Հավերժական ուսանողները - Mediamax.am

Հավերժական ուսանողները
3037 դիտում

Հավերժական ուսանողները


Առավոտյան սուրճը սովորականի պես դանդաղ ու վայելքով չէի խմում. հանդիպման էի: Դժվարությամբ ու փոքր-ինչ ուշացած տեղ հասա, ու հետո, երբ արդեն աշխատավայրում էի ու ոչ մի բան էլ գրելու միտք չունեի, իմացա, որ այսօր ուսանողության օրն է:

Կուրսեցիներս մի քանի ծանոթ լուսանկար էին հրապարակել ֆեյսբուքի անդաստաններում, որտեղ պայծառ ապագային նայող վառվռուն աչքերով պատանիները հպարտորեն կանգնած էին համալսարանի կենտրոնական մուտքի աստիճանների առջեւ: Վստահ եմ՝ դուք էլ ունեք ճիշտ այդպիսի հայացքով լուսանկար:

Ակամա հիշեցի, որ ընդունելության քննության ժամանակ ինձ տարան պրոֆեսոր Բարխուդարյանի մոտ, իսկ ես հուզմունքից կարկամած մի բաժակ ջուր խնդրեցի: Բարխուդարյանը ժպտաց, ջրի տեղը ցույց տվեց, մի քանի հարցից հետո ասաց՝ ապրես, գնա: Երբեմն թվում է, թե այն 16-ամյա պատանին բոլորովին ուրիշ մարդ էր, ես չէի, ու պրոֆեսորից ջուր խնդրող տղայի մասին կարդացել եմ ինչ-որ գրքում կամ տեսել ֆիլմում:

Ուսանողական կյանքից հիշարժան շատ պատմություններ են մնում, ու երբ տարին մեկ անգամ սպիտակող ու ճաղատացող կուրսեցիներով հավաքվում ենք այս կամ այն ռեստորանում օղու անհամար շշերը պարպելու, հերթով պատմում ենք արդեն հազար անգամ պատմածը: Ժամանակը չմոռացվող դրվագները տրորել է, պատել օրեցօր թանձրացող մշուշով, համեմել անհայտ չափազանցություններով, բայց միեւնույն է, մենք սիրում ենք մեր պատմությունները: Սիրում ենք ու կարոտում:

Ուսանողության բոլոր իրական ու հնարովի տոները կարոտի օրեր են, որովհետեւ նրանք, ովքեր այս պահին ուսանող են, մտածում են որքան հնարավոր է արագ բուհն ավարտելու ու «կյանք մտնելու» մասին: Իսկ նրանք, ովքեր ավարտել են, կարոտում են երիտասարդական խենթությունը, առաջին, ոմանք գուցե՝ երրորդ սերը, մեծ ու փոքր ծեծկռտուքները, դասից փախչելը, անվերջանալի «լիկվիդները», ահասարսուռ պետական քննություններն ու բոլոր բուհերի այն միակ դասախոսին, ում քննությունը հանձնելուց հետո կարելի էր համարել, թե արդեն ավարտել ես: Ես դեռ չեմ հանդիպել մի նախկին ուսանողի, ով հուզմունքից փայլող աչքերով հիշեր, թե 20 տարի առաջ ինչ հաճույքով էր լատիներենից թարգմանում Տիտոս Լիվիոսի «Պատմությունը»:

Ու հիմա էլ, հանդիպելիս ասում ենք՝ էրեխե՛ք ողջույն, ու մեզ թվում է, թե ուսանող ենք ու մեկ անգամ եւս լուսանկարվելու ենք համալսարանի աստիճանների առջեւ:

Միքայել Յալանուզյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին