Քաղցկեղի հաղթահարման իմ պատմությունը - Mediamax.am

Քաղցկեղի հաղթահարման իմ պատմությունը
31806 դիտում

Քաղցկեղի հաղթահարման իմ պատմությունը


Մի քանի ամիս առաջ բժիշկներն ինձ մոտ քաղցկեղ հայտնաբերեցին: Իսկ երկու շաբաթ առաջ վերադարձա Գերմանիայի Մյունխեն քաղաքում գտնվող թոքային օնկոլոգիայի լավագույն կլինիկաներից մեկից, որտեղ կատարված վիրահատության արդյունքում լիովին ապաքինվեցի: Իսկ թե ինչու որոշեցի վիրահատվել Գերմանիայում, այլ ոչ թե Հայաստանում՝ դեռ կանդրադառնամ:

Ստորեւ կփորձեմ ներկայացնել քաղցկեղի հաղթահարման իմ պատմությունը եւ որոշ խորհուրդներ տալ այն մարդկանց, որոնց մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Մեդիամաքսի սյունակներում արդեն փորձել եմ խորհուրդներ տալ քաղցկեղ ունեցող անձանց հարազատներին, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ եւ այստեղ:

Ինչպես հայտնաբերեցի քաղցկեղը եւ ինչ քայլեր ձեռնարկեցի

Իմանալով քաղցկեղի մասին` անմիջապես սկսեցի գործնական քայլեր ձեռնարկել. կապվեցի մտերիմ բժիշկների, բարեգործական գործունեություն ծավալող ընկերներիս հետ, որից հետո սկսեցինք հստակորեն ծրագրել` որտեղից ենք սկսելու եւ ինչպես ենք ամբողջը կազմակերպելու:

Երկար տարիներ սեզոնային հազ եմ ունեցել, բազմաթիվ բժիշկների դիմել, տարբեր անալիզներ հանձնել, փորձել հասկանալ հազի հիմնական պատճառը, բայց որեւէ հստակ ախտորոշում չի եղել: Ամիսներ առաջ կրկին այցելեցի բժիշկի, ռենտգեն հետազոտություն անցա, եւ որոշվեց, որ անհրաժեշտություն կա ԿՏ (համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտության: Արդյունքում բրոնխի վրա գոյացություն հայտնաբերվեց, եւ բժիշկը խորհուրդ տվեց բրոնխոսկոպիա անել` հասկանալու համար գոյացության տեսակը (բրոնխոսկոպիան հատուկ գործիքային քննության մեթոդ է, որն ապահովում է շնչափողի եւ բրոնխերի հետազոտումը ակնադիտման միջոցով): Խորհրդակցելով հայաստանյան եւ արտասահմանյան բժիշկների հետ` տեղեկացա, որ կախված քաղցկեղի տեսակից՝ հնարավորություն կա բուն բրոնխոսկոպիայի ժամանակ վիրահատություն անել եւ հեռացնել գոյացությունը:

Իմանալով, որ էնդոսկոպիկ եղանակով նման վիրահատության փորձ Հայաստանում առանձնապես չկա, այլ միայն հնարավոր է բրոնխոսկոպիա անել, որից հետո բաց վիրահատություն՝ որոշեցի վիրահատությունը կազմակերպել Գերմանիայում, սակայն մինչ այդ Երեւանում բրոնխոսկոպիա անել ու իմանալ քաղցկեղի տեսակը:

Ահա այս փուլում անմիջականորեն բախվեցի առողջապահական համակարգի խնդիրների մի ամբողջ «փնջի»։ Նախ, երբ փորձում էի պարզել, թե որտեղ է հնարավոր լավագույնս գրագետ կազմակերպել բժշկական այս միջամտությունը, Հայաստանում առաջատարի համբավ ունեցող բժիշկներից մեկը փորձում էր համոզել, որ եւ բրոնխոսկոպիան, եւ էնդոսկոպիկ եղանակով վիրահատությունն իրենց կենտրոնում կազմակերպեմ` վստահեցնելով, որ իրենք նման միջամտության բավական մեծ փորձ ունեն, բայց իմ ճշտող հարցերին եւ մանրամասներ ներկայացնելու իմ խնդրանքին չկարողանալով հստակ պատասխաններ տալ` հունից դուրս եկավ ու անվայելուչ վարքագիծ դրսեւորեց` խոսակցության ամբողջ ընթացքում վարկաբեկելով այլ հիվանդանոցներում աշխատող իր գործընկերներին:

Ի վերջո, տարբեր առաջատար բժիշկների կարծիքները լսելով, որոշեցի, թե որ բժիշկի մոտ պետք է կազմակերպեմ այդ միջամտությունը: Բրոնխոսկոպիայի ընթացքում պարզվեց, որ անգամ առաջատար բժիշկ համարվող մասնագետը կարող է ոչ կոմպետենտ գտնվել եւ թե միջամտության ընթացքում, թե դրանից հետո որոշ սխալներ թույլ տալ, կարեւոր հարցերում անփույթ գտնվել:

Հետագայում պարզվեց, որ նման սխալները եւ անփութությունը մեզ մոտ համատարած բնույթ են կրում, կարելի է ասել՝ համակարգային են, եւ այդ պատճառով  առողջապահական ոլորտին վերաբերող խնդիրներին անդրադառնալիս՝ հարկ չեմ համարում կոնկրետ բժշկական կազմակերպության անվանում կամ բժշկի անուն առանձնացնել։

Ներկայացնեմ բժշկական անփութության մի օրինակ․ բրոնխոսկոպիայի ընթացքում բժիշկը նաեւ ախտահարված հյուսվածքի նմուշառում (բիոպսիա) արեց հայտնաբերված գոյացության հյուսվածաբանական հետազոտության միջոցով քաղցկեղի տեսակը պարզելու համար: Այդ հետազոտությունն իրականացնելու համար դիմեցի Հայաստանի առաջատար լաբորատորիաներից մեկին: Մի քանի օրից ստացա հետազոտության արդյունքները, եւ պարզվեց, որ հետազոտվող նյութի սահմաններում հյուսվածաբանական պատկերն առավել համադրելի է ինվազիվ ադենոկարցինոմայի հետ` սոլիդ աճման տարբերակով: Առաջարկվեց ախտորոշման ճշտությունը ստուգելու համար կատարել իմունոհիստոքիմիական հետազոտություն: Վերջինիս համար դիմեցի մեկ այլ առաջատար կլինիկա, որտեղ պարզվեց, որ հիմնական ախտաբանական փոփոխությունները համատեղելի են բրոնխի տիպիկ կարցինոիդի հետ: Ահա այստեղ պարզվեց նաեւ, որ առաջին կլինիկայում կատարված լաբորատոր վերամշակման գործընթացում տեղ գտած թերացումների կամ անփութության պատճառով անալիզների մեջ հայտնվել էր կրծքագեղձի հյուսվածքի նմուշ: Կլինիկայի տնօրենը, ճիշտ է, վստահեցրեց, որ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ հետագայում նման խնդրից խուսափելու համար, ամեն դեպքում, ինչպես պարզեցի այլ աղբյուրներից, նման դեպքեր Հայաստանում էլի են եղել:

Ինչեւէ, վերջնական ախտորոշումից հետո սկսեցի գերմանական առաջատար կլինիկաներ փնտրել, որպեսզի վիրահատությունս կազմակերպեմ այնտեղ: Ինչո՞ւ Գերմանիա, այլ ոչ Հայաստան: Բրոնխի կամ թոքի քաղցկեղի` էնդոսկոպիկ եղանակով վիրահատությունների մեծ փորձ հայաստանյան բժիշկները չունեն, եւ այդ միջամտությունը Հայաստանում կարող էր բավականին ռիսկային լինել, այդ իսկ պատճառով որոշեցի բուժումս կազմակերպել Գերմանիայում:

Ընկերներիս օգնությամբ կապվեցի Գերմանիայի Մյունխեն քաղաքում գտնվող թոքային օնկոլոգիայի լավագույն կլինիկաներից մեկի հետ, ներկայացրի բժշկական փաստաթղթերը եւ հրավեր ստացա:

Գերմանական հայտնի կլինիկայում մի շարք համալիր հետազոտություններ անցա, բժիշկները որոշեցին բրոնխոսկոպիա անել, որի ժամանակ էլ, հնարավորության դեպքում, վիրահատել: Երկու նման վիրահատության արդյունքում արդեն լիովին ապաքինվեցի, հավելյալ քիմիաթերապիաների կամ ճառագայթման անհրաժեշտություն չառաջացավ, քանի որ քաղցկեղը շատ վաղ փուլում էի հայտնաբերել եւ բավականին արագ կազմակերպել բուժումը:

Գերմանական առաջատար կլինիկայում բուժումս հնարավոր դարձավ Յուքոմ հիմնադրամի թիմի աջակցությամբ` ի դեմս Սոնա Ազարյանի եւ Նարինե Սուվարյանի, եւ այն անհայտ բարերարի, որի օգնությամբ կարողացա հոգալ բուժման համար անհրաժեշտ ծախսերը: Անչափ շնորհակալ եմ նրանց այս դժվարին պահին ինձ աջակցելու համար:

Իմանալով քաղցկեղի մասին՝ պետք չէ հուսալքվել

Մարդկանց մեծամասնությունը վստահ է, որ քաղցկեղի ախտորոշումը մահվան դատավճիռ է: Իմանալով քաղցկեղի մասին` հիվանդները կարող են շոկի մեջ հայտնվել, չհավատալ իրականությանը: Ժամանակ է պետք այս ամենին հարմարվելու, հուզական վիճակից հնարավորինս դուրս գալու եւ իրավիճակը սթափ դատելու համար, որոշ դեպքերում, ցավոք, հիվանդին ու նրա հարազատներին այդպես էլ չի հաջողվում դուրս գալ այդ իրավիճակից:

Բժշկության զարգացմանը զուգահեռ քաղցկեղի բուժման, շատ դեպքերում քաղցկեղ ունեցող մարդու լիակատար ապաքինման հնարավորությունները գնալով էլ ավելի են մեծանում: Եթե անգամ բժիշկը ապաքինման որեւէ հույս չի տալիս, պետք չէ հուսալքվել, կարելի է եվրոպական առաջատար երկրներում այլ հնարավորություններ փնտրել: Անգամ եթե այլեւս փրկության որեւէ հնարավորություն չկա, կարելի է տարբերակներ գտնել` հիվանդության հետ մեկտեղ մնացյալ կյանքը հնարավորինս անցավ, երկար ու երջանիկ ապրելու համար:

Ինչպես վերեւում արդեն նշեցի` ինքս, իմանալով քաղցկեղի առկայության մասին, անմիջապես անցել եմ գործնական քայլերի` զերծ մնալով հուզական լուրջ ապրումներից, քանի որ տարիների ընթացքում անընդհատ խոսել եմ այս խնդրի մասին, շփվել նման խնդիրներ ունեցող անձանց հետ, պարբերաբար սեմինար-քննարկումներ կազմակերպել: Քաղցկեղի ախտորոշումն ինձ համար դատավճռի նման չհնչեց, քանի որ ես քաջատեղյակ էի այս խնդրի մանրամասներից, ունեի որոշակի փորձառություն, հետեւաբար, եթե յուրաքանչյուրս մեր կյանքի ընթացքում փորձենք հնարավորության դեպքում տեղեկանալ, չխուսափել այս խնդրի մասին բարձրաձայնելուց, հարկ եղած դեպքում քաղցկեղին մի քիչ այլ տեսանկյունից կնայենք եւ ավելի պատրաստ կլինենք դիմակայելու այդ չարիքին։

Քաղցկեղի վերաբերյալ պետք է իմանալ ամեն ինչ 

Ոչ ոք ապահովագրված չէ հիվանդանալուց, իսկ տեղեկացված մարդն անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ավելի հեշտությամբ դիմագրավելու ու հաղթահարելու այդ խնդիրը։ Մարդկանց մի մասը նման դեպքում փորձում է հնարավոր ամեն ինչ իմանալ իր խնդրի մասին եւ ավելի պատրաստված լինել, իսկ մի մասն էլ ուղղակի նախընտրում է վախենալ վերացական վտանգից: Սակայն ամեն դեպքում քաղցկեղի տեսակի մասին գիտելիքները ձեզ շատ կօգնեն բուժման ամբողջ ընթացքում, հնարավորություն կտան ավելի ճիշտ կողմնորոշվելու` որտեղ է պետք բուժումն իրականացնել եւ ինչպես, ավելի հեշտությամբ շփվել բժիշկների հետ, ավելի թեթեւ հաղթահարել հետեւանքները:

Իմանալով քաղցկեղի տեսակի մասին` ինքս փորձել եմ հարստացնել գիտելիքներս, հասկանալ, թե նման խնդրի դեպքում բժշկական ինչ միջամտություններ են հարկավոր, որտեղ են գտնվում առաջատար կլինիկաները եւ բժիշկները, եւ ինչպես է հնարավոր լավագույն բուժումը ստանալ: Իհարկե, այս խնդրի վերաբերյալ տարիների կուտակած փորձառությունն ու գիտելիքներն ինձ բավականին օգնեցին այդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու հարցում, սակայն հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն ամեն դեպքում եղավ:

Ձեր հիվանդության մասին պետք է պատմել հարազատներին

Սիրելիին ու հարազատներին նման հիվանդության մասին պատմելը հեշտ գործ չէ: Երբ տեղեկացա քաղցկեղի մասին եւ անցա գործնական քայլերի` պարզելու համար, թե բուժումը որտեղ եւ ինչպես պետք է կազմակերպել, հասկացա, որ հայտնվել եմ մի իրավիճակում, երբ նման խնդիրներ ունեցող բազմաթիվ մարդկանց տրված խորհուրդներս պետք է ինքս կյանքի կոչեմ ու նույն սթափությամբ եւ ճիշտ ճանապարհով առաջ գնամ: Այս ամբողջ ընթացքում, թերեւս, ամենադժվարը սիրելիիս ու հարազատներիս խնդրի մասին տեղեկացնելն էր: Ունենալով բավականին փորձառություն եւ գիտելիք` նման իրավիճակներում ինչպես պետք է տեղեկացնել հարազատներին ու հետագայում ինչպես շփվել նրանց հետ, կարողացա այդ ամենը կազմակերպել ու յուրաքանչյուրի հետ զրուցել` հաշվի առնելով իրենց առանձնահատկությունները. ստացվեց այնպես, որ նրանք շատ կարճ ժամանակ հետո սկսեցին իմ նման սթափ ու իրատեսական նայել իրավիճակին ու ամեն կերպ աջակցել ինձ: Սա ինձ համար կարեւոր է նաեւ նրանով, որ պրակտիկորեն հասկացա` այս տարիների ընթացքում տրված խորհուրդները, իրոք, տեղին եւ արդյունավետ են եղել:

Իմ խնդրի մասին իմանալուց հետո մեծաթիվ ընկերներս ու մտերիմներս հարցնում էին` ինչու գրեթե ոչ մեկին այս խնդրի մասին տեղյակ չեմ պահել, օգնություն չեմ խնդրել. իմ դեպքում իրավիճակը մի քիչ այլ էր: Ես խնդրին շատ սթափ էի նայում, հստակ պատկերացնում` քայլերի հաջորդականությունը եւ հիվանդության հաղթահարման ամբողջ ընթացքում դիմել եմ միայն նրանց, որոնցից օգնության հստակ ակնկալիք եմ ունեցել՝ լինի դա ֆինանսական տեսքով, մասնագիտական խորհրդատվության, թե արտասահմանյան կլինիկաների հետ կապի: Այսկերպ ինձ համար շատ ավելի հեշտ էր, քան այն դեպքում կլիներ, երբ բոլորն իմանային խնդրի մասին. այդ ժամանակ մտերիմներիս հավելյալ սթրեսի կենթարկեի, ավելին, նրանց կողմից մշտապես հոգատար վերաբերմունքը եւ բուժման ընթացքի վերաբերյալ հարցերը կարող էին անգամ խանգարել ինձ, այդ իսկ պատճառով որոշեցի, որ խնդրի մասին պետք է իմանան փոքրաթիվ հարազատներ ու ընկերներ: Սա յուրաքանչյուրիս ընտրության հարցն է, եւ չկա ընդհանուր մոտեցում` նման դեպքերում ում է պետք տեղյակ պահել, ումից օգնություն խնդրել եւ ումից` ոչ: Վստահ եմ` մեր հարազատների ու ընկերների մեջ կլինեն մարդիկ, որոնք միշտ պատրաստակամ կլինեն ամեն կերպ օգտակար լինելու, պետք է նրանց հնարավորություն տալ եւ ասել` ինչպես կարող են օգնել ձեզ:

Ինչ անել, եթե հարազատները խորհուրդ են տալիս այցելել հեքիմի կամ հոմեոպաթի

Պրակտիկայում հանդիպել եմ դեպքերի, երբ հարազատները հիվանդին խորհուրդ են տալիս բժիշկների փոխարեն վստահել տարբեր հեքիմների, հոմեոպաթների: Իմ դեպքում նույնպես հարազատներիցս մեկն առաջարկեց այցելել մի հայտնի հոմեոպաթի` վստահեցնելով, որ ինձ կօգնի ու կբուժի: Տեղյակ լինելով «հոմեոպաթիա» երեւույթի մասին, եւ լավ հասկանալով, որ իմ դեպքում որեւէ պրակտիկ օգնություն չի կարող լինել, ամեն դեպքում որոշեցի այցելել եւ այդ երեւույթի մասին հնարավորինս ամբողջական պրակտիկ տեղեկություններ ստանալ:

Եթե մի քանի բառով ներկայացնեմ իմ այցը ու տպավորությունը, կարող եմ վստահաբար ասել, որ այդ երեւույթը որեւէ կապ չունի իրական բժշկության հետ: Տարբեր իրավիճակներում իմ մանրամասնող եւ պարզաբանող հարցերին հոմեոպաթը տալիս էր ոչ հստակ եւ խուսափողական պատասխաններ, ավելին` նրան չհաջողվեց անգամ հայտնաբերել բրոնխի վրա առկա քաղցկեղը: Այդ ամբողջ ընթացքում լսում էի իմ տարբեր խնդիրների մասին բժիշկի վստահ խոսքը, որ իր կողմից տրվելիք «դեղամիջոցներով» կապաքինվեմ, սակայն ինձ համար պարզ չէր` ինչից եւ ինչպես:

Իմ հորդորն է բոլորին` խուսափել նման անձանց հետ որեւէ շփումից, մանավանդ քաղցկեղ ունեցող հիվանդներին, քանի որ տվյալ դեպքում ժամանակն անչափ թանկ է եւ կարող է անգամ վճռորոշ լինել: Ինքս այցելել եմ միայն մասնագիտական հետաքրքրությունից ելնելով:

Վստահեք միայն ապացուցողական բժշկությանը:

Քաղցկեղը կարելի՞ է բուժել Հայաստանում, թե՞ անպայման պետք է արտասահման գնալ

Առիթն օգտագործելով՝ հավելյալ մի քանի խորհուրդ տամ այս արդիական հարցի վերաբերյալ: Քաղցկեղի որոշ տեսակներ (կրծքագեղձի, աղիքի, ուռոլոգիական եւ այլն) Հայաստանում հիմնականում նորմալ բուժվում են: Ոլորտի մասնագետներն էլ պարբերաբար մասնակցում են միջազգային կարեւոր գիտաժողովների, ձեռք բերում նոր գիտելիքներ, կուտակում որոշակի փորձառություն։ Բժշկական հաստատությունները որոշ պարբերականությամբ արդիականացվում են, վերազինվում նոր բուժտեխնիկայով: Վերոնշյալ բարեփոխումները, բնականաբար, նպաստում են հայաստանյան պայմաններում բուժում ստանալուն, սակայն դեռեւս բավարար չեն, եւ շատերն են նախընտրում արտասահմանում բուժվել, ինչպես որ ես արեցի։

Եթե հիվանդի բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, եւ նրան պետք է անհապաղ տեղափոխել արտասահման, ապա անհրաժեշտ է փնտրել տարբեր երկրներում գործող առաջատար կլինիկաների եւ բարեգործական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ եւ հնարավորինս շուտ դիմել նրանց: Քաղցկեղի դեպքում հայերը սովորաբար բուժում են ստանում Ռուսաստանում, Գերմանիայում, եվրոպական այլ երկրներում եւ ԱՄՆ-ում, վերջերս նաեւ` Վրաստանում:

Արտասահմանյան կլինիկաների վերաբերյալ տեղեկատվություն գտնելու եւ նրանց դիմելու հարցում ձեզ կարող են օգնել հիվանդին բուժող բժիշկները, հայաստանյան բարեգործական կազմակերպությունները, ինչպես նաեւ՝ տվյալ երկրներում գործող հիմնադրամները, այնտեղ բնակվող հարազատներն ու ընկերները: 
Բուժման համար անհրաժեշտ գումարը գտնելու համար կարող եք դիմել ձեր հարազատներին, ընկերներին, որոնք մեծ հավանականությամբ պատրաստակամ կլինեն օգնելու: Որոշ դեպքերում հնարավոր է լինում նաեւ ֆինանսական աջակցություն ստանալ հայաստանյան կամ արտասահմանյան տարբեր հիմնադրամներից, այնպես որ արժե այս ուղղությամբ էլ տեղեկություններ փնտրել ու դիմել համապատասխան կառույցներին:

Մտորումներ հայաստանյան առողջապահական համակարգի բարեփոխումների վերաբերյալ

Քաղցկեղի հաղթահարման այս ամբողջ ընթացքում, անմիջականորեն առնչվելով հայաստանյան բժշկության խնդիրներին, համոզվեցի նաեւ, որ ինչքան էլ կառավարության եւ բուժհաստատությունների թերի աշխատանքի ու անգործության պատճառով է ոլորտում այս վատ վիճակը, ամեն դեպքում վստահ եմ, որ գիտակից ու սոցիալական պատասխանատվություն ունեցող քաղաքացին նույնպես պետք է իր կարեւոր ներդրումն ունենա այն բարելավելու գործում:

Կարեւոր է նաեւ առողջապահական ոլորտում գործող բարեգործական կազմակերպությունների դերը, որոնք, եթե ցանկանում են արդյունավետ աշխատել ու հիմնարար արդյունքի հասնել, պետք է արագ վերապրոֆիլավորվեն, ստեղծեն նորմալ վարձատրվող մշտական աշխատակազմ, հստակեցնեն առողջապահական ոլորտի զարգացման իրենց տեսլականը, ստեղծեն ռազմավարություն, որով պետք է առաջնորդվեն ապագայում, միմյանց հետ աշխատանքի համապատասխան ձեւաչափ մտածեն եւ ակտիվորեն գործեն: Այս պահին այդ կառույցների հիմնական գործունեությունը սահմանափակվում է առողջական խնդիրներ ունեցող տարբեր երեխաների բուժման համար գումարներ հավաքելով. ինչքան էլ կարեւոր լինի այս գործունեությունը, պարզ է, որ նման կետային լուծումներով ոլորտում հիմնարար փոփոխությունների հասնել հնարավոր չէ, հստակ տեսլական ու ռազմավարություն է պետք:

Վերջում ուրախությամբ կուզեի տեղեկացնել, որ բարեգործական կառույցների համատեղ աշխատանքի համար Սոնա Ազարյանի կողմից ստեղծվել է «Մենք ենք» բարեգործական կոալիցիան, որի շրջանակներում փորձում ենք միասնական աշխատանքի համար նախատեսված հարթակ ձեւավորել։ Դրա օգնությամբ հիվանդ երեխաների բուժման համար անհրաժեշտ գումարները կկարողանանք ավելի գրագետ ու արդյունավետ հավաքել: Մեծ հույս ունեմ, որ այս հարթակը որոշ ժամանակ հետո այնքան կակտիվանա ու կսկսի արդյունավետ գործել, որ կկարողանա ազդել առողջապաhական ոլորտին վերաբերող պետական քաղաքականության վրա: 

Մի բան հստակ է` պետք է բոլորիս ջանքերն ուղղենք ոլորտի հիմնական խնդիրների վերհանմանն ու համապատասխան լուծումներ առաջարկելուն, պետության հետ համատեղ աշխատելուն, թեպետ այս դեպքում պետք է ունենանք նաեւ պետական օղակների պատրաստակամությունն ու արագ եւ ճկուն արձագանքելու ունակությունը, որպեսզի հասարակական ոլորտի ներկայացուցիչների եւ պետության համագործակցությունը հնարավորինս արդյունավետ լինի:

Ես համոզված եմ, որ միայն ռազմավարական մոտեցմամբ եւ անդադար աշխատանքի արդյունքում կարող ենք հասնել հաջողությունների եւ մեր երեխաների առողջ ու երջանիկ ապագայի երաշխիքներ ունենալ:

Արմեն Արմոս Մարտիրոսյանը բարեգործական մի շարք նախաձեռնությունների հեղինակ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին