Ինչպես ենք կառավարում երկիրը
2016 դիտում

Ինչպես ենք կառավարում երկիրը


Այսօր շատ է խոսվում պետական կառավարման բարեփոխումների մասին։ Այդ առումով հետաքրքիր է, թե ինչ մոտեցումներ կան մեծ կառավարման համակարգեր կառուցելիս։

Մենք սովոր ենք «գործավարություն», «գրություն», «փաստաթուղթը դնել շրջանառության մեջ», եւ այլ եզրույթների, որոնք առնչվում են պետական կառավարման հետ։ Դրանք այնքան բնական են թվում, որ հարց անգամ չի ծագում, թե որտեղից են մեզ հասել։ Սակայն այդ հարցի պատասխանը հետաքրքիր հետեւությունների է բերում, այնպես որ մի փոքր պրպտենք։

1717 թվականին Պետրոս Առաջինը հետախույզ է ուղարկում Շվեդիա, որը պիտի տեղեկանար այդ երկրում պետական կառավարման համակարգին։ Հենրիխ Ֆիկ անունով հետախույզը ծագումով գերմանացի էր։ Դա շատ վտանգավոր առաջադրանք էր՝ եթե բացահայտվեր, թե Ֆիկը ինչով է զբաղված, նա մահվան կդատապարտեին:

Արդյունքում Պետրոսը ստացավ մանրամասն տեղեկություններ եւ առանց հետաձգելու, նույն թվականին, սկսեց իր վարչական բարեփոխումը՝ Եվրոպայից բազմաթիվ գերմանացիների հրավիրելով պետական կառավարման համակարգում ղեկավար դերեր ստանձնելու համար։ Այդ ժամանակներից Ռուսական կայսրություն մտան բազմաթիվ գերմանական բառեր, որոնք առնչվում էին կառավարման մարմինների, միջոցների եւ սկզբունքների հետ։ Դրանց քիչն մասն է պահպանվել այսօրվա ռուսերենում, սակայն գաղափարը պահպանվել է։

Պետրոսը չէր վստահում իր ժողովրդին։ Այդ պատճառով իրեն պետք էր համակարգ, որում ամենը որոշվում է փաստաթղթերով, իսկ ամեն փաստաթղթի հետ կապված գործառույթները մանրամասն նկարագրված են ընթացակարգերում։ Այդպիսով հնարավոր էր նվազեցնել կաշառակերությունը, անհիմն եւ անկանոն որոշումների ծավալը եւ ունենալ ընթացիկ վերահսկողության հնարավորություն։ Խորհրդային պետությունը Ռուսական կայսրությունից ժառանգեց այդ համակարգը, իսկ մենք՝ խորհրդային պետությունից։

Միեւնույն ժամանակ, աշխարհում զարգանում էր երկրորդ կառավարման համակարգը, որը պայմանականորեն կոչենք «անգլո-սաքսոնական»։ Դրա հիմնական սկզբունքը մարդուն վստահելն է։ Այդ համակարգերում ամեն ղեկավար ունի վստահության իր չափաբաժինը, եւ իր կյանքի նպատակն է այդ չափաբաժինը աճեցնելը։ Տարիների ազնիվ աշխատանքը բերում է ավելի մեծ վստահության ավելի լայն շրջանակներում, ինչն ազդում է եւ վարձատրության, եւ հնարավորությունների, եւ սոցիալական կապերի վրա։ Այդ ամենի շնորհիվ աճում է սոցիալական կարգավիճակը, որով եւ չափվում է մարդու հաջողությունը կյանքում։

Վստահության այդ կապիտալը կարելի է շատ արագ կորցնել՝ անթույլատրելի արարք, անբարոյականություն, թուլություն ցուցաբերելով։ Դա կյանքի փլուզում է, որն անդրադառնում է նաեւ մարդու ընտանիքի վրա։ Պատիվը կորցրած մարդն այլեւս ոչ ոքի պետք չէ։

Այդ համակարգում լայնածավալ կաշառակերությունը տնտեսական հիմք չունի, քանի որ կաշառք վերցնողը վտանգում է իր տարիներով կուտակված վստահության չափաբաժինը, որն անգին է։

Անգլո-սաքսոնական համակարգում որոշումները կայացնում են մարդիկ, անհատական կամ խմբային ձեւաչափով՝ նայած որոշման կարեւորության։ Որպեսզի որոշումների կայացումը պայմանավորված լինի ընդհանուր սկզբունքներով, դրանք հիմնվում են հատուկ տեսակի փաստաթղթերի՝ «քաղաքականությունների» վրա (policies)։ Քաղաքականությունները ներկայացնում են կուտակված լավագույն փորձը, եւ ուղղորդում են որոշումների կայացումը։

Որոշումների հետ կապված փաստաթղթերը գրանցվում են եւ պահպանվում։ Սակայն «փաստաթղթերի շրջանառություն» պաշտոնական հասկացություն գոյություն չունի։ Այսինքն՝ փաստաթղթերը, իհարկե, շրջանառվում են, որպեսզի մարդիկ տեղեկանան, սակայն դա որոշումների կայացման համակարգի մաս չի հանդիսանում, չկան փաստաթղթերի շրջանառության հետ կապված երկար ընթացակարգեր եւ այլն։

Հարց է ծագում՝ կառավարման ո՞ր փիլիսոփայությունն է ավելի արդյունավետ։ Կարծում եմ, որ վստահության կապիտալի վրա հիմնված պետությունը ավելի ամուր է եւ ճկուն, իսկ անվստահության վրա կառուցված համակարգը ոչ միայն թանկ եւ անարդյունավետ է, այլեւ միապետության միտում ունի։

Ի՞նչ պիտի անենք, որպեսզի կարողանանք կառուցել վստահության վրա հիմնված կառավարման համակարգ այսօրվա Հայաստանում, ուր փոխադարձ վստահության մակարդակը շատ ցածր է։ Ի՞նչ պիտի անենք, որպեսզի այդ մակարդակը բարձրացնենք։ Սրան կանդրադառնամ հաջորդ սյունակներից մեկում։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am