Նամակ Կրեմլ, ՀՀԿ փաստացի ղեկավարին - Mediamax.am

Նամակ Կրեմլ, ՀՀԿ փաստացի ղեկավարին
34747 դիտում

Նամակ Կրեմլ, ՀՀԿ փաստացի ղեկավարին


Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ,

Երբեք այս ժանրի երկրպագու չեմ եղել եւ թերահավատությամբ եմ վերաբերվել այն նամակներին, որոնք տարբեր առիթներով գրում էին Ձեզ Հայաստանից վերջին տարիներին: Բայց այնպես է ստացվել, որ այսօր Ձեզ դիմում եմ ոչ թե որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի, այլ որպես Հայաստանի Ազգային Ժողովում մեծամասնություն ունեցող ՀՀԿ կուսակցության փաստացի ղեկավարի:

Միանգամից ասեմ, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին իմ տեսակետը հայտնել եմ 2014 թվականին գրված Անվտանգություն vs ապագա՞ հոդվածում, ու եթե Ձեր օգնականները գայթակղություն ունենան նամակս ներկայացնել որպես «հակառուսական», թող կարդան նաեւ այդ հոդվածը:

Ինչպես գիտեք, ապրիլի 23-ին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց Հայաստանի վարչապետի պաշտոնից, իսկ մի քանի օր անց կուսակցությունը հայտնեց, որ նոր ղեկավար է ընտրելու: ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետի ներկայիս պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կուսակցությունը չի ղեկավարում: Դրա ապացույցն այն փաստն է, որ ՀՀԿ-ն նրան վարչապետի թեկնածու չառաջադրեց:

Մայիսի 1-ին Հայաստանի խորհրդարանում մի քանի ժամ շարունակ քննարկում էին «Ելք» դաշինքի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Դրանից մեկ օր առաջ փաստացի համաձայնություն էր ձեռք բերվել, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտելու Փաշինյանի ընտրությանը:

Բայց մայիսի 1-ին ՀՀԿ շատ ներկայացուցիչներ իրենց ելույթներում պնդում էին, որ Փաշինյանի ընտրությունը անթույլատրելի է՝ ուղղակի, անուղղակի եւ այլ ակնարկներ անելով Ձեր ղեկավարած երկրի հասցեին: Չգիտեմ, դա անում էին սեփական նախաձեռնությամբ, թե՞ «խորհուրդ» էին ստացել Ձեզանից եւ Ձեր օգնականներից: Ամեն դեպքում, ուզեք թե չուզեք, երեկ հենց Դուք էիք ՀՀԿ իրական առաջնորդի դերում:

Քանի որ այդպես է ստացվել, եկեք անկեղծ լինենք ու խոստովանենք, որ երբեք լիովին չեք վստահել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Առաջին ճաքը ձեր հարաբերություններում առաջացավ նրանից հետո, երբ նա 2008 թվականի Վրաստանի պատերազմից հետո մի քանի ամիս անց Միխայիլ Սաակաշվիլիին Պատվո շքանշան շնորհեց: Այդ մասին շատերը գիտեին, բայց բարձրաձայն չէին ասում: Հետո Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի հետ կապված հայտնի պատմությունն էր, երբ Սերժ Սարգսյանը մեկ օրում շրջադարձ կատարեց եւ հայտարարեց Եվրասիական միությանը Հայաստանի միանալու մասին:

Հավատացեք, մայիսի 1-ին խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներից հետո հայ-ռուսական հարաբերությունների զարգացման անկեղծ կողմնակիցների թիվը ոչ թե ավելացավ, այլ պակասեց: Եվ հակառակը, ոչ թե պակասեց, այլ ավելացավ այն մարդկանց թիվը, որոնք հարց են տալիս՝արդյո՞ք ռազմա-տիեզերական ուժեր ունեցող Ռուսաստանը կարող էր տեղյակ չլինեն 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի նախապատրաստվող հարձակման մասին:

ՀՀԿ-ն իր այսօրվա վիճակով կենսունակ չէ, եւ անգամ Դուք չեք կարող նրան նոր շունչ հաղորդել: Դա կարող է ինքնուրույն անել միայն ՀՀԿ-ն, ընդունելով եւ վերլուծելով սխալները, նոր առաջնորդ գտնելով եւ զրոյից սկսելով: Այնքան ռուսաստանյան եւ գլոբալ հոգսեր ունեք, Ձեր ժամանակը ՀՀԿ-ի վրա մի վատնեք:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ,

Ժամանակին ծանոթներիցս մեկը հետաքրքիր բան ասաց. «Հայերն, երեւի, միակ ժողովուրդն են աշխարհում, որոնք ռուսներին իռացիոնալ են սիրում»: Եկեք բոլորս միասին փորձենք անել այնպես, որ այդ երանգը մեր հարաբերություններում պահպանվի:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին