Ինչպես ապրել «Միս ուտողների» հասարակությունում - Mediamax.am

Ինչպես ապրել «Միս ուտողների» հասարակությունում
3616 դիտում

Ինչպես ապրել «Միս ուտողների» հասարակությունում


Լինում է, չի լինում Նատսայահ անունով երկիր է լինում` Նաեւրե մայրաքաղաքով: Յահերի այս երկրում մի ցուրտ ձմեռ ընտրություն է անցակցվում: Եվ, ինչպես ֆեյսբուքյան դասականն է ասում` այն ինչ պատահում է հետո, շատ հուզիչ է.

«Նատսայահում ընտրությունների հաջորդ առավոտը բացվեց բավականին ուշ: Համատարած սպիտակն ու մառախուղը թույլ չէին տալիս, որ օրը բացվի: Երբ բացվեց, մարդիկ տեսան, որ ձյունն ամենեւին էլ չի հալվել: Ավելին` քանի որ քաղաքացիների մեծ մասը ձնհալին սպասելիս են եղել փողոցներում, մնացել էին ձյան տակ ու սառել էին: Մոտավորապես 20 հազար մարդ մահացավ, ցրտից կամ հույսից… Դա ամենեւին կարեւոր չէ, կամ գուցե հենց դա է ամենակարեւորը:

Ճիշտ է`մի լավ բան տեղի ունեցավ. Բանան մականունով ընդդիմադիր  գործիչը, նախապատրաստվելով արդեն հաջորդ համապետական ընտրություններին, մտավ իշխանության կազմ եւ սկսեց Նատսայահ ներմուծել խաշ: Տեսնելով, որ ցրտին այն մեծ պահանջարկ ունի, ավելին` այն ուտելիս մարդիկ մոռանում են, որ աղքատ են, եւ դրսում ձյուն է, բայց դրանից` հայտնաբերելով, որ շատ յահեր չեն պահպանում խաշ ուտելու կանոնները, ինչի համար կարելի է հանգիստ տուգանք նշանակել եւ հարկեր, Նատսայահի իշխանությունները որոշեցին, որ պետք է բացել նոր` Խաշի նախարարություն: Նախարար նշանակվեց Բանանը»:

Այս ամենը պատահում է Հովիկ Աֆյանի «Միս ուտողները» գրքում: Եվ այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե մոտ չլիներ իրականությանը: Բայց գրողը չի կարող, չէ՞, խուսափել իր իրականությունից, հակառակ դեպքում` կստի, նախ` ինքն իրեն:



Աֆյանը գրում է սյուռ հեքիաթներ մեծերի համար: Սատիրիկ ու տրագիկոմիկ 27 պատմվածք, որոնք կարող են կատարվել ինչպես մտացածին յահերի երկիր Նատսայահում, այնպես էլ շատ իրական հայերի անհավանական Հայաստանում: Ալեգորիաները կռահելը Աֆյանը թողնում է ընթերցողի երեւակայությանը, կամ էլ համարձակությանը:

«Եթե բոլոր մարդիկ չիմանային, որ նորածին երեխաները միս չեն ուտում, ապա Սարգիսը կարող էր ծնված օրվանից հայտարարել, որ ինքը ծնված օրից միս է ուտում: Միակ բանը, որ նա տանել չէր կարողանում  մսի հետ էր կապված, կենդանուն մորթելու պահն էր: Այս երեւույթը, Սարգսի կարծիքով, «հակաքրիստոնեական բան էր», գուցե այդ պատճառով էլ նա սիրում էր միս ուտել` հենց ու հատկապես եկեղեցու բակում: Եկեղեցին, ի դեպ, կոչվում էր Սուրբ Հովհաննես, աշուշտ, սրբի անունով, ոչ թե Սարգիս Բաբայանի տասներկուամյա որդու` Հովհաննեսի, չնայած եկեղեցին կառուցել էր  հենց Սարգիսը, եւ ամեն անգամ շինհրապարակ էր գնում որդու ձեռքը բռնած»:
                                                                                           (Միս ուտողները)

Առանձին վերցված` պատմությունները կապ չունեն մեկը մյուսի հետ, բայց գիրքը փակելուց, ու ժողովածուն «վերեւից» քննելուց  հետո տպավորություն է` կոմեդիա-դրամա ժանրում անթոլոգիա է Երեւանի մասին, որը, կարծես, գրված է Կուստուրիցայի պատվերով:

«Բենիկ Մամիկոնյանի աշխատանքային սեղանին, որպես կանոն, պարտադիր դրված էր լինում երեք պոպոք (չջարդած) եւ երկու գիրք, երկուսի հեղինակն էլ Բենիկ Մամիկոնյանն էր: Մեկի վերնագիրը` «Մեր անցյալը եւ դրանից բխող ներկան», մյուսինը` «Մեր ոչ մի բանի հետ կապ չունեցող ապագան»: Երկուսն էլ բարալիկ գրքեր էին. այն, որ մեր բոլորի մասին էր, ճիշտ երեսուն էջով ավելի բարակ էր: Սա այն պատճառով, որ Բենիկ Մամիկոնյանը երազողներից չէր, նրան փաստեր էին պետք. ապագայի հետ կապված պարոն Մամիկոնյանը, ինչպես նրան անվանում էր քարտուղարուհին, ավելի քիչ փաստեր էր կարողացել հավաքել»:

                                                                   (Հայրենական կյոռլինգի հայրը)
 
Աֆյանի հերոսները կարող ենք լինել ես, դու, նա, նրանք, մենք: Թեմաները քաղաքական են, սոցիալական, հանրային ու մարդկային: Հարցազրույցներից մեկում հեղինակն ասել է, որ պատմվածքների ժողովածուն հավաքվել են 6 տարում` անցնելով «իր անձնական, մարդկային հասունացման փուլերով», որ գրել է, ոչ ոքի նկատի չունենալով, պարզապես փողոցում քայլելով` փորձել է  հորինել այս կամ այն մեկի կյանքը, որը գուցե հեռու չէ իրականությունից:

«Տիկին Անահիտը երեւանյան փոքրիկ թաղամասի հինգհարկանի շենքերից մեկի երկրորդ հարկի իր բնակարանից լվացք էր փռում: Նա կարճաթեւ կարմիր բլուզ էր հագել, որն էլ ավելի արտահայտիչ էր դարձնում նրա սեւ ներկած մազերի փայլը: Ալբերտ պապը` մոխրագույն կոստյումով, գլխարկով ու սեւ պլպլացրած կոշիկներով, հենված ձեռնափայտին` նայում էր տիկին Անահիտին ու հերթական անգամ փորձում հասկանալ, թե ում տաբատներն ու վերնաշապիկներն է նա փռում, երբ այրի է, իսկ տղան էլ բանակում է»:

                                                                                            (Կարմիր բլուզը)

Հովիկ Աֆյանի «Միս ուտողները» հրատարակել է «Անտարես»-ը, իսկ շնորհանդեսը Yerevan Book Fest-ի ընթացքում էր, 2017-ի նոյեմբերին:  Հեղինակին շատերը ճանաչում էին որպես լրագրող, խմբագիր: Աֆյանի դեբյուտային ժողովածուն գրական թարմություն է ոճային առումով: Ասելիքը, սակայն, տրիվիալ է հնչում, բայց այլ կերպ չէր էլ կարող լինել, գրողն ի՞նչ կարող է անել, «միս ուտողների» մեր հասարակությունն է բանալ, որում դիմանալու երեւի թե միակ միջոցը հեգնանքն է մնում:

Հովիկ Աֆյանի «Միս ուտողները» պատմվածքների ժողովածուն առկա է բոլոր գրախանութներում, գինը` 2990 դրամ:
   
Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին