է 40%-ով, թե 90-ական թվերին ծնելիության կտրուկ անկման, եւ թե շարունակվող արտագաղթի արդյունքում։ Թեեւ զորակոչային ռեսուրսի անկում տեղի է ունենում նաեւ հակառակորդի տարածքում, ներկայում այնտեղ տարեկան զորակոչային տարիքի հասնող երիտասարդների թիվը ավելի քան 3,5 անգամ գերազանցում է Հայաստանի (ներառյալ Արցախը) պոտենցիալ զորակոչիկների թիվը, եւ այս ճեղքվածքը առաջիկա տարիների աճելու միտում ունի։ Հակառակորդը չի թաքցնում, որ ժամանակն աշխատում է իր օգտին, եւ վաղ թե ուշ կգա այն պահը, երբ հայկական կողմի պաշտպանական ռեսուրսները չեն բավարարի՝ ամբողջ առաջնագծով, գերակշիռ մարդկային, նյութական եւ տեխնոլոգիական գերակայություն ձեռք բերած հակառակորդի հարձակումը կասեցնելու համար։

Եթե մենք ցանկանում ենք խուսափել այս անփառունակ, եւ մեր անկախ պետության փաստացի կործանմանը տանող մռայլ վերջնախաղից, պետք է սկզբունքորեն վերանայենք մեր մոտեցումները անվտանգությանը, եւ նրա հիմնական պատվար հանդիսացող բանակին եւ բանակաշինությանը։ Բանակի ամրապնդումը պահանջում է նոր հասարակական պայմանագիր, որին պետք է մասնակցեն հասարակության բոլոր խավերը, եւ առաջին հերթին, կառավարող վերնախավը, որն այսօր վերահսկում է Ազգային ժողովը, կառավարությունը, դատաիրավական եւ ուժային համակարգերը եւ երկրի տնտեսության գերակա մասը։ Այս հասարակական պայմանագիրը պետք է պարունակի, ի թիվս այլոց, մի քանի կարեւորագույն տարրեր.

•    Հասարակության բոլոր խավերի համար զինվորական ծառայությունը՝ հայրենիքի առջեւ անվերապահ պարտավորություն է, իսկ վերնախավի ներկայացուցիչների համար նաեւ՝ կառավարման գործընթացին մասնակցելու եւ սեփական լեգիտիմության պարտադիր պայման, զինվորական ծառայությունից խուսափելը դառնում է խարան ամբողջ կյանքի ընթացքում;

•    Յուրաքանչյուր ընտանիք եւ յուրաքանչյուր անձ իր ներդրումը պետք է ունենա երկրի պաշտպանության մեջ։ Եթե առողջական վիճակը հնարավորություն չի տալիս մասնակցել զինվորական ծառայությանը, պետք է կատարել համարժեք այլընտրանքային ծառայություն՝ երկրի անվտանգության համար կարեւոր այլ հատվածներում;

•    Բանակը զերծ է պահվում քաղաքական կոռուպցիայից եւ քաղաքական ազդեցություններից, եւ զբաղված է միայն երկրի պաշտպանությամբ;

•    Բանակը ստանում է իր գործունեության համար անհրաժեշտ նյութական միջոցներ պետական բյուջեից, եւ մինչեւ կայուն խաղաղության ձեռքբերումը, պետական միջոցների աճը առաջին հերթին ուղղորդվում է բանակի կարիքների ապահովմանը;

•    Բանակն, իր հերթին, իրեն վստահված մարդկային եւ նյութական միջոցների օգտագործման տեսակետից ապահովում է արդյունավետության անընդհատ աճ՝ նվազագույնի է հասցնում կոռուպցիան եւ ոչ մարտական կորուստները բանակում, անընդհատ նորարարական լուծումների միջոցով ընդլայնում է մարտական խնդիրների իրականացման սեփական կարողությունները;

•    Բանակը իր մարտական խնդիրների իրականացման համար շեշտը դնում է տեխնոլոգիական զարգացման, կառավարման պրոցեսների կատարելագործման, սպայական անձնակազմի մասնագիտական որակների անընդհատ բարձրացման վրա, շարքային զինծառայողի կյանքը եւ անվտանգությունը հանդիսանում են գերագույն արժեք;

•    Բանակաշինությանը զուգահեռ, առաջանցիկ տեմպերով կառուցվում է սեփական ռազմարդյունաբերական համալիրը, բոլոր այն տեխնոլոգիական լուծումները, որոնք միջնաժամկետ հեռանկարում կարելի է արդյունավետ զարգացնել մեր տարածքում, իրականացվում են սեփական ուժերով:

Այս ցանկը կարելի է լրացնել, սակայն կարևորագույնը, թերևս, այն է, որ նրա բոլոր տարրերը փոխկապակցված են, եւ պետք է իրականացվեն միաժամանակ, այլապես նշված հասարակական պայմանագիրը չի գործի։ Թերահավատները կհակաճառեն, որ մեր երկրում այսպիսի պայմանագիր սկզբունքորեն հնարավոր չի ձեւավորել, որ կուտակված փոխադարձ անվստահության պայմաններում, այսպիսի կոլեկտիվ անձնազոհություն հնարավոր չի ակնկալել, որ վերնախավը խոսքով սա կընդունի, իսկ կյանքում կշարունակի ապրել այնպես, ինչպես մինչեւ հիմա ապրել է, իսկ մնացածն էլ, տեսնելով դա, կշարունակեն ճանապարհներ որոնել իրենց մասով խուսափելու այս ծանրը բեռը տանելուց։ Թերահավատները հիմք ունեն, եւ գուցե նույնիսկ մոտ են ճշմարտությանը։ Սակայն 2016թ. ապրիլին մենք տեսանք, թե ինչպես 19-20 տարեկան հայ երիտասարդները զոհաբերեցին իրենց կյանքը, սակայն չնահանջեցին դիրքերից, դրանով իսկ ուղերձ հղելով բոլոր ապրողներիս, որ իրենք տեր են սեփական երկրին, եւ պատրաստ են նրա համար կյանքով հատուցել։ Հանուն նրանց հիշատակի, եւ հանուն մեր երկրի եւ մեր երեխաների ապագայի, մենք պարտավոր ենք դուրս գալ այս արատավոր շրջանից, դադարել ապրել հավերժ թերահավատի, սպառողի եւ բանսարկուի հոգեբանությամբ, եւ յուրաքանչյուրս մեր վրա կամավոր բեռ վերցնենք՝ պաշտպանելու մեր երկիրը, որն արդեն վտանգված է, եւ առանց այդ պաշտպանության, կարող է անվերադարձ կորցնել իր անկախությունը եւ բոլոր, նույնիսկ համեստ թվացող, ձեռքբերումները։

Եթե մենք պատրաստ ենք այդպիսի պայմանագրի, դրանից հենց այսօր բխում են մի շարք տրամաբանական լուծումներ։ Օրինակ, պետք չէ արհեստականորեն հակադրել զինվորական ծառայությունը եւ գիտության զարգացումը։ Դեռեւս 1952 թվականին Իսրայելը՝ ունենալով նույն խնդիրը, իր Պաշտպանության բանակի կազմում ստեղծեց այսպես կոչված «8200 Ստորաբաժանումը», որը զբաղվում է գիտական, տեխնոլոգիական, ինֆորմացիոն, քարոզչական եւ այլ համանման խնդիրներով: Դրանում միաժամանակ ծառայում է բարձր մտավոր կարողություններով օժտված մի քանի հազար երիտասարդ զինծառայող, մեծ մասը՝ ժամկետային, որոնց ընտրությունը սկսվում է դեռ դպրոցում։ Այս ստորաբաժանումը ոչ միայն դարձել է Իսրայելի պաշտպանության բանակի ամենահզոր հաղթաթղթերից մեկը, այլեւ փաստացի հանդիսանում է երկրի հզորագույն համալսարանը, որի շրջանավարտները երկրի տեխնոլոգիական զարգացման առավել կարեւոր դիրքերում են հայտնվում, ուստի ծառայությունը այստեղ ամենահարգին է։

Մենք նույն կարգի լուծում պետք է տանք, հնարավորություն տալով գիտական պոտենցիալ ունեցող երիտասարդներին ծառայել հայկական բանակի տեխնոլոգիական, հետախուզական, տեղեկատվական, հոգեբանական եւ այլ ստորաբաժանումներում՝ իրենց տաղանդը ի սպաս դնելով երկրի անվտանգության ապահովմանը՝ միաժամանակ շարունակելով սեփական գիտական եւ մասնագիտական զարգացումը։ Եթե մենք ցանկություն ունեք հաղթել այս պատերազմում, ապա պետք է գնահատենք յուրաքանչյուր մարդու կարողությունները, եւ հնարավորություն տանք առավելագույնս դրսեւորվելու բանակում, ոչ թե բոլորին օգտագործենք որպես հետեւակ։ Սա պետք է ամրագրվի օրենքով, եւ պետությունը պետք է հստակ ուղերձ հղի հասարակությանը, որ ընտրություն չենք կատարում անվտանգության ապահովման եւ գիտության զարգացման մեջ։

Եթե մտահոգված ենք, որ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ ազատվում են ծառայությունից եւ դրանով փաստացի առավելություն ստանում բանակում ծառայողների նկատմամբ, պետք է անցնենք պարտադիր այլընտրանքային ծառայության, որով մարտական ծառայության համար ոչ պիտանի երիտասարդները, այլ, որպես կանոն ավելի երկարատեւ, հանրային ծառայություն են իրականացնում ոչ մարտական պայմաններում՝ օրինակ, կատարում են ինժեներական աշխատանքներ, ծառայում են սահմանամերձ բնակավայրերում որպես ուսուցիչներ եւ սանիտարներ, խնամում եմ ծերերին եւ տկարներին եւ այլն։ Այս պարագայում չի բացառվում, որ շատ ընտանիքներ կսկսեն ավելի լուրջ ուշադրություն դարձնել իրենց երեխաների առողջությանը, որպեսզի նրանք ավելի կարճատեւ եւ ավելի հարգի մարտական ծառայություն անցնեն։

Ոչ պակաս կարեւոր է նաեւ երկրի պաշտպանության բեռի ավելի արդարացի բաշխումը սեռերի միջեւ։ Թեեւ լիակատար հավասարության ձգտելը վաղաժամ է, պետք է հիշել, որ նույն Իսրայելում կանանց ծառայությունը պարտադիր է, եւ երիտասարդ կանանց մոտ երկու երրորդ փաստացի ծառայություն է անցնում բանակում, ընդ որում հաճախ կողք կողքի տղամարդկանց հետ՝ առավել ծանր մարտական ծառայություն իրականացնող ստորաբաժանումներում։ Մեր պայմաններում կարող ենք սկսել նրանից, որ թույլ տանք եւ խրախուսենք կանանց կամավոր ծառայությունը մարտական ստորաբաժանումներում (ոչ մարտականներում այսօր էլ է դա ընդունված), իսկ հեռանկարում մտածենք նաեւ պարտադիր, վեցամսյա մարտական պատրաստության մասին, կանանց միջոցով համալրելով պահեստազորային ռեզերվները։ Կանանց էմանսիպացիան Հայաստանում մեր կարեւորագույն առավելություններից մեկն է հակառակորդի նկատմամբ: Հայ կինն ավելի ազատ, կորովի եւ ինքնուրույն է կյանքում, ուստի մենք առավելագույնս պետք է օգտագործենք այս գործոնը նաեւ երկրի պաշտպանության համար: Դա նաեւ կանանց ինքնահաստատման, սեռային հավասարության եւ հանրային ազդեցության աճի կարեւոր գործոն կդառնա։

Վերը նշված միջոցներից յուրաքանչյուրն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե բանակը, որպես այդ թանկարժեք ռեսուրսները ստացող, առավելագույն արդյունավետությամբ է կարողանում դրանք կառավարել։ Այսօրվա բանակի կարողությունները՝ կառավարելու երկրի ամենաբազմաքանակ մարդկային ռեսուրսները, թեեւ շարունակաբար զարգանում են, դեռ հեռու են կատարելությունից։ Դրա վկան են բանակում ոչ մարտական կորուստները, ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում բազմաթիվ զինծառայողների ֆիզիկական եւ հոգեբանական խեղումները, ծառայության ծանր եւ ոչ անվտանգ պայմանները, մասնավորապես՝ առաջնագծում։ Բանակը պետք է իրականացնի կառավարման լայնածավալ բարեփոխումներ, եւ սեփական կառավարչական ռեսուրսների անբավարարության պայմաններում ընտրովի ներգրավի նաեւ որակյալ եւ առաջադեմ մասնագիտական ներուժ քաղաքացիական ոլորտից, մասնավորապես, նույն գիտա-տեխնոլոգիական կառույցների զարգացմանը սկզբնական զարկ տալու նպատակով։ Սա հնարավորություն կտա բարձրացնել հասարակության լայն խավերի վստահությունը բանակի նկատմամբ, զինվորական ծառայությունը դարձնել  ավելի անվտանգ եւ հարգված, եւ նվազեցնել զինվորական ծառայությունից խուսափելու խորքային մոտիվացիան։

Ավարտելով այս փոքր-ինչ հախուռն եւ պահի ազդեցության տակ ծնված ակնարկը, ցանկանում եմ նշել, որ երկարաժամկետ հեռանկարում հաղթում են այն հանրույթները (ազգերը, պետությունները, ընկերությունները, կուսակցությունները, համալսարանները եւ այլն), որոնք, դիմագրավելով մրցակցային մարտահրավերներին, ընդունակ են սեփական ռեսուրսները առավել նպատակային եւ արդյունավետ օգտագործել, եւ որոնք ունեն կառավարման պրոցեսներ, որոնք նվազագույնի են հասցնում կոռուպցիան եւ ոչ ռացիոնալ որոշումների ընդունումը։ Այսօր մենք՝ դեմ հանդիման գտնվելով մեր բուն գոյությանը սպառնացող մարտահրավերների, պարտավոր ենք առավելագույնն անել՝ մեր սակավ ռեսուրսները բարձր արդյունավետությամբ օգտագործելու համար: Դա հաջողության հասնելու եւ արժանապատիվ խաղաղություն ապահովելու հիմնական գրավականն է։ Այս հարցում պետք է վեր կանգնել անձնական հավակնություններից, իշխանություն-ընդդիմություն ավանդական հակասություններից, անցյալի բազում հիասթափություններից եւ դրանից ծնված թերահավատությունից, եւ համընդհանուր համաձայնության գալ այն կարեւորագույն սկզբունքների շուրջը, որոնք մեզ հնարավորություն են կտան պաշտպանել եւ պահպանել այն երկիրը, որը մենք ժառանգել ենք մեծ արյամբ, եւ որը անկորուստ պետք է փոխանցենք մեր սերունդներին։

Ավետիք Չալաբյանը «Արար» հիմնադրամի Խորհրդի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:


Ինչպես համալրել բանակը
Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am