Սանձել անսանձելին - Mediamax.am

Սանձել անսանձելին
3396 դիտում

Սանձել անսանձելին


Ժամանակի սղությունից մարդը չի դժգոհում միայն մանկության երջանիկ ու անհոգ օրերին: Երբ դրանք ավարտվում են, մենք հանկարծ նկատում ենք, որ ժամանակը միշտ չի բավականացնում. ուսանողն ասում է, որ ժամանակ չունի քննությունը սերտելու, տանտիկինը՝ ամուսնու սիրելի ուտելիքը պատրաստելու, ամուսինը՝ կնոջ հետ զբոսնելու եւ այդպես շարունակ:

Հնում նույնպես ժամանակի սղությունից բողոքում էին. թագավորներին ու իշխաններին օրը չէր հերիքում պետության ու կալվածքների գործերով զբաղվելուն, առեւտրականներին՝ մի քիչ ավելի շատ պղնձադրամ կուտակելուն, գիտնականին՝ մի քանի երես ավելի գրելուն, գյուղացուն՝ կավե կճուճները գույնզգույն նախշերով պատելուն:

Այդպես է՝ ժամանակը մարդուն երբեք չի հերիքում:

Ժամանակի կառավարումը գիտական հիմքերի վրա դնելու համար պահանջվեց մի քանի հազար տարի: Ու 20-21-րդ դարերի մարդն ազդարարեց ժամանակը սանձելու գաղտնիքը բացահայտելու մասին: Համացանցում կարելի է հարյուրավոր հոդվածներ գտնել, թե ինչպես «երկարացնել» օրը, որպեսզի կյանքի բոլոր բաղադրիչներին բավականացնի: Շուտով մարդն ավելի առաջ գնաց ու եզրակացրեց, որ իրականում ոչ թե ժամանակն է պետք ճիշտ կամ սխալ կառավարել, այլ՝ ուշադրությունը: Այսինքն, մենք ունենք ինչ-որ մի առավել կարեւոր գործի վրա մեր ուշադրությունը տեւական ժամանակով կենտրոնացնելու դժվարություն:

Մասնագետների խորհուրդներին կարող եք ծանոթանալ, եթե համացանցում փնտրեք time management կամ attention management բառակապակցությունները (կարող եք նաեւ հայերեն փնտրել, թեեւ ինձ հանդիպած նյութերի մեծագույն մասը ռուսերեն թարգմանություններից արված թարգմանություններ են):

Սակայն որքան շատ ենք մտածում ժամանակը կառավարելու մասին, այնքան շատ գործիքներ ենք ստեղծում, որոնք շեղում են մեր ուշադրությունը, թույլ չեն տալիս կենտրոնանալ աշխատանքում եւ անձնական կյանքում: Դրանցից ամենամեծն ու տարածվածը, իմ կարծիքով, սոցիալական ցանցն է: Եվ հաշվի առնելով ներդրված արհեստական բանականության հզոր ուժը՝ պետք է ասել, որ ամեն ինչ արվում է մեր ուշադրությունը հենց շեղելու համար: Հաղորդագրությունները հագեցած են գունային ու ձայնային ուղեկցությամբ, տեսանյութերը մեր կամքից անկախ պտտվում են, իսկ ֆեյսբուքի կապտավուն մարդուկների վրա հայտնված կարմիր շրջանակը հիշեցնում է, որ մեր գրառմանը կամ մեկնաբանությանը արձագանքել են: Դե, իսկ մենք, իհարկե, չենք կարող անարձագանք թողնել արձագանքը:

Սոցցանցի հաղթարշավին նպաստում ենք նաեւ մենք՝ ինքներս, անընդհատ գրելով ու խոսելով դրա կարեւորության մասին: Եվ ստացվել է, որ այսօր գրեթե չենք պատկերացնում մեր կյանքն առանց Ֆեյսբուքի, Թվիթերի եւ այլոց, որոնք կլանում են մեր կյանքի րոպեներն ու օրերը՝ պարարտ հող ստեղծելով ժամանակի եւ ուշադրության գործունյա կառավարիչների համար:

Միքայել Յալանուզյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին