Լռեցնենք աղմուկն ու լսենք իրար - Mediamax.am

Լռեցնենք աղմուկն ու լսենք իրար
2987 դիտում

Լռեցնենք աղմուկն ու լսենք իրար


Հայաստանի հասարակությունը հրաշալի օրեր է ապրում. մարդկանց զգալի մասի մոտ անտարբերությունն ու հիասթափությունը, վերջապես, իրենց տեղը զիջում են սեփական կարծիքի եւ իրավունքների համար պայքարելու վճռականությանը:

Մենք ապրում ենք այնպիսի օրեր, որոնց ընթացքում պետք է ավելի գիտակից եւ զգոն դառնանք: Վստահ եմ՝ միակը չեմ, ով կասի, որ իշխանությունների փոխվելով՝ մեր կյանքում ոչինչ չի փոխվի, եթե չսկսենք մեր ներսում հեղաշրջումներ կատարել: Առաջին գործը, որ ունենք անելու, ինքնաճանաչումն ու ինքնազարգացումն է:

Մենք պետք է ինքներս մեզ ավելի լավը դարձնենք, այլապես իշխանությունների փոխվելուց շատ կարճ ժամանակ անց, անխուսափելի կլինի հիասթափությունը: Մեր կյանքում այդպես էլ ոչինչ չի փոխվի, եթե մենք չունենանք ավելի լավը դառնալու կամքը: Մեր կյանքն ավելի լավը կդառնա, եթե ամենքս մեր տեղերում անենք մեր գործն ու չփորձենք ուրիշների բացթողումների տակ թաքցնել մեր իսկ սխալները:

Ինձ համար կարեւոր արժեք են եղել միշտ այն մարդիկ, ովքեր, անկախ իշխանությունների ով լինելուց, արել են առավելագույնը՝ իրենց շուրջն ինչ-որ բան ավելի լավը դարձնելու համար: Չեն սպասել, որ հարմարավետ պայմաններ ստեղծվեն, որպեսզի երկրում օգտակար գործ անեն: Ուզում եմ անկեղծ շնորհակալություն ասել հենց այդ մարդկանց, որովհետեւ նրանք իսկապես գիտակից քաղաքացիներ են, ու նրանց կոտրելը հեշտ չէ ոչ մի իշխանության համար:

Մենք շատ լուսավոր երիտասարդներ ունենք, ովքեր կարող են զարգացնել մեր երկիրը, ու նրանք այժմ կարիք ունեն հաղթահարելու վախերն եւ ավելի հավակնոտ դառնալ:

Մեր հասարակության ամենամեծ խնդիրներից մեկն ունիվերսալությունն է. սուր իրավիճակներում, կախված պահի արդիական հարցից՝ բոլորը դառնում են դրա մասնագետ: Հանդես գալով ամենագետի եւ ամենաիրավացիի դիրքից՝ նրանք սկսում են դաստիարակել մյուսներին, դասեր տալ ու պարտադրել իրենց կարծիքը՝ առանց հարցնելու՝ միգուցե՞ այդ մարդիկ չեն ընտրել այն ճանապարհը, որի ճշմարտացիության մեջ համոզված են:

Եթե անգամ այս երկու խումբ մարդիկ հարում են նույն ուղուն, բայց նրանք, ովքեր իրենց գործն անում են լուռ, առանց աղմուկի, միեւնույնն է՝ պարտավոր են հանդուրժել աղմկողների ձայները: Հակառակ դեպքում՝ դեմ են առաջինների վեհ գաղափարներին: Սա ավելի լավը դառնալու ուղին չէ: Ես չեմ տարանջատում մարդկանց ու չեմ դասակարգում նրանց, բոլորս հավասար ենք ու բոլորս պետք է գործելու, ինքնադրսեւորվելու հնարավորություն ունենանք:
Բայց չենք կարող աչք փակել այսօրվա մարտահրավերների վրա, մեր հասարակությունն ավելի հավասարակշռված եւ ավելի հասուն դառնալու խնդիր ունի: Երբ ցուցարարը, ամենալարված իրավիճակում լրագրողից պահանջում է քաղաքացիական դիրքորոշում դրսեւորել, նա լավ երկիր ունենալու ճանապարհին ետքայլ է կատարում: Լրագրողն իր գործը պետք է անի՝ առանց որեւէ կողմի շահերը ներկայացնելու, սա հայտնի փաստ է:

Երբ մարդը մեկ ուրիշի կարծիքը դիտարկում է որպես իր արածը պիտակավորելու փորձ, փոխարենը ուշադիր լսելու դիմացինին եւ փորձելու հասկանալ, նա հերթական քարն է պոկում ավելի լավ Հայաստանից: Երբ մարդկանց մեկ խումբը սկսում է ծաղրել մեկ այլ մարդկանց ընտրած ուղին եւ երկրում լավ փոփոխություններ անելու քայլերը, օրինակ՝ բողոքի ցույցներն ու դրանց ընթացքում իրավունքների բարձրաձայնումը, նա երկիրը հեռացնում է նոր, ավելի լավ փուլ մտնելու շեմից: 

Մենք պետք է սովորենք լսել իրար՝ հասկանալու, եւ ոչ թե զուտ պատասխանելու համար: Չի կարելի թույլ տալ, որ համատարած աղմուկի մեջ լղոզվեն մարդկանց տեսակետները: Այդ աղմուկի մեջ շատ պայծառ մտքեր եւ գաղափարներ կարող են կորչել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին