«Տոն», որ միշտ մեզ հետ է - Mediamax.am

«Տոն», որ միշտ մեզ հետ է
1844 դիտում

«Տոն», որ միշտ մեզ հետ է


Հեռուստաէկրանին մի պահ Հայաստանիս երիտասարդ ղեկավարին տեսա տիկնոջ հետ՝ տոնական համերգն էին վայելում Հրապարակից: Տոնդ շնորհավոր, ասացի: Բնականաբար լսել չէր կարող: Երջանիկ Հայաստանի քաղաքացիս այսօր, մայիսի 28-ին քանի ժամ է մեր  «Գեղամա» ռեստորանի «համերգից» էի տանջվում: Կիեւյան կամուրջի հարեւանությամբ իմ բնակարանում ահա քանի ժամ ռեստորանի դմբդմբոցի, այլանդակ ռաբիզի հնչյունների ներքո, մյուս ռեստորանների հրավառությունների, այդ պատճառով էլ բակի մեքենանների ոռնոցի տակ  այնուամենայնիվ փորձում էի Հրապարակի համերգը լսել…

Հնարավոր չեղավ,  2000թ.-ից ի վեր մայիսից մինչեւ խոր աշուն սա է: Իսկ առ այսօր շարունակվող կեսգիշերային հրավառությունների շարունակում են թունավորել մեր եւ մեր երեխաները կյանքը, ահա գրեթե 20 տարի:

«Գեղաման», ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է նախկին ոստիկանապետին եւ մենք կարծում էինք, որ այլեւս վերջ, կարողանալու ենք ապրել մեր բնակարաններում, բայց արի ու տես, որ մղձավանջը շարունակվում է, անտանելի դարձնելուվ «Գեղամայի», «Փարվանայի», «Հավանայի», Հրազդանի կիրճի մյուս ռեստորանների հարեւանությամբ ապրող հպարտ  քաղաքացիներիս  կյանքը:

Լավ, նախկինների օրոք բողոքել ենք՝ հեռուստատեսությամբ, «Ազատություն» ռադիոկայանով, նամակներով, «Առավոտ» թերթով, բարձրաստիճան պաշտոնյա մեր բարեկամներին դիմելով (անուններ չտամ): Ապարդյուն:  Զանգահարում էինք ոստիկանություն, գալիս, ինչ-որ թղթեր էին լրացնում, գնում… Բայց մեր զանգերին, բոլոր դեպքերում, պատասխանում էին:

Այսօր, այս տոնական օրով, մայիսի 8-ից ի վեր ժողովրդի պաշտպան  ոստիկանությանը նույնպես զանգահարեցինք եւ ի՞նչ: Ոստիկանության բոլոր հեռախոսները զբաղված էին՝ Վալերի Օսիպյանի գրասենյակի,102-ը, ոստիկանության թեժ գծերի, կառավարության թեժ գծերի, Մալաթիա բաժանմունքի, Արաբկիրի ոստիկանության հեռախոսահամարները: Տարօրինակ է, բայց փաստ:

…Նոր Կտակարանի ամենատպավորիչ դրվագներից մեկը Հիսուսի մուտքն է ի Տաճար եւ նրա հորդորը առեւտրականներին՝ իր Հոր տունը վաճառատուն չդարձնել: Մեր հայրենիքը առնվազն 20 տարի վաճառատուն է բառիս իսկական առումով, ուր մարդ արարածը իր հոգսերով ամենաէժան, գրեթե արժեք չունեցող ապրանք է: Ես հեռու եմ այն մտքից, որ փոփոխության չունչը արագ հասնելու է ամենուր: Հասկանալի է, որ ոստիկանապետը հրեշտակապետ չի կարող լինել, որ կոռուպցիան աշխարհի  հնագույն արհեստներից է եւ նրա անսպառ վերանալը պատրանք է, սուտ, եթե կուզեք, հատկապես արեւելյան որակի հասարակություններում: Բայց որոշակի քայլեր նոր իշխանությունը պարտավոր է  անել. ռեստորանների հարեւանությամբ բնակվելու դժբախտություն ունեցողներիս կարող է Նոր Հայաստանի երջանիկ քաղաքացիներ դարձնել: Ընդամենը պետք է քայլ/քայլեր անի մեր մայրաքաղաքի անտանելի աղմուկը դադարեցնելու ուղղությամբ՝ համապատասխան օղակները պետք է շրջեն Երեւանի փողոցներով, ժամանցային վայրերով եւ իրավասության սահմաններում լուծեն այս աղմկահարույց  խնդիրը: 

Հ.Գ. Մինչ ես հապաղում էի սույն նյութը հրապարակման հանձնել, մտածելով որ տոն է, մայիսի 28-ն է, միգուցե լռեն, մեկ այլ ոտն հասավ՝ երեխաների պաշտպանության օրը եւ «Գեղաման» իր զռռոցը սկսեց առավոտվանից: Մեր զանգին ի պատասխան ասացին «ախր,  երեխաների պաշտպանության տոնն է», մեր շենքի երեխաներն այս նույն օրը տանջվում էին իրենց երեխաների պատվին հնչող աղմուկից: Երեւանի աղմուկը անտանելի էր նախորդ իշխանությունների օրոք, երբ մենք, քաղացիներս բացարձակապես անպաշտպան էինք ցանկացած ոլորտի իրավունքի տեսակետից: Բայց այսօր, դա ավելի անտանելի է դառնում, ի չիք  դարձնելով մեր բոլոր հույսերը արժանավայել ապրելու մեր տանը, մեր երկրում: Ի դեպ, օրերս Մոսկովյան-Բայրոն խաչմերուկում գտնվող ծաղկի կրպակի վաճառող երիտասարդը, որին խնդրեցի օրը ցերեկով երաժշտություն կոչվածը դադարեցնել կամ մեղմել, ասաց, որ ինքը այսինչի (չեմ հիշում, ում ազգանունը տվեց) զարմիկն է եւ ում ուզում եմ, կարող եմ բողոքել:

Ալվարդ Բարխուդարյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին