Զորակոչված եւ զորացրված եղբայրներս - Mediamax.am

Զորակոչված եւ զորացրված եղբայրներս
5166 դիտում

Զորակոչված եւ զորացրված եղբայրներս


Սեղանից վերցնում եմ նարինջն ու նետում եղբորս կողմը: Հանկարծակիի է գալիս, բայց չի թողնում ընկնի հատակին:

-Հաշվարկներիս մեջ չսխալվեցի, լավ էլ պահեցիր,- ծիծաղում եմ ու փորձում պատասխան եկած նարնջով հարվածը բռնել, չի ստացվում: Գուցե դիտմամբ չբռնեցի, որ կարողանամ ժամանակ շահել ու նարինջը գետնից բարձրացնելու ընթացքում սրբել արցունքս:

Հաջորդ օրը առավոտյան եղբայրս մեկնում է ծառայության: Ինը տարի փոքր է ինձանից, միտքը, որ եղբայրս երկու տարի տանը չի լինելու, ստիպում է կոպերիս տակ միշտ պատրաստ արցունքներին դուրս փախչել պարբերաբար: Իր մոտ հույզերս ցույց չեմ տալիս, մաման էլ է ձիգ պահում իրեն, տանը բոլորն են այդպես անում: Բայց հաճախ զուգարան կամ սենյակ փախչելու պատճառը, ես հո լավ գիտեմ, ինքս էլ այդպես եմ անում:

Հեռուստացույցով այդ օրերին Հարի Փոթերի մասին ֆիլմն են ցույց տալիս: Եղբայրս շատ է սիրում, տան բոլոր լույսերն անջատում է ու ստիպում, որ ողջ ընտանիքով կլանված նայենք ֆիլմը:

-Քեզ որ զենք տան, Հարի Փոթերի նման կախարդանքի բառեր չարտասանես հանկարծ, չի աշխատելու,- լարվածությունս փորձում եմ ցրել կատակով:

-Հենց հակառակորդը կրակեց, «Բոմբարդո մաքսիմա» կանեմ, հետո էլ` «լեվիոսո»:

Ծիծաղում ենք: 

-Արի բոքս պարապենք, որ պետք լինի գամ քեզ օգնության, - դարձյալ անհամ հումոր եմ անում ու հագնում ձեռնոցները: Մի լավ հոգնելուց հետո լուռ նստում ենք իր մահճակալին, վերցնում է կիթառն ու սկսում երգել` «Վեր կաց, եղբայր իմ»: Մաման մյուս սենյակից չի դիմանում. «Հատուկ ես, չէ՞, անում»: 

-Ես էս երգը հազար տարի ա՝ երգում եմ,-պատասխանում է մամային ու շարունակում մատներն արագ սահեցնել կիթառի լարերի վրայով:

-Գնամ, մի քանի ամսից ինձ կիթառ կուղարկե՞ս:

-Կուղարկեմ, անպայման:

Քիչ անց դուրս է գալիս բանակից արձակուրդ եկած ընկերոջը տեսնելու եւ վերադառնում է լուսադեմին: Գիշերը երկար է ձգվում, անպատմելի երկար:

***
Սասունը վերջին անգամ իրերն է ստուգում: Մաման լուռ քայլում է սենյակում, սրբիչ գտնում ու սկսում արագ մաքրել համակարգչի սեղանը: Մաման ժամանակ գտավ,- մտածում եմ ես ու հետեւում նյարդային շարժումներին, որոնք արտահայտում են դեմքից հմտորեն թաքցրած ապրումները:

Երկար հրաժեշտ չենք տալիս, որպեսզի կարողանանք զսպել հուզմունքը: Միայն մեր շունն է նվվոցով լալիս: Փակում եմ դուռը: Տանը մնում ենք ես, քույրս ու շունը:

***

Հավաքակայան եմ հասնում ժամը երկուսին: Եղբայրս դեռ չի հասել: Ընկերուհիս` Յանան, ով ռազմական թեմաներ է լուսաբանում, հավաքակայանում շատերին ճանաչում է: Ինձ ծանոթացնում է բոլորի հետ:

Պատահաբար հանդիպում ենք Յանայի ծանոթ բժշկին, ով, իմանալուն պես, որ եղբորս համար ենք եկել հավաքակայան, ծիծաղելով ասում է.

-Որ Արցախ գնա, խնդիր չի ունենալու:

-Ինքն էլ ա տրամադրված, որ Արցախ ա գնալու, ասում ա՝ ուզում եմ հետախույզ լինել:

-Երեւանի զինկոմիսարիատների՞ց ա:

-Չէ:

-Ուրեմն հաստատ Երեւանում ա ծառայելու: Կտեսնես՝ էդպես ա լինելու: Ուսանո՞ղ ա:

-Հա, բայց թղթերին տեղեկանք չենք կցել էդ մասին:

-Դե ժամանակ ունես, մինչեւ հասնի հավաքակայան, զանգի թող բերեն: Կտանես, կտաս իրենց տեսուչին, կասես, անպայման, կցի գործերին:

Հայրիկը հասցնում է մեկ ժամում գնալ համալսարան եւ վերցնել տեղեկանքը: 

***

Իմանում եմ, որ եղբայրս արդեն տեղում է: Աստիճանները ոչ թե քայլելով, այլ թռչելով եմ իջնում: Սափրված գլուխներով տղաների մեջ դժվարությամբ գտնում եմ եղբորս, սպասում է բուժզննության:

-Ի՞նքն ա ձեր հերոսը,- հարցնում է կանգնած սպան ու գլխով դրական պատասխանիցս հետո ծիծաղելով շարունակում,- արդեն ЧП ա արել, առանց հարցնելու զուգարան էր գնացել:
 
Սենյակ է մտնում մեկ այլ սպա, ում հետ երկու ժամ առաջ ենք ծանոթացել:

-Եղբա՞յրդ ա:

-Հա, երեք քույր ենք ու մի եղբայր: Փոքրն ա:

-Քեզ լավ պիտի նայես բանակում, պատասխանատվությունդ կրկնակի ա,- սպան լոռեցու ակցենտով դիմում է եղբորս ու համեստ ժպտում:

Սենյակից դուրս գալուց առաջ կոնֆետի տուփը փորձում եմ տալ Սասունին, հրաժարվում է վերցնել: Սպան դարձյալ միջամտում է. «Վերցրու, կդնես գրպանդ, բան չեն ասի, վերցրու, որ խիղճը հանգիստ լինի»:

Իմ ձեռքով ուղղում եմ եղբորս համազգեստը, վերցնում իր հագի շորերը, մի քանի լուսանկար անում եւ հրաժեշտ տալիս: Մինչեւ հավաքակայանի մուտքին հասնելը զսպում եմ արցունքներս, հետո արդեն անկարող եմ:

Հաջորդ օրը հավաքակայան ծնողներս են գնում ու մի քանի ժամ անց մամայից զանգ եմ ստանում.

-Սասը Արտաշատում ա ծառայելու, հետո՝ Երեւան,- մաման բառերը շատ հստակ է արտասանում, բայց հավատս չի գալիս:

***

Սասի բանակ զորակոչվելուց երկու շաբաթ անց սպասում ենք քեռուս տղայի`Դավոյի զորացրվելուն: Սասն ու Դավոն միասին են մեծացել ու վերջին տարիներին, երբ Դավոն մեր տանն էր մնում, ավելի էին մտերմացել: Լուրը, որ եղբայրս մոտ զորամասում է ծառայելու, հատկապես Դավոյին էր ուրախացրել.

-Ես իր տեղն էլ եմ Ջաբրայիլում ծառայել:

Դավոյի գալու նախորդ օրը մեր տանն ենք հավաքվել: Ապրիլյան պատերազմից հետո եղբորս ծառայությունը, հատկապես, երկար ու ծանր թվաց:

Հաջորդ օրը աշխատանքից տուն վերադարձս ավելի երկար է տեւում, քան սովորաբար: Մետրոն դիտմամբ դանդաղում է, ես անհամբերությունից եղունգներս եմ կրծում: Դռան զանգը հնչելուց մի վայրկյան անց դուռը Դավոն է բացում: Խրամատներում արեւից դեմքն այրվել է, ձեռքերը կապտած են, աչքերը՝ սառած, հոգնած: Զինվորական տաբատը դեռ հագին է: Գրկում եմ Դավոյին, դեմքը վառվում է:

-Դավոն շատ ա մեծացել,- մտածում եմ եղբորս հետ խոսելու ողջ ընթացքում:

-Չեմ հավատում, որ եկել եմ: Ինձ թվում ա՝ մի քանի օրից նորից գնալու եմ,- մտքերս արանքից լսում եմ եղբորս ձայնը: 

***
Կիրակի բոլորս գնում ենք Արտաշատ` Սասին տեսնելու: Երկու մեքենայով ենք, Դավոն մեզ հետ նույն մեքենայում է:

-Էս ճանապարհը էնքան երկար ա: Գնում, գնում ես, չես հասնում:

-Դավ, էս Արցախը չի, շուտով կհասնենք:

Զորամասում միջոցառում է: Հայկական բանակի տոնն է, զորքը շարված է: Հրամանատարի խոսքը, հոգեւորականի աղոթքն ու պարգեւատրման արարողությունը, թվում է, վերջ չեն ունենալու: Սառը քամին մինչեւ ոսկորներ է հասնում: Այդ ընթացքում փորձում ենք շարքում գտնել Սասին:

-Երրորդ շարքի երրորդ զինվորը Սասն ա,- մաման է ինքնագոհ հայտարարում:

Արեւին հակառակ են կանգնած զինվորները, կկոցում եմ աչքերս, փորձում նշմարել դեմքը:

-Մամ նման ա, բայց լոշտակ չի: Հաստատ ինքը չի,- ծիծաղում ենք:

-Ուրեմն՝ ես իմ էրեխուն չե՞մ ճանաչում:

-Զինվորական կոշիկները հագնելուց ականջները փոքրանում են,- միջամտում է քեռին:

Դավոն կանգնած դողացնում է, թեթեւ է հագնվել, լարվածությունն էլ մյուս կողմից:

-Հավսա՜ր: Զգա՛ստ,- լսվում է հրամանատարի ձայնը: Դավոն ակամայից զգաստանում է եւ կատարում հրամանը:

-Դավ, դեռ հետ չես եկել:

Զինվորները լցվում են զորամասի բակ, վաշտերից մեկին տանում են, ծնողները վազում են հետեւից՝ գտնելու իրենց տղաներին: Մենք էլ ակամայից շարժվում ենք ամբոխի կողմը՝ վստահ չլինելով, արդյո՞ք եղբայրս այդ զինվորների մեջ է:

Մի քանի րոպե մոլորվածի նման կողքերս ենք նայում: Քեռին ու հայրիկը չկան: Այդ ընթացքում մի զինվոր է մոտենում մամային եւ խնդրում զանգել ծնողներին, որպեսզի գտնի նրանց: Մինչ ես զանգում եմ, լսվում է մերոնց ծիծաղը: Քեռին ու հայրիկը, Սասին գրկած, գալիս են:

Սասը, տեսնելով Դավոյին, մոռանում է բոլորիս մասին: Եղբայրներս գրկախառնված քայլում են, արցունքներս խանգարում են, որ տեսնեմ դեմքերը: Դավոն նիհարած է, փոքրացած, Սասը, որ Դավոյից երկու տարի փոքր է, ավելի մարմնեղ է երեւում զինվորական հագուստով: Ափերի մեջ բռնել է Դավոյի գլուխն ու արցունքները վազում են նրա խարտյաշ մազերի միջով: Մինչ ճաշարան մտնելը նստում են բակի նստարանին ու մոտ տասը րոպե այդպես գրկախառնված մնում: Հաջորդ մեկ ու կես ժամն անցնում է վայրկյանի պես, մինչեւ լսվում է զինվորներին շարահրապարակ կանչող ազդանշանի ձայնը: Սասը վերցնում է իր կիթառը, որ խնդրել էր բերել ու վազում շարահրապարակ:

- Կասեք ամեն անգամ կիթառով շարք կանգնի, որ էլ էդքան երկար չփնտրենք,- կատակում է քեռին:

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին