Գյումրեցու ժպիտն ու պահի որսկանները - Mediamax.am

Գյումրեցու ժպիտն ու պահի որսկանները
11216 դիտում

Գյումրեցու ժպիտն ու պահի որսկանները


Հաղթանակ, երգ, պար, հրավառություն, բայց այս ամենից առավել ինձ համար այս օրերից որպես գյումրեցի մի մեծ ժառանգություն մնաց՝ ափեափ լցված մի բուռ գյումրեցու ժպիտը, որը երբեք չէի տեսել ոչ մի տոնակատարության, ոչ մի հարսանիքի, կնունքի ու ծնունդի ժամանակ: Կասեք, բոլորն են հիմա ժպտում, տարբերություն չկա: Համաձայն եմ, բայց…

 

Գյումրին վաղուց էր մերժել ու դարձել մերժված: Անօթեւանության, գործազրկության, արտագաղթի, տնտեսական աճի վիճակագրական տվյալներով ամենավատ ցուցանիշների դրոշակակիր Գյումրին դիտարկվում էր որպես հավերժ բողոքավոր ու ընդդիմադիր: Քաղաքի «տերերը» քարոզարշավներին անթաքույց ասում էին, «ջհանդամ չէ, կողմ քվեարկեք էլի, մեր քաղաքին էլ փող տան բյուջեից, գոնե էրկու փողոց սարքենք», բայց՝ ոչ… Հայաստանի բաց ներվը միշտ ցավեցնում էր ընտրություններին ու ցավում ընտրություններից հետո: 

 

Ու այս ամենից հետո աստիճանաբար «լենբերան» գյումրեցին սկսեց չխոսել: Տեղի լրագրողները ցանկացած հարցի շուրջ երեք մարդու կարծիք իմանալու համար 4-5 ժամ թափառելու էին փողոցներով՝ լսելով տասնյակների անտարբեր խոսքեր. «Պարա՞պ եք մնացել», «Էհ, ինչ կփոխվի, ըդքան խոսացինք», «Թոշակս գիտես ինչքան է, աղջիկ ջան», «Ընձի ի՞նչ, էս էգուց չէ մյուս օր խոպան կերթամ», «Հարց տվո՞ղ եք, գնացեք վերեւներին հարցրեք, ընչի՞» ...

 

Պերմյակովի դեպքից հետո երկար իրար հարց չէինք տա, մեծ հարցականը շալակած տարանք, «Չիդեմ»-ը մնաց բոլորիս հայացքում: Նորից գյումրեցին ենթադրեց, որոշ եզրակացություններ արեց ու դարձավ ռուս զինվորների նկատմամբ մի փոքր զգոն: Ու այս զգոնությունը փոխադարձ մնաց, որովհետեւ նրանք էլ դժգոհ մնացին: Դատարանի չտված ինչու-ի պատասխանը անորոշ զգուշավորություն դարձավ: 

 

Կցկտուր խեղճությունը դարձավ հավատարիմ ընկեր: Ի վերջո, ընդդիմադիր քաղաքին փորձեցին արթնացնել վերջին ընտրությունից առաջ, բարոյահոգեբանական մթնոլորտին կաթիլային միացրեցին ու ցանկացան տրամադրություն հաղորդել:… չէ՛, չհամոզեցին, չժպտաց գյումրեցին ու էլի ցավեցրեց իր ընտրությամբ: 

 

***

 

-Աչքդ լուս էղնի...

-Աչքի լըսով մնաս:

 

Գյումրիի Թատերական հրապարակում բոլորի շուրթերին այս բառերն էր ու աչքերում այդ բարեմաղթած լույսը, երբ միմյանց էին փոխանցում հրաժարականի լուրը: Երբ շփոթվում ես, մոռանում նկարելու մասին ու ամբարում այդ լույսի ժպիտը: 

 

Ինչ-որ բան փոխելու անհավանականությունը ջարդվեց ու գյումրեցին սկսեց ժպտալ՝ աչքերով, հոգով, «ոտի վրա ստեղծվող անեկդոտներով»: Այդ ժպիտի մեջ վաղուց արտագաղթած հույսը վերադարձավ, անզորության բեռը թոթափեց քաղաքը ու այդ համընդհանուր հույզի մեջ ապշած ամեն մեկը փորձում էր կիսվել, չմոռանալ նաեւ կատակն ու գլուխգովանությունը. 

 

-Ապ ջան, Լեննագանի հրապարակը հեղափոխությունների ստարտի տեղ են սարքե:

 

- Սաղ հայերը ուրխացան երկու բանից. Մեկը Սերժի հրաժարականից, մեկն էլ օր ՆիԳոլը լեննագանցի չէ, թե չէ կպատկերացնե՞իք մեր բերանի լենությունը: 

 

- Քա սբանիք, հետո էլ բդի ըսեն լեննագանցիք խեղդեցին հեղափոխությունը,- այսպես է արձագանքում մեկը, երբ սկսում են ՆիԳոլին փաթաթվել ու համբուրել: 

 

Գյումրեցիք սկսեցին խոսել, բոլորը հարցազրույցի համար պատրաստ են, համարձակ, անկաշկանդ, նույնիսկ «լավ տղեքը», որոնց համար «ամոթ էր կամեռայի առաջ խոսելը»: Ախր, քայլվածք է փոխվել, ոչ թե շատ քայլելուց փոխվեց, այլ հաջորդ քայլը տեսնելու ինքնավստահությունից: 

 

Բայց պահի որսորդները մի վայրկյան անգամ չվարանեցին եւ երիտասարդների օրերով նվաճված հաղթանակից առանց հյուրասիրության օգտվեցին: Հարթակը կար, մարդիկ կային ու սկսվեց «զարթոնքը»:

 

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով հայտնի է իր կուսակցական բազմաժանր կենսագրությամբ եւ քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի ու Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ու օրենքի շնորհած մեծամասնությամբ, ապրիլի 24-ին հայտարարեց. «Ոնց որ զարթոնք լինի ինձ համար», շնորհավորեց ու կիսեց հաղթանակը, բայց, երբ օրեր անց նույն այդ հաղթանակի հասածները պահանջեցին քայլել իրենց հետ, գոնե, կես ժամով դուրս գալ, պատասխանեց. «Ձեզ հետ եմ» ու հրաժարվեց քայլելուց: 

 

Հաղթանակի բերկրանք կիսողները շատ են, հասնելու դժվարությանը՝ ոչ բոլորը պատրաստ: Սա, երեւի, կհիշեն մեր երիտասարդ գյումրեցի քայլողները, բայց կհիշեն արդյո՞ք նրանք ոչ հեռու անցյալը: Ես կուզեի, որ մեր երիտասարդի կողքից միշտ քայլի միջին ու ավագ սերունդը, որն ունի փորձ, որ նորից, եթե նախկին քաղաքապետ, Աժ պատգամավոր Վարդան Ղուկասյանը, բարձրանա հարթակ ու բոցաշունչ խոսքերով «հրի ու սրի մատնի» ՀՀԿ-ին, հիշեցնի, որ տարիներ առաջ նույն հարթակից գովաբանում էր նույն այդ կուսակցությանը ու այդ կուսակցության հովանու ներքո է, որ ինչպես ինքն է նշում «իր պապական ունեցվածք oչխարների սուրուները» դարձան ոսկե հորթեր: 

 

Նախկին, ներկա ու ներկա շարունակական պաշտոնյաններից դեռ շատ կլսենք. «Մեզի չէին թողնա աշխատի, ձեռքներս կապած էր»: 

 

Իսկ ինչո՞վ էր կապված. անօթեւանության ցավի վրա գրպա՞ն լցնելով, գյումրեցու հասանելիքից բաժի՞նք սեփականաշնորհելով, թե՞ արարքներում ակնհայտ հանցակազմը «օրինական» բացակա դարձնելով: Ի՞նչու այդ կապված ձեռքերը չխոչընդոտեցին, որ կառուցվեին ձեր առանձնատները, գործարանները, հյուրանոցներն ու ռեստորանները: Ի՞նչու այդ կապված ձեռքերով կարողացաք ընտրությունից առաջ բաժանած մատաղով, բուլկիով ու դպրոցական պայուսակով «բարեգործ» դառնալ: Երբ գովազդի վրա քառակի ավելի գումար էր ծախսվում, քան բաժանված «բարեգործության»: 

 

Անցյալի սխալները պետք է հիշել` նոր սխալներից խուսափելու համար ու կարողանանք ազատվել ճշմարտությունը՝ աբիժնիկության ու կլյաուզնիկության նեղմիտ բնորոշումից: Ոչ թե վատատեսորեն, այլ իրատես խոսենք այս մասին երիտասարդների ու չհիշողների հետ, որ նորից հույսը չգնա, չմնանք անզոր՝ պահից օգտվողների, հաղթանակ յուրացնողների առաջ մեն-մենակ: Ամեն մեկս մեր գյուղը, մեր քաղաքը, մեր երկիրը կառուցենք:  

 

Հայաստանցու այս ժպիտը սառելու, այս հույսի կաթիլը գոլորշիանալու իրավունք չունի: Կանխատեսումներն ու վերլուծությունները շատ են, բայց երկու ճանապարհ կա՝ «Դեպի թազա Հայաստան» կամ «Ավելի վատ Հայաստան»: Եթե նույնիսկ վատ տարբերակին ենք ընդառաջ գնում, ավելի լավ է, ճախրելով գնալ ու թռիչքի վեհությունը զգալ, քան փորձելու ներքին վախը չհաղթահարելով՝ ստիպողաբար ընկնել: Բայց այս օրերին, ափեափ լցված այս հույսի ու սիրո ժպիտը, քաղաքացու արժանապատվության ու փոխելու կարողության վերադարձը, առայժմ լավատեսություն է հուշում:

 

Անահիտ Հարությունյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին