Գերմանական կրթության գորշ անցյալն ու վառ ներկան - Mediamax.am

Գերմանական կրթության գորշ անցյալն ու վառ ներկան
6352 դիտում

Գերմանական կրթության գորշ անցյալն ու վառ ներկան


Ժամանակակից հանրակրթության գլխավոր սկզբունքները ձեւակերպել է ականավոր չեխ մանկավարժ Յան Ամոս Կոմենսկին դեռ 17-րդ դարում։ Սակայն այն ժամանակ պետությունները չէին շտապում ներդնել նրա ստեղծած կրթական համակարգը․ Կոմանսկու աշխատանքն այդպես էլ լայն իմաստով չգնահատված մնաց, իսկ սեփական ժողովրդին կրթության միջոցով ծառայելու ցանկությունը՝ չիրագործված։

Ամեն բան փոխվեց 1806 թվականին, երբ Նապոլեոնը ջախջախեց Պրուսական պետությունը, գրավեց Բեռլինը, եւ Պրուսիան ստիպված եղավ կնքել նվաստացուցիչ Տիլզիտյան պայմանագիրը։

Վերլուծելով պարտության պատճառները՝ գերմանացիները գիտակցեցին, որ իրենց բանակը բաղկացած էր թերի կրթված զինվորներից, որոնք ի վիճակի չէին կատարել անգամ պարզ հրահանգներ։ Իսկ կրթված քաղաքացիները բավարար կապված չէին ազգային արժեքների հետ, պատրաստ չէին պայքարել երկրի անկախության համար եւ ամեն կերպ խուսափում էին բանակում ծառայելուց։ Թագավոր Ֆրիդրիխ Երկրորդի հրամանով նպատակ դրվեց արմատական բարեփոխումների ենթարկել երկրի կրթությունը՝ դրան հաղորդելով ազգային բնութագիր եւ գերմանական հետեւողականություն։

Որոշվեց կրթությունը ֆինանսավորել պետության հաշվին, այն հասանելի դարձնել բոլորին, ներդնել ուսուցիչների պատրաստման համակարգ՝ մինչ այդ գյուղական դպրոցների շատ ուսուցիչներ դժվարանում էին անգամ գրել եւ կարդալ։ Ներդրվեցին մեզ համար սովորական դարձած այլ բաղադրիչներ՝ միանման դասագրքեր, ընդհանուր քննություններ, պետության կողմից մշակված ուսումնական ծրագրեր։ Դասարաններում սեղանները դարձան միանման եւ դրվեցին շարքերով։ Դպրոցական զանգն ազդարարում էր դասի սկիզբն ու վերջը։

Այդ համակարգը դաստիարակում էր բանակին պատրաստ քաղաքացի, պետությանը բացարձակ հավատարիմ, կարգապահ, ուսուցչին (իսկ ապագայում՝ հրամանատարին) առանց կասկածի վստահող եւ ենթարկվող, հայրենասեր եւ իրարից քիչ տարբերվող երիտասարդների սերունդ։ Բարեփոխումները տեւեցին «ընդամենը» 80 տարի եւ ավարտվեցին մեծ հաջողությամբ՝ 19-րդ դարի վերջում արձանագրվեց, որ Գերմանիայի բնակչության մոտ 90% գրագետ է։

Բարեփոխումները համընկան կապիտալիզմի բուռն զարգացման հետ եւ ի սկզբանե բանակի նպատակներին ծառայող համակարգը նույն արդյունավետությամբ շարունակեց ծառայել ինդուստրիալ հեղափոխության արդյունքում առաջացած արտադրական կապիտալին՝ ապահովելով մեծ քանակով եւ երաշխավորված որակով աշխատողներ։

Գերմանացիների ստեղծած համակարգը արտաքուստ կիրառել էր Կոմենսկու գաղափարները, բայց իր բովանդակությամբ ամբողջապես հակասում էր դրանց։ Կոմենսկու պատկերացրած հաճելի, ուրախ, ստեղծագործական, անմիջական եւ ընկերային միջավայրի փոխարեն գերմանական դպրոցում տիրում էր դաժանության հասնող խստություն, թելադրողականություն եւ ձանձրալի չորություն։ Սակայն այն արդյունավետ էր իր ժամանակի համար, եւ ինչպես այսօր շատերը փորձում են սովորել Ֆինլանդիայից, այնպես էլ 19-րդ դարում շատ երկրներ կրկնօրինակում էին գերմանական կրթական համակարգը։ Դրանցից մեկը Ռուսաստանն էր, որտեղ անգամ դպրոցների տեսակների անունները (օրինակ՝ գիմնազիա, ռեալական դպրոց) պատճենված էին Գերմանիայից։

Զարմանալի չէ, որ Հայաստանն էլ արդյունքում ժառանգել է 19-րդ դարի պրուսական կրթահամակարգի բազմաթիվ հատկանիշներ եւ շարունակում է դրանք կիրառել։

Հիմա մտովի սլանանք առաջ եւ դառնանք մեր ժամանակներին։ Գերմանական կրթական համակարգը արտաքնապես չի փոխվել. կան նույն ընդհանուր դպրոցները, գիմնազիաները եւ ռեալական դպրոցները, ծրագրերի մշակումը կենտրոնացված է, ազգային եւ հայրենասիրական բաղադրիչը մնում է չափազանց կարեւոր։ Սակայն բովանդակային առումով այն սարի եւ ձորի տարբերություն ունի նախկինի համեմատությամբ։ Դասավանդումը շատ ավելի ազատական է, աշակերտներն ունեն իրենց իրավունքները, նրանց ձայնը հնչում է ոչ միայն դասարանում, այլեւ դպրոցի համար կարեւոր բոլոր որոշումների կայացման ընթացքում. օրենքի պահանջն է, որ դպրոցների կառավարումը ժողովրդավարական լինի։

Գերմանիայում աշակերտի կրթական ապագան որոշում է տարրական դպրոցի ուսուցիչը չորրորդ դասարանի ավարտին։ Ջանող եւ ունակ աշակերտները շարունակում են իրենց ուսումը գիմնազիաներում՝ նախապատրաստվելով բուհական կրթական ապագային։ Նրանք, ովքեր ավելի աշխույժ են եւ ավելի հետաքրքրված են իրական կյանքով, քան առարկաներով, գնում են ռեալական դպրոցներ, ուր կրթությունը շատ ավելի կիրառական է։ Նրանց ապագան գործնական եւ բարձր հմտություններ պահանջող մասնագիտություններին տիպապետելն է։

Մնացածը գնում են ընդհանուր դպրոցներ, որոնց ավելի մեղմ պահանջների շնորհիվ իրենք կշարունակեն սիրել ուսումը։ Այդ աշակերտները ապագայում կդառնան վարորդներ, բանվորներ եւ այլն. Գերմանիայում չհարգված մասնագիտություն չկա։ Սակայն ոչ բոլորի կրթական ճանապարհն է կանխորոշված։ Գնալով շատանում են դեպքերը, երբ աշակերտը փոխում է իր կրթական ուղին, օրինակ՝ ռեալական դպրոցից տեղափոխվում է գիմնազիա՝ հավելյալ մեկ տարի սովորելու պայմանով։

Գերմանական դպրոցները տարբեր են եւ բազմապիսի։ Կան լավ եւ շատ լավ դպրոցներ։ Կան միջակ կամ անգամ վատ դպրոցներ։ Կան մասնավոր վճարովի դպրոցներ։ Կան փորձարարական դպրոցներ, որոնք առաջնորդվում են իրենց սեփական ծրագրերով։ Գերմանացիները համարում են, որ դա իրենց առավելությունն է․ բազմատեսակ կրթությունը զարգացման հիմնական գրավականն է։ Ընդ որում, բոլոր դպրոցները, անկախ կարգավիճակից, ստանում են պետական աջակցություն։

Գերմանիայի կրթական համակարգը հաճախ քննադատում են՝ ասելով, որ այն անհավասար պայմաններ է ստեղծում տարբեր աշակերտների համար։ Գերմանացիները դրա հետ համաձայն չեն։ Իրենք համոզված են, որ հաջողության գրավականը ոչ թե հավասար պայմաններն են, այլ հավասար հնարավորությունները։ Կրթական ուղիների բազմազանության շնորհիվ, ամեն աշակերտի համար հնարավոր է ստեղծել իր զարգացմանը նպաստող լավագույն պայմանները։ Բոլորը դառնում են հասարակության համար պիտանի մարդիկ եւ դրա արդյունքում Գերմանիան Եվրոպայի ամենահզոր պետությունն է, որն իր տնտեսական եւ քաղաքական կամքն է թելադրում մայրցամաքում։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին