«Փոքր կյանքի» սպասումով - Mediamax.am

«Փոքր կյանքի» սպասումով
1918 դիտում

«Փոքր կյանքի» սպասումով


Չեմ հիշում, թե երբ ու ինչ գրքի եմ այսպես սպասել: Իսկ սպասում եմ հիմա Հանյա (Hanya Yanagihara) Յանագիհարայի «Մարդիկ ծառերին» («The People in the Trees») վեպին, որը մի քանի օրից կհայտնվի ռուսական գրախանութներում: Պատվերն աշնանից եմ ձեւակերպել: Իհարկե, կարելի է գնել օնլայն: Այո, Kindle-ով կարդալը հարմար է: Բայց ես սիրում եմ գիրքը ձեռքիս ունենալ: Մի խոսքով` այսքանն անհամբերության մասին, իսկ «Փոքր կյանքի» մասին գրում եմ, որպեսզի «Մարդիկ ծառերին»-ի  ռեցենզիան հետաքրքիր լինի բացի իմ ծանոթներից,  գոնե մի քանի հոգու եւս:

Այս նախաբանն իրականում ինձ նախապատրաստելու, տրամադրելու համար էր: Անկեղծ ասած,  Հանյա Յանագիհարայի «Փոքր կյանքի» («A little life»)  մասին ցանկացած գրախոսություն զուտ բառերի վարժանք է, որպեսզի քողարկի անսահման ցավը, որ կա այս ստեղծագործության մեջ: Այնպիսի ցավը, որը դաջվում է ուղեղում ու ամեն անգամ այս գիրքը դեմդ դուրս գալով` հիշեցնում իր մեջ պահող դաժանության մասին:

«Փոքր կյանքը» մեկ տարի առաջ եմ կարդացել: 2016-ին վաճառքում հայտնվեց ռուսերեն հրատարակությունը (Corpus-ինը, որի գրքերն աննկարագրելի լավն են` թղթի եւ տառատեսակի որակի ու կազմի ձեւավորման ճաշակի առումով): Դրանից մեկ տարի առաջ այն բեսթսելեր էր ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Ընդգրկվել է «Բուքերի» շորթ-լիսթում: Բայց մրցանակներն ու ռեյտինգները չէ, որ Յանագիհարայի վեպը տասնամյակի գրական գլուխգործոցների շարքին են դասում:

Be smart. Say nothing.

Գլխավոր հերոսները Նյու Յորքից չորս ընկերներ են. իրավաբան Ջուդը, հոլիվուդյան դերասան Ուիլլին, մոդեռն նկարիչ Ջեյ-Բին եւ ճարտարապետ Մալքոլմը: Սյուժեի կենտրում Ջուդի կյանքն է, ընկերներն ու նրանց պատմությունները նրա շուրջ պտտվում են արբանյակի ալեհավաքների պես:



«Փոքր կյանքը» գիրք է անցյալի իշխանության մասին, կառուցվածքն ամբողջությամբ արտացոլում է հեղինակի մտահղացումը: Այն գծային չէ, ժամանակն այստեղ շարժվում է միաժամանակ եւ առաջ, եւ հետ: Գործողությունները ծավալվում մոտ 30 տարվա ընթացքում: Յանագիհարայի տողերում Նյու Յորքն է ժամանակից դուրս: Հեղինակը դիտավորյալ շրջանցում է տեղեկատվական տեխնոլոգիաներով կենցաղը: 

Ամեն ինչ սկսվում է, երբ հերոսները մոտ 25 տարեկան են, հետո բացվում է խճանկարը` կազմված անցյալի ու ապագայի իրադարձություններից: Այդպիսի կոմպոզիցիան ոչ միայն տեքստը դինամիկ է դարձնում, նաեւ գաղտնիության էլեմենտ է հաղորդում, քվազիդետեկտիվ սյուժե, որում ընթերցողը նկատում է գլխավոր հերոսի կենսագրության սպիտակ կետերն ու սկսում հարցեր տալ` ինչպե՞ս է Ջուդը ստացել իր վերքերը, ինչո՞ւ է խուսափում այդ մասին խոսակցություններից:

«Նրան դուր էր գալիս ձեւացնել, թե նրանցից մեկն է, թեպետ գիտեր, որ այդպես չէ: Ջուդը վախենում էր, որ եթե չշարժվի առաջ, ապա կսայթաքի հետ դեպի անցյալ, կյանք, որը նա լքել է ու որի մասին նրանց ոչինչ չի պատմել»:

Յանագիհարան պատմողի տաղանդ ունի ու բառերով դիմանկար կազմելու ձիրք, այդ պատճառով, մեկը մյուսից տարբեր բեքգրաունդով ու նրանց հիասքանչ գլուխներում տարատեսակ տառականներով նրա չորս հերոսները չափազանց իրական են: Առաջին 100 էջում հեշտությամբ դառնում ես այդ ուրախ ընկերության երկրպագուն, հետո գրողը քիչ-քիչ բարձրացնում է վարագույրն ու բացվում են անցյալի գաղտնիքները: Ջեյ-Բիի ու Մալքոլմի  դեպքում առանձնապես սարսափելի բան չի սպասում մեզ, Ուիլյեմի ոչ հեշտ մանկության պատկերը տխուր է, բայց երբ հերթը հասնում է Ջուդին, առաջին իսկ ակնարկներից աչքերիդ առաջ մթնում է:

«Ամենավախենալու «եթե»-ները մարդկանց մասին են, ամենահիասքանչները` եւս»:

Հետո ամեն ինչ ավելի ցավոտ է դառնում, այնքան, որ հաջորդ 200 էջերը թերթելիս ուզում ես պատերով խփվել: Վերջում ցավն այնքան է ուժգնանում, որ ուղղակի էլ չես զգում: Գրքի մեջտեղում մի պահ կանգնում ես ձեռնունայն, դատարկված ու ոչինչ չես հասկանում, միայն հարցեր են ուղղված հեղինակին` ինչպես, ինչու: Հետո շարունակում ես` գիտակցելով, որ կարդում ես բացարձակապես ոչ սովորական գիրք, որի մասին հիշելու ես դեռ շատ երկար: Վերջում մաքրում ես արցունքներդ ու ասում. «Գրողը տանի քեզ, Հանյա»:

«Ահա ինչպիսին է Ջուդը. մենք չգիտենք` նրան տղանե՞րն են դուր գալիս, թե՞ աղջիկները, մենք չգիտենք` ինչ ռասսայի է նա պատկանում, մենք ընդհանրապես նրա մասին ոչինչ չգիտենք: Սա էլ քեզ պոստսեքսուալություն, պոստռասսայություն, պոստինքնություն, պոստպատմություն, պոստմարդ: Ջուդը պոստմարդ է»:



Մենակությունը պոստինդուստրիալ մեր աշխարհի մարդու ամենամեծ խնդիրն է: Հանյա Յանագիհարան փորձել է գտնել պատճառը: Նա խոսում է փոքր կյանքի կարեւորության մասին, այն մասին, թե որտեղից է սկսվում անկումը, որը սկիզբն է, մանկությունը: Յանագիհարան չի խաբում, չի ասում, որ ամեն բան կարելի է հարթել, վերաիմաստավորել, հաղթահարել, նա խոսում է մեծանալ չկարողանալու մասին, մանկության վախերով հասուն կյանքի մասին: Յանագիհարայի հերոսին դժվար է վերլուծել, հեղինակը ստեղծում է այնպիսի ծայրահեղություններ, որ սովորական մարդը չի կարող ասել, թե հասկանում է ինչ է կատարվում Ջուդի հետ: Դժվար է պատկերացնել, որ այն, ինչ կատարվում է, կարող է կատարվել իրականում: Բայց այս ամենի հետ մեկտեղ Յանագիհարան բացարձակ ընկերության հիասքանչ աշխարհ է ստեղծում, որը եթե չի էլ կարող փրկել Ջուդին, գոնե կարող է մի փոքր փոխել նրան: Բայց ոչ: Ամեն ինչ նույնն է մնում: «Փոքր կյանքում» մենք իմանում ենք, որ մանկությունն ամեն ինչ է, որ այն կարող է լինել  հենց դժողքը Երկրի վրա, եւ նա, ով կվերապրի այդ դժողքը, ստիպված է ողջ կյանքն ապրել դրա հետ: Ու պետք չի ոչ մի բան ձեռնարկել դրա դեմ: Ավելի լավ էլ երբեք չի լինի:

«- Ես մենակ եմ, - ասում է նա բարձրաձայն ու բնակարանի լռությունը ներծծում է նրա բառերն ինչպես  բամբակը` արյունը»:

Հանյա Յանագիհարայի «Փոքր կյանքը» ծանր գիրք է: Սեռական բռնության, հոմոսեքսուալության, ընտանիքի, կրոնի, մոդեռն արվեստի թեմաները կլիշեներով ապրող պոստսովետական մեր հասարակությունը գուցե պատրաստ չէ ընկալելու: Բայց դա չի նշանակում, որ Նյու Յորքի «Փոքր կյանքը» հեռու է մեր իրականությունից: Առավել քան մոտ է, ու Յանագիհարայի գիրքն առավել քան մեզ է պետք, որովհետեւ եթե Նյու Յորքում բարձրաձայն կարող են խոսել զգայուն թեմաների մասին, մեզ մոտ դրանց վրա վետո է դրված: Ինքնախաբեությունը կործանարար է:

Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին