«Էլեկտրոնիկի արկածները» մանկավարժի տեսակետից - Mediamax.am

«Էլեկտրոնիկի արկածները» մանկավարժի տեսակետից
6883 դիտում

«Էլեկտրոնիկի արկածները» մանկավարժի տեսակետից


Խորհրդային տարիներին երեխաները ժամանակ առ ժամանակ լավ նվերներ էին ստանում կինոարվեստից։ Դրանցից մեկը՝ «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմը երեւի լավ կհիշեն իմ բոլոր սերնդակիցները։ Այդ ֆիլմում ապագայի գիտնականները մի ռոբոտ են ստեղծում, որը բավականի ծույլ եւ անշնորք մի դպրոցականի կրկնօրինակն է։ Ստացվում է այնպես, որ ռոբոտը պատահական հանդիպում է իր մարդ–երկվորյակին, ինչից եւ սկսվում են իր տարատեսակ արկածները։ Այդ արկածներում խառնված են օտարերկրյա հանցագործները, դպրոցի աշակերտները, տնօրենը եւ ուսուցիչները, գիտնականները, իսկ արդյունքում անշնորք տղան կյանք է սովորում եւ փոխվում է, իսկ ռոբոտը՝ դառնում մարդու նման, հուզական եւ սխալական, իրականացնելով իր նպատակը։



Զարմանալիորեն, խորհրդային ճահճացած տարիների այդ ֆիլմը իսկապես խոսում է ապագայի մասին՝ կրթության եւ մանկավարժության ապագայի։ Այն ապագայի, որ անգամ այսօր էլ դեռ չի իրականացել։ Հիշում եմ, որ ահավոր նախանձում էի ֆիլմում պատկերված աշակերտներին՝ իրենց դպրոցը իմ երազանքի դպրոցն էր։ Ի՞նչն էր այդքան գրավիչ, ինչո՞ւ էր մեր սերունդը այդքան ոգեւորվում այդ ֆիլմից։

Ֆիլմում կային մի քանի սկզբունքային մանկավարժական գաղափարներ, որոնք պիտի գիտակցի եւ կիրառի ցանկացած մանկավարժ, լինի նա ուսուցիչ, թե ծնող (այո՛, ծնողն էլ պիտի մանկավարժ լինի)։ Ամենակարեւորը՝ երեխային սխալի համար չի կարելի պատժել։ Շատ ավելի լավ է, եթե մենք իմանում ենք սխալի մասին, քան երբ երեխան այն թաքցնում է։ Եթե պատժենք՝ երեխան այլեւս կթաքցնի սխալը, չի կիսվի մեզ հետ։ Սխալը պիտի ուրախացնի մանկավարժին, քանի որ խոսակցության, համատեղ վերլուծության հիմք է տալիս, իր կողմից սխալի մասին խոսելը երեխայի՝ մեր նկատմամբ վստահության նշանն է։ Ֆիլմում երեխաները սխալներ են գործում, սակայն իրենց դրանց համար չեն պատժում, այլ խոսում եւ քննարկում են իրենց հետ։ Ռոբոտը դարձավ մարդ, երբ սխալներ գործեց, եւ դրանց հետեւանքով ցավ ապրեց, գիտակցեց, թե մարդ լինելը ինչ է։

Տղան աճեց եւ հասունացավ, քանի որ գիտակցեց իր սխալների հետեւանքը, եւ հասկացավ, որ պատասխանատվություն է կրում դրանց համար։ Մենք հասունանում ենք՝ սխալներ գործելով եւ սովորելով գիտակցել դրանք։ Մեզ ընկերներ են պետք, որպեսզի օգնեն գիտակցել մեր սխալները, հաղթահարել այդ գիտակցության ցավը եւ առաջ գնալ։ Եվ շատ լավ է, եթե այդ ընկերների թվում մեր ծնողներն են եւ մանկավարժները։

Արդյո՞ք ընդհանրապես պետք չէ պատժել։ Պատժել պետք է, բայց ոչ թե սխալի, այլ վարքի համար։ Տարբերությունն այն է, որ եթե երեխան արդեն գիտակցում է, որ սխալ բան է անում, սակայն շարունակում է, պահ է գալիս, որ իր իսկ շահերից ելնելով, ստիպված ենք իրեն պատժել։ Բայց դրա մասին էլ իր հետ պետք է խոսել եւ պայմանավորվել։ Երեխան պիտի գիտակցի, որ իրեն պատժելը մեզ ցավ է պատճառում, պիտի հասկանա, որ պատիժը ոչ թե իրեն նսեմացնելու համար է, այլ որպեսզի օգնենք իրեն դադարել նույն, արդեն գիտակցված սխալը կրկնելուց։ Նա երեխա է, եւ դեռ ի վիճակի չէ իրեն ինքնուրույն եւ ամբողջապես վերահսկել։

«Էլեկտրոնիկի արկածներում» դպրոցը ազատական միջավայր է, այն սանձահարող համակարգ չէ։ Երեխաները այնտեղ այնպիսին են, ինչպիսին ամենուրեք։ Դա անսովոր էր մեզ համար եւ մնում է անսովոր։ Մեր դպրոցներում դեռեւս «ճիշտ վարք» է պահանջվում։ Դրանով դպրոցը իր վրայից հանում է պատասխանատվությունը երեխայի համար։ Երեխան ձեռք է բերում կյանքի եւս մեկ դեր՝ դպրոցականի։ Տանը նա «լավ զավակ է», դպրոցում՝ «ճիշտ վարքով աշակերտ»։ Իսկ որտե՞ղ է նա այդ դեպքում ապրում իր իրական կյանքը, որտե՞ղ է գործում իր սխալները եւ ստանում կյանքի դասերը։ Այլուր, որտեղ չկան մանկավարժներ եւ ծնողներ, այլ կան «հեղինակություններ», որոնք ունեն ճշտի եւ սխալի իրենց մեկնաբանությունները։ Նախկինում դա բակն էր եւ փողոցը, այսօր դրանց լրացրել կամ փոխարինել է համացանցը։ Մենք բոլորս՝ ծնողները, մանկավարժները, պիտի գիտակցենք, որ մեծ մեղք ենք գործում, չճանաչելով երեխաների սխալվելու իրավունքը, պահանջելով իրենցից ընդամենը լավ վարք՝ դասին չխանգարել, դասամիջոցին չվազվզել, չկռվել եւ այլն։ Դրա փոխարեն մենք պիտի ստեղծենք բաց միջավայր, ուր երեխան կարող է բերել իր հույզերը, ուր կարող է կիսվել իր խնդիրներով, եւ ուր կարող է սխալվել, ստանալով արձագանք, որը կօգնի իրեն գիտակցել եւ ապագայի համար որոշումներ կայացնել։ Արժեքները հնարավոր չէ փոխանցել, դրանք հնարավոր է միայն ապրել եւ գիտակցել, իսկ այդ ընթացքը հարթ եւ հանգիստ չի լինում։

Չի լինում պատասխանատվություն առանց ազատության, ինչպես եւ չի լինում ազատություն առանց պատասխանատվության։ Իհարկե, ազատության աստիճանը պիտի համապատասխանի երեխայի տարիքին՝ չի կարելի չափից ավել պատասխանատվություն պահանջել երեխայից, նա պիտի վայելի իր մանկությունը։ Սակայն չափազանց սահմանափակելով ազատությունը, մենք կերտում են անպատասխանատու սերունդ, որը միշտ մեղքը կբարդի «համակարգի» վրա։ Այսօր դա դպրոցն է, վաղը՝ համալսարանը, իսկ հետո՝ սեփական երկիրը։ Կյանքում չեն կայանում հենց այն մարդիկ, ովքեր մանկության տարիներին զուրկ են եղել ազատության բերկրանքից, եւ չեն համտեսել ազատության քաղցր պտուղները։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին