«Սթոուներ»` սառած կտավը կենդանություն է առնում - Mediamax.am

«Սթոուներ»` սառած կտավը կենդանություն է առնում
1671 դիտում

«Սթոուներ»` սառած կտավը կենդանություն է առնում


Ամեն ինչ սկսվեց մի հետգրությունից ու մի վերնագրից: Մինչեւ այդ աշխարհը ճանաչում էր մեկ Ջոն Ուիլյամսի՝  կոմպոզիտոր, «Շինդլերի ցուցակը» եւ Հարի Փոթերի մասին ֆիլմերի երաժշտության հեղինակին:

«Ես եմ Սթոուները»՝ 2011-ին ամերիկացի գրող Ջոն Ուիլյամսի «Սթոուներ» վեպի ֆրանսերեն թարգմանությունն ավարտելուց հետո պոստ սկրիպտում մակագրեց ֆրանսիացի ժամանակակից հայտնի գրող Աննա Գավալդան:  «Նշանավոր ամերիկյան նովել, որի մասին դուք չեք լսել նախկինում»՝  այս վերտառությամբ The New Yorker-ը հրապարակեց «Սթոուների» մասին գրախոսական:  Ռեժիսոր Ջո Ուրայթը նախապատրաստում է «Սթոուների» հոլիվուդյան էկրանիզացիան. Քեյսի Աֆլեքն ու Թոմի Լի Ջոնսը ընտրվել են քասթում:

Ջոն Ուիլյամսի «Սթոուները»  առաջին անգամ հրատարակվել է 1965-ին՝ 2000 օրինակով: Հեղինակն արժանացել է ԱՄՆ Ազգային գրքի մրցանակի, բայց այլ վեպի համար: Ըստ ամենայնի, այն դեպքերից էր, որ մրցանակ տալիս են, քանի որ ուղղակի անհարմար է չտալ, հետո, իհարկե, մոռանում են դափնեկրին: Ու, եթե ինչ-որ մեկը ժամանակին չհիշի, մոռացությունը կարող է վերջնական լինել:

Կարճ նախաբանում Ուիլյամսը գրում է. «Նվիրում եմ այս գիրքը ընկերներիս ու Միսսուրիի համալսարանի անգլերենի ամբիոնի նախկին կոլեգաներիս: Նրանք անմիջապես կհասկանան, որ այս գիրքը գեղարվեստական հնարանք է, հերոսներից ոչ ոք չունի իրական նախատիպ»: Ներեցե՛ք, պարոն Ուիլյամս, բայց պետք է խոստովանել, որ դա առնվազն այդպես չէ:

Ուիլյամ Սթոուները Ջոն Ուիլյամսի ալտեր էգոն է: Համընկումները ո՛չ միայն անվան մեջ են, հերոսի ու հեղինակի կենսագրությունները կրկնում են իրար: Եվ այդպես էլ գաղտնիք է մնում՝ ի՞նչն է այստեղ առաջնային՝ հեղինակի՞ ճակատագիրը, թե՞ հերոսի:

Ուիլյամ Սթոուները համալսարանի դասախոս է, գրականագետ, որ գրել է միայն մեկ գիրք: Ոչ շատ բարդ եւ ոչ էլ շատ երջանիկ ճակատագրով մի մարդ: Ջոն Ուիլյամսը դասախոս է, արձակագիր եւ պոետ, հրատարակել է 4 վեպ եւ պոեզիայի 2 հավաքածու: Ոչ շատ բարդ եւ ոչ էլ շատ երջանիկ ճակատագրով մի մարդ:

Պարզապես մեկը, ով  ուղղակի շատ է սիրում գրականությունը եւ գիրք է գրում իր՝ գոյություն չունեցող կրկնօրինակի մասին: Գոյություն չունեցող կրկնօրինակը կես դար անց վերածնվում է ու մոռացության խավարից  դուրս բերում իր ստեղծողին: Եվ ով՝ ում իրականում կենդանացրեց, նորից  դժվար է ասել:

Գիրքը սկսվում է գլխավոր հերոսի մահվան մասին նեկրոլոգով.«Ուիլյամ Սթոուները Միսսուրիի համալսարանի առաջին կուրս է ընդունվել 1910-ին, երբ 19 տարեկան էր: 8 տարի անց, երբ ընթանում էր Առաջին համաշխարհային պատերազմը, նա ստացավ փիլիսոփայության դոկտորի կոչում եւ դասախոսի պաշտոն նույն համալսարանում, որտեղ էլ նա դասավանդեց մինչեւ կյանքի վերջը՝ 1956 թվականը: Սթոուները դոցենտի կոչումից վեր չբարձրացավ եւ ուսանողներից  քչերը հազիվ թե մտաբերեն նրան: Երբ նա մահացավ , կոլեգաներն ի հիշատակ նրա ձեռք բերեցին ու համալսարանի գրադարանին նվիրեցին միջնադարյան ձեռագիր»: Ահա եւ սյուժեն, Ուիլյամ Սթոուների կյանքը հենց այսպիսինն էր, այսքա՛նը:



Սովորական գյուղացի երիտասարդ Ուիլյամը ընդունվում է համալսարան գյուղատնտեսություն սովորելու: Կուրսը երկու գլխավոր դիսցիպլին ուներ՝ հողի քիմիա եւ անգլիական գրականություն: Գրականություն դասավանդում էր Արչեր Սլոունը, որի դասախոսությունները Սթոուները ոչ մի կերպ չէր ընկալում մինչեւ այն պահը, երբ Սլոունը բարձրաձայն ընթերցեց Շեքսպիրի 73-րդ սոնետը: Թե ինպես բառերի հետ միահյուսվելով՝ կերպարանափոխվեց մռայլադեմ դասախոսը, ցնցեց երիտասարդ Ուիլյամին: Նա առաջին անգամ էր հանդիպում բառի ուժին, զգում գրական գլուխգործոցի հզորությունը: Ու, երբ Արչեր Սլոունը հարց ուղղեց Սթոուներին, վերջինս բառեր չգտավ պատասխանելու.

«Ի՞նչ է նշանակում այս սոնետը: Շեքսպիրը ձեզ է դիմում 300 տարվա հեռվից: Դուք նրան լսո՞ւմ եք, պարոն Սթոուներ»:

Այդ պահից Ուիլյամ Սթոուների կյանքը փոխվեց: Այդ պահին նա կայացրեց կյանքի գլխավոր ու, ըստ էության, միա՛կ որոշումը. ընդհատեց գյուղատնտեսական կուրսը, գրանցվեց փիլիսոփայության եւ անտիկ պատմության ու անգլիական գրականության երկու դասընթացների: Ուսումն ավարտելուց հետո Սթոուները մնաց համալսարանում դասախոսելու: 

«Նա 42 տարեկան էր, եւ առջեւում ոչինչ չէր տեսնում, որ ուրախություն կբերեր, իսկ հետեւում գրեթե չկար ոչինչ, որի մասին հիշողությունը նրա համար թանկ կլիներ»:

Դրանից հետո կյանքը Սթոուների հետ պատահեց իրենից անկախ: Իր հետ կատարվող իրադարձություններին նա մասնակից էր ակամա. չստացված ընտանեկան կյանք, դժբախտ հայրություն, առանց հավակնությունների կայուն կարիերա, միօրինակ առօրյա, հետո անպատեհ վրա հասած սեր, որ դատապատրված էր: Միատոնություն, որն ընդհատվում է միայն լսարանում, որտեղ արդեն ծերացած, քաղցկեղից մաշված Սթոուները տրվում է գրականության գերբնական ուժին ու լիաթոք շնչում:

Սկզբում «Սթոուները» տրիվիալ է թվում՝ պարզունակ պատմություն սովորական մարդու մասին: Բայց վերջում՝ մահը, ավելի ճիշտ՝ գլխավոր հերոսի մահանալը, ահա, թե հանուն ինչի արժե կարդալ, եւ ըստ ամենայնի, հանուն ինչի՛ էլ  գրվել է այս գիրքը:

Վերջին  մի քանի էջում հանկարծ հասկանում ես՝ ինչն այս գրքում համոզիչ չէր իմ համար, համոզիչ չէր նաեւ Սթոուների համար: Երբ պարզվում է ավարտը,  ամբողջ վեպը, յուրաքանչյուր ֆրազ դասավորվում է զարմանալի հերթականությամբ՝ բոլորովին տրամաբանական ու ավարտուն էպիզոդների: Սառած կտավը կենդանություն է առնում, վերածվում վայրկյանական լուսանկարի, որն արվել է կյանքի վերջում ու պատկերում է ամբողջ կյանքը: Ամեն ինչ այդ նկարի վրա երեւում է մաքսիմալ հստակ. ահա սերը կնոջ հանդեպ, ահա սերն առ գրականություն՝ ոչ պակաս իրական, ահա ընկերները, ահա թշնամիները, եւ ով՝ ով է, դժվար է տարբերել, վերջում՝ կարեւոր էլ չէ: 

«Սթոուները» անկեղծ վեպ է, մաքուր գրականություն: Գիրք, որը չի փորձում սովորական մարդուն դարձնել ակներեւ հերոս, այլ մարդն  ինքն է  վերածվում հերոսի: Դրանում է հենց Ջոն Ուիլյամսի մոռացված գրքի ֆենոմենը. «Սթոուների» ներսում տեղ կա մեզանից յուրաքանչյուրի համար:

ՀԳ. Հայաստանյան գրախանութներում, ցավոք, վերջին շրջանի ամենահնչեղ բեսթսելլերը չկա: Ռուսերեն հրատարակչությունը Corpus-ինն է: Գիրքը կարելի է պատվիրել կամ ներբեռնել Ozon-ում:

Շեքսպիրի  73-րդ սոնետը Վահան Թեքեյանի թարգմանությամբ

Դուն կտեսնես իմ վրաս տարվան այն պահն, ուր դեղին
Տերեւք կամ ոչ մեկ տերեւ եւ կամ քիչեր կկախվին
Ցրտասարսուռ թուփերեն՝ երգչախումբեր քայքայված ,
Ուր դեռ երեկ կլսվեր ձայնը թռչնոց դաշնասաց:

Իմ վրաս դուն կտեսնես իրիկունն օրվա մը մեռնող
Հորինզոնին վրա, արփույն մայրամուտեն ետք անշող,
Երբ կտիրե քիչ առ քիչ գիշերը սեւ, քույր մահվան,
Որ ա՛լ կուզե, որ հանգչի իր ծոցին մեջ ամեն բան:

Կտեսնես դուն իմ վրաս վերջին ճաճանչն ալ հյուրի,
Որ կփայլի մոխրին վրա իր թարմության երբեմնի
Եվ կմեռնի այն շունչեն իսկ, որ ապրիլ զինք կուտա:

Տեսած բաներդ այս ամեն թող ամրացնեն սերդ հիմա
Եվ ընծայեն քու աչքերդ ա՛լ ավելի սիրելի
Ինչ որ շուտով, շատ շուտով պիտի քեզմե բաժանվի:

(Թարգմանությունը՝Վահան Թեքեյանի)

Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին