Նոր Հայաստան. նոր քաղաքականություն Մերձավոր Արեւելքում - Mediamax.am

Նոր Հայաստան. նոր քաղաքականություն Մերձավոր Արեւելքում
5604 դիտում

Նոր Հայաստան. նոր քաղաքականություն Մերձավոր Արեւելքում


Քաղաքական ռեժիմի փոփոխությունը ենթադրում է նաեւ մի շարք արտաքին քաղաքական գերակայությունների վերանայում: Ակնհայտ է, որ ռուսական վեկտորի գերակշռումը ներկա փուլում հայկական պետականության պահպանման կարեւոր պայման է հանդիսանում: Չնայած հանրապետության քաղաքական կյանքում տեղի ունեցած լուրջ փոփոխություններին՝ տվյալ վեկտորի վերաքննումը հնարավոր չէ ո՛չ կարճաժամկետ, եւ ո՛չ էլ միջնաժամկետ հեռանկարում: Սակայն նոր իրողությունները պետք է բերեն մոտեցումների փոփոխության նաեւ արտաքին քաղաքական ոչ պակաս կարեւոր վեկտորի՝ մերձավորարեւելյանի ուղղությամբ:

 

Հայաստանի արտաքին քաղաքականությունը Մերձավոր եւ Միջին Արեւելքի տարածաշրջանում առանձնանում է հատուկ պասիվությամբ, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական մեկուսացվածությունը: Տվյալ վեկտորի ակտիվացումը մի շարք դրական նախադրյալներ կստեղծի, որոնք կանդրադառնան ինչպես տնտեսական իրավիճակի բարելավման, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանային իրադրության վրա առհասարակ:

 

Ուժերի բեւեռացումը Մերձավոր Արեւելքում, որն ուղեկցվում է տեւական հակամարտություններով, աստիճանաբար արտացոլվում է Հարավային Կովկասի վրա: Այդ համատեքստում, արտաքին քաղաքականությունն իրագործելիս, անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք հաստատուններ: Առաջին՝ շահերի բախման իրավիճակում տարածաշրջանում դաշնակցային հարաբերությունները ժամանակավոր եւ կոնյունկտուրային բնույթ են կրում: Իրադարձությունների ժամանակակից դինամիկան թույլ չի տալիս երկարաժամկետ դաշնակցային հարաբերություններ կառուցել, քանի որ կողմը զրկվում է խոշոր խաղացողների շահերի միջեւ մանեւրելու հնարավորությունից, ինչպես նաեւ անխուսափելիորեն սպառնալիքի տակ է դնում իր ազգային շահերի իրագործումը, ինչից կարող է կախված լինել պետության ֆիզիկական գոյությունը:

 

Իրանական վեկտորի տիրապետումը տարածաշրջանի արտաքին քաղաքական գերակայությունների ցանկում հիմնավորված է: Սակայն այն չպետք է հիմնվի երկարաժամկետ հեռանկարի վրա: Մոսկվայի մերձավորարեւելյան շահերի գոտում սեփական քաղաքականության կառուցումը՝ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ որպես կապող օղակ հանդես գալու ցանկության պայմաններում, Երեւանին հետագայում կարող է փակուղու մեջ դնել: Ռուս-իրանական հարաբերությունների մակարդակի որակական աճը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ նրանց շահերն համընկնում են սիրիական հակամարտության կարգավորման հարցում: Սակայն հակասությունների կուտակումն ինչպես սիրիական, այնպես էլ տարածաշրջանային այլ հարցերի շուրջ կարող է հանգեցնել եթե ոչ շահերի բախման, ապա կողմերի նշանակալի հեռացման միմյանցից: Հաշվի առնելով այդ փաստը՝ Հայաստանը պետք է սկսի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը, ինչը թույլ կտա դաշտ ստեղծել ապագայում մանեւրելու համար: Այդպիսի տարածաշրջանային ուժային կենտրոններ կարող են լինել Սաուդյան Արաբիան  եւ Եգիպտոսը: Նման մոտեցում նկատելի է նաեւ ռուսական արտաքին քաղաքականությունում, ինչը կարող է որպես հավելյալ առավելություն ծառայել Հայաստանի համար: Մոսկվայի եւ Կահիրեի միջեւ ավիահաղորդակցության վերականգնումը, ԱԳՆ ղեկավարների եւ պաշտպանության նախարարների սպասվող հանդիպումը 2+2 ձեւաչափով, ռուս-սաուդական հարաբերություններում գրանցված աննախադեպ թռիչքը կարող են լավ հող նախապատրաստել Երեւանի համար: Սակայն, քանի որ առկա է ռիսկ, որ դա ժամանակավոր էֆեկտ կունենա՝ հաշվի առնելով տարածաշրջանում մի շարք գործընթացների զարգացման անկանխատեսելիությունը, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկրի ներսում վերջնական քաղաքական կայունացումից անմիջապես հետո: 

 

Եթե Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակի իր արտաքին քաղաքականությունը կառուցել ռուսական ռազմավարության համաձայն, ապա օգուտներ ստանալու համար անհրաժեշտ է վերանայել Մոսկվայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների ձեւաչափը: Ակնառու օրինակ կարող է ծառայել ԱՄՆ-Իսրայել տանդեմը ներկա փուլում: Հանդես գալով որպես Ռուսաստանի շահերի հաղորդիչ՝ Հայաստանը կարող է նաեւ ամրապնդել իր դիրքերը: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ հարաբերությունները հիմնված լինեն իրավահավասար դաշինքի վրա: Երեւանը, դառնալով Մոսկվայի շահերի հաղորդիչը, պետք է օգտագործի տարածաշրջանում չգործադրված իր բոլոր ռեսուրսները, հատկապես՝ Սփյուռքը եւ հայոց եկեղեցու դերը մի շարք երկրներում: Փոխարենը Ռուսաստանը կպարտավորվի ուժեղացնել Հայաստանին ռազմական առումով, եւ եթե ամբողջությամբ չհրաժարվի, ապա էապես կնվազեցնի սպառազինությունների մատակարարումը Թուրքիային եւ Ադրբեջանին: Սակայն ներկայում այլ մարտավարություն է իրագործվում. ժամանակակից սպառազինություններ մատակարարելով Հայաստանի համար թշնամական երկրներին՝ Ռուսաստանը թուլացնում է իր դաշնակցի դիրքերը՝ մեծացնելով նրա ռազմական եւ քաղաքական կախվածությունն իրենից: Սակայն դաշնակցի հնարավորությունների սահմանափակումն արդյունքում նոր խնդիրներ է ստեղծում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ տարածաշրջանում Ռուսաստանի վերադարձի եւ ամրապնդման ռազմավարության վրա: Հայաստանի նոր իշխանությունները Մոսկվայի արտաքին քաղաքականությունում հայկական գործոնը պահպանելու համար պետք է ռուս-հայկական հարաբերությունների նոր՝ փոխադարձ շահի վրա հիմնված օրակարգ առաջարկեն:

 

Երկրորդ՝ անհրաժեշտ է օպերատիվ կերպով ադապտացվել տարածաշրջանում առկա նոր իրողություններին: Հակաիրանական կոալիցիայի աստիճանական ձեւավորումը, որի ավանգարդում կլինեն Իսրայելն ու Սաուդյան Արաբիան՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ, որոշակի ռիսկեր է ստեղծում Հայաստանի եւ տարածաշրջանում նրա շահերի համար: Հնարավոր նոր էսկալացիան, որն ուղղակի ազդեցություն կունենա տարածաշրջանային դինամիկայի վրա, կհանգեցնի պետությունների բեւեռացման: Այդ համատեքստում ճիշտ դիրքորոշումը կարող է լինել չեզոք կարգավիճակ պահպանելը՝ զուգորդված հակամարտող կողմերի հետ համագործակցության զարգացմամբ: Նման պայմաններում գլխավոր առավելությունը կարող է լինել հետագայում բանակցությունների համար հարթակ տրամադրելու պատրաստակամությունը, ինչը կբարձրացնի Հայաստանի կարգավիճակը տարածաշրջանում: Դրա համար անհրաժեշտ է, առաջին հերթին, հասնել կողմերից յուրաքանչյուրի հետ բարձր մակարդակի հարաբերությունների հաստատման: Այդ առումով, Հայաստանը կարող է օգտագործել իր մի շարք առավելությունները, որոնք կախված չեն կոնյունկտուրային գործոններից: Առաջին՝ գտնվելով տարածաշրջանային լիդերության ձգտող երկու ուժային կենտրոնների (Թուրքիա եւ Իրան) սահմանագծին՝ Հայաստանը տեղակայված է տարածաշրջանի ծայրամասում, ինչը չեզոքացնում է նրան դիմակայության մեջ ներքաշելու տարածաշրջանային խաղացողների հնարավորությունները: Երկրորդ առավելությունը կրոնական բաղադրիչն է: Լինելով քրիստոնեական պետություն՝ Հայաստանը կրոնական պարտավորություններով կապված չէ տարածաշրջանային դերակատարների հետ, ինչը չի կաշկանդում նրա արտաքին քաղաքական գործունեությունը:

 

Այդ հավասարակշռությունը պահպանելու համար կարեւոր է զարգացնել հարաբերությունները Պարսից ծոցի երկրների հետ: Առաջին՝ դա կդիվերսիֆիկացնի կապերն ամերիկամետ եւ իրանական ճամբարների միջեւ ահագնացող բեւեռացման շրջանակում: Հայաստանը տարածաշրջանում չպետք է ընկալվի որպես երկիր, որն կողմնորոշված է բացառապես դեպի Իրանը: Եթե նոր իշխանությունները պատրաստ չլինեն ակտիվացնել քաղաքականությունը տարածաշրջանում՝ օգտագործելով այդ ուղղությունը, ապա առնվազն պետք է առավելագույն օգուտը քաղեն Իրանի հետ բարեկամական հարաբերություններից: Դրա համար առկա է երկու կարեւոր նախադրյալ՝ իսրայելական ազդեցության ուժեղացումն Ադրբեջանում եւ դաշնակցային հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի հետ, որոնք կպահպանվեն կարճաժամկետ հեռանկարում: Հայաստանը, ընտրելով նշված այլընտրանքային ուղին, կբարձրացնի Իրանի հետաքրքրությունը հարաբերությունների ամրապնդման հարցում, քանի որ իսրայելական եւ սուննիական ազդեցության մեծացումն իր հյուսիսային սահմանների մոտ անթույլատրելի է Թեհրանի համար: Ուստի, փոխլրացնող քաղաքականությունը, որն իրագործվում է 2000-ականների սկզբներից, կարող է իրագործվել մերձավորարեւելյան ուղղությամբ՝ հաշվի առնելով փոփոխվող իրողությունները: 

 

Երկրորդ՝ Ծոցի արաբական պետությունները, որոնք հսկայական ֆինանսական ռեսուրսներ են տնօրինում, նույնպես հետաքրքրված են ներդրումային ուղղությունների դիվերսիֆիկացման հարցում: Նոր իշխանությունը, որը ձեւավորվում է իրեն նախորդին հակադրելով, չի վարկաբեկել իր վճարունակությունը, ինչը թույլ է տալիս ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալ: Կարեւոր ենթակառուցվածքային նախագծերը, որոնց կարիքը Հայաստանն ունի, կարող են աջակցություն ստանալ Ծոցի երկրների կողմից ինչպես տարածաշրջանի ծայրամասում իրենց ազդեցությունը մեծացնելու, այնպես էլ իրանական գործոնի հավանական դերը նվազեցնելու նպատակով: Օրինակ, մի շարք ընկերություններ, ինչպիսիք են Najd Investments-ը եւ Public Investment Fund սաուդական ինքնիշխան ֆոնդը, կարող են հետաքրքրված լինել գյուղատնտեսության ոլորտում ներդրումների հարցում, ինչը Հայաստանի համար առանձնահատուկ կարեւորություն ունի: Վերջինը «Սաուդյան Արաբիայի տեսլական 2030» ռազմավարության շրջանակում պետք է առաջատար դիրքեր զբաղեցնի համաշխարհային ներդրումներում: Հայկական շուկան, չնայած հարաբերական սահմանափակությանը, կարող է դրա հենքը լինել Անդրկովկասում: Դա դրական ազդեցություն կունենա ոչ միայն տնտեսության, այլեւ հայկական պետության պաշտպանունակության բարձրացման վրա, քանի որ Ծոցի երկրների դիրքերի ամրապնդման պարագայում վերջիններս կձգտեն ապահովել իրենց ներդրումների անվտանգությունը: 

 

Արտաքին քաղաքականության ընդհանուր հայեցակարգի վրա հիմնված Մերձավոր եւ Միջին Արեւելքի պետությունների հետ հարաբերությունների կառուցման ռազմավարական մոտեցման բացակայության պարագայում, Հայաստանը կշարունակի հետագայում եւս զրոյի հավասարեցնել իր դերը տարածաշրջանային գործընթացներում: Առկա լուրջ ռեսուրսները՝ ինտելեկտուալ եւ Սփյուռքի ներուժի տեսքով, պասիվ քաղաքականության պայմաններում կարող են կորցնել իրենց արդիականությունն ու նշանակությունը: Արդյունքում, հայկական գործոնի նվազումը կհանգեցնի արտաքին քաղաքական գործողություններում սահմանափակության ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ առհասարակ գլոբալ դերակատարների հետ հարաբերություններ կառուցելիս: Նոր իշխանությունները, արտաքին քաղաքականությունում թույլ տալով անթույլատրելի սխալներ, որոնք բնորոշ էին նախկին իշխանություններին, կարող են նմանվել նրանց, որոնց իրենք դեմ էին:

 

Սերգեյ Մելքոնյանը մերձավորարեւելյան քաղաքական գործընթացների փորձագետ է, իսրայելագետ: International Studies կենտրոնի ղեկավարն է: 

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին