Ինչպես ամրապնդել հեղափոխության ժողովրդավարական նվաճումները - Mediamax.am

Ինչպես ամրապնդել հեղափոխության ժողովրդավարական նվաճումները
34879 դիտում

Ինչպես ամրապնդել հեղափոխության ժողովրդավարական նվաճումները


Ներածություն

Երեք շաբաթ առաջ, ապրիլի 22-ին լույս տեսած իմ նախորդ հոդվածում, երբ առաջարկել էի Հայաստանում սկսված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ իմ պատկերացումները, չէի կարող պատկերացնել, թե իրադարձությունները երկրում ինչ սրընթաց զարգացում կստանան։ Մեկ օր հետո իր հրաժարականը ներկայացրեց Սերժ Սարգսյանը, իսկ երկու շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը «սպիտակ նժույգի» վրա մտավ Բաղրամյան 26, որպես ժողովրդի կողմից «թագավորական» գահին նստեցված, սիրված եւ տառացիորեն պաշտանմունքի առարկա դարձած նոր առաջնորդ։ Հայաստանը թեւակոխեց իր պատմության նոր փուլ՝ փուլ, որից բազում են դրական ակնկալիքները, սակայն եւ իրական են վտանգները, եւ մինչեւ մենք չանցնենք այդ անցումային փուլը եւ չհասնենք կայուն ժողովրդավարական հանգրվանի, հեղափոխությունը չի կարող ավարտված լինել, իսկ նրա արդյունքները՝ միարժեք եւ ամբողջական։

Այս հեղափոխության նպատակն ի սկզբանե երկրում ժամանակակից ժողովրդավարական կառավարում հաստատելն էր՝ զերծ օլիգարխիայի եւ նրա հետ սերտաճած ուժային կառույցների պարտադրանքից, քաղաքական կոռուպցիայից, քաղաքացիների սիստեմատիկ ստորացումից եւ ձայնազրկումից, ստից եւ իմիտացիայից։ Ուստի հեղափոխության դրական զարգացումը իր առջեւ միշտ պետք է ունենա այդ նպատակը։

Այսօր, երբ հանրությունը քննարկում է նախարարների նշանակումները, նոր վարչապետի այս եւ այն կենդանի հայտնությունները, նախորդ իշխանությունից մնացած տարբեր պաշտոնյաների մերժման հերթական գործողությունները, կարեւոր է, որ մեր տեսադաշտից չկորցնենք այդ առանցքային ուղենիշը, եւ հարց տանք մեզ՝ արդյո՞ք տեղի ունեցողը տանում է մեզ դեպի ժողովրդավարական ապագա, թե մենք դոփում ենք տեղում, կամ նույնիսկ հետ ենք ընկնում, տարվելով պահային նպատակներով։ Այս իմաստով անհրաժեշտ է մի պահ վերանալ իրավիճակային աղմուկից եւ հարց տալ՝ ինչո՞ւ անկախությանը հաջորդած համարյա երեք տասնամյակների ընթացքում մենք չկարողացանք կառուցել ժողովրդավարական երկիր, ի՞նչն է իրապես փոխվել հիմա, եւ ինչ մենք պետք է անենք մոտ ապագայում, որպեսզի կարողանանք ընթանալ կայուն ժողովրդավարական զարգացման ուղով։

Ինչու անկախ Հայաստանում չձեւավորվեց ժողովրդավարական կառավարում

Հայտնի փաստ է, որ ժամանակակից Հայաստանի անկախացումը տեղի է ունեցել ոչ թե որպես գաղափարապես եւ կազմակերպչականորեն պատրաստված պատմական ընթացք, այլ որպես ինքնաբուխ, ըստ էության, ընդամենը մեկ տարի տեւած շարժման արդյունք, որը համընկավ Խորհրդային Միության ներսում սկսված կազմաքանդման աննախադեպ գործընթացի հետ։ Արդյունքում մենք ստացանք նոմինալ անկախ երկիր, որը չուներ անկախության բազմաթիվ ատրիբուտներ (բանակ, տնտեսություն, պետական կառավարման համակարգ), եւ ամենակարեւորը, չուներ անկախությանը պատրաստ եւ այդ գիտակցությամբ ապրող, կազմակերպված կառավարող վերնախավ։ Հեղափոխական շարժման արդյունքում իշխանության եկած երիտասարդ գործիչները մի քանի տարվա ընթացքում, թույլ տալով բազմաթիվ սխալներ, կորցրեցին բնակչության վստահությունը եւ աստիճանաբար դուրս մղվեցին կառավարման դաշտից։ Նրանց փոխարեն 1998 թվականից հետո երկրի ղեկին սկսեցին գալ մարդիկ, որոնց համար անձնապես իշխանության մեջ լինելը շատ ավելի կարեւոր էր, քան ազատության, ազգային վերածննդի եւ ժողովրդավարության այն իդեալները, որոնց ակնկալիքով տեղի էր ունեցել Հայաստանի անկախացումը։

Այդ մարդիկ, մոտ քսան տարի անբաժան իշխելով Հայաստանում, կարողացան կոնսոլիդացնել եւ ձեւավորել թե պետական կառավարման սեփական համակարգը, եւ թե բացահայտ չհայտարարվող, բայց համակարգի ներսում միարժեք ընդունվող գաղափարախոսությունը։

Այդ գաղափարախոսության հիմքում ընկած էր դարեր շարունակ նվաճողների ազդեցության տակ մեր իսկ միջավայրում ձեւավորված շահագործման փիլիսոփայությունը (տնտեսագետ Տարոն Աճեմողլուի բնութագմամբ՝ extractive elite mentality), որի առանցքում դրված է մեկ պարզ սկզբունք՝ իշխանությունը մենաշնորհային շահույթ եւ հանրային հեղինակություն ստանալու հիմնական միջոցն է, եւ իշխանության ակումբ ընդունվում են միայն նրանք, որոնք պատրաստ են այդ սկզբունքին անվերապահորեն ծառայել։

Հանրային բարեկեցությունը, անվտանգությունը, երկրի զարգացումը, ազգային իդեալները, արդարությունը՝ երկրորդական հարցեր են, դրանցով վերնախավը զբաղվում էր միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, այնքանով, որքանով դա պահանջվում էր իշխանությունը պահելու համար։ Մնացած ժամանակ այն զբաղված էր դրա իմիտացիայով։ Հայաստանյան վերնախավի այս շահագործչական եւ իմիտացիոն գործունեությունը հանգեցրել է նրանից դուրս մնացած բնակչության լայն խավերի մոտ խորը հիասթափության, դառնության, եւ որպես հետեւանք՝ հայկական իրականությունից զանգվածային փախուստի։ Արտաքուստ ժողովրդավարական սահմանադրության շղարշի տակ իշխող վերնախավը կարողացել էր ստեղծել մի իրողություն, երբ մարդկանց մեծամասնությունը փաստացի զրկված էր որեւէ քաղաքական ընտրությունից, իսկ քաղաքականապես ակտիվ փոքրամասնությունը, հուսախաբ լինելով ընտրական ինստիտուտներից, միայն փողոցում էր տեսնում իր պայքարի հանգուցալուծումը։

Ցավալի է գիտակցել, սակայն այս շահագործման համակարգը ձեւավորվել եւ կարողացել էր այսքան տարի իշխանություն պահպանել, քանզի այն հենվում էր մեր համաքաղաքացիների զգալի հատվածի խորքային բնազդների վրա։ Համակարգային կոռուպցիան, բնակչության եւ երկրի բնական ռեսուրսների շահագործումը եւ դրանից ստացվող ապօրինի շահույթի տարբեր տեսակները Հայաստանում ապրող զգալի թվով մարդկանց համար եղել եւ մնում են առավել հզոր կենսական ազդակները, իրենց առկա արժեհամակարգի շրջանականերում, եւ նրանք համալրում էին շահագործող իշխանության տարբեր օղակները, քանի որ իրենց համար այն օրգանապես հոգեհարազատ էր։ Մեդալի հակառակ կողմում էլ բնակչության զգալի մասի պատերնալիստական գիտակցությունն էր՝ պետության նկատմամբ սպառողական եւ կրավորական վերաբերմունքը, որի համաձայն այն պարտավոր է ապահովել իրենց նվազագույն սոցիալական կարիքները՝ հնազանդության դիմաց, եւ անկախ նրանից, թե իրենք գործով ինչ իրական արժեք են ստեղծում։ Այս երկու դոմինանտ մտայնությունների միախառնումը անցած տարիների ընթացքում ստեղծել էր տոքսիկ մի սիմբիոզ, որի վրա հենվում էր ավտորիտար իշխանությունը։ Դրա առավել ցայտուն արտահայտությունն այն էր, որ համապետական ընտրությունների ընթացքում իշխանությունը ամենաշատ ձայներն էր հավաքում երկրի առավել աղքատ ու սոցիալապես անապահով համայնքներում։ Փաստացի, շահագործողների իշխանությունը մեր երկրում հենվում էր առավել իրավազուրկ եւ աղքատ բնակչության հնազանդության վրա։

Բնակչության այս երկու խմբերի համար ժողովրդավարությունը, սոցիալական եւ իրավական արդարությունը, ազատականությունը արմատապես խորթ արժեքներ էին, թեեւ տարբեր պատճառներով։ Եթե վերնախավի համար դրանք սպառանալիք էին իրենց հասարակական ստատուսին եւ կյանքում հաջողության մասին արմատացած պատկերացումներին, ապա բնակչության իրավազուրկ խավերի համար դրանք աբստրակտ եւ անօգուտ, իրենց չարքաշ կյանքի վրա անմիջականորեն չազդող «շքեղություն» էին, որը հեշտորեն կարելի էր հրաժարվել՝ ընտրակաշառքի եւ հարուստների սեղանից այլ «փշրանքների» դիմաց։ Ուստի, մինչեւ հնարավոր չլինի եղած արժեքահամարգի փոխարեն այլ, առողջ եւ հասկանալի կենսական ազդակներ առաջարկել բնակչության այս խմբերին, երկարաժամկետ հեռանկարում հնարավոր չի լինի փոխել նաեւ իշխանական համակարգի խորքային տրամաբանությունը՝ այն կարող է վերապրել այս հեղափոխությունը, եւ աստիճանաբար վերադառնալ ի շրջանս յուր, ինչպես արդեն տեղի է ունեցել անցյալում, 1998 թվականի իշխանափոխությունից սկսած։ 

Մինչեւ Թավշյա հեղափոխությունը, հանրային ընդվզումը, թիրախավորելով առկա իշխանություններին, այնուհանդերձ, երբեք չէր բարձարացել համակարգային այլընտրանք առաջարկելու մակարդակի։ Թավշյա հեղափոխությունը վերջին երկու տասնամյակներում առաջին դեպքն է, երբ շահագործողների իշխանությունը ընկրկեց ժողովրդական լայն զանգվածների ճնշման տակ, եւ երկրում ստեղծված հեղափոխական իրավիճակը հնարավորություն է տալիս այժմ վերափոխել իշխանության համակարգը ներսից։ Որպեսզի մոդելավորել, ինչ ուղղությամբ է ցանկալի շարունակել հեղափոխության զարգացումը, եւ ինչպես կարելի է ձեւավորել իրական համակարգային այլընտրանք, իմաստ ունի հանրագումարի բերել, թե իրականում ինչն է փոխվել, եւ նաեւ ինչը դեռ չի փոխվել երկրում այս հեղափոխության արդյունքում, եւ ինչ խորքային իրավիճակ ունենք այսօր։

Ինչպես է հեղափոխությունը փոխել Հայաստանը

Հանրային ընդվզումը, փոքր դադարներով եւ տարբեր ձեւերով, Հայաստանում շարունակվում էր վերջին տաս տարիների ընթացքում, սկսած 2008 թվականի ձախողված նախագահական ընտրություններից, եւ ընդհուպ մինչեւ Սասնա Ծռերի կողմից ՊՊԾ գնդի գրավումը 2016 թվականին։ Այս տարիների ընթացքում, թեեւ իշխանությունը կարողանում էր ամեն անգամ ինչ-որ պահային լուծում գտնել ընդվզումը ճնշելու համար, այն աստիճանաբար սպառում էր իր ավանդական ուժային եւ քաղաքական ռեսուրսները, ամեն հերթական շրջադարձին ստիպված լինելով դրանց ինչ-որ մասը զոհաբերել։ 2015 թվականին, սեփական իշխանությունը երկարաձգելու շահերից ելնելով, այն արմատական փոփոխությունների ենթարկեց Սահմանադրությունը, տեսականորեն բաց անելով ապագա իշխանափոխության դուռը։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ այն ստիպված եղավ զգալի չափով փոխել իր հանրային անձնակազմը, հեռացնելով ակտիվ դերակատարությունից բազմաթիվ օդիոզ դեմքերի եւ կառավարության մեջ առաջին պլան մղելով երիտասարդ, կրթված, եւ կոռուպցիոն անցյալից զերծ բազմաթիվ պրոֆեսիոնալների։ Իշխող համակարգի այս էվոլյուցիոն զարգացումը կարող էր շարունակվել, եթե նրա օլիգարխիկ թեեւը նորից չփորձեր Սերժ Սարգսյանի կառավարման ժամկետի երկարաձգման միջոցով ռեւանշի գնալ։

Սակայն դա արդեն անցյալ է, իսկ իրականությունն այն է, որ 2018 թվականին հանրային ընդվզումը բախվեց զգալիորեն թուլացած, ներքուստ միասնական արժեհամակարգից արդեն զուրկ, խմբային տարբեր մոտիվներ հետապնդող եւ արդյունքում անհամասեռ իշխանությանը, որը մեկ ամսվա դիմակայության ընթացքում սպառելով քաղաքական ազդեցության իր հիմնական ռեսուրսները, ստիպված եղավ տեղի տալ՝ վերջնական փլուզումից խուսափելու համար։

Հեղափոխության արդյունքում իշխանության նախկինում միասնական արժեքային կոդը զգալիորեն խաթարվել է, եւ այժմ նրա տարբեր մասեր գտնվում են նոր արժեքների փնտրտուքի շրջանում։ 

Նույն ժամանակաշրջանում լուրջ փոփոխություններ ապրեց նաեւ ակտիվ հանրությունը։ Վերջին տասը տարիների ընթացքում մի շարք կարեւոր հանրային պրոցեսներ տեղի ունեցան, որոնք բերեցին հանրության ակտիվ մասի խորքային վերափոխման եւ ընդլայնման։ 2014 թվականից սկսված, մարտական գործողությունների բովով անցան եւ թրծվեցին բազմաթիվ երիտասարդներ, որոնք զորացրվելուց հետո միացան հանրային ընդվզմանը։ Զուգահեռ, հիմնականում Երեւանում, բայց եւ մասամբ մյուս քաղաքներում, ձեւավորվեց միջին դասի ստվար զանգված՝ ժամանակակից կրթությամբ, ազատական հայացքներով եւ ամենակարեւորը՝ իշխող համակարգից անկախ եկամուտի աղբյուրներով։ Դրան նպաստեց նաեւ վերջին հինգ տարիներին հայրենադարձության տեմպերի աճը։ Շարունակվող արտագաղթի ֆոնի վրա, 2013-2017 թվականներին Հայաստան մշտական բնակության են եկել մոտ 35 000 օտարերկրյա քաղաքացիներ, զգալի մասը արեւմտյան երկրներից, իրենց հետ բերելով բարձր քաղաքացիական գիտակցություն, հանրային ակտիվության ձեւավորված ավանդույթներ, եւ այդ ակտիվությանը աջակցելու ֆինանսական հնարավորություններ։ Նույն ընթացքում, հասարակության մեջ նաեւ զգալիորեն աճեց կանանց դերակատարումը։ Երիտասարդ տղամարդկանց շարունակվող արտագաղթի ֆոնի վրա կանայք ոչ միայն դարձան բնակչության ընդգծված մեծամասնությունը, այլեւ սկսեցին ակտիվորեն զբաղեցնել հանրային այնպիսի դերեր, որոնք նախկինում վերապահված էին հիմնականում տղամարդկանց, դրանով փոխելով նաեւ ակտիվ հանրության ընդհանուր դիմագիծը։

2018 թվականին այս ակտիվ հանրությունը առաջին անգամ կարողացավ կրիտիկական զանգված կազմել, եւ ունենալով նպատակասլաց եւ հետեւողական առաջնորդություն, քանակական եւ որակական առավելության հասավ իշխող համակարգի ուժերի նկատմամբ։ Խնդիրը, սակայն, այն է, որ իշխող համակարգը, թեեւ պարտվել է, բայց բոլորովին էլ չի ոչնչացել։ Այն ոչ միայն պահպանում է ազդեցությունը պետության կարեւորագույն կառույցների՝ առաջին հերթին Ազգային ժողովի եւ Սահմանադրական դատարանի վրա, այլեւ, մեծ հաշվով, շարունակում է գերակա մնալ հասարակության զգալի մասի գիտակցության մեջ։ Դրա առավել ակնառու արտահայտությունն այն է, որ նախկին համակարգի անսկզբունք գործիչների մեծ մասը պարզապես փորձում են հիմա իրենց համար նոր քաղաքական հանգրվաններ գտնել՝ առանց որեւէ ապաշխարհանքի եւ տեղի ունեցածի արժեքային վերաիմաստավորման, իսկ իշխող համակարգի սոցիալական բազան հանդիսացող իրավազուրկ զանգվածները պատերնալիզմի նախկին, տեղական ֆեոդալներին հնազանդության իրենց մոդելը արագ փոխել են նոր, ոչ պակաս տոքսիկ մոդելով՝ հիմնված հեղափոխության առաջնորդի անհատի անվերապահ պաշտանմունքի վրա, զուգահեռ ուռճացնելով նաեւ նրա հետ կապված պոպուլիստական ակնկալիքները։

Այս ամենն իր մեջ հեղափոխության հետագա ժողովրդավարական զարգացման համար մեծ վտանգներ է կրում։ Պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ ի սկզբանե ժողովրդավարական նպատակներ հետապնդող հեղափոխությունները, հայտնվելով պոպուլիստական խոստումների եւ դրանց իրականացման անհնարինության ծուղակում, աստիճանաբար մղել են իրենց երկրները տոտալիտար կամ ավտորիտար դիկտատուրաների։ Այդպես է եղել Ռուսաստանում 1917 թվականին, Իտալիայում՝ 1923 թվականին, Կուբայում՝ 1959 թվականին, Չիլիում՝ 1970 թվականին։ Ամեն անգամ հեղափոխական ոգեւորությունը եւ լավատեսական ակնկալիքները փոխարինվել են ներքին բախումներով, արյունահեղությամբ եւ բազմատեսակ ու բազմաթիվ կորուստներով։

Հայաստանը եւս զերծ չի մնալցել այս պատմական օրինաչափություններից։ Մեր երկրում եւս, նախորդ հեղափոխության արդյունքում, լայնընդգրկուն ժողովրդավարական աջակցությամբ 1991 թվականին ստեղծվեց նոր իշխանություն, որը հինգ տարիների ընթացքում դարձավ սեփական ժողովրդավարական սկզբունքների հակօտնյան, 1996 թվականին գնաց նախագահական ընտրությունների կեղծման ճակատագրական քայլին՝ դրանով բացելով ավտորիտար իշխանության հաստատման ճանապարհը։ Մեր սերունդը, անցնելով նախորդ հայկական հեղափոխության միջով եւ տեսնելով նրա վայրիվերումները՝ պարտավոր է այսօր մոբիլիզացնել իր ուժերը եւ կարողությունները՝ զարգացնելու Թավշյա հեղափոխության ձեռքբերումները, եւ թույլ չտալու նրա հերթական շրջադարձը դեպի ավտորիտար կառավարում։

Այս նպատակով պետք է հստակ ձեւակերպել այն կարեւորագույն քայլերը, որոնք հնարավորություն կտան ամրապնդել ժողովրդավարական եւ ազատական գիտակցությունը բնակչության լայն խավերի մեջ, ինչպես նաեւ վերափոխել կառավարման համակարգի այն տրամաբանությունը, որը բերել է այսօրվա ճգնաժամին։

Ինչպես ամրապնդել հեղափոխության ժողովրդավարական նվաճումները

Եթե ցանկանում ենք խուսափել նախորդ հայկական հեղափոխության ճակատագրից, եւ ամրապնդելով Թավշա հեղափոխության նվաճումները՝ կառուցել կայուն ժողովրդավարությամբ, ազատ, անվտանգ եւ բարեկեցիկ երկիր, արդեն այսօր պետք է սկսել իրականացնել բարեփոխումների մեծ փաթեթ, բաղկացած մի քանի կարեւոր փողկապակցված ուղղություններից։ Ստորեւ պայմանականորեն ձեւակերպելով այդ ուղղությունները, մենք ակնկալում ենք, որ դրանք հասարակության մեջ լայն քննարկումների մեկնարկ կտան եւ կբերեն առավել ամբողջական փաթեթի ձեւավորմանը․

Ա) Սահմանադրական բարեփոխումներ՝ նախկինում առիթ ենք ունեցել նշելու, որ 2015 թվականին ընդունված եւ այսօր գործող Սահմանադրությունը բազմաթիվ վտանգավոր բացեր ունի, որոնց տառացիորեն ականատես ենք լինում այս օրերին։ Այդ բացերը պետք է շտկել։ Մասնավորապես, ցանկալի է Զինված ուժերի գերագույն հրամանատարությունը վերաենթարկել երկրի նախագահին, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում երաշխավորվի նրանց քաղաքական չեզոքությունը եւ մարտունակությունը, նախատեսել Ազգային ժողովի լուծարման ավելի պարզ մեխանիզմ, Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնության շեմը բարձրացնել պատգամավորների 3/5-ից 2/3-ի, չեղարկել կայուն մեծամասնության մասին արհեստածին դրույթը, որոշակիորեն սահմանափակել վարչապետի լիազորությունները, ընդարձակել ընդիմության վերահսկողական լիազորությունները եւ այլն։ Այս ամենը հնարավորություն կտա ունենալ ավելի հավասարակշռված, փոխլրացնող եւ վերահսկող քաղաքական համակարգ եւ բացառել որեւէ մեկ թեեւի կողմից իշխանության ուզուրպացիան։

Բ) Ընտրական բարեփոխումներ՝ այսօրվա սահմանադրությամբ, երկրի կառավարման մեջ առանցքային դեր են ստանձնում կուսակցությունները, եւ կարեւոր է հավասարեցնել նրանց մեկնարկային հնարավորությունները եւ իրական մրցակցային դաշտ ստեղծել նրանց միջեւ։ Նախկինում իշխող համակարգը, իրեն սպասարկող տարբեր կուսակցություններով, ուներ հսկայական առավելություն՝ կենտրոնացնելով իր ձեռքում երկրի ռեսուրսների մեծ մասը եւ օգտագործելով դրանք քաղաքական նպատակներով։ Այսօր էլ դեռ շատ բան չի փոխվել։ Անհրաժեշտ է բարեփոխել կուսակցությունների մասին օրենսդրություննը, սահմանափակել առանձին կուսակցությունների կողմից անվերահսկելի միջոցների օգտագործման հնարավորությունը, մյուս կողմից երաշխավորհելով ընտրություններին մասնակցած եւ նվազագույն շեմը անցած կուսակցություններին արդյունավետ պետական աջակցություն (թերեւս, նաեւ նվազեցնելով այդ շեմը)։ Միաժամանակ, անհրաժեշտ է բարեփոխել ընտրական օրենսդրությունը, անցնել կամ մաքուր մաժորիտար, կամ մաքուր համամասնական ընտրական համակարգի, տեխնիկապես նվազագույնի հասցնել ընտրակեղծիքների հնարավորությունը, եւ կտրուկ բարձրացնել պատասխանատվությունը ընտրակաշառք տալու եւ վերցնելու համար՝ հավասարեցնելով այն վտանգավոր հանցագործության։

Գ) Ադմինիստրատիվ եւ դատաիրավական բարեփոխումներ՝ պետական կառավարման համակարգը, որը երկար ժամանակ գործել է իմիտացիոն տրամաբանությամբ, եւս կարիք է ունենալու արմատական բարեփոխումների՝ հիմնված գործունեության նպատակային արդյունավետության եւ թափանցիկության բարձրացման, պրոֆեսիոնալ կարողությունների եւ ինստիտուցիոնալ հիշողության ամրապնդման, շուկայականին համարժեք վարձատրության եւ ադմինիստրատիվ թվակազմի կրճատման վրա։ Այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ սկսվել էին արդեն նախորդ կառավարության ընթացքում, սակայն այժմ դրանք պետք է նոր թափ ստանան։ Հեղափոխության էներգիան պետք է օգտագործվի՝ ձեւավորելու ժամանակից պետական մեքենա, որը կարող է արդյունավետ պետական քաղաքականություն մշակել եւ իրականացնել՝ զերծ համակարգային կոռուպցիայից եւ պետական միջոցների շարունակական վատնումից։ Նույնը ավելի քան արդիական է դատաիրավական համակարգի համար, որի բարեփոխումը ունի լրացուցիչ բարդություններ՝ այդ համակարգի կաստայական պաշտպանվածության շնորհիվ, ուստի ավելի մեծ ռեսուրսներ եւ հետեւողականություն է պահանջելու։

Դ) Սոցիալական բարեփոխումներ՝ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ բնակչության լյումպենիզացիան եղել է նախորդ իշխանության գիտակցված քաղաքականությունը։ Այն միտված է եղել հնազանդ քաղաքական հենարանի պահպանությանը, եւ դա արվել է պետական քաղաքականության կոնկրետ գործիքների միջոցով։ Այսօր կարեւոր է փոխել այդ գործիքակազմը, մասնավորապես՝ բարձրացնել համայնքային կառավարման մարմինների լիազորությունները եւ թափանցիկությունը, խրախուսել համայնքներում ձեռնարկատիրական գործունեությունը եւ անհատական նախաձեռնությունը, պետական բյուջեի զգալի մասն ուղղել Երեւանից դուրս գտնվող համայնքների զարգացմանը, աջակցել ինքնազբաղված եւ գործազուրկ բնակչությանը՝ ձեռք բերելու ժամանակակից մասնագիտություններ եւ աշխատանք, սոցիալական աջակցության մեխանիզմները դարձնել ավելի ճկուն՝ խրախուսելու մասնագիտական վերապատրաստումը, մասնակցությունը սեզոնային աշխատանքներին, երկրի բերսում աշխարհագրական մոբիլությունը, եւ այլն՝ այն հաշվարկով, որ աղքատության շեմից ցածր գտնվող քաղաքացիների աճող զանգված իրական ազդակներ ստանա՝ ներգրավվելու աշխատանքային գործունեության, դառնա քաղաքականապես ավելի գիտակից եւ պատասխանատու, եւ ժամանակի ընթացքում հրաժարվի սեփական ձայնը վաճառելու արատավոր գործելաոճից։ Այս ամենը, բնականաբար, պետք է տեղի ունենա ներառական տնտեսական աճի ֆոնի վրա, որը առանձին ծավալուն քննարկում է պահանջում։

Ե) Կրթական բարեփոխումներ՝ այս օրերին շատ է խոսվել այն մասին, որ նախկին իշխանությունը անխնա օգտագործել է պետական կրթական համակարգը՝ ընտրակեղծարարության, սեփական իշխանության բազան ամրապնդելու եւ արատավոր արժեքներ սերմանելու համար։ Այսօր այդ տրամաբանությունը պետք է արմատապես փոխվի՝ կրթական համակարգը պետք է դաստիարակի ազատ եւ արժանապատիվ քաղաքացի, սեփական դատողություններ անելու ընդունակ, տարբեր կուսակցական ազդեցություններից, հոտային բնազդներից եւ ցանկացած պարտադրանքից զերծ։ Այս բարեփոխումը առավել դժվարն է լինելու եւ պահանջելու է երկար տարիներ, քանի որ սկզբից պետք է բարեփոխել այն տասնյակ հազարավոր մանկավարժներին, որոնք դաստիարակում են մեր երեխաներին։ Նախորդ իշխանությունների օրոք, ցավոք, մենք ուսուցչին սկսել էինք վերաբերվել մնացորդային սկզբունքով՝ զրկելով նրան համարժեք վարձատրությունից, հանրային ստատուսից եւ լավագույնս իր կարողությունները բացահայտելու ազդակներից։ Նա դարձել էր ավտորիտար համակարգի պատանդը։ Այսօր մենք պետք է ազատենք ուսուցչին այդ պարտադրանքից, որպեսզի նա էլ ազատի մեր երեխային, եւ մեզ էլ օգնի նրանից ազատ եւ հասուն անհատ դաստիարակել։

Այս ամենը դեռ բավական սխեմատիկ է շարադրված՝ իրականությունը շատ ավելի բարդ է եւ պահանջելու է բազմաթիվ մարտավարական քաղաքական լուծումներ, նոր ընտրություններ, քաղաքական դաշինքներ, բարեփոխումների իրականացումն էլ բազմաթիվ նոր խնդիրներ է ծնելու։ Այնուհանդերձ, կարեւոր ենք համարում հստակ ձեւակերպել ժողովրդավարական բարեփոխումների առանցքային օրակարգը եւ սկսել դրա ընդարձակ հանրային քննարկումները։ Ինչպես արդեն վերը նշել եմ, մենք հեղափոխության զարգացման մեջ պոպուլիստական գայթակղության իրական վտանգ ենք տեսնում, եւ այսօր հանդես ենք գալիս այս օրակարգով՝ որպես հստակ համակարգային այլընտրանքի ձեւավորման հանրային հայտ։ Պատրաստ ենք նաեւ նպաստել առաջարկված ուղղությունների շուրջ հանրային քննարկումների կայացմանը՝ հասունացնելու եւ ամբողջականացնելու այս օրակարգը եւ գործով աջակցելու Թավշյա հեղափոխության ժողովրդավարական ձեռքբերումների ամրապնդմանը։

Ավետիք Չալաբյանը «Արար» հիմնադրամի Խորհրդի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին