Երեխաների երկիրը - Mediamax.am

Երեխաների երկիրը
3982 դիտում

Երեխաների երկիրը


Ես ընտրության չեմ գնում, 2008-ից հետո: Դա իմ դիրքորոշումն է, որի համար ո՛չ բացատրելու, ո՛չ արդարանալու կարիք չեմ զգում: 2008-ի Մարտի 1-ին ես ճիշտ այն տարիքում էի, ինչ այսօր փողոցում կանգնած երեխաները: Ես իրենցից մեծ եմ ու իրենցից թույլ, եւ դա արդեն հաստատ է: Մենք թույլ ենք, որովհետեւ հավատացել էինք, որ բաց ձեռքերին միշտ հաղթելու են պինդ բռունցքները, որ երկրից շատ ու հայրենիքից, բոլորն անխտիր սիրում են իրենց:

Հավատացել էինք, որ փոփոխությունները լինում են երկար ու արյունալի պայքարից հետո, եթե, իհարկե, երբեւէ լինում են: Մենք հավատում էինք, որ ժողովրդին իր հետեւից տանող լիդեր է պետք, իսկ ժողովուրդը միայն հետեւից գնացողն է:

Այս երեխաները, որ այսօր փողոց են փակում, առավելություն ունեն. պատմությունն իրենց համար այդքան դառը ու երկիրն այդքան ծանր չէ, որքան մեզ համար: Իրենք հիասթափվելու փորձառություն չունեն, իրենք վախով ապրելու, հեռուն նայելու կարիքը չունեն, որովհետեւ գիտեն՝ ճանապարհը բացվում է քայլողի ոտքի տակ:

***

Ընկերս, որ ճիշտ այն տարիքում է, ինչ Երեւանում փողոց դուրս եկած երեխաները, մի քանի ամիս առաջ արտագաղթել է: Մեր ամենօրյա խոսակցություններն ավարտվել են հին Հայաստանի ու իշխանության հետ: Ընկերս, որ երազում է Հայաստան վերադառնալու մասին, մտավախություն ունի. մտավախություն, որ ես ու իմ նմանները երկիր չենք սարքի, որովհետեւ մեր վախերն ավելի շատ են, քան մեր հավատը: Ես այդպես էլ չասացի նրան, որ միակ բանը, որին հավատում եմ, երեխաներն են՝ փողոց դուրս եկած, ուժեղ, լուսավոր: Իմ ու իր համար երկիր կառուցող, չհոգնող, չատող, պահանջներ ունեցող, իրեն շատ նման երեխաները:
Ես հույս ունեմ, որ ընկերս մի օր կների ինձ՝ զգուշավորության, վախի, ու կասկածի համար, ու կհասկանա, որ  ես այստեղ ապրելով երկիր եմ պահում՝ նաեւ իր համար:

***

-Որտեղի՞ց մարդկանց այսքան շատ դրոշ,- հարցնում է հայրս՝ մեր տեսած միակ ու ամենասիրուն հեղափոխությունից հետո, խճողված փողոցի մեջտեղում մեքենայի մեջ նստած: Հարցնում է՝ գրեթե գոռալով, որովհետեւ մենք, իրար կողք նստած, իրար չենք լսում: Որովհետեւ քաղաքը, որ սովորաբար լուռ է ու նեռվային, երջանիկ է այսօր:

Եվ, իրոք, որտեղի՞ց այսքան դրոշ: Ամեն մեկն իր տանը մի խոր անկյունում դրոշ ու սեր էր պահե՞լ այս օրվա համար: Ամեն մեկը մի հայրենի՞ք էիք երազել՝ այսքան սիրելու: Այդ դրոշները մի օր հայրենիք ունենալու ու ձեռքերը լայն բացած, քամու ուղղությունը դրանով կոտրել երազողներն էին պահել: Այդ դրոշները մի օր դրանով հպարտանալու հույս ունեցողներն էին պահել: Ինչպես երկար տարիներ երեխա չունեցողները դարակի խորքում մի ձեռք նորածնի հագուստ են պահում:

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին