Ձկան ու կարթի, սրտով ու ուղեղով մտածելու մասին - Mediamax.am

Ձկան ու կարթի, սրտով ու ուղեղով մտածելու մասին
3631 դիտում

Ձկան ու կարթի, սրտով ու ուղեղով մտածելու մասին


Հեռուստաալիքներից մեկի առավոտյան ծրագրի եթերում Հայաստանում շատ հայտնի բարերարներից մեկն ասում է․ «Մենք զբաղվում ենք միայն համակարգային բարեգործությամբ։ Գյումրու մի ընտանիք մանկատանը 5 երեխա ուներ։ Մենք ամերիկացի բարերար գտանք, ով պատրաստ է ամեն ամիս 200 դոլար ուղարկել այդ ընտանիքին։ Եվ վերադարձրեցինք 5 երեխաներին մայրիկին, ընտանիք»։

Այսօր ուզում եմ խոսել համակարգային եւ ոչ համակարգային բարեգործության մասին։

Գրեթե ամեն օր բոլորս սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում տեսնում ենք օգնության կոչեր․ կարիքավոր ընտանիքներ, մանկատան երեխաներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, քաղցկեղով եւ այլ ծանր հիվանդություններով մարդիկ։ Կոչը հիմնականում նույնն է՝ գումար է պետք։ Մեկին՝ վիրահատության համար, մյուսին՝ սայլակի կամ կոշիկի, մեկ ուրիշին՝ սննդի։ 

Շատ կարեւոր է, որ օգնելուց առաջ առաջնորդվենք եւ մտածենք ոչ միայն եւ ոչ այնքան սրտով, այլ ուղեղով, քանի որ գործ ունենք մարդկանց կյանքի որակի եւ նրանց ճակատագրերի հետ։ Որքանո՞վ իսկապես օգնություն կլինի այն, ինչ անում ենք։ Որքանո՞վ ենք լուծում խնդիրը, այլ ոչ թե ժամանակավորապես սառեցնում։

Համակարգային բարեգործությունը գտնում է խորքային, առաջնային խնդիրը եւ վերացնում

Եթե ընտանիքը չունի գումար, չի կարողանում հոգալ իր ամենօրյա հոգսը, ապա այս դեպքում պետք է գտնել գումար վաստակելու միջոց, այլ ոչ թե գումար տալ ընտանիքին։ Քանի որ, մեծ հաշվով, գումար ստանալուց ընտանիքի կյանքի որակը չի բարելավվում, ու միշտ կա այն ռիսկը եւ վախը, որ բարերարի կողմից գումարի հոսքը կավարտվի։

Վերոհիշյալ դեպքում ստացվում է, որ գումար չունենալու պատճառով մայրը երեխաներին տանում է մանկատուն։ Հայտնվում են մարդիկ, որոնք գտնում են բարերար, որը կֆինանսավորի ընտանիքի ապրուստը։ Իսկ ի՞նչ կլինի, երբ այդ բարերարը հոգնի, նրան կամ նրա ընտանիքում ինչ-ոչ բան պատահի, նա սնանկանա․․․ 5 երեխաներ նորից կգնան մանկատուն։ Արդյո՞ք սա ճիշտ է։ Որքանո՞վ է համակարգային այս լուծումը։

Ճիշտ է, համակարգային չէ։

Համակարգային օգնությունն երկարաժամկետ, այլ ոչ թե վայրկյանական արդյունք է տալիս

Այս տիպի օգնությունը թույլ է տալիս մեկընդմիշտ լուծել խնդիրը, թեկուզ եւ ավելի շատ ժամանակ է պահանջում։ Մանկատանը հայտված 5 երեխաների մայրիկի համար աշխատանքի հնարավորություն ստեղծելու դեպքում վայրկյանական արդյունք չէր լինի, բայց մայրն ամիսներ հետո կկարողանար ինքնուրույն երեխաներին վերադարձնել եւ հոգալ նրանց կարիքները։ Ընտանիքը վերջապես կլիներ ֆինանսապես կայուն։ Գումար տալը շատ ավելի հեշտ է, բայց այն մարդկանց մոտ սխալ բնավորություն է ձեւավորում։

Մի ժամանակ աշխատում էի հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված  կենտրոնում, ուր այցելում էին հիմնականում կարիքավոր ընտանիքների երեխաներ։ Մեկ անգամ մի մայր մոտեցավ տնօրենին եւ խնդրեց օգնել գումարով, քանի որ երեխաներին չի կարողանում սնունդ գնել։ Տնօրենն առաջարկեց այլ տարբերակ․ մասնակցել մի ծրագրի, որը կֆինանսավորի մայրիկի կարուձեւի ուսումը, այնուհետեւ կտրամադրի կարի մեքենա, որպեսզի նա կարողանա աշխատել։

Սա է երկարաժամկետ եւ ճիշտ լուծումը։ Եթե այդ պահին գումար տրվեր այդ մայրիկին, նրա եւ երեխաների կյանքի որակը չէր փոխվի, քանի որ մի քանի օրից գումարը կվերջանար, եւ նույն իրավիճակը կվերադառնար։

Համակարգային բարեգործությունը վերացնում է ալարկոտությունը

Ռուբեն Վարդանյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ դեմ է Հայաստանում բարեգործության զարգացմանը։ Հանդիպումներից մեկի ընթացքում հարցրեցի, թե ինչու է այդպես կարծում։ Ինքս համաձայն չեմ նրա հետ եւ կարծում եմ, որ կարիք կա Հայաստանում ճիշտ եւ պրոֆեսիոնալ, համակարգային բարեգործություն զարգացնելու։ Նա պատասխանեց, որ հայաստանյան հայերն ալարկոտ են դարձել, քանի որ շատ է եղել բարեգործությունը, եւ մարդիկ սովոր են, որ ինչ-որ մեկը բերում եւ գումար է տալիս, լուծում է խնդիրները։ Իսկ ինքնուրույն այդ մարդիկ ոչ մի գործողություն չեն անում խնդիրը լուծելու համար։

Ես, միեւնույն է, համաձայն չեմ, քանի որ ալարկոտ է դարձնում հենց ոչ համակարգային եւ ոչ պրոֆեսիոնալ բարեգործությունը։ Երբ կարիքավոր ընտանիքին առձեռն գումար ենք փոխանցում կամ սնունդ, մենք սխալ ենք։ Քանի որ ինքներս ենք մեր գործով ասում․ «Դուք մի աշխատեք, այդպես անգործ նստեք, մենք տեսնենք ինչ ենք անում ձեզ օգնելու համար»։

Համակարգային բարեգործությունը չի վնասում

Բարեգործության ամենատարածված ձեւաչափերից մեկը Ամանորին մանկատուն կամ տարեցների կենտրոն այցելելն է։ Դա անում են տարբեր կազմակերպություններ, մարդկանց խմբեր, որոնք կարծում են, որ դա շատ անհրաժեշտ է։ Թվում է, թե ի՞նչ վատ բան կա։ Չէ՞ որ այդ երեխաները կամ մեծահասակները տոների ընթացքում մի քանի հոսքով նվերներ են ստանում, ուրախանում են։ Բայց ամեն ինչ այդքան մակերեսային չէ։ Տոները անցնում են, եւ մինչեւ մյուս տոներ այդ բոլոր բարերարներից գրեթե ոչ ոք երեխաների եւ տարեցների մասին չի հիշում։ Իսկ նրանց մոտ նորից լքվածության զգացողություն է առաջանում։ Որքանո՞վ է սա լավ։ Վայրկյանական մեծ ուրախություն, հաճելի պահեր, ժպիտներ․․․ Իսկ հետո՝ եւս մեկ տարի անտարբերություն եւ հոգեպես ծանր վիճակ։

Տոներին այսպիսի կենտրոնների մասին մտածելը շատ լավ է, բայց միայն այն դեպքում, երբ այդ նույն մտածմունքը կա նաեւ տարվա ընթացքում։ Այլապես այդ ամենն արվում է ավելի շատ սեփական հոգու հանգստության, այլ ոչ թե աջակցելու համար։

Մանկատանը գտնվող երեխաների համար շատ ավելի արդյունավետ եւ օգտակար կլինի, եթե Ամանորի մի քանի պարկ նվերների փոխարեն մարդիկ մտածեն նրանց որեւէ բան սովորեցնելու, գոնե մեկ երեխայի կրթական որեւէ ծրագիր ֆինանսավորելու մասին։ Արդյունքն ավելի արժեքավոր կլինի, քանի որ ուղղված է ապագային, երբ երեխաների կողքին չի լինի ոչ ոք։

***

Իհարկե, համակարգային բարեգործություն իրականացնելու համար ավելի շատ ժամանակ եւ ռեսուրսներ են անհրաժեշտ, բայց միայն այս տիպի աջակցությունն է տալիս դրական արդյունք եւ իսկապես օգնում։ Համակարգային բարեգործությունը ոչ թե ձուկ է տալիս, այլ կարթ՝ գործիք, որի շնորհիվ հնարավոր է ձուկ որսալ։

Շարմաղ Սաքունցը «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման մասնագետն է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին