Գնալ՝ դասավանդելու սէրը - Mediamax.am

Գնալ՝ դասավանդելու սէրը
13413 դիտում

Գնալ՝ դասավանդելու սէրը


Ցեխի մեջ կորած սապոգներիս տակ ճռճռում է հեւքը, կարմիր մազերիս փունջը լցվում է աչքերս ու աշխարհի ամենամաքուր քաղաքի կենտրոնում լաց եմ լինում` ինչու պիտի նրանք չապրեն, ինչու չեն ծիծաղում, ինչու նամակներ չեն գրում...

Ստեփանակերտցի մի բաբո ապրիլյան վերջին էդ օրը մոտենում ու գիրկն է առնում ինձ. «Մատաղ ինիմ, շտեղան ես... »:

Ես անվերջ մտածում եմ` ինչ եմ զգում, ինչպես զգամ, ինչու չեմ զգում: Քար, այ քար, խփում եմ կրծքիս ու ի պատասխան լսում հեծկլտանքս` դառը, սառը, անպետք:

Զինվորական տաբատս ցեխոտ է, ու ես սիրում եմ կյանքը: Ու չգիտեմ` էլ երբ եմ էսքան դառը սիրել...

Ու հիշում եմ մեր մանկության դառնահամ թութունի շարերը: Մենք` չորս-վեց տարեկան, վազվզում էինք ծխախոտի տերեւները հսկա ասեղների մեջ արագ-արագ դասավորող մայրիկների շուրջը ու հաց էինք ուզում: Մաման մեզ հաց ու պանիր էր տալիս, ու մենք ուտում էինք թութունի թաց տերեւներից սեւացած մեր պստիկ մատներով, ու թութունի դառնությունն էինք ուտում մեր սպիտակ հաց-պանրի հետ, ու սիրում էինք կյանքը: Երեւի էդքան դառը մե՜կ էլ էն ժամանակ եմ սիրել:

Ինձ ապրելու համար նոր շունչ է պետք ու ուրիշ խաղաղություն` պինդ ու իմը: Ու հավատ…

Բաղրամյանում ջրի շիթը ինձ մայթ նետեց, ու ես տեսա կիսագրագետ, կիսակիրթ ամբոխ՝ իրար հետեւից վազող. ոմանց ձեռքին մահակներ, ոմանց ձեռքին՝ ատելություն: Ես տեսա ոստիկանին, որ մազերից բռնած քարշ էր տալիս մի կնոջ: Ես տեսա սեփական իրավունքները չիմացող, կիսագրագետ ցուցարարի, որ տեսախցիկի առաջ չէր կարողանում բացատրել՝ հանուն ինչի է դուրս եկել փողոց: Ես սարսափեցի այն կետից, որտեղ գտնվում եմ: Ինձնից պիտի սկսվի այդ կետի փոփոխությունը:

Քաղմասի պատուհաններից ներս ընկած արեւով չորանալով`մտածում էի՝ սերունդը, որ պիտի ապրի իմ երեխայի հետ նույն երկնքի տակ, չպիտի՜ լինի այն ոստիկանի նման ու չպիտի լինի իրավունք չիմացող, բայց իրավունք պահանջող ցուցարարի նման: Իմ երեխայի սերունդը պիտի արժեքներ ունենա, նպատակներ, գիտելիք ու ազատություն՝ ընտրելու ազատություն եւ լինելու ազատություն:

Իմ գյուղում երեխաները մի երազանք ունեն, որից ես ֆիզիկական ցավ եմ զգում. անգամ Ձմեռ պապից իմ գյուղում մի նվեր են ուզում՝ խաղաղություն:
Էդ ֆիզիկական ցավից իմ ապրելն իմաստավորվում է:

Ինձնից հետոյի սերունդը պիտի պատերազմի ավարտի համար անարյուն ելք գտնի: Պիտի խաղաղություն պարտադրի՝ ուժեղ լինելով, ուժեղ՝ ոչ միայն բանակով:

Սահմանից ներս պիտի վերջապես լինի երազած երկիրը՝ խելքը գլխին տնտեսությամբ, կրթությամբ, մշակույթով ու խելքը գլխին ժողովրդով: Որտեղի՞ց գտնել խելքը գլխին ժողովուրդ… Մանկապարտեզի դռներից մանուկներ են դուրս վազում՝ ձեռքերն ազատությանը պարզած. գտնում եմ:

Որոշումս կետ առ կետ լրացնում եմ ձեւաթղթի վրա ու հավաքում իրերս, որպեսզի գնամ՝ դասավանդելու սերը: Դասավանդելու Հայաստանի ամենահեռու կետերից մեկում: Այն կետում, որտեղից պիտի սկսվի իմ ու ինձ տիրող իրավիճակի փոփոխությունը:

***

Իմ տունը հայրս է, Տավուշը, ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռու գտնվող գյուղս հայրս է՝ իր հիվանդ ու հսկա սրտով: Ես Երեւանից Ներքին Կարմիրաղբյուր միշտ խաղաղության հետեւից եմ գալիս: Կրակոցների մեջ ծակծկված խաղաղության, որ ավելի պինդ է, քանի երեւանյան ասֆալտը:

Հայրս մեղվի փեթակներն է նայում ու կռիվ տալիս ինքն իր ու իմ հետ, իմ, որ ինքն է:

- Ախր ինչի՞ ես գնում, այ բալա...Ո՞ւմ համար ես գնում:

- Իմ, պա, իմ: Դու ու՞մ համար էիր Ռուսաստանից Հայաստան գալիս 88-ին, հը՞ն, ու՞մ համար էիր ցույցի գնում, ու՞մ համար եկար գյուղ, ու՞մ համար չորս տարի կռիվ տվիր, էդ պատերազմը ու՞մ համար էր, հը՞ն…

- Քո... Բայց ախր, այ բալա, գնացիր, հասար Արցախ, բա վե՞րջը: Ո՞վ պիտի ճակատդ պաչի:

- Իմ ճակատը դու՛ պիտի պաչես, էս աշխարհում միայն դու, ու միայն քո ճակատ պաչելուն եմ նայում, պա՜… Իսկ դու կպաչես, ամեն անգամ, երբ գամ, կպաչես, չէ՞:

Հայրս հետ է տանում մեղվանոցի համար մորս կարած մեղվապահի գլխարկը, իր փափուկ ափերով այտերս մոտեցնում իրար ու համբուրում ճակատս, քիթս… Հասցնում եմ տեսնել, որ աչքերում արցունք կա, կարմիր, կոպերից համառորեն պոկ չեկող արցունք:

***

Կիսադատարկ ավտոբուսի վերջին նստարանին ես եմ ու խաղալիքներով լի մի պարկ: Պարկը Երեւանից Հադրութ է գնում, ես՝ Վաղազին: Իմ գյուղ, որտեղ ապրելու ու դասավանդելու եմ երկու տարի, որը Երեւանից հեռու է մոտավորապես 350 կմ: Որտեղ տասը ընտանիք է ապրում, դպրոցն ընդամենը տասը աշակերտ ունի...

Հնամաշ աթոռների վրա մի երիտասարդ կին երկու երեխային է գրկել. երեխաներից մեկը ջերմություն ունի ու անընդհատ ջուր է ուզում: Մայրը կամաց, համարյա շշուկով երեխայի ականջի մեջ ասում է՝ «ցավդ տանեմ, հասանք այ, դիմացի, այ» ու հետն էլ կոշտ ափով շոյում այրվող այտերը:

Մորս եմ կարոտում: Դեռ չգնացած, դեռ չտեղափոխված՝ մորս եմ կարոտում: Շորերից եկող հոտը, ծերացող ձեռքերը: Հիշում եմ՝ ամեն անգամ ինչ վախվորած է համբուրել ինձ, ինչ զգույշ: Սրտիս մեջ արյունը հրաժարվում է դուրս գալ. մորս մի անգամ ասել էի՝ թաց մի համբուրի, ու համբուրած տեղը մաքրել էի ձեռքով: Է՞դ օրվանից էր շուրթերն իրար սեղմած, ներսում մի բան զսպած համբուրում, է՞դ օրվանից էր այտերս ձեռքի երեսով, ոչ թե ափերով շոյում, որ լույսի պես պահած իր աղջկա փափուկ այտերի համար ձեռքը կոշտ չլինի:

Ես գլուխս հենում եմ ավտոբուսի դեղին վարագույրին ու փղձկոցս Սյունիքի դանթեական ճանապարհներից եկող աղմուկի հետ կուլ եմ տալիս: Մամ ջան: Հասնեմ գյուղ, գործածդ թավա բռնելու թաթմանները գտնեմ իրերիս կույտի միջից, գրկեմ ու լաց լինեմ...

Ու լաց լինեմ հազար անգամ հնչած այդ հարցի համար՝ բա վերջը, ինչի՞ եք եկել էս հեռու գյուղ: Ու լաց լինեմ, որ պատասխանս ժպիտ է: Ու հիշեմ, որ տեղ-տեղ մեզ կհերոսացնեն անտեղի, տեղ-տեղ չեն հասկանա, տեղ-տեղ էլ գլուխ կջարդեն, թե «մեր քյարը ո՞րն ա»: Լաց լինեմ, հետո սրբեմ արցունքս ու շարունակեմ ապրել այդ հարցի հետ կողք կողքի:

Խաղաղությունս՝ գտած:

Դասավանդելով սէրը…

Նարինէ Վարդանեանը լրագրող է, ներկայում դասավանդում է Արցախում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին