Հայաստանը եւ փոփոխվող աշխարհը - Mediamax.am

Հայաստանը եւ փոփոխվող աշխարհը
20394 դիտում

Հայաստանը եւ փոփոխվող աշխարհը


Վերջին ամսում, ստանալով ամփոփիչ հոդվածներ գրելու պատվերներ օտարերկրյա եւ ռուսական տարբեր պարբերականներից, որոնց հետ պայմանագրեր ունեմ, ստիպված եղա վերաիմաստավորել հայկական աշխարհի ներկա դրությունը եւ մտորել առաջատար ուժային կենտրոնների մեծ գոտեմարտի ընթացքում Հայաստանի համար հնարավոր սպառնալիքների մասին: Ռուսալեզու Forbes-ում վերջին երկու նյութերս նվիրված էին նախագահ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն եւ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն՝ կապված Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի շուրջ ծագած խնդիրների հետ: Թվում է, թե այդ եւ մյուս աշխարհաքաղաքական իրադարձությունները որեւէ կապ չունեն Հայաստանի եւ հայկական աշխարհի հետ: Կարճաժամկետ հեռանկարում ուղղակի կապն իսկապես կարող է թույլ թվալ (չնայած՝ դա քննարկման հարց է), սակայն ռազմավարական հեռանկարում մենք այս կամ այն ձեւով ընկնում ենք ապագա փոքր անախորժությունների եւ մեծ խնդիրների հոսանքի մեջ:

Հայկական աշխարհի համար, որի կենտրոնը պաշտոնական Երեւանն է, գլոբալ բնույթի անուղղակի սպառնալիքներ են հանդիսանում ամերիկա-ռուսական հարաբերությունների ճգնաժամը, արմատական նեոպահպանողական ամերիկյան էլիտաների դիրքերի ամրապնդումը, որոնք Իրանի նկատմամբ ավելի որոշիչ քայլերի են պատրաստ, ինչպես նաեւ գլոբալ աշխարհում Հայաստանի եւ հայկական գործոնի նկատմամբ Միացյալ Նահանգների մարող հետաքրքրությունը: Վաշինգտոնը շարունակում է մեծացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ՝ սահմանելով պատժամիջոցների նոր փաթեթներ քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ ռազմա-տեխնիկական ոլորտներում: Դեռեւս Օբամայի նախագահության վերջին տարում Կոնգրեսում երկկուսակցական կոնսենսուս հաստատվեց ռուսական ուղղությամբ հետեւողական ճնշման անհրաժեշտության վերաբերյալ: Պատժամիջոցներն ընդունվեցին ձայների բացարձակ մեծամասնությամբ (97%), ինչը չի կարող անտեսել Սպիտակ տան ոչ մի ղեկավար: Ավելին, երկու պալատների կուսակցական առաջնորդներն էլ օրենսդրական մակարդակում նախագահին արգելեցին միակողմանի կարգով չեղարկել պատժամիջոցները:

Ռազմա-հետախուզական լոբբին («Մեթթիս-Փենսի խումբը»), որը մեծ ազդեցություն ունի վարչակազմի վրա, նույնպես աջակցում է Ռուսաստանի նկատմամբ ճնշման քաղաքականության մարտավարությանը եւ հանդես է գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) արեւելյան ֆլանգի ամրապնդման օգտին: Նման իրավիճակը հայկական կողմին դնում է լուրջ փակուղու առջեւ: Երկրի ազգային շահերը բխում են ռուս-ամերիկյան կայուն հարաբերությունների եթե ոչ պահպանման, ապա գոնե դրանց խոր միջպետական ճգնաժամում չհայտնվելու կարեւորությունից: Շատ փորձագետներ գտնում են, որ չնայած քաղաքական երկխոսության ճգնաժամին՝ Վաշինգտոնը եւ Մոսկվան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ պահպանում են միասնական սկզբունքներ: Այդ պնդման հետ կարելի էր համաձայնել, եթե չլինեին մի շարք «բայցեր»:

Առաջին՝ չպետք է մոռանալ, որ մենք խոսում ենք բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ինստիտուցիոնալ համաձայնեցված դիրքորոշման (ըստ էության, հնչում է կազմակերպության, ոչ թե առանձին երկրների ձայնը), եւ ոչ թե երկկողմ ամերիկա-ռուսական պետական ձեւաչափի մասին: Երկրորդ՝ Բուշ Կրտսերի վարչակազմից սկսած՝ ամերիկյան պետական հետաքրքրության անկումը Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ: Գոյություն ունեն այդ անկման մասին վկայող բավականաչափ նշաններ. Ադրբեջանի նկատմամբ 907-րդ բաժնի ապասառեցումը, Երեւանին եւ Ստեփանակերտին տրվող արտաքին հատկացումների ամենամյա կրճատումները՝ Թբիլիսիին եւ Բաքվին տրվող աճող օգնության ֆոնին: Ներկա վարչակազմը չի ցանկանում քաղաքական եւ տնտեսական ռեսուրսներ ծախսել հայկական ուղղությամբ եւ բացառապես պրագմատիկ  տեսանկյունից Վաշինգտոնը դեմ չէ այդ հարցում Ռուսաստանի ակտիվությանը:

Անհրաժեշտ է հաշվի առնել ամենավատ սցենարների հնարավոր հետեւանքները, որոնց դեպքում կողմերը կարող են իրենց հակամարտությունը տեղափոխել մեզ համար ամենացավոտ տեղերը: Բոլոր «հնարավոր է»-ները վերլուծելիս՝ պետք է հստակ գիտակցել, որ մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ դեռեւս չի օգտագործել գերծանր պատժամիջոցների առկա զինանոցը: Այլ կերպ ասած՝ պետք է գիտակցել, որ դեռեւս ոչ վաղ անցյալում գոյություն ունեցող «կայունը» երեք տարուց էլ քիչ ժամանակահատվածում անցավ «վատ» փուլին եւ դա դեռեւս վերջը չէ: Նման «բազեների» վարչակազմի հետ ուղղակի բանակցություններ վարելը՝ ապագա հարվածը մեղմացնելու նպատակով, չափազանց բարդ է: Անգամ Բուշ Կրտսերի նախագահության շրջանում, երբ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններում առկա էր կայունության ֆոն, իսկ հայամետ լոբբիստական խմբերը քիչ թե շատ գործում էին, Ռոբերտ Քոչարյանին չհաջողվեց համոզել Սպիտակ տանը պահպանել «Ազատության աջակցման օրենքի» 907-րդ բաժինը: Իրավիճակի խորացմանը նպաստում է նաեւ այն, որ վերջին 25 տարիների ընթացքում այլ կապող կամուրջներ չեն ստեղծվել, որոնց միջոցով հնարավոր կլիներ լուծել լուրջ արտաքին քաղաքական բնույթի հարցեր:

Մեկ այլ գլխացավ է իրանական հարցը: Դժվար է վիճարկել այն, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ինքնազգացողությունը շատ առումներով կախված է Թեհրանի հետ հարաբերությունների դրական դինամիկայից: Իրանական հիմնահարցը մեկընդմիշտ փակելու Վաշինգտոնի ցանկացած որոշում ինքնստինքյան վնասակար եւ վտանգավոր է Երեւանի համար: Սակայն, ի տարբերություն ռուսական վեկտորի, իրանական դեպքի շուրջ դեռեւս քննարկումներ են ծավալվում ինչպես վարչակազմում, այնպես էլ Կոնգրեսի կուսակցական էլիտաներում: Դեմոկրատների համար Իրանի հետ համաձայնագիրն ունի կարեւոր քաղաքական եւ խորհրդանշական կարեւորություն: Հենց Ջիմմի Քարթերի դեմոկրատական վարչակազմի կառավարման ընթացքում Ամերիկան կորցրեց Պարսկաստանը՝ տարածաշրջանում իր առանցքային դաշնակիցներից մեկին, ուստի խորհրդանշական է, որ դեմոկրատ Օբամայի նախագահության ընթացքում սկսվեց քաղաքական երկխոսության վերականգնման գործընթացը: Կասկած չկա, որ «ավանակները» ամեն կերպ կփորձեն պաշտպանել իրենց արտաքին քաղաքական ժառանգությունը՝ անուղղակիորեն պաշտպանելով Հայաստանի շահերն այդ ուղղությամբ (պարզապես համընկել են):

Սակայն իրադարձությունների նման դասավորությունը չի տալիս ստատուս-քվոյի պահպանման երաշխիքներ: Թրամփի եւ նեոպահպանողականների գլխավոր խնդիրը Կոնգրեսում, որոնք ցանկանում են ուժով լուծել իրանական խնդիրը, ոչ այնքան դեմոկրատներն են (նրանք փոքրամասնություն են), ինչքան Հանրապետական կուսակցության իրական եւ չափավոր թեւը, ինչպես նաեւ լիբերտարիանականները՝ Թեյային կուսակցությունից:

Լավ նորությունն այն է, որ բացակայում են ներկուսակցական ճեղքումը շուտ հաղթահարելու նախադրյալները: Սակայն դա չի նշանակում, որ նեոպահպանողական բլոկի խոսափողներն այդ հարցը մի կողմ կդնեն: Մենք պետք է չափազանց ուշադիր լինենք՝ հաշվի առնելով թուրքամետ ազդեցության խմբերի գործոնը, որոնք ակտիվ աշխատում են առանցքային սենատորների եւ քաղաքական որոշումների ձեւավորման գործընթացում ներգրավված առաջատար ուղեղային կենտրոնների հետ (հատկապես՝ RAND Corporation-ի): Ավելին՝ անհրաժեշտ է հետեւել ամերիկա-ադրբեջանական երկխոսության դինամիկային. Բաքվի նկատմամբ Վաշինգտոնի հետաքրքրության աստիճանն ուղղակիորեն կախված է Թեհրանի վերաբերյալ որոշումներից:

Այսօր հայկական կողմը շատ քիչ ժամանակ եւ ռեսուրսներ ունի անուղղակի սպառնալիքների հետեւանքներին արձագանքելու համար: Անվտանգության հիմնարար բարձիկը Միացյալ Նահանգների ներսում ազդեցություն ունենալն է: Ամերիկան բարդ քաղաքական կառուցվածք ունեցող երկիր է, որտեղ վերջնական որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով բազմաթիվ ինստիտուցիոնալ (իշխանության ճյուղեր) եւ ոչ ինստիտուցիոնալ (գաղափարախոսություն, ազդեցության խմբեր, կազմակերպություններ, լոբբիստներ եւ այլն) գործոններ: Ամերիկյան ազգի հիմքում ընկած է «անգլոկոնֆորմիզմի» սկզբունքը՝ աշխարհի անգլոսաքսոնական տեսլականը եւ հոգեւոր գոյության անգլո-բողոքական կրոնական-գաղափարախոսական սկիզբը: Տասնամյակների ընթացքում այդ փիլիսոփայական միջուկի շուրջ ձեւավորվել են տարբեր էթնիկ խմբերի օղակներ, որոնք նոր տարրեր են բերել այդ համակարգ: Գերմանացիներն անգլիկանությանը խառնեցին լյութերականությունը, հոլանդացիներն ավելացրին բապտիզմը, ռեֆորմիզմը եւ մորավիզմը, իսկ իռլանդացիներն ու իտալացիները դարձան կաթոլիկական կրոնական արժեքների կրողներ: Հենց այս էթնո-կրոնական խմբերն էլ ձեւավորեցին ամերիկյան քաղաքական ազգի միջուկը:

Մյուս էթնիկ խմբերը միացան այդ հիմնական «վարդակներից» որեւէ մեկին՝ ամերիկյան ազգային էլիտային արագ եւ արդյունավետ ինտեգրվելու համար անհրաժեշտ լիցքավորումը ստանալու նպատակով: Հրեական սփյուռքը, օգտվելով կրոնական գործոնից, միացավ Ավետարանչական Ամերիկային՝ դառնալով պահպանողական էլիտայի (Հանրապետական կուսակցություն) կարեւոր տարրը: Այդ օղակներից մեկում հայտնվելը թույլ է տալիս ժամանակի ընթացքում անցնել երկրորդ փուլին՝ էթնիկ կապիտալի ձեւավորմանը, որն աշխատում է նոր սերունդ «աճեցնելու» եւ երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին նրան ինտեգրելու ուղղությամբ: Երրորդ փուլը վերջնական ինտեգրումն է եւ անցումը օղակներից մեկից դեպի միջուկ: Օրինակ, երբ էթնիկ հրեան, որը զբաղեցնում է փոխնախագահի (Ալբերտ Գոռ), պետքարտուղարի (Հենրի Քիսինջեր), պաշտպանության նախարարի (Ուիլիամ Կոեն) պաշտոն, բնական նորմա դառնում է «անգլոկոնֆորմիստական» ամերիկյան հասարակության համար:

Նման ձեւով լեհական համայնքի առաջնորդները՝ կաթոլիկական գործոնի հիմքով միացան իռլանդական «վարդակին» եւ այլն: Ներկայում թուրքական եւ ադրբեջանական խմբերը ձգտում են հասանելիություն ստանալ տարբեր ցանցերին, եւ նրանց մոտ որոշակի հաջողություններ են նկատվում: Սակայն այդ ձեռքբերումները ժամանակավոր բնույթ են կրում, քանի որ դրանց հիմքում ընկած է բացառապես ֆինանսական գործիքակազմը (միանգամյա օգտագործման լիցքավորիչների գնում): Բացակայում են հիմնարար գաղափարական հիմքերը, որոնք կարող էին այդ էթնիկ խմբերին մոտեցնել ազգային էլիտաների գոյություն ունեցող օղակներից որեւէ մեկին: Հայերը՝ որպես Ամերիկայում իրենց ժառանգությունը դեռեւս Մեծ Բրիտանիայի գաղութային տիրապետության դարաշրջանում ստեղծած ազգ, էական առավելություններ ունեն:

Սակայն մի շարք պատճառներով, որոնք չի ստացվի լիարժեք բացահայտել անգամ մի քանի հոդվածներում, մեզ չի հաջողվել ստեղծել մեր «վարդակը», իսկ մյուսներին չենք միացել (հնարավոր է, որ այդ մասին անգամ չենք էլ մտածել): Այսօր այդ հարցը կրկին արդիական է դառնում. կա՛մ մենք գոյություն ունեցող ձեւաչափերի միջոցով կազդենք արտաքին էլիտաների վրա, կա՛մ կդառնանք նրանց ազդեցությունը պրոյեկտելու օբյեկտ: Ներկա պայմաններում Երեւանը՝ որպես հայկական աշխարհի քաղաքական կենտրոն, որն ունի միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ, եւ համայնքները՝ որպես ապագա հայկական անդրազգային ազգի տարր, պետք է արմատապես փոխեն իրենց վերաբերմունքը միմյանց եւ փոփոխվող աշխարհի նկատմամբ: 

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին