«Այբ»-ը, անտեղյակությունը, սարկազմն ու կոպտությունը - Mediamax.am

«Այբ»-ը, անտեղյակությունը, սարկազմն ու կոպտությունը
12519 դիտում

«Այբ»-ը, անտեղյակությունը, սարկազմն ու կոպտությունը


Մեկ շաբաթ է, ինչ չեմ կարող հանգիստ աշխատել, մտորում եմ, բայց չեմ արտահայտվում։ Հաշվի առնելով, որ աշխատում եմ «Այբ» կրթական հիմնադրամում, սա կարող է թվալ առնվազն տարօրինակ։ Ինչպե՞ս կարելի է լռել, երբ բոլորն են խոսում «Այբ»-ի մասին։ Բայց ես լուռ եմ եւ փորձում եմ հասկանալ, թե ինչ եմ զգում եւ ինչ կարող եմ այս իրավիճակում ասել։ 

 

Ինձ համար կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ «Այբ» հիմնադրամին ուղղված հայտարարություններում, գործողություններում կա ընդամենը մեկ խնդիր։ Եվ դա ոչ թե անդրադարձն է «Այբ» կառույցին եւ համայնքին, ոչ էլ «էլիտար» պիտակը, եւ ոչ անգամ ստուգումները, որոնք ներկայացվում են որպես աուդիտ։ Ինձ համար միակ խնդիրն ընտրված ձեւաչափն է՝ խնդրի անձնավորումը, ուղերձների կոպտությունը, սարկազմը։

 

Նրանք դուրս էին եկել իշխանության կոմպետենտության համար

 

Անընդհատ մտածում եմ մի հմտության մասին, որ ոչ մի «Անասնաֆերմա» կամ ցանկացած այլ գիրք չի սովորեցնի։ Այո, ես կարծում եմ, որ ոչ մի խնդիր չկա, որ Սփյուռքի նախարարը չի կարդացել Ջորջ Օրուելի կամ այլ գրողի որեւէ գիրք։ Խնդիր կա այն լրագրողի հետ, որը սա ներկայացնում է որպես միջադեպ, «պրոբլեմ», ամոթ։ Եվ այս դեպքում ոչ թե նախարարն է դառնում ոչ կոմպետենտ, քանի որ որոշ գրքեր չի կարդացել, այլ հենց լրագրողը։ 

 

Ինձ համար անգամ խնդիր չէ, եթե կրթության եւ գիտության նախարարը ինչ-որ գիրք կարդացած չլինի։ Բայց ինձ համար լրջագույն խնդիր է, որ որեւէ նախարար պաշտոնական հայտարարություն անելիս օգտագործում է անձնավորված վիրավորանք եւ սարկազմ։ 

 

Մենք դժգոհ էինք, երբ նախորդ իշխանության որեւէ ներկայացուցիչ իրեն թույլ էր տալիս հանրային կերպով վիրավորել կոնկրետ անձանց։ Հիմա որեւէ բա՞ն է փոխվել։ 

 

Նրանք դուրս էին եկել անաչառության համար

 

Ես ավարտել եմ լրագրության ֆակուլտետը եւ սովորել, որ որեւէ բանի մասին դատելու համար պետք է ունենալ տեղեկատվության առնվազն 3 աղբյուր, իսկ խնդիրը ներկայացնելուց զերծ մնալ սուբյեկտիվ կարծիքից, խոսել միայն փաստերով, լինել անաչառ։ Ու թեեւ լրագրող չեմ աշխատում, մինչ օրս ամեն հարցում փորձում եմ այդ կանոնին հետեւել։ 

 

Քանի օր է՝ հետեւում եմ լրահոսին, հիմնականում՝ պաշտոնական։ Եվ տեսնում եմ շատ տխրեցնող պատկեր։ Տեսնում եմ ի սկզբանե բացասական տրամադրվածություն, մեղադրանքներ առանց հստակ փաստերի, ընդհանրական բառեր եւ ոչ մի կոնկրետ տեղեկատվություն հստակ աղբյուրներով։

 

Ես տեսնում եմ անտեղյակություն «Այբ» հիմնադրամի, «Այբ» դպրոցի, «Արարատյան բակալավրիատ» ծրագրի եւ դրանց՝ իրար հետ կապերի վերաբերյալ։ 

 

Ես տեսնում եմ անտեղյակություն «Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրների վերաբերյալ։

 

Նրանք դուրս էին եկել հարգանքի համար

 

Ես ունեմ համոզմունք, որ անգամ ամուսինների միջեւ սիրուց առավել պետք է լինի փողադարձ հարգանքը։ Եվ, առհասարակ, մարդկանց կյանքում այդ ունակությունը պետք է լինի առաջնայինը։ 

 

Սիրո եւ համերաշխության, միմյանց հանդեպ հարգանքի քարոզը, որն արվում էր հեղափոխության օրերին, կարծես շատ հարցեր լուծեց։ Եվ հարցերից կարեւորագույնը՝ խնդրի կառուցողական լուծումը։ Մեր հաջողությունը հենց դրանում էր: Եվ մեծ հույսեր կային, որ այսուհետ հարգանքը եւ համերաշխությունը դառնալու են այն հիմքը, որին հիմնվելով կշարժվենք առաջ։

 

Ի՞նչ փոխվեց։ 

 

Կրկնեմ. ես նորմալ եմ համարում եւ հանգիստ վերաբերվում ցանկացած տիպի ստուգումների, առավել եւս եթե դրանք ծրագրերի արդյունավետությանն են ուղղված։ Ես հանգիստ եմ վերաբերվում նոր իշխանության կողմից ոչ ստանդարտ դպրոցներին կամ կրթական այս կամ այն կառույցին անդրադարնալուն։

 

Ինձ համար կարեւոր է ձեւաչափը եւ վերը նշված երեք կետերը, որոնց մեջ եւ տեսնում եմ միակ խնդիրը։ 

 

Չեմ խոսի «Այբ»-ի գործունեությունից, դպրոցից կամ «Արարատյան բակալավրիատ» ծրագրից։ Փոխարենը բոլորին հրավիրում եմ դպրոց կամ հիմնադրամ թեյ խմելու եւ որակյալ կրթության կարեւորության մասին խոսելու։

 

***

 

«Այբ» հիմնադրամում եւ դպրոցում աշխատում են դպրոցի շրջանավարտներից մի քանիսը։ Դեռ մեկ ամիս առաջ նրանք աշխատանքի չէին գալիս եւ դուրս էին եկել պայքարելու բոլորիս լավագույն ապագայի համար։ Դուրս էին եկել իշխանության կոմպետենտության, հարգանքի եւ անաչառության համար։ Այսօր տեսնում եմ նրանց շփոթմունքը եւ մտահոգությունը։ Ուզում եմ, որ այս բոլոր երիտասարդները նորից իրենց մեջ ցանկություն գտնեն պայքարելու, անարդարությունը վերացնելու։

 

Շարմաղ Սաքունցը «Այբ» կրթական հիմնադրամի ֆոնդահայթայթման մասնագետն է։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին