«Միմինո»-ին երկրորդ կյանք է անհրաժեշտ - Mediamax.am

«Միմինո»-ին երկրորդ կյանք է անհրաժեշտ
7014 դիտում

«Միմինո»-ին երկրորդ կյանք է անհրաժեշտ


Անցյալ շաբաթ կայացած Վրաստանի վարչապետի Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը նշանավորվեց մի կարեւոր դրվագով, որը, կարծես, պատշաճ ուշադրության չարժանացավ։ Հանդիպման ավարտին հանդես գալով հայտարարությամբ` Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց.

«Պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր երկու բարեկամ երկրների երիտասարդների միջեւ շփումներն ինտենսիվացնենք»:

Գիորգի Կվիրիկաշվիլին էլ արձագանքեց.

«Մենք պատրաստ ենք Վրաստանի կողմից առավելագույնս օժանդակել երիտասարդների միջեւ նոր հարաբերություններին եւ այս ուղղությամբ իսկապես ունենք շատ անելիքներ»:

Այս թեմայի մասին վաղուց էի ցանկանում գրել, եւ լավ է, որ վարչապետները տեղեկատվական առիթ պարգեւեցին։ Չորս տարի առաջ մի հետաքրքիր նախագիծ էր արվում, որի շրջնականում հայ եւ վրացի փորձագետներ այցելեցին Երեւան եւ Թբիլիսի՝ 10 օրվա ընթացքում հետազոտություններ անցկացնելու համար: Թեմաները տարբեր էին՝ մեդիա, կենսաթոշակային ռեֆորմ, քաղաքացիական ակտիվիզմ, էլեկտրոնային կառավարում: Արդյունքում մի գրքույք հրապարակվեց, որում ներկայացվեց երկու երկրների փորձը նշյալ ոլորտներում, նմանություններն ու տարբերությունները:

Առիթ ունեցա հանդիպել Երեւան ժամանած վրացի երիտասարդ փորձագետների հետ եւ պարզեցի, որ 5-ից 4-ն առաջին անգամ էին գալիս Երեւան: Երբ հարցրեցի նրանց, թե ո՞րն է պատճառը, չէ՞ որ ընդամենը 4-5 ժամվա ճանապարհ է մեքենայով, գրեթե բոլորը նույնն բանն ասացին՝ Հայաստան գալու առիթ չի եղել:

Իհարկե, հայ-վրացական հարաբերություններում ամեն ինչ հարթ չէ, անգամ եթե չենք խոսում վաղ անցյալի կամ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին: Մեզ դուր չեն գալիս Վրաստանի սերտ կապերը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, վրացիներին դուր չի գալիս մեր դաշինքը Ռուսաստանի հետ: Ցանկը կարող ենք շարունակել: Բայց սա հենց այն դեպքն է, երբ առկա տարաձայնությունները եւ փոխադարձ կասկածները պետք է դրդեն մեզ եւ վրացիներին ավելի լավ շփվել ու ավելի լավ ճանաչել միմյանց:

Հարյուր հազարավոր հայեր ամեն տարի մեկնում են Վրաստան՝ հիմնականում Սեւ ծովում ամառային հանգիստը անցկացնելու համար: Քիչ չեն մարդիկ, որոնք հաճախ մեկ-երկու օրով գնում են Թբիլիսի, հիմնականում՝ հանգստյան օրերին: Բայց վրացիներ Հայաստան գրեթե չեն գալիս, եւ հարեւան երկրի երիտասարդները շատ մոտավոր պատկերացում ունեն մեր կյանքի եւ առօրյայի մասին:

Այս իրավիճակը պետք է փոխել, ու լավ է, որ դա գիտակցում են Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները: Սակայն, կարծում եմ, պետական գործիչները կարող են միայն աջակցել, իսկ նախաձեռնությունը պետք է գա «ներքեւից»: Հայ երիտասարդ երաժիշտները, նկարիչները, ֆիզիկոսները պետք է ավելի շատ շփվեն իրենց վրացի հասակակիցների հետ: Մի ընկեր ունեմ, որը մոտ ընկերներ ունի Թբիլիսիում, եւ ասում է, որ եթե ինչ-որ բան պատահի, կարող է գիշերվա կեսին զանգել նրանց, ու վստահ է, որ ժամեր անց կգան Երեւան ու կլինեն իր կողքին: Բնական է, որ ընկերության նման դրսեւորումները չեն կարող զանգվածային լինել, բայց, վստահ եմ, ոչ էլ պետք է եզակի դեպքեր մնան:

Աշխարհագրությունը չի փոխվելու: Կարող ենք երկար վիճել տարբեր հարցերի շուրջ, սակայն կրոնի, մշակույթի, ապրելակերպի, ընտանեկան կապերի եւ շատ այլ հարցերում Վրաստանն է մեզ ամենամոտ երկիրը տարածաշրջանում եւ մնալու է այդպիսին: Միմյանց ավելի լավ ճանաչելով՝ մենք միանգամից չենք լուծի բոլոր առկա խնդիրները, բայց հաստատ ավելի լավ կհասկանանք միմյանց բնական շահերը եւ բնական սահմանափակումները:

Արդեն շատ ժամանակ ենք կորցրել, եւ հիմա պետք է արագ գործել: Ավագ եւ միջին տարիքի մարդիկ, որոնց համար հայ-վրացական բարեկամությունը քարոզչական հնարք չէ, այլ իրենց կյանքի անբաժան մասը, կարող են բնական կամրջի դեր խաղալ ու լավ հիշողություններն ու ավանդույթները փոխանցել իրենց զավակներին եւ թոռներին: Արդեն այսօր շատ հայ եւ վրացի երիտասարդների համար «Միմինո» ֆիլմն այլեւս չունի այն նշանակությունը, որն ուներ իմ սերնդի համար: Եթե քայլեր չձեռնարկենք, 10 տարի հետո «Միմինո»-ն լրիվ մոռացված կլինի: Եվ դրանից կկորցնենք բոլորս: «Я так думаю!».

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին