Պաշտպանել Հայաստանը, ոչ թե Ջոն Բոլթոնին - Mediamax.am

Պաշտպանել Հայաստանը, ոչ թե Ջոն Բոլթոնին
7887 դիտում

Պաշտպանել Հայաստանը, ոչ թե Ջոն Բոլթոնին


Մոտ 20 տարի զբաղվելով Հայաստանի արտաքին քաղաքականության լուսաբանմամբ՝ շատ առիթներ եմ ունեցել գրելու մեր դիվանագիտության հաջողությունների եւ անհաջողությունների մասին, քննադատություն եւ դրվատանքի խոսքեր ասել։ Բայց այն, ինչ տեսա ապրիլի 10-ին Financial Times թերթի «Նամակներ» բաժնում, չտեսնված էր՝ բառի վատ իմաստով։ 

 

Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը նամակ էր հրապարակել.

 

«2005 թվականին, երբ Հայաստանի ներկայացուցիչն էի ՄԱԿ-ում, Իրանի դեմ ուղղված ԱՄՆ դեսպան Բոլթոնի վարած ագրեսիվ քարոզարշավի ականատեսն էի: Հայաստանի դիրքորոշումը չէր համապատասխանում ԱՄՆ սպասումներին, ուստի ԱՄՆ առաքելություն կապվեց մեզ հետ՝ պարոն Բոլթոնի հետ շտապ հանդիպման առաջարկությամբ: Հստակ էր, որ պարոն Բոլթոնը պատրաստ չէր լսել «ոչ» պատասխանը, ուստի իրավիճակը թելադրում էր ոչ սովորական լուծումներ: Ողջույնի կարճ խոսքերից հետո, ի զարմանս իմ հյուրի, հանեցի Հայաստանի քարտեզը եւ փռեցի այն սեղանին: Քարտեզի օգնությամբ նկարագրեցի այն տարածաշրջանային դժվարությունները, որ ունի իմ երկիրը եւ պարզաբանեցի մեր դիրքորոշումը բանաձեւի հարցում: Հրաժեշտից առաջ պարոն Բոլթոնը մի կում արեց Չերչիլի սիրած Արարատ կոնյակից՝ ի նշան մեր փոխըմբռնման: Իմ խորհուրդն է պարոն Բոլթոնի բոլոր հավանական զրուցակիցներին՝ ընկալել նրան իբրեւ մի մարդու, որ կարող է կառուցողական երկխոսության մեջ ներքաշվել եւ համապատասխանեցնել իր դիրքորոշումները նոր ստացված տեղեկություններին»:

 

Այս նամակում այնքան սխալ բան կան, որ պետք է թվարկեմ.

 

1. Ամենակարեւորը՝ անհասկանալի է նման նամակ գրելու իմաստը։ Ինչո՞ւ է Հնդկաստանում Հայաստանի դեսպանը որոշել անգլիական թերթում «պաշտպանել» ամերիկացի դիվանագետին։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ նամակը գրելուց առաջ դեսպանը չի խորհրդակցել ԱԳՆ ղեկավարի հետ։ Եթե այդպես է՝ ստացվում է, որ փորձել է անձնական նախաձեռնությամբ հանդես գալ՝ փաստացի օգտագործելով մեր երկրի անունը։

 

2. Ողջունելի է, որ դեսպանը 13 տարի առաջ կարճ աշխատանքային հանդիպում է ունեցել Ջոն Բոլթոնի հետ, սակայն ո՞րն է նրա մասին հիշելու իմաստը այն պայմաններում, երբ ԱՄՆ ու Ռուսաստանի հարաբերություններն օր օրի լարվում են, եւ դրանում կարեւոր դերակատարություն ունի հենց նամակի գլխավոր հերոսը։

 

3. Ի՞նչ է նշանակում՝ «հստակ էր, որ պարոն Բոլթոնը պատրաստ չէր լսել «ոչ» պատասխանը»։ Պարոն Բոլթոնը, ինչպես եւ պարոն Մարտիրոսյանը, իր երկրի դեսպանն էր ՄԱԿ-ում եւ պետք է պաշտպաներ իր երկրի շահերը։ «Այո», թե «ոչ» կլսեր՝ իր խնդիրն է։ Ամերիկան գերհզոր պետություն է, սակայն եթե Հայաստանի դեսպանը հանդիպումից առաջ մտածում է, որ զրուցակիցը չի ցանկանա «ոչ» լսել ու ինքը պետք է «ոչ սովորական լուծումներ» գտնի, դա թեեւ իմ համար անընդունելի, բայց իր ներքին խոհանոցն է, որի մասին արտաքին աշխարհը չպետք է իմանա։ Գոնե այն պատճառով, որ այդ տողերը կարդալով՝ ԱՄՆ կամ մեկ այլ մեծ երկրի դեսպան հետագայում չմտածի, որ Հայաստանի դեսպանն ի սկզբանե բարդույթավորված է լինելու։

 

4. Եթե դեսպանը ցանկանում էր հաճոյախոսություն անել Բոլթոնին, իրականում արեց հակառակը։ Փաստորեն, եթե չլիներ իր առջեւ փռված քարտեզը, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն անտեղյա՞կ էր մնալու տարածաշրջանի բարդությունների մասին:

 

Անկեղծ չեմ հասկանում՝ ի՞նչ նպատակ է ունեցել դեսպանը՝ այդ նամակը գրելով։ Միթե՞ նրան թվացել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն իր պաշտպանության կարիքն ունի։ Եթե նպատակը վաղեմի «բարեկամին» աջակցելն է եղել, կարելի էր Բոլթոնին անձնական նամակ գրել։ Հաշվի առնելով արդեն նշված ԱՄՆ-ՌԴ լարվածություն՝ Բոլթոնի «հավանական զրուցակիցների» թվում, որոնց հիշատակում է Արմեն Մարտիրոսյանը, լինելու են նաեւ ռուսները։ Միթե՞ նրանք ԱՄՆ եւ անձամբ Բոլթոնի հետ հարաբերվելիս պետք է հիմնվեն Հնդկաստանում Հայաստանի դեսպանի խորհուրդների վրա։

 

Խնդիրն ամենեւին դեսպանի անձը չէ: Խնդիրն այն է, որ երբեմն չենք գիտակցում, որ իրավունք չունենք հանուն անձնական հաճույքների կամ շահերի հարվածի տակ դնել պետությունը, որն առանց այն էլ հազար ու մի խնդիր ունի։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները եւ առավել եւս՝ արտակարգ եւ լիազոր դեսպանները, պետք է պաշտպանեն մեր երկիրը եւ ոչ թե պայմանական Ջոն Բոլթոնին։

 

P.S. Այս պատմության միակ դրական կետը «Արարատ» կոնյակի անվճար գովազդն էր:


Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին