Տիկին Գայանեն, ով ինձ թեւեր տվեց ու սովորեցրեց թռչել - Mediamax.am

Տիկին Գայանեն, ով ինձ թեւեր տվեց ու սովորեցրեց թռչել
6150 դիտում

Տիկին Գայանեն, ով ինձ թեւեր տվեց ու սովորեցրեց թռչել


Մաման արագ-արագ սրբում էր արցունքները, պապան՝ նույն եռանդով լուսանկարում։ Այդ օրը մազերիս մեծ, սպիտակ բանտ էին կապել: Նշանակում էր՝ ինչ-որ կարեւոր բան պիտի կատարվեր իմ կյանքում: Երբ բոլոր արարողակարգային ելույթները վերջացան, մամաները լաց եղան, պապաները՝ լուսանկարեցին, տատիկները՝ հպարտացան, պապիկները՝ հորանջեցին, ինձ թողեցին մենակ 21 անծանոթ երեխաների հետ։ Ասացին՝ դասարան մտեք:  Շարքով, զույգ-զույգ, առանց գծված սահմանները խախտելու քայլեցինք դեպի դասարան: Նույն սկզբունքով մեզ տեղավորեցին նստարաններին ու հրահանգեցին լուռ մնալ: Մի քանի րոպեից ներս մտավ մի նրբիրան կին: Տիկին Գայանեն էր՝ սեւ շրջազգեստով, սպիտակ վերնաշապիկով՝ ճիշտ մեզ նման։ Ժպտում էր մեղմ, խոսում՝ ցածրաձայն, լսում՝ համբերատար, լռում՝ մեծահոգաբար։ Ակնոցի տակից կայծկլտում էին սեւ աչքերը։ Ասաց՝ եկեք ծանոթանանք։ Երբ հերթը հասավ դասարանի գիրուկին, տղան հրաժարվեց ներկայանալ։ Ասաց՝ չեմ ուզում։ Տիկին Գայանեն մայրական ժպիտով արձագանքեց՝ «կխոսես, երբ կուզես, նստի'ր, Արմեն ջան»: Չնստեց: Ասաց՝ նստել չեմ ուզում: Տիկին Գայանեն մոտեցավ, գլուխը շոյեց ու ականջին շշնջաց՝ «եթե չես ուզում նստել, կանգնած մնա»:

Ծանոթացավ բոլորիս հետ, իրեն էլ ծանոթացրեց բոլորիս։ Մեզ կարգադրել էին՝ խելո՛ք մնալ, չաղմկե՛լ, լսե՛լ, լռե'լ, կարգապա՛հ լինել, կողքինի հետ չզրուցե՛լ, խոսե՛լ միայն ձեռք բարձրացնելուց հետո եւ էլի շատ ու շատ բաներ անել ու չանել։ Տիկին Գայանեն ոչինչ չկարգադրեց, միայն ասաց՝ «մեր դասի թեման այսօր սերն է» ու պատմեց սիրու՜ն-սիրու՜ն պատմություններ: Այդ պատմությունները չընդհատվեցին 10 տարի ու հյուսեցին մի նոր սիրո պատմություն 22 երեխաների եւ մեկ ուսուցչի միջեւ:

Տիկին Գայանեի համար մանրուքները կարեւոր էին: Դասի ավարտին միշտ մեզնից մեկին խնդրում էր մնալ: Այո, խնդրում էր: Երբ դասարանը դատարկվում էր, նստեցնում էր իր կողքին ու զրուցում: Զրուցում էր երկար, անշտապ, աչքերի մեջ նայելով: Մի անգամ ազատ թեմայով շարադրություն էր հանձնարարել: Հաճախ էր այդպես անում: Տիկին Գայանեն ազատ մարդ էր ու սիրում էր ազատություն տալ: Նա սիրում էր մեր ազատությունը, սիրում էր մեզ ազատության մեջ: Ես իմ շարադրությունը վերնագրել էի «Սեւ ագռավի սպիտակ սիրտը»: Երբ հերթը հասավ ինձ, ու բարձրաձայն կարդացի, ասաց՝ «խնդրում եմ, դասից հետո կմնաս»:  Հասկացել էր, որ ինքս էլ չգիտակցելով՝ գրել եմ իմ մասին: Զրուցելիս հուզվեցի: Տիկին Գայանեն գրկեց ինձ ու ականջիս շատ կարեւոր խոսքեր շշնջաց: Նա գիտեր՝ ինչպես պետք է  ագռավին թեւեր տա, որպեսզի երամից պոկվելիս չվախենա թռչել:

Տիկին Գայանեն հաճախ էր հանդեսներ կազմակերպում: Շաբաթներ շարունակ բեմի դեքորներ էինք պատրաստում, հագուստ կարում, պաստառներ ձեւավորում: Հիշում եմ՝ ոնց էր պապան մեծ, սպիտակ սավանների վրա բնապատկերներ նկարում, որպեսզի թեմատիկ ֆոն ունենայինք բոլոր այն սցենարների համար, որոնք մշակում էր տիկին Գայանեն: Իսկ այդ սցենարները բոլոր հանդեսները դարձնում էին անմոռանալի`բառի թե ուղիղ, թե փոխաբերական իմաստով: Այսօր էլ դրվագ առ դրվագ հիշում եմ, թեեւ երբեք աչքի չեմ ընկել լավ հիշողությամբ: Ուսուցիչներիս մեծ մասին ոչ միայն անուն-ազգանունով, այլեւ դեմքով չեմ մտաբերում:

Ապրիլի 24-ի միջոցառմանը մեր դասարանի Մանեն տարեց կնոջ կերպարանքով էր, հագին՝ երկար, սեւ զգեստ, ձեռքին՝ մեծ մագաղաթ: Սցենարով նախատեսված էր, որ պետք է փորձի փրկել հայկական հին ձեռագրերը: Ու նրան հաջողվում է: Մենք գիտեինք, որ այդ ձեռագրերն իրական են եւ որ պահվում են Մատենադարանում: Տիկին Գայանեն մեկ անգամ չէ, որ մեզ տարել էր էքսկուրսիայի՝ ամեն անգամ մի թանգարան կամ գրադարան, իսկ ազգային ձեռագրապահոց՝ մի քանի անգամ: Երբեք չէր ասում՝ արագացրեք. չէր սիրում շտապեցնել:  Եվ շատ հաճախ էքսկուրսիաներն ավարտվում էին իրենց տանը պաղպաղակ ուտելով:

Տիկին Գայանեն բոլոր հանդեսների ավարտին բոլոր 22 աշակերտներին նվերներ էր տալիս՝ յուրաքանչյուրին իր նվերը: Վերջերս մամային խնդրել էի՝ մեր ընտանեկան հիշողությունների պահարանից հանի տիկին Գայանեի նվիրած գիրքը՝ թերթերի մեջ մի թաշկինակ՝ վրան իր իսկ ձեռագրով շնորհավորանք:

Տիկին Գայանեն սիրում էր դաշտային ծաղիկներ: Ինքն էլ նման էր ծաղկի: Ծաղիկ, որն աճել էր անապատում եւ  գոյապայքարի մեջ անգամ չէր թոշնում. շարունակում էր անուշ բուրել ու գեղեցկացնել արեւի տակ եռացող ավազե միօրինակ միջավայրը: Երեւի իզուր չէ, որ հենց գարնան առաջին օրն էլ ծնվել է: Եվ ամեն տարի՝ մարտի մեկին, մենք դասարանցիներով տիկին Գայանեի աշխատասեղանին գրչի համար անգամ տեղ չէինք թողնում: Եթե օրը շաբաթ էր կամ կիրակի, ընտանիքով քաղաքից դուրս էինք գնում, հետդարձին դաշտային ծաղիկներ հավաքում եւ ուղեւորվում տիկին Գայանեենց տուն: Հիշում եմ՝ ոնց էի հեւիհեւ բարձրանում աստիճաններով ու սրտատրոփ սպասում, թե երբ է բացելու դուռն ու տեսնելու իր ծաղկեփունջը:

Երբ տիկին Գայանեն իմացավ՝ համալսարան եմ ընդունվել, ժամադրեց ինձ դպրոցի բակում: Շատ ժամանակ չուներ, մի ծրար փոխանցեց, համբուրեց ու գնաց: Ծրարի մեջ նամակ էր՝ ձեռագիր նամակ՝ «Իմ մրահոն աղջիկ» վերտառությամբ: Տիկին Գայանեն այդ նամակով ինձ ճանապարհում էր մեծ կյանք`շարունակելով թեւեր տալ ու հավատալով, որ այդ թեւերն ուղղահայաց եւ տեւական թռիչքի համար են: 

Ամիսներ առաջ տիկին Գայանեն ինձ հրավիրեց մեր դպրոցի հոբելյանին: Փոքրիկիս լույս աշխարհ գալուն հաշված օրեր էին մնացել: Ասացի`եթե չգամ, ուրեմն ծնվել է: Դպրոցականի խանդավառությամբ ո՜նց էի վազվզում ծաղկի մի խանութից մյուսը, որպեսզի տիկին Գայանեի համար դաշտային ծաղիկներ գտնեի: Գտա: Դպրոցի բակում՝ բեմից հեռու, կանգնած էր կապույտ կիսաշրջազգեստով ու երկնագույն վերնաշապիկով մի բարակիրան կին: Տիկին Գայանեն էր` նույն աչքերով, նույն ժպիտով: «Չես մոռացել իմ սիրած ծաղիկները»՝ ասաց, ու գրկեցինք իրար: Դահլիճում բոլորի հայացքն ուղղված էր բեմին, բացի ինձնից: Իմ հայացքը որոնում էր տիկին Գայանեին: Եվ այդպես`արդեն 28 տարի:

Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին