Անվճար ծանոթություններ կամ «Վաֆլն էլ իմ կողմից» - Mediamax.am

Անվճար ծանոթություններ կամ «Վաֆլն էլ իմ կողմից»
6259 դիտում

Անվճար ծանոթություններ կամ «Վաֆլն էլ իմ կողմից»


«Վաֆլն էլ իմ կողմից». օդանավակայանի սրճարանի աշխատողը հաստատ չէր էլ պատկերացնի, որ րոպեներ հետո պետք է սյունակիս հերոսը դառնար։

Զգացումը, որ ամբողջ օրն ուզում էի այս երկար գիշերվա մասին գրել, ամբողջացավ նրանով։ Համոզում էի ինձ, որ չգրելու ալարիս պատճառը հոգնածությունն է. չէ՞ որ երկու ուղղությամբ թռիչք էի ընտրել։ Այդպես ավելի էժան էր, իսկ խնայելը վերջին տարում կամավորականիս համար մասնագիտական է դարձել։ Ու հո՜պ, անվճար վաֆլ` իր թանկարժեք հայրենիքում...

Բելգիական վաֆլն առավոտյան մեկ բաժակ սուրճով ու բրյուսելյան օդանավակայանի անցուդարձով ոչ միայն հաճելի է, այլեւ արժանի զգուշությամբ պահվելու այն չմոռացվող հուշերի արանքում։ Չէ՞, որ պարզ էր` միայն սուրճ էի գնելու ու վաֆլի ինչքան լինելն ուղղակի հետաքրքիր էր. շատ թեթեւ հարցրի։ Դե, պայուսակս ամբողջովին քաղցրով եմ լցրել ու պետք է կատալոնական ճամփորդությանս համար դեռ գումար խնայեմ (մասնագիտականի պահերն ա)։

Մինչեւ սրճարանին մոտ գնալը մտածում էի` նման քաղաքներում մարդ իրեն ինչքա՜ն փոքր է զգում։ Ամիսներ առաջ բրյուսելյան փողոցներն էլ էի ինքս իմ ընկերակցությամբ լա՜վ չափչփել. մարդիկ այնքան տարբեր էին ու շատ։ Ոչ ոքի չես ճանաչում ու եթե անգամ առանց համացանցի մնաս ու կորես կամ վատ զգաս, ոչ մեկ էլ չի նկատի։

Չնայած հիմա գուցե նկատվեմ. այստեղ մեկ գիշեր լուսացնելուց հետո ինձ լրիվ հարազատ եմ զգում։ Առավոտյան արդեն ուզում էի բարի լույս ասել բոլոր նրանց,  որոնք ինձ նման օդանավակայանի սառը հատակին էին ստիպված քնել։ Կողքիս նստած հաճելի սեւուկ աղջնակն էլ կնկատեր իմ անհետանալը․արդեն մտերմացել ենք ու իրար մասին հոգ ենք տանում։

Ճամփորդական այս համեղ հատվածները սկսում են այն պահից, երբ դուրս ես գալիս քո ամենօրյա պարզ առօրյայից (անգլերենով հատուկ եզրույթ կա է` comfort zone) ու միայնակ գնում բացահայտելու անծանոթներին։

Կոտրիր միջիդ այդ վախը, թե անծանոթներն անծանոթ են եւ հետեւաբար՝ վտանգավոր։ Անգամ այս բազմազգ ու տեռորավտանգ քաղաք Բրյուսելում անծանոթ աշխատողն ինձ վաֆլ է հյուրասիրում։ Ուզում եմ հիշել, թե եվրոպացի ծանոթներիցս ով էր վերջին անգամ այսպիսի մի ճոխ քայլ արել։ Իսկ այս վերջին տարվա ընթացքում ինչքա՞ն լավ ընկերներ եմ գտել՝ պարզապես անծանոթների տանը հյուրընկալվելով կամ հյուրընկալելով։ Դե հա՜, ռիսկային է գիշերել մի նոր երկրում «ան»ծանոթի տանը, ում հետ պարզապես քաուչսրֆինգ կայքի միջոցով ես ծանոթացել, կամ էլ քո տունն անծանոթի ընդունել։ Բայց մի քանիսի հետ էլ անգամ քիչ-քիչ մտերմանում ես ու նույնիսկ կարճ ժամանակում ընկերներիդ ցուցակում ավելացնում։ Պատմեմ ավելին, ըստ շատերի ամենառիսկային ավտոստոպի միջոցով ավելի ռոմանտիկ հրաշքներ են լինում։ Բա՜՜՜, գերմանուհի հարեւանուհիս իր լիտվացի սիրուն հենց հիչհայքինգի միջոցով էր հանդիպել։ Չնայած ես այդպես էլ այդ տղային չսիրեցի, բայց հո ե՞ս չեմ այդ տղայի հետ համբուրվողը։

Ու նայիր` քո բոլոր հին ընկերներն ու ծանոթներն սկզբում նույնպես անծանոթ էին քեզ։ Դե, հնարավոր է միակ տարբերությամբ, որ նրանց հանդիպել ես քո երկրում կամ էլ այն տարածքներում, որտեղ քո հարմարավետությունն էր իշխում։

Այսպես մտածելն իսկապես հեշտացնում է կյանքդ։ Քեզ ամեն տեղ հարմար ես զգում ու բաց ես բոլոր անծանոթների հետ ծանոթանալուն։ Ու, ի դեպ, այստեղ այլեւս ազգությունն էլ է անկարեւոր։ Օրինակ, ի՞նչ կարեւոր է, թե որ ազգից է վաֆլ հյուրասիրող հաճելի անծանոթը. համաձայն չե՞ս։ Չնայած, եթե իմ տարածքում հանդիպեի, գուցե հետո շատ լավ ընկերներ դառնայիք, ու մի օր էլ ես փախլավա հյուրասիրեի, իսկ այսպես անգամ չհասցրի անվերադարձ ցտեսությունն ասել, ժամեր հետո նույն տեղում իր փոխարինողն է կանգնած։

Ամալի Խաչատրյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին