Կարեւոր է թույլ չտալ հերթական պառակտումը - Mediamax.am

Կարեւոր է թույլ չտալ հերթական պառակտումը
13115 դիտում

Կարեւոր է թույլ չտալ հերթական պառակտումը


Հայաստանում թավշյա հեղափոխությունը գրանցեց ցանկալի արդյունք՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իհարկե, քաղաքական բոմոնդից մի մարդու հեռանալու փաստը, որի անունը հայկական աշխարհում ասոցացվում էր բացառապես բացասական երեւույթների հետ (կոռուպցիա, աղքատացում, ձախողումներ), չի կարող չոգեշնչել երկրի քաղաքացիներին եւ ամբողջ աշխարհի հայկական բազմամիլիոնանոց համայնքներին: Սակայն վերջին տասը օրերին ժողովուրդը հասավ ավելի կարեւոր պատմական նպատակի՝ համազգային հոգեբանական բեկման: Այդ կարճ ժամանակահատվածում վերադարձավ հավատը սեփական ուժերի նկատմամբ եւ եկավ երկրի քաղաքական բնույթի փոփոխության վրա սեփական ազդեցության գիտակցումը: Ավելին, նկատելի են պետական ազգի փոքրիկ ծիլերը, երբ էթնիկ հայերը երկրի ներսում եւ ամբողջ աշխարհում համախմբվում են կոնկրետ քաղաքական խնդրի հասնելու համար: Որպես մարդ, որը հայակենտրոն դիրքորոշում ունի, ես չէի կարող չնշել թավշյա հեղափոխության այդ չափազանց կարեւոր արդյունքները: Սակայն, խիստ անհրաժեշտություն կա իրավիճակը դիտարկել գիտնական-վերլուծաբանի աչքերով՝ ազգային էյֆորիայից վերացարկված:

 

Այսպիսով, Սերժ Սարգսյանն ինքնակամ լքեց իր պաշտոնը՝ ցուցաբերելով քաղաքական խոհեմություն: Սակայն, պետք է գա այն գիտակցումը, որ նա, ինչպես եւ անցյալ ու գործող քաղաքական գործիչների մեծամասնությունը, համակարգի արդյունք են, որը կառուցվել է 25 տարվա ընթացքում: Հայաստանն արդեն երկար ժամանակ է, ինչ հանդիսանում է «բաժնետիրական» հասարակություն, որը գործառնում է տարբեր քաղաքական եւ ֆինանսական նեղ ազդեցության խմբերի մրցակցության հաշվին: Երկրի արտաքին քաղաքական գոյատեւումը մեծապես կախված է Ռուսաստանի (ռազմական անվտանգություն) եւ պայմանական Արեւմուտքի (գլխավոր ֆինանսական պարտատեր) միջեւ կոնսենսուսից: Ներքին եւ արտաքին ուժերին բավարարելու եւ նրանց միջեւ փխրուն հավասարակշռությունը պահպանելու ունակությունն այն որակն է, որը պետք է ունենա այդ համակարգի մարդը: Սարգսյանի հեռացումը, ինչ-որ աստիճանով, կարելի է ընկալել որպես կրակոց արհեստականորեն ձեւավորած իրականության ոտքին: Ես անգամ կասեի, որ արձակված գնդակը դեռեւս վնասել է այդ ոտքի ընդամենը ոչ մեծ հատվածը: Ավելին, համակարգը կարեւոր զանգ է ստացել, որը կարող է ծառայել որպես նրա հիերարխիկ կառուցվածքի վերակառուցման ցուցիչ՝ առանց որեւէ հիմնարար փոփոխության: 

 

Հիմնական խնդիրները, որոնք ասոցացվում են «կոլեկտիվ Սարգսյանի» ռեժիմի հետ՝ կոռուպցիա, արտագաղթ եւ գործազրկություն, շարունակում են մնալ օրակարգում: Արագ լուծումներ գտնելն ուղղակի անհնար է (հաշվի առնելով այն, որ առնվազն առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք կտեսնենք իշխանության վերաբաժանման նոր գործընթաց): Եթե պաշտոնյաներին փոխարինելու չգա ազգային էլիտաների նոր դասը, որեւէ ճեղքում չի լինի: Եթե մի խումբ անձիք շարունակեն օգտագործել ազգային բողոքի գործոնը՝ ազգային խնդիրները լուծելու համար հրապարակից բացականչություններ անելով, ապա ոչ մի ճեղքում էլ չի լինի: Հիմա սկզբունքայնորեն կարեւոր է բողոքի էներգիան բերել քաղաքական միջանցքներ, որոնք պետք է բաց լինեն ռեֆորմատորների համար: Չափազանց կարեւոր է թույլ չտալ հերթական պառակտումը, որի պայմաններում մի խումբը կկողմնորոշվի դեպի բողոքի շարժումը Երեւանում, երկրորդը՝ դեպի օլիգարխիան, երրորդը՝ արտաքին ուժերը: Հայկական ինքնիշխանության միակ աղբյուրը պետք է լինի հայ ժողովուրդը՝ քաղաքական բնույթի օրինական աշխարհընկալումների հիմքով: Մենք պարտավոր ենք հաստատել Սահմանադրության գերակայությունը եւ ոչ թե օլիգարխների օրենքներին փոխարինենք ազգային ցասման եւ վրեժխնդրության ծարավի օրենքներով (արդյոք դա՞ էր պայքարի իմաստը):

 

Այս ամբողջ ներքաղաքական խառնաշփոթում չի կարելի մոռանալ արտաքին ճակատների մասին: Հայկական կողմի համար առանցքային խնդիրն անվտանգությունն է: Երկար ժամանակ այն լուծվել է երկրի պաշտպանունակության բարձրացման ճանապարհով՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության  միջոցով: Սակայն վերջին տասը տարիներին Մոսկվան ակտիվ զինում է Ադրբեջանին՝ միլիարդավոր դոլարների զենք վաճառելով նրան եւ Բաքվի ձեռքը տալով արցախյան ուղղությամբ ստատուս-քվոն կոտրելու գործիքակազմ: Նոր էլիտաները ստիպված կլինեն ընդունել Հայաստանի՝ եվրասիական ինտեգրացիոն բլոկներում (ՄՄ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ) գտնվելու իրողությունը եւ փնտրել այդ ուղղություններով երկրի դիրքերն ամրապնդելու հնարավորություններ: Միաժամանակ, անհրաժեշտ է ձեւավորել գերերկարաժամկետ բնույթի ռազմավարական այլընտրանքներ: Արեւմտյան ուղղությամբ չափազանց կարեւոր է գտնել ԱՄՆ-ի հետ համագործակցելու նոր ազդակներ: Հաշվի առնելով օբյեկտիվ սահմանափակումները (եվրասիական բլոկ)՝ հայ-ամերիկյան հարաբերությունների նոր ձեւաչափը պետք է ծնվի ներքեւից եւ դառնա բողոքական ուժերի հետ հայկական պետական լոբբիի աշխատանքի արդյունք՝ պահպանողական քրիստոնեական արժեքների հիմքով (այդպես է ձեւավորվել Իսրայելի քրիստոնեա-սիոնիստական լոբբին):

 

Կարեւոր է ձեւավորել երկկողմ հարաբերությունների հստակ միջպետական օրակարգ, իսկ Հայաստանի արտաքին քաղաքական ինստիտուտներում՝ բալանսավորված հայակենտրոն թիմ: Մեր կադրերը կարող են միջազգային քաղաքականության կառուցման տարբեր ճանապարհներ եւ ուղիներ տեսնել, սակայն դրանք բոլորը պետք է հանգեն բացառապես հայ ազգի ազգային շահերի պաշտպանությանը: Կարեւոր է հասկանալ, որ Վաշինգտոնը դեռեւս չի ձեւավորել Երեւանի հետ երկարաժամկետ հարաբերությունների հայեցակարգը, եւ դա պետք է որպես առավելություն օգտագործել: Այսօր, ինչպես եւ 90-ականներին, հայ-ամերիկյան պլաստիլինը կծեփվի բազմաթիվ ձեռքերով, եւ շատ կարեւոր է թույլ չտալ, որ այդ գործընթացը հայտնվի ադրբեջանական կամ թուրքական ձեռքերում: Մենք ստիպված կլինենք նայել դեպի Իրան, սակայն Իսրայելի հետ լայն երկխոսության կառուցումը եւս բխում է մեր ազգային շահերից: Մենք պաշտոնական Երուսաղեմի վրա ներսից ճնշում գործադրելու ռեսուրս չունենք (լոբբիստներ), ուստի ստիպված ենք ընդհանուր լեզու գտնել միջպետական մակարդակում եւ հնարավորություններ ստեղծենք ադրբեջանական ազդեցությունը տորպեդահարելու համար:

 

Մյուս գործոնն իսրայելական ազդեցիկ լոբբին է ԱՄՆ-ում: Բաքվի եւ Երուսաղեմի միջեւ սերտ քաղաքական երկխոսությունն ավտոմատ կերպով Ամերիկայի հզոր քրիստոնեա-սիոնիստական լոբբին դարձնում է Ադրբեջանի դաշնակիցը: Այսօր ադրբեջանամետ ուժերն ԱՄՆ-ում ունեն խոշորագույն լոբբիստական ցանցերից մեկը, որոնք գործում են ամբողջ երկրում: Բարեբախտաբար, նրանք դեռեւս բավարար փորձ եւ պրոֆեսիոնալիզմ չունեն, սակայն դա միայն ժամանակի հարց է (հատկապես երբ նրանց մենթորն է հանդիսանում իսրայելական ազդեցության խումբը): Մենք արդեն լրջորեն ուշացել ենք, ուստի Սփյուռքի նախարարությունը պետք է հրատապ կարգով իր գործունեությունը փոխակերպի՝ հայակենտրոն լոբբիի մեծացման ռազմավարության ներքո:

 

Ընդհանուր առմամբ, փոփոխությունների բնույթը միանշանակ չէ, եւ Հայաստանը բացառություն չէ, ինչքան էլ որ մեծամասնությունը ցանկանա դրան հավատալ: Պատմությունը ցույց է տալիս, որ հաճախ հեղափոխության պտուղներից, որոնք ստեղծվում են մաքուր ժողովրդական մտադրություններից, հաճախ օգտվում են միանգամայն այլ ուժեր: Իր ժամանակին գեներալ Նապոլեոն Բոնապարտը դաժանորեն ճնշեց ռոյալիստների ելույթները, որոնք ձգտում էին վերանայել հեղափոխության արդյունքները (Վանդեմերյան խռովություն): Սակայն, շատ չանցած, նա ինքը ցրեց Ազգային կոնվենտը եւ ավելի ուշ վերանայեց երեք կոնսուլների համակարգը՝ դառնալով Ֆրանսիայի կայսրը՝ համազգային հանրաքվեի ճանապարհով (իհարկե, կեղծարարություններով): Տարբերությունն այն է, որ նախքան Նապոլեոնի իշխանության գալը, երկրում արդեն արմատ էին գցել զսպումների եւ հակակշիռների համակարգի տարրերը, իսկ ԶԼՄ-ն արդեն անցել էր անկախ չորրորդ իշխանության ձեւաչափին: Մեր դեպքում, կարեւոր է ոչ թե կենտրոնանալ անձերի վրա, այլ սկսել պետության կառուցման արագացված գործընթաց, հակառակ դեպում՝ մենք չենք կարողանա պատասխանել գալիք մարտահրավերներին եւ սպառնալիքներին:

 

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին