Մի պատմություն կուսակցության մասին - Mediamax.am

Մի պատմություն կուսակցության մասին
24544 դիտում

Մի պատմություն կուսակցության մասին


Երբ Մեդիամաքսի համար գրում էի սյունակներ, հասա կուսակցության ստեղծմանն ու կանգ առա: Կանգ առա, որովհետեւ չգիտեի՝ ինչպես գրեի, որ որեւէ մեկին չնեղացնեմ իմ ճշմարտությամբ: 

 

Բայց հիմա երեւի հենց այդ ժամանակն է: 

 

Նախ ասեմ, որ Հանրապետական կուսակցության անդամ եմ դե-ֆակտո 13 տարեկանից, որովհետեւ կամա թե ակամա կուսակցության ստեղծման թոհուբոհում եմ եղել, իսկ դե-յուրե՝ 19 տարեկանից՝ ցավոք արդեն հորս բացակայության ժամանակ: 

 

Կուսակցության ստեղծման ու կանոնադրության մասին չեմ ուզում խոսել. դրա մասին կարող եք կարդալ համացանցում: Ուզում եմ խոսել 1999 թ-ից հետո կուսակցություն մտած կոմունիստահհշյաերկրապահախառը ու առհասարակ անգաղափար, անէ, ինչպես նաեւ իրենց տերերին հաճոյանալու սովոր, ճոխ սեղանից փշրանքներ թռցնող ու կուսակցության անդամատոմսերը հրապարակայնորեն պատռողների մասին:

 

Ի դեպ, ոչ անդամատոմս, ոչ կրծքանշան ստանալու իրավունք չեմ վաստակել, չեմ արժանացել երեւի: Բայց դա ինձ երբեք չի խանգարել, որ իմ կուսակցության գաղափարախոսության եւ դավանած ազգային արժեքների կրողն ու տարածողը լինեմ: 

 

Հիմա հարց. սիրելի անդամատոմս պատռողներ, երբ ստանում էիք ու մինչեւ գետին խոնարհվում ու ճամարտակում էիք տվողների առաջ, երբեւէ կուսակցության կանոնադրությունն ու գաղափարախոսությունը կարդացած կայի՞ք, կամ երբեւէ ձեր տերերին՝ տնօրեն, թաղապետ, գյուղապետ ու բազում այդպիսի պետեր, ասած կա՞ք, որ, հարգելի´ս, դու չես հետեւում իմ կուսակցության ծրագրին ու գաղափարախոսությանը, քո վարքով վարկաբեկում ես իմ դավանած արժեքները: 

 

Ու եթե կուսակցությունն իր գաղափարախոսությունը չի փոխել, ինչպե՞ս եղավ, որ անդամագրվելուց բավարարում էր ձեր պահանջները, հիմա՝ ոչ: Չստացվե՞ց, որ դուք մտել էիք ընդամենը ձեր ամբիցիաները բավարարելու, իշխող կուսակցության իշխանության շողքից օգտվելու համար, բայց ո´չ երբեք գաղափարի: 

 

Եվ ուրեմն, որքան շուտ դուրս գաք, այնքան հույս կա, որ իմ կուսակցությունը կմաքրվի քյաբաբասոխախառը հոտերից ու դրանց փշրանքներին հույսով նայողներից: Ձեզ հաջողություն նոր տերեր գտնելու հարցում, չէ՞ որ կարեւորը գաղափարը չէ, որին արժե հետեւել եւ որի համար արժե պայքարել: Կարեւորն այն է, որ մեկը լինի, որին քծնեք:

 

Ես դպրոցի տնօրեն եմ, հանրապետական, Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի անունը կրող դպրոցի տնօրենն ու նրա դուստրը: Իմ պաշտոնավարման 7 տարիների ընթացքում երբեք պրոհանրապետական քարոզչություն չեմ արել, ընտրակաշառք չեմ վերցրել եւ չեմ տվել, հանրապետականի համար միջոցառումներ չեմ կազմակերպել, բայց անընդհատ խոսել եւ անդադար քարոզել եմ ազգային արժեքներն ու ազգային ինքնագիտակցությունը՝ պարբերաբար մատնանշելով ոչ թե հանրապետական կուսակցության հիմնադիր, այլ ազգային, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի ու շատ այլ հայրենասեր-հայրենանվեր գործիչների խոհերն ու գործերը: 

 

Ու այսօր, երբ 8-րդ դասարանցի երեխաներիս նախատում եմ դասադուլ կազմակերպելու համար, նրանք ինձ պատասխանում են՝ մենք ձեզ դեմ չենք եւ ոչ էլ Աշոտ Նավասարդյանի, մենք գնում ենք պաշտպանելու ձեզանից սերտած ու հենց նրա ստեղծած գաղափարներն ու արժեքները: Ահա գաղափարի պայքարը:

 

Անչափահասների պայքարի մասին։

 

Կոչ բառը սարսափելի չեմ սիրում ու դրա համար պարզապես դիմում եմ այն ծնողներին ու ուսուցիչներին, ովքեր ուղղակի կամ անուղղակի ձեւով հրահրում են անչափահաս դպրոցահասակ երեխաներին այս օրերին բողոքի ակցիաներ անել՝ իբրեւ թե նրանք ազատ խոսքի իրավունք ունեն:

 

Այն, որ 7 տարի շարունակ ասում եմ, որ մենք փայլուն ու պայծառ սերունդ ունենք, միայն թե պետք է մենք ճիշտ ուղղորդենք, ինչո՞ւ եք ընդվզում, թե անդաստիարակ, արժեքներ չկրող սերունդ է, եւ որ այլեւս ոչինչ հնարավոր չէ փոխել: Բա ինչպե՞ս եղավ, որ այդ անարժեք, անդաստիարակ սերունդը հիմա պիտի ձեր ոտնահարված իրավունքների ու իրենց ապագայի հարցը լուծի:

 

Պայքարի հանելուց առաջ նրանց անհատականությունն ու գիտակցությունը կերտեք ու կանգնեք նրանց կողքին, որ նորից չասեք՝ մենք մեղավոր չենք ստեղծված իրավիճակի համար։ Ձեզնից առաջ սովետն էր մեղավոր, հետո էլ երեխեքը մեղավոր կլինեն:

 

Ու որպես վերջաբան.

 

 

Անուշ Նավասարդյանը Երեւանի թիվ 196 դպրոցի տնօրենն է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին