Ամեն ինչ ներված է. «Բալթիմորների գիրքը»
1279 դիտում

Ամեն ինչ ներված է. «Բալթիմորների գիրքը»


                                                  Բնօրինակ` ֆր. Joël Dicker “Le livre des Baltimore”
                                                               Անգ. Joel Dicker “The Baltimore Boys”
                                                       Ռուս.  Жоэль Диккер «Книга Балтиморов»

Երկու ընտանիք, երեք զարմիկ, մի աղջիկ ու մի մեծ ողբերգություն. ահա այն, ինչի շուրջ պտտվում է երիտասարդ, բեսթսելինգ գրող Մարկուս Գոլդմանի կյանքը: Շրջապտույտ, որից անհնար է դուրս գալ առանց ճշմարտությունը բացահայտելու, անցյալ, որը հետապնդում է ներկան, պղտորում` ապագան:

«Միայն գրքերում է հնարավոր ամեն ինչ ջնջել, ամեն ինչ մոռանալ, ամեն ինչ ներել, ամեն ինչ վերականգնել»:

Մարկուսն առանձնանում է մեծ քաղաքի աղմուկից նոր գիրք գրելու: «Դու ամեն ինչ չէ, որ գիտես»` ահա լեյտմոտիվը, որով տասնյակ տարիներ ապրել են Գոլդմանները, որն էլ եղավ Դրամայի գլխավոր պատճառը:

Մարկուսի հորեղբայրը` Սոլ Գոլդմանը հաջողակ փաստաբան է, հարուստ ու հարգված: Ապրում է Բալթիմորում, ունի բժշկուհի կին` Անիտան, վունդերքինդ որդի` Գիլյելը, նրանց հետ է ապրում Վուդին` մանկատնից մի տղա, որին Գոլդմանները Բալթիմորից սիրում են սեփական որդու պես: Գիլեյլի ու Վուդիի հարաբերություներն ավելին են, քան ընկերական, ավելին են, քան եղբայրական սերը, նրանք անբաժան են` տանը, դպրոցում, համալսարանում: Սոլ Գոլդմանն ունի գեղեցիկ ընտանիք, շքեղ առանձնատուն, վիլլա, մեքենաներ, ամենն` ինչ հարկավոր է Ամերիկայում մեծահարուստ, բայց ոչ մեծամիտ կոչվելու համար: Օրինակելի հայր է, ամուսին ու փաստաբան:

Մարկուսի ընտանիքը ապրում է Մոնքլերում, համեստ թաղամասում, հարմարավետ, բայց ոչ առանձնապես շքեղ տանը: Հայրը` Նաթան Գոլդմանը, սովորական ինժեներ է, մայրը` սուպերմարկետի վաճառողուհի: Մարկուսը, սակայն, երազում է Բալթիմորից Գոլդմանների կյանքի մասին, ու գրեթե ատում Մոնքլերից Գոլդմանների միջակ առօրյան: Մեծարում ու հիանում է հորեղբոր կերպարով:



Ֆլորիդայում ապրում են նաեւ ավագ Գոլդմանները: Տատի եւ պապի տանն են ամեն տարի հավաքվում Գոլդմանները Բալթիմորից եւ Մոնքլերից` նշելու Գոհաբանության եւ Սուրբ ծննդյան տոները: Արձակուրդներին Գոլդման զարմիկների եռյակը Բալթիմորում անցկացնում է մանկության ամենաերջանիկ ու թանկ պահերը: Վուդին ֆուտբոլիստի կարիերայի մասին էր երազում, Գիլյելը կդառնա իրավաբան` հոր պես: Փոքրիկ Մարկին Մոնքլերից միայն կարող էր պատկերացնել զարմիկների գունավոր ու նախանձելի ապագան, որը վիճակված չէ իրականանալ, գուցե միայն գրքում, որը գրելու պատգամը Մարկուսը ստանում է հորեղբորից` Սոլ Գոլդմանից:

«Գրքերն ուժեղ են կյանքից, ամենից հիասքանչ հաղթանակ են նրա դեմ: Գրքերը մեր ոգու անպարտելիության, մեր հիշողության անկործանելի ամրոցի ապացույցն են»:

Բալթիմորից Գոլդմանների ընտանեկան իդիլիան փշրվում է անսպասելի, անհեթեթ ձեւով, հանկարծակի: Այդպե՞ս է, արդյոք: Ե՞րբ սկսվեց, ո՞վ նպաստեց, ինչը՞ հանգեցրեց Դրամային:

Բայց մինչեւ Դրաման 500 էջ կա: Դրաման այն կարթն է, որով շվեյցարացի գրողը որսում է ընթերցողին ու թույլ չի տալիս շունչ քաշել: Գոլդմանների ընտանեկան թրիլլերը զարգանում է HBO-ի կամ Netflix-ի սերիալի սյուժեի պես: Կլանող է, գրավիչ ու ժամանակի տեմպին համապատասխան: Ենթաշերտեր ու կերպարներ` մեկը մյուսից վառ, յուրաքանչյուրն առանձին կարող է մի գրքի թեմա եւ հերոս լինել:

Ժոել Դիքերը գրասեղանի առաջ է նստեցրել ընթերցողին արդեն ծանոթ պրոտոգոնիստին ու կրկին գրել է գիրք` գիրք գրելու մասին: Մարկուս Գոլդմանը երիտասարդ շվեյցարացու հայտնի բեսթսելերի` «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին»  գրքի հերոսն է: Հենց այս գիրքը 2012-ին Դիքերին բերեց համաշխարհային ճանաչում, մի քանի հեղինակավոր գրական մրցանակ, այդ թվում` Գոնկուրյան: Թարգմանվեց 30 լեզվով ու վաճառվեց ավելի քան 2 միլիոն օրինակով:

«Բալթիմորների գիրքը» սյուժետային առումով կապված չէ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» գրքի հետ: Նմանությունը միայն տեքստի ֆլեշբեքային կառուցվածքն է, որը հեղինակի ոճն է, ու «սպիտակ թղթի» ֆոբիան, որից իր հերոսին Դիքերը չի ազատում երկրորդ գրքում էլ: Ըստ ամենայնի, գրողներին ու լրագրողներին հատուկ այդ «հիվանդությունը» հենց հեղինակի ցավոտ թեման է:

«Բալթիմորների գիրքը» եւս անցավ գրական ֆիլտրերը, ստացավ քննադատների  միաձայն հավանությունը, ընթերցողի հիացմունքը: Այս թրիլլերն արդեն համարվել է 2017-ի աշնան գլխավոր գրքերից մեկը: Պետք է լինի յուրաքանչյուր գրքասերի 2018-ի reading-list-ում:

Եվ,  ո՞րն է 30-ամյա շվեյցարացու գրական ֆենոմենը: Այն, թե որքան դիպուկ, որքան մանրամասն, որքան ճիշտ է նա հասկանում, զգում, մեկնաբանում Ամերիկան: Գրաքննադատներն ասում են` «եվրոպացու պուրիտանական հայացքով» է նայում ամերիկյան մեդիայի, քաղաքականությանը, քաղաքացիական հասարակությանը, գրականությանը, երաժշտությանը, արվեստին, կյանքին:

«20 տարի անց մարդիկ կդադարեն կարդալ: Փաստ է: Ուղղակի ժամանակ չի լինի հեռախոսից կտրվելու համար: Գիտեք` ինչ, Գոլդման, գիրք ստեղծելու արվեստին վերջ է դրվում: Ձեր երեխաների երեխաները գրքերը կուսումնասիրեն նույն հետաքրքրությամբ, ինչ մենք` հիերոգլիֆները: Ու կհարցնեն` «պապիկ, իսկ ինչի՞ համար էին պետք գրքերը», դուք կպատասախենք` «երազելու, կամ ծառեր կտրելու համար, արդեն չեմ հիշում»: Ու այդ ժամանակ մարդկային հիմարությունը կհասնի իր կատարելության գագաթնակետին»:

Բայց քանի դեռ անխուսափելի ապագան վրա չի հասել, մենք հնարավորություն ունենք կարդալու: Կարդալու ժամանակակից վեպեր, գոնե նրա համար, որ ճիշտ ազդակներ ստանանք  այսօրվա աշխարհից:

ՀԳ. Ինչպես կանխատեսում էի` «Բալթիմորների գիրքը» չկա երեւանյան գրախանութներում: Ռուսերեն հրատարակությունը Corpus-ինն է: Ozon-ում արժեքը 529 ռուբլի է՝ մոտ 4500 դրամ: «Բուկինիստում» եղել է Ժոել Դիքերի  «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» բեսթսելերը, բայց սպառվել է, արժեր 5700 դրամ:

Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am