Հայկական Վերածնունդ կամ օրակարգ նոր վարչապետի համար - Mediamax.am

Հայկական Վերածնունդ կամ օրակարգ նոր վարչապետի համար
19977 դիտում

Հայկական Վերածնունդ կամ օրակարգ նոր վարչապետի համար


Մոտ ապագայում մենք կիմանանք Հայաստանի նոր ժամանակավոր վարչապետի անունը, որը ստիպված կլինի հասկանալ փոխված իրողությունները եւ սկիզբ դնել համազգային բնույթի բարեփոխումներին:

Լինելով վերլուծաբան՝ որեւէ պատրանք չունեմ արագ հաղթանակների եւ կտրուկ փոփոխությունների վերաբերյալ, քանի որ կան ներքին եւ արտաքին խոչընդոտներ:

Գլխավոր խոչընդոտը մենաշնորհային մտածողությունն է: Տվյալ դեպքում խոսքը ոչ միայն առանձին խոշոր օլիգարխների մասին է, ովքեր տիրապետում են ազգային հարստության մեծ մասին, այլեւ՝ աշխարհայացքային կոդի: Մեզանից յուրաքանչյուրն որոշ աստիճանով մոնոպոլիստ է եւ պետությանը, ազգին եւ շրջակա աշխարհին նայում է հենց իր անձնական շահերի լույսի ներքո:

Առողջ հասարակությունը, որը ձգտում է ձեւավորել քաղաքական ազգ, պետք է հիմնված լինի երեք սրբազան սոցիալական եւ արժեքային սյուների վրա՝ ինդիվիդուալիզմ (ես), կոլեկտիվիզմ (նեղ խմբային «մենք») եւ հասարակական նորմեր (մեր): Այս հասկացությունների ներդաշնակ սինթեզն է հանդիսանում ազգի՝ պետության շարժիչի ծագման հիմնարար պայմանը:

Այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է, որ նոր առաջնորդները չտրվեն հանուն իշխանության եւ նրա հետագա վերարտադրության իշխանություն ստանալու մոլորությանը: Առաջին քայլը միմյանցից անկախ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության պետական հաստատությունների կառուցումն է: Այդ ճյուղերից յուրաքանչյուրը պետք է գործի իր իրավասությունների շրջանակներում՝ չկողմնորոշվելով դեպի իր ներսում առանձին քաղաքական գործիչների հեղինակությունը:

Զուգահեռաբար անհրաժեշտ է մեկնարկել տեղեկատվական-վերլուծական միջավայրի վերակազմավորման գործընթացը: ԶԼՄ-ները պետք է ժամանակի ընթացքում դառնան ոչ ինստիտուցիանալ ուժ, որը պետական մարմիններին հեռու կպահի ամենավտանգավոր գայթակղությունից՝ ազգին խաբելու ցանկությունից: Այսօր մենք այլ իրականությունում ենք ապրում, երբ նեղ շահերի խմբերը կառավարում են երկիրը՝  իրենց թերթերի, ռադիոյի, հեռուստատեսության եւ օնլայն պարբերականների ուղղակի կամ անուղղակի օգտագործման ճանապարհով: Մենաշնորհային մտածողությունը ստեղծում է այնպիսի փոխդասավորություն, որի պայմաններում յուրաքանչյուրը ձգտում է ստանալ իր կուսակցությունը, իր ԶԼՄ-ները, իր վերլուծաբաններին, իր ուժայիններին եւ այլն: Այդ մտածողությունը պետք է թաղվի ֆեոդալ-օլիգարխիական համակարգի մնացորդների հետ միասին:

Դա գերերկարաժամկետ ռազմավարական բնույթի խնդիր է, սակայն որոշակի քայլեր պետք է ձեռնարկվեն արդեն այսօր: Ներկա փուլում կարեւոր է չընկնել հին համակարգի այլ տարրերի ազդեցության տակ: Իմ խորին համոզմամբ, բոլոր քաղաքական կուսակցությունները ստեղծվել են նույն ֆեոդալա-օլիգարխիական կառուցվածքի հիմքի վրա, որի արդիականացումը տեխնիկապես չափազանց բարդ է:

Եթե առաջնորդն ընկնում է անցյալի ճիրանները, դրանք դանդաղ խեղդում են նրան՝ ստեղծելով բոլոր հնարավորությունները նախաձեռնությունը նոր ձեւաչափերում իրենց ձեռքը վերցնելու համար (փոխվում է փաթեթավորումը, իսկ կոնֆետը մնում է նույնը): Ավելին, ազդեցության նեղ ֆեոդալական խմբերի ներկայացուցիչները կարող են առժամանակ հայտարարել նոր համակարգին իրենց հավատարմության մասին, որպեսզի նրանում ներկառուցվելու շանս ստանան եւ սկսեն այն ներսից քանդելու ընթացակարգը: Դա միանգամայն հնարավոր սցենար է՝ հաշվի առնելով, որ բարեփոխիչները կախվածության մեջ են ընկնում նրանց ֆինանսներից (բարեփոխումների համար գումար է անհրաժեշտ):

Մենաշնորհային աշխարհայացքը կործանելու երկրորդ գործիքը կրթությունն է: Որպես հիմք պետք է վերցվի արեւմտյան պահպանողական տիպի խառը մոդելը: Դպրոցը պետք է ստանձնի դաստիարակչական գործառույթ, իսկ համալսարանը զբաղվի մասնագիտական հմտությունների ներարկմամբ եւ հղկմամբ: Ընդ որում, բուհերը պետք է սովորեն ինքնուրույն ապրել եւ պատրաստեն լիարժեք մրցունակ կադրեր ոչ միայն հայկական, այլ նաեւ համաշխարհային աշխատաշուկայի համար: Անհրաժեշտ է վերջ դնել այն ահավոր վիճակին, երբ համալսարանները գտնվում են պետության մշտական ապահովման ներքո: Դա ծնում է ոչ միայն տոտալ բյուրոկրատիա, այլեւ հասարակության այդ շատ կարեւոր ինստիտուտը դնում է քաղաքական կոնյունկտուրայի շրջանակների մեջ: Պրոֆեսորադասախոսական կազմի մեծ մասը պետք է լուրջ վերապատրաստում անցնի աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոններում: Պետության կառուցման ընթացքում չափազանց կարեւոր է կրթական միջավայրից բացառել կոռուպցիան եւ կաշառակերությունը:

Կարեւոր է չընկղմվել առանձին հարցերի մեջ եւ զբաղվել հայկական աշխարհի բոլոր կենտրոնների ներդաշնակ համագործակցության բանաձեւերի որոնմամբ: Համարում եմ, որ եկել է Հայաստան-Արցախ-Սփյուռք բաժանիչ հայեցակարգից հրաժարվելու եւ «Հայաստան պետություն» միավորող գաղափարով զինվելու ժամանակը: Այսօրվանից սկսած բոլոր ուժերն ու ռեսուրսները պետք է ուղղվեն մեկ համազգային խնդրի լուծմանը՝ հզոր Հայաստանի կառուցմանը եւ գլոբալ աշխարհում նրա սուբյեկտայնությունը վերադարձնելուն: Մենք պետք է շատ հստակ գիտակցենք, որ էթնիկ հայերի 75%-ը ապրում է արտաքին աշխարհում՝ սպասարկելով այլ երկրների եւ ազգերի ազգային շահերը: Մարդը եւ նրա կարողությունները պետության գլխավոր հարստությունն են, իսկ բնակչության արտահոսքն անխուսափելիորեն հանգեցնում է ապաինքնիշխանացման գործընթացին:

Թավշյա հեղափոխությունը, ինչպես ժամանակին Հայաստանի անկախացումն ու Արցախի ազատագրումը, նոր հույս ծնեց եւ մեզ նոր ուժեր տվեց գերնպատակներին հասնելու համար, որոնցից մեկը պետք է լինի զանգվածային հայրենադարձության գաղափարը:  Նախկինում համայնքներում կարծում էին, որ Հայաստանում ոչինչ չի փոխվի, եւ հին ֆեոդալ-օլիգարխները կմնան իրենց տեղերում, ուստի հայրենիք վերադառնալն անիմաստ էր: Հիմա այդ պատրվակն այլեւս չի աշխատում, չէ՞ որ բացվել է արարման ճանապարհը, եւ հիմա հայկական պետականության ապագա դիմագիծը կախված է բոլորից եւ յյուրաքանչյուրից:

Չափազանց բարդ վիճակ է արտաքին քաղաքականության ոլորտում: Աշխարհագրությունը սահմանել է Հայաստանի աշխարհաքաղաքական ճակատագրի տեսակը, որից ոչ մի տեղ չես փախչի: Բոլոր խոսակցություններն այն մասին, որ անհրաժեշտ է ամբողջությամբ հեռանալ Ռուսաստանի, Իրանի, ԵԱՏՄ-ի ազդեցությունից զուրկ են տրամաբանությունից եւ ողջախոհությունից: Դա հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե այդ երկրները ֆիզիկապես տեղափոխվեին այլ տարածաշրջաններ (ինչը գերֆանտաստիկայի ժանրից է): Հաշվի առնելով առկա իրողությունները, անհրաժեշտ է թերությունները վերածել առավելությունների եւ կառուցել այդ ուղղություններով ազդեցության սեփական գիծը (դրսեւորել քաղաքական կամք եւ ցույց տալ սեփական սուբյեկտայնությունը): Այդ բարդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել արտաքին քաղաքական կադրերի պատրաստման եւ դաստիարակման համակարգը, բարեփոխել Արտաքին գործերի նախարարությունը, նոր ազդակներ հաղորդել ուժային բլոկների զարգացման համար: Կարճաժամկետ հեռանկարում կարեւոր է կենտրոնանալ «Ազգային անվտանգության ռազմավարության», «Արտաքին քաղաքականության հայեցակարգի» եւ «Տեղեկատվական պատերազմներ վարելու ռազմավարական դոկտրինի» ձեւավորման եւ ընդունման վրա:

Բացի աշխարհագրական գերությունից դուրս գալու խնդրից, պետք է ակտիվորեն աշխատել ամերիկյան ուղղությամբ: Օգտվելով իսրայելական լոբբիի օժանդակությունից՝ Ադրբեջանը ձեւավորել է խաչաձեւ լոբբիզմի լայն ցանցեր 43 նահանգներում: Մենք չենք կարող մեր ռազմավարական հակառակորդին թույլ տալ քաղաքական կարծիքի գծեր ձեւավորել գլոբալ գերտերությունում: Այդ ուղղությունն անհրաժեշտ է վերցնել հենց հիմա՝ ձեւավորելով փորձագիտական խումբ, որն կմշակի Հայաստանի ազգային շահերի առաջմղման երկարաժամկետ հայեցակարգ (առաջին հերթին վերցնել բողոքական Ամերիկայի հետ աշխատելու նախաձեռնությունը): Հին լոբբիստական ինստիտուտները գտնվում են խորը ճգնաժամում եւ օբյեկտիվորեն չեն կարող զբաղվել այդքան կարեւոր խնդիրների լուծմամբ (ներկայումս Ցեղասպանության ճանաչման հարցի մոլուցքը կործանարար է մեզ համար): Խորապես համոզված եմ, որ մենք պետք է փոխառենք ամերիկացիների քաղաքական փորձառությունը, ֆինանսական հնարավորությունները, բարձր տեխնոլոգիաները եւ կրթությունը: Դրա համար կա ամեն ինչ, անհրաժեշտ է ընդամենը կամք:

Հայկական Վերածնունդը պետք է բերի ազգային էլիտայի եւ ազգային կապիտալի ձեւավորման՝ միավորված ընդհանուր արժեքներով եւ մտադրություններով: Հակառակ պարագայում Հայաստանը կմնա օբյեկտ, որի գործառնությունը կապահովվի ներքին եւ արտաքին ուժերի շահերի բախմամբ:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին