Ամուր տնտեսության պարզ գաղտնիքը
7586 դիտում

Ամուր տնտեսության պարզ գաղտնիքը


Բարեգործությունը ներդրում չէ՝ նախաբանի փոխարեն

«Եկել են Հայաստան` փող աշխատելու»: Եկեք համաձայնենք, որ հետխորհրդային մարդու մոտ այս արտահայտությունը, որպես կանոն, բացասական երանգ ունի: Տարիներ առաջ, երբ բավական կիրթ մի մարդու ասացի, որ Ամուլսարի ծրագիրը մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում է, ամենայն լրջությամբ հակադարձեց՝ «Հո հենց ընենց չե՞ն դնում էդ փողը, դնում են, որ փող աշխատեն»: Այո՛: Եվ հենց դա է ներդրման դասական բնութագրումը: «Հենց ընենց» դրված փողը կոչվում է բարեգործություն: Շա՞տ երկրներ գիտեք, որոնց տնտեսական հաջողությունը հիմնված է բարեգործության վրա: Ինձ նման դեպքեր հայտնի չեն:

Ամուլսարի հանրային լսումներից մեկի ժամանակ, երբ համայնքի բնակիչը ասաց, թե իրենք սպասում են Ամուլսարի ծրագրի աշխատատեղերին, երիտասարդ ակտիվիստները հակադարձեցին, թե` աշխատատեղերը պետք է պետությունը ստեղծի: Միթե՞ նույնիսկ նոր սերնդին պետք է բացատրել, որ պետությունն աշխատատեղ չի ստեղծում, աշխատատեղ ստեղծում է շահույթ բերող բիզնեսը: Իհարկե, կան պետության կողմից ստեղծվող աշխատատեղեր, բայց դրանց համար նույնպես պետք է, որ պետությունը փող ունենա` հարկ հավաքի շահույթ բերող բիզնեսից:

«Չի կարող լինել առողջ հասարակություն, եթե չլինեն առողջ ընկերություններ,  որոնք ունեն շահույթ, ապահովում են աշխատատեղեր եւ գնալով ընդլայնվում են»: Հեղինակը ես չեմ` աշխարհահռչակ տնտեսագետ, Հարվարդի պրոֆեսոր Մայքլ Պորտերն է:

Ամուր տնտեսության հիմքը ներդրումներն են՝ տեղական եւ միջազգային: Երբ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում մարդիկ վստահ են, որ երկրում կարելի է հավելյալ արժեք ստեղծել`ներդրում անել եւ շահույթ ստանալ: Շահույթ հետապնդելն ամոթ չէ: Ամոթ է ազատ տնտեսության հիմքերը դեռեւս չընկալած հասարակությանը համոզել, որ հնարավոր է բարեգործությամբ ու տարատեսակ գաստրոնոմիական փառատոններով երկիր պահել: Երկիր պահում է շահույթ հետապնդող ներդրումը: Խոշոր ներդրումը իր շուրջը ստեղծում է բազմաթիվ փոքր եւ միջին բիզնեսներ, ու սա հենց այն բանաձեւն է, որի շնորհիվ 1, 10, 100 հայ մարդ չի գնա Արխանգելսկում աշխատանք փնտրելու: Ու որքան շատ լինեն շահույթ հետապնդող ներդրումները, այնքան շատ կլինեն գաղթի ճանապարհից հետ կանգնած հայ մարդիկ, որոնք շարունակում են լքել երկիրը, չնայած տարատեսակ փառատոնների ամենամյա աճին: Սա է իրականությունը, մնացածը` խաբեություն է:

Ինչո՞ւ հանքարդյունաբերություն

Իսկ ինչո՞ւ ո՛չ: Այսօր, ոչ միայն որպես Լիդիան Արմենիայի տնօրեն, այլեւ որպես Հանքարդյունաբերողների միության նախագահ ուզում եմ հակադարձել այն տարածված մտայնությանը, որ հանքարդյունաբերության ոլորտում արված ներդրումները մի տեսակ... լավ ներդրումներ չեն:

Մի շրջան հայկական տնտեսական «նոու-հաու» գաղափարներից մեկը կոչ էր անում հանքարդյունաբերության փոխարեն զբաղվել մեղվաբուծությամբ: Որովհետեւ մեկ տոննա մեղրն ավելի թանկ է, քան մեկ տոննա պղինձը: Մի փոքրիկ ճշտում. Հայաստանը տարեկան արտահանում է մոտ 100 հազար տոննա պղինձ: Ուզում եմ այս գաղափարի հեղինակներին հարցնել, որտե՞ղ է Հայաստանի սահմանափակ խոտածածկով տարածքում արտադրվելու 100 հազար տոննա մեղր, եթե նույնիսկ ազգովի զբաղվենք մեղվաբուծությամբ, եւ ո՞ր շուկայում է այդքանը սպառվելու: Կայացած տնտեսությամբ երկրում նման ուտոպիաներ չէին ծնվի: Մեզ մոտ դրանք ոչ միայն ծնվում են, այլեւ ամենայն լրջությամբ տիրաժավորվում են լրատվամիջոցներով:

Բոլորովին չեմ ուզում պնդել, որ հանքարդյունաբերությունը միակ ոլորտն է, որտեղ կարելի է ներդրում անել, բայց այն հաստատ ամենամրցունակներից է: Հայաստանում գրեթե չկա որեւէ այլ ոլորտ, որտեղ կարելի է միանվագ ներարկել մի քանի հարյուր միլիոն դոլար ու ստեղծել հազարավոր աշխատատեղերով ու տասնամյակների տնտեսական մուլտիպլիկատիվ էֆեկտով արդյունաբերություն:

Եվ ուրեմն ինչո՞ւ ոչ հանքարդյունաբերություն: Եթե կան մարդիկ, ում դեռ թվում է, թե հանքարդյունաբերությունը միայն Հայաստանում է արվում, իսկ ողջ առաջադեմ աշխարհը ապրում է կարտոֆիլի սածիլ կամ համակարգչային ծրագիր վաճառելով, հիշեցնեմ, որ հանքարդյունաբերություն կա Ավստրալիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ռուսաստանում, Լեհաստանում... ցուցակը կարող եմ շարունակել եւս կես էջ: Ավելին` վերականգվող էներգետիկայի աճին զուգահեռ աճում է նաեւ հանքարդյունաբերության պահանջարկը, քանի որ թե՛ արեւային մարտկոցները, թե՛ քամու տուրբինները ահռելի քանակությամբ մետաղ են պահանջում: Եվ ուրեմն հանքարդյունաբերությունը կլինի դեռ երկար ժամանակ ու Հայաստանի շահերից է բխում երկիր բերել մեր տնտեսության մրցունակ ոլորտի համար լուրջ միջազգային ներդրումներ: Սա է ամուր տնտեսության պարզ բանաձեւերից մեկը: 

Ոչ ոք հերթ չի կանգնել. Առաջին Հանրապետությունից, մինչ մեր օրերը

Տարիներ շարունակ հնչող ապատեղեկատվությունը շատերի մոտ տպավորություն է ստեղծել, որ Հայաստանում կան հարյուրավոր մետաղական հանքեր եւ որ համաշխարհային կապիտալի աչքը մեր հարստության վրա է: Հայաստանում այսօր կա արտադրանք տվող ընդամենը 8 մետաղական հանք: Դրանցից միայն 2-3-ը ծավալների առումով կարող են համեմատվել, օրինակ, Շվեդիայի փոքր հանքերի հետ:

Հիմա այն մասին, որ բոլորի աչքը Հայաստանում հանք բացելու վրա է: Հանքի հայտնաբերումը ծախսատար եւ ռիսկային գործ է: Մինչ պարզ դառնար, որ Ամուլսարում տնտեսապես շահավետ արդյունահանման համար բավարար պաշարներ կան, ներդրվել է մի քանի տարվա աշխատանք եւ մոտ 4 միլիոն դոլար: Այսինքն՝ կարելի է ծախսել հարյուր հազարավոր դոլարներ եւ ծրագիրն այդպես էլ հանք չդառնա: Վիճակագրության համաձայն, աշխարհում 1000 որոնողահետախուզական ծրագրերից միայն մեկն է հանք դառնում: Հազարից՝ մեկը:

Այսօր Հայաստանի գործող մեկ տասնյակ մետաղական հանքերի մի մասը հայտնաբերվել է նույնիսկ մինչխորհրդային շրջանում` Առաջին Հանրապետության տարիներին: Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքում նկարագրված են կառավարության՝ հանքարդյունաբերական ներդրումներ ներգրավելու ջանքերը: Այսպես՝ 1920-ին կազմակերպվում է  հատուկ ընդունարան լեռնային բաժնի կողմից` հանքավայրեր գտնողների համար: Հանք գտնողներին պետք է տրվեր վարձատրություն: Օրինակ` ոսկու եւ թանկագին քարերի հանքի հայտնաբերման համար՝ 1000-5000 ռուբլի: Այս նախագիծը Հայաստան բերեց մի քանի եվրոպական հանքային էքսպեդիցիա, որի արդյունքում հայտնաբերվեցին մի քանի խոշոր հանքավայրեր, օրինակ՝ Ալավերդու պղնձի հանքավայրը, Ղափանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

Հետագա 100 տարվա ընթացքում ուսումնասիրվել են բազմաթիվ, բայց շահագործվել է միայն 8 հանք: Հետխորհրդային 25 տարվա ընթացքում հայտնաբերված միակ նոր հանքը Ամուլսարն է: Ընդ որում, Ամուլսարը հազվագյուտ հաջողված ծրագիր է ողջ հետխորհրդային տարածքում: Վերջին տարիների վիճակագրության համաձայն, աշխարհում հանքարդյունաբերական ներդրումների միայն մեկ (!) տոկոսն է արվել հետխորհրդային երկրներում (չհաշված՝ Ռուսաստանը): Հանք հայտնաբերելն ու կառուցելը արժե մի քանի հարյուր միլիոնից մինչեւ մի քանի միլիարդ  դոլար ու նման ծավալի ներդրումների համար ահռելի մրցակցություն կա երկրների միջեւ: Խոշոր հանքարդյունաբերական ֆորումներում կարելի է տեսնել զարգացած երկրների տաղավարները, որոնք կոչ են անում հանքարդյունաբերական ոլորտի ներդրողներին գալ հենց իրենց երկիր: Կարծում եմ, որեւէ մեկի մտքով չի անցնի համարել, որ Ֆինլանդիան «հանքահումքային կցորդ» է, չնայած ակտիվորեն ներգրավում է այս ոլորտում միջազգային ներդրումներ:



Որովհետեւ պոտենցիալ ներդրողների հերթեր ու կուտակումներ չկան: Եթե կա «հերթ»` դա հանքարդյունաբերության ոլորտում ներդրում ներգրավելու ցանկություն ունեցող երկրների «հերթն» է եւ դրա առաջին շահեկան տեղերում հաստատ հետխորհրդային երկրները չեն:  

Հանքափորները, մեր Տիգրանը եւ Երեւանի կենտրոնի սնոբիզմը

Մի երեւանցի լրագրող անդրադառնալով Ջերմուկում Լիդիանի կողմից վերանորոգված հյուրանոցներից մեկին՝ գրել էր, թե այնտեղ ապրելու են Լիդիանի «հանքափորները»` այս բառի մեջ ակնհայտ բացասական երանգ դնելով: Ինքս «հանքափոր» եմ` եթե հետեւենք լրագրողի տրամաբանությանը, եւ հպարտ եմ դրանով: Հպարտ եմ, որ լինելով երկրաբանական գիտությունների թեկնածու, չեմ նստել Երեւանի կենտրոնի հարմարավետ գրասենյակում եւ չեմ սպասել բարեգործության, նվիրատվության կամ գրանտի: Տարիներ առաջ` երկրաբանական մուրճը ձեռքս ամիսներ եմ անցկացրել ինձ նման «հանքափորների» հետ Ամուլսարում քարի նմուշներ հավաքելով, ինչի արդյունքում երկիր է մտել մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում:



Բայց հանքարդյունաբերությունը միայն ինձ նման «հանքափորները» չեն: Եթե ծրագրավորման ոլորտում աշխատում են ծրագրավորողներ, տուրիզմը` սպասարկման ոլորտի աշխատուժ է ստեղծում, ապա ժամանակակից հանքարդյունաբերությունը այն հազվագյուտ ոլորտներից է, որտեղ աշխատում են ամենատարբեր որակավորում ունեցող մասնագետներ:

Այսօր Ջերմուկում իրենց ընտանիքներով ապրում են մեր բնապահպանական թիմի մի քանի անդամներ՝ բարձրակարգ հայ մասնագետներ, որոնք վերապատրաստում են անցել արտերկրում: Ամուլսարի ծրագրում են աշխատում Անգլիայում ու Կանադայում վերապատրաստում անցած առողջության ու անվտանգության մասնագետներ, սոցիալական աշխատողներ, քարտեզագրողներ, հաշվապահներ, ծրագրավորողներ: Այսօր մեր թիմի մաս են բարձր որակավորում ունեցող մոտ մեկ տասնյակ հայ ինժեներներ: Նրանցից մի քանիսը երիտասարդ պրոֆեսիոնալներ են: Օրինակ` Տիգրան Ավագյանը, որը Հայաստանի Ամերիկյան Համալսարանի փայլուն շրջանավարտներից է, փայլուն ինժեներ եւ ես հպարտ եմ, որ Տիգրանը մեր թիմի անդամ է, ուրախ եմ, որ չի լքել երկիրը: Վստահ եմ, որ նրա նման երիտասարդ մասնագետների շնորհիվ է վերելք ապրելու Հայաստանի տնտեսությունը: Երիտասարդ մասնագետների իրացված պոտենցիալն է ամուր տնտեսության գաղտնիքը:

Հենց հիմա Ամուլսարում հավաքվում է ամերիկյան Կատերպիլար ընկերության միլիոնավոր դոլար արժողությամբ տեխնիկան: Որպեսզի դրանց վրա աշխատեն այդ թվում համայնքներից մեր աշխատակիցները, Լիդիանը եւս մոտ մեկ միլիոն դոլար արժողությամբ վերապատրաստող սարք է ձեռք բերել` սիմուլյատոր: Դրա վրա անցած վերապատրաստումը հավասարազոր է տեխնիկական բուհի կրթության: Այդ կրթությունը ստացած մասնագետները կկարողանան վարել գերժամանակակից տեխնիկա` համակարգիչներով հագեցած գրասենյակ հիշեցնող մեքենայի ահռելի սրահում նստած: Իսկ ո՞վ է որոշել, որ սա ավելի վատ գործ է, քան մեղվաբույծի գործը: Եվ ո՞վ ասաց, որ եթե կա մեկը, չպիտի լինի մյուսը: Մեկը մյուսին չի բացառում եւ ամուր տնտեսության գաղտնիքը դիվերսիֆիկացիան է: Ընտրության հնարավորությունը պետք է ունենա համայնքի բնակիչը, առանց Երեւանի կենտրոնից կամ արտերկրից եկող վերամբարձ խորհուրդների:

Շոգեքարշը, Խոսրովի արգելոցը եւ զարգացման ուղիները

Աշխարհի ամենադիվերսիֆիկացված տնտեսությամբ երկրների առաջին եռյակում Շվեդիան է, որը նաեւ աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերող երկրների առաջին հնգյակում է:

Մի քանի հետաքրքիր վիճակագրական փաստ: Աշխարհի ամենախոշոր գյուղմթերքներ արտահանող երկրների շարքում են Բելգիան, Գերմանիան, հանքարդյունաբերական Կանադան եւ ԱՄՆ-ը: Այս զարգացած գյուղատնտեսությամբ երկրներում գյուղատնտեսության կշիռը ՀՆԱ-ի մեջ կազմում է 0,5%-1,5%: Հիմա` այն երկրներից մի քանիսը, որտեղ գյուղատնտեսությունը ունի ՀՆԱ-ում 20 եւ ավելի տոկոս. Նիկարագուա, Գվինեա, Բենին, Մավրիտանիա, Կոտ դ’Իվուար ու այս շարքում նաեւ Հայաստան` 20,81%: Որքան մեծանա ՀՆԱ-ում գյուղատնտեսության դերը, այնքան կմոտենանք Բուրկինա Ֆասոյին կամ Ռուանդային: Որովհետեւ ժամանակակից, իրական տնտեսական էֆեկտ բերող գյուղատնտեսությունը տնամերձը մշակող գյուղացին չէ: Ժամանակակից գյուղատնտեսությունը` արդյունաբերական ահռելի ծավալների գյուղատնտեսությունն է, հեկտարներ զբաղեցնող ջերմոցները՝ մինիմալ աշխատուժով: Իսկ այս ծավալների համար անհրաժեշտ է արդյունաբերության մյուս ճյուղերի զարգացում, որպեսզի տնտեսական ակտիվությունը ներդրումներ բերի նաեւ գյուղատնտեսության մեջ:
Այնպես, ինչպես դա տեղի է ունեցել մի քանի տասնյակ զարգացած երկրներում:



Հանքահումքային ոլորտի զարգացման շնորհիվ Ավստրալիան աղքատ ագրարային երկրից մի քանի տասնամյակում դարձավ զարգացած արդյունաբերական երկիր, որտեղ գիտությունը, կրթությունը, առողջապահությունը մրցում են եվրոպական զարգացած երկրների հետ: Հանքարդյունաբերությունը այն շոգեքարշն է, որը կարող է զգալի եւ արագ տնտեսական արդյունքներ բերել ու դառնալ տնտեսության զարգացման հիմքը:

Եվ վերջապես բնության մասին՝ ուզում եմ խոսել Խոսրովի արգելոցի հրդեհի մասին: Ամուլսարի ծրագիրը գրեթե 6 միլիոն դոլար է ծախսում Ջերմուկի Ազգային պարկի ստեղծման վրա, որի նպատակն է փոխհատուցել Ամուլսարի ենթակառուցվածքների կենսաբազմազանության, օրինակ՝ Գորշ արջի վրա բնակատեղի հնարավոր կորուստի համար: Ի դեպ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ամուլսարը հատուկ չէ այս կենդանատեսակի համար եւ տարածքում ընդամենը 2-3 արջ կա: Եվս 500 հազար դոլարի ծրագիր է Կարմիր գրքի մեկ բուսատեսակի պահպանության ծրագիրը Ամուլսարում: Չգիտեմ, թե կենսաբազմազանությանը հասցված վնասի տեսանկյունից որքան գնահատվեց Խոսրովի արգելոցի հրդեհը: Գիտեմ, որ բնապահպանության նախարարությունը ստիպված էր հրապարակային շարունակաբար կոչ անել շրջակա գյուղերի բնակիչներին չսպանել հրդեհից փախչող կարմիր գրքի կենդանատեսակներին, ինչը համատարած բնույթ էր կրում: Եվ ուրեմն ի՞նչն է վնասում բնությանը: Պատասխանատու հանքարդյունաբերությո՞ւնը, որի շնորհիվ նոր ազգային պարկ է ստեղծվում, թե՞ աղքատությունը, որի մեջ խրված հասարակությանը դժվար է բնապահպանություն քարոզել:

Ունի արդյո՞ք հանքարդյունաբերության ոլորտը խնդիրներ: Անշուշտ: Դրանք բազմաթիվ են, եւ ոլորտի արդիականացումը Հայաստանում առաջնային խնդիր է: Բայց հիվանդ ոտքը չեն կտրում, այն բուժում են: Իսկ բուժման լավագույն դեղատոմսերից մեկը լուրջ միջազգային ներդրումներ ներգրավելն է: Ամուր տնտեսության գաղտնիքը սեփական հնարավորությունների եւ մրցակցային առավելության առողջ գնահատումն է՝ առանց ավելորդ էմոցիաների, այդ առավելության լավ մարքեթինգը, եղած ներդրումների հանդեպ արդար վերաբերմունքը եւ դրանով իսկ` նոր ներդրումների ներգրավումը:

Չկա որեւէ այլ բանաձեւ տնտեսագիտության մեջ՝ ո՛չ տեսական, ո՛չ գործնականում:

Հայկ Ալոյանը «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրենն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am