Զինվորի բաժին՝ տուշոնկա, սանտավիկ, սեր ու հայրենիք - Mediamax.am

Զինվորի բաժին՝ տուշոնկա, սանտավիկ, սեր ու հայրենիք
16664 դիտում

Զինվորի բաժին՝ տուշոնկա, սանտավիկ, սեր ու հայրենիք


Մի քանի օր առաջ եմ Հայաստան վերադարձել: Այնպես էր ստացվել, որ հանգստի մեկնել էի գործընկերներիս հետ, որոնց թվում նաեւ նախկին ուսանողս էր: Ուր էլ գնամ, մի քանի օր հետո տուն գալ եմ ուզում: Ընկերներս սրա համար ինձ շատ են ծաղրում, եւ ես սովորել եմ չխոսել այդ մասին:

 

Մի օր, նախաճաշին, ծովի ափին նստած, ուսանողս հարցրեց. «Կարծում ես՝ մյուսներն էլ Հայաստանո՞ւմ են իրենց այսքան օտար զգում, որքան մենք՝ այստեղ»:

 

Հարցին չէի սպասում, բայց սիրտս թեթեւացավ. «Երեւի զգում են. մենք միատարր ենք, մեզանից տարբերվելն ավելի հեշտ է: Բայց մենք մի բան ունենք, որ, երեւի, միայն փոքր ու խեղճ ազգերին է հատուկ. պատկանելության երջանկությունը, գիտակցությունը, որ ուր էլ լինես, միշտ կա այն տեղը, որին պատկանում ես»,- պատասխանեցի ես:

 

Երեկ տարածված տեսանյութը կոտրեց ամեն ինչ: 

 

 

Չկա այդ տեղը, կամ կա, բայց իմ ու նրանց համար բոլորովին տարբեր է: Ես չեմ հավատում, որ նույն տեղին կարող ենք պատկանել եւ՛ մենք, եւ՛ նրանք: Երեկ պարզվեց, որ մեր հայրենիքը վաղուց  կիսված է՝ մեր ու նրանց միջեւ, զինվորին բաժին հանողի ու զինվորի բաժինն ուտողի միջեւ:

 

Այն, ինչ երեւում էր տեսանյութի մեջ, մի բան է ասում. պարոնա՛յք, դուք միշտ աչք եք ունենալու զինվորի բաժնի վրա: Զինվորի բաժին ուտելիքի վրա, որովհետեւ այլեւս երբեք ու ոչ մի բանից չեք կշտանալու: Դեղերի վրա, որովհետեւ  միշտ ցավ եք զգալու՝ չիմացած տեղում, անանուն տեղում, բութ նվվոցի պես, որ ոչ մի դեղով չի լավանալու: 

 

Զինվորի բաժին սիրո վրա եք աչք ունենալու, որովհետեւ ձեզ այլեւս ոչ ոք նամակ չի գրի, ու չի վստահի իր հայրենիքը, ձեզ այսուհետ ու միշտ ոչ ոք այլեւս չի սիրելու: Նաեւ, պարոնայք, զինվորի բաժին հայրենիքի վրա եք աչք ունենալու, որովհետեւ դուք անհայրենիք եք դարձրել ինքներդ ձեզ, դուք ինքնակամ եք ուրացել ձեր երկիրը:

 

Դուք միշտ տներ եք կառուցելու՝ մեծ, ընդարձակ, սիրուն, որովհետեւ չկա մի տեղ, ուր մտքերդ պարզ, խիղճներդ հանգիստ ու սիրտներդ տաք կլինի: Կառուցելու եք՝ անընդհատ փնտրելով տեղը, որ չկա ու չի լինելու:

 

Ես ուզում եմ, որ պատիժը միայն օրենքով լինի՝ սկզբից՝ մինչեւ վերջ, բոլորի համար:  Մենք 25 տարի հույսներս դրել ենք ձեր սիրո վրա ու հայրենիքի: Հիմա՝ օրենքի ու վախի վրա:  

 

Միայն հարց ունեմ. Ինչպե՞ս եք ապրել իմանալով, որ ձեր նկուղում արկղերի մեջ շարված 21 885 փամփուշտից մեկը, գուցե ապրիլին 100-ից մեկի կյանքն է արժեցել: Ինչպե՞ս եք կերել, պատկերացնելով, որ գուցե այսօր, սահմանի վրա, թեկուզ մի զինվոր սոված է քնել: Ինչպե՞ս եք ապրել, մտածելով, որ մի զինվորի հոսպիտալ չեն հասցրել, իսկ մեկի ոտքի կոշտուկն ավելի շատ է ցավացել, որովհետեւ իրեն հասանելիք բինտն ու սանտավիկը ձեր նկուղներում փտում են վաղուց: Ի՞նչ տեսակ սիրով եք ձեր կենդանիներին այդքան շատ սիրել: Ինչպե՞ս եք սիրել ձեր զավակներին, եթե ուրիշների երեխաներին այդքան չեք սիրել: 

 

Ախր ինչպե՞ս ու ե՞րբ եք այսքան անսեր ու անհայրենիք դարձել՝ մի երկրում, որ այնքան փոքր ու խեղճ է, որ միայն հայրենիք ու սեր կարող է լինել, եւ ուրիշ ոչինչ:  

 

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին