Մի վախեցեք երեխայից թույլ լինել, նրանից բարձր ծիծաղել - Mediamax.am

Մի վախեցեք երեխայից թույլ լինել, նրանից բարձր ծիծաղել
9900 դիտում

Մի վախեցեք երեխայից թույլ լինել, նրանից բարձր ծիծաղել


Գաղտնիք չէ, որ մարդն իր բնույթով ունակ է բարդացնել կյանքի պարզ առաքելությունը։ Իրականում, անհրաժեշտ է ուղղակի ապրել, զգալ, սիրել, լսել եւ հասկանալ սեփական հույզերը, չվախենալ՝ դրանք արտահատել, խորը շնչել, արտաշնչել, զգալ սեփական ֆիզիկական գոյությունը։ 

 

Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Առավոտյան արթնանում ենք, եւ, առաջին իսկ վայրկյանից սկսում ենք մտածել, թե ինչ պետք է անել, ինչ հագուստ կրել, ում հանդիպել, հանդիպման ժամանակ ինչ կեցվածք ընդունել, ինչ տպավորություն թողնել եւ այլն։ Այս ամենը խոսում է մեր սոցիալական էակ լինելու մասին։ Իրավիճակներին եւ արտաքին պայմաններին համապատասխան հարմարվողականության գործիքներ ստեղծելու հմտության մասին։ Մենք դա անում ենք, ոչ թե գոյության պայքարի գաղափարախոսությունը շարունակելու, այլ գոյության խնդիրը լուծելով՝ սոցիալական, հուզական նոր մակարդակ հաստատելու համար։ 

 

Սա այն ճակատամարտն է, որը կարելի է անվանել հոգու քաղց։ Մի երեւույթ, որը կատաղի արագությամբ համակում է իր մեջ մեզ՝ սոցիալական էակներիս, որոնք գոյություն ունենալուց բացի ունեն ինքնաարտահայտման պահանջ։ Ունեն ցանկություն բղավելու իրենց լինելիության մասին՝ բաց չթողնելով ուշադրության կենտրոնում գտնվելու յուրաքանչյուր հնարավորություն։ 

 

Ներկա ժամանակահատվածի հասարակությունը, հասարակական կյանքն ու անձնային պահանջները անհատին ներշնչում են գերհնարավորություններով օժտվածություն: Ի դեպ, սա համակարգ է, որը հենց մենք ենք ստեղծել։ Որքան էլ բողոքենք, որքան էլ քարկոծենք, մենք ամեն վայրկյան մեր վարքով, իրար հանդեպ վերաբերմունքով, մի նոր քար ենք դնում այն պատնեշի ստեղծման հիմքին, ինչը մեզ աստիճանաբար անջատում է իրական զգացողությունից՝ տանելով դեպի արհեստականություն։ Իսկ ամենացավալին այն է, երբ այդ արհեստական պատնեշը աստիճանաբար կառուցվում է ընտանիքի ներսում, որտեղ ամենից շատ կա բնական հուզականության, ապրումակցման, իրավիճակը մարդկային տեսանկյունից գնահատելու պահանջ։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ մայրը, լինելով ժամանակակից հասարակության չափանիշների գերին, իր համար ընտրում է մի դերային կերպարանք, որը կիրառում է տանը՝ չնկատելով իր գուրգուրանքը տենչացող երեխայի հայացքը։ Երեխայի, ում բոլոր հոգեբանական խնդիրները, գուցե թե, լուծվեն մոր մեկ անկեղծ ժպիտի կամ գրկախառնության միջոցով։ Այո°, հնարավոր է, մեկ գրկախառնմամբ բուժել վերքեր, բուժել խնդիրներ, քանի որ մարդը իրականում ունի կյանքի կողմից հրամցվող ամենապարզ օրենքի՝ սիրո կարիքը։ Ունի ուղղակի ապրելու, իրավիճակները քննարկելու, անկեղծ բանավիճելու եւ քննադատությունից չվախենալու ցանկություն։ 

 

Սակայն, ներկա իրականությունը, այս ամենի հակապատկեր մասսայական դրսեւորումները ունի։ Երեւի, նկատած կլինեք շատ երեխաների, որոնց մոտենալիս միանգամից հանդիպում ես կամ վախեցած ու մոլորված, կամ շատ խոժոռ դեմքի արտահայտության։ Ի՞նչ է սա: Սա այն դեպքն է, երբ երեխան, չտեսնելով, չճանաչելով բնական հուզական վիճակները, կամ թաքնվում է մարդկային փոխհարաբերություններից կամ պաշտպանվում։ Երկու դեպքում էլ կա բաց՝ սեփական հուզական ինքնազգացողության մեջ։ Նա չգիտի իրական ժպտալ, շփվել, վստահել, հավատալ, չվախենալ, ազատ ինքնաարտահայտվել։ Եվ սա սոցիալական պայմանների հետ կապված չէ։ Սա ընտանեկան դաստիարակության արդյունք է։ Անապահով ընտանիքներում այնքան անկեղծ, ժպիտով, լուսավոր երեխաների կհանդիպես, որ, մոռանալով նրանց դժվարությունների մասին, ջերմանում ես։ Մեծահարուստ կամ միջին սոցիալական կարգավիճակում ապրող ընտանիքներում էլ կարող եք փակ, ագրեսիվ ու տարրական մարդկային շփման հմտություններին չտիրապետող երեխաների հանդիպել։ 

 

Սա վկայում է այն մասին, որ մարդու կյանքի հանդեպ ներքին տրամադրվածությունը ներդրվում է ընտանիքի արժեհամակարգային բովանդակությամբ։ Չգիտես ինչու, չգիտես որտեղից մարդկանց մոտ այս ամենն աստիճանաբար հանգեցրել է մի կարծրատիպային մտածողության, որ որքան պասիվ են հույզերդ, այնքան քիչ են հասարակական խնդիրներդ՝ աշխատանքում, փոխհարաբերություններում: Եվ այդ կարծրացած գաղափարը, ցավոք, ներխուժել է բազմաթիվ ընտանիքներ, եւ քայքայում է դրանք անտարբերության, հուզականության պակասի, ջերմության եւ հոգատարության քաղցի հետեւանքով։ Երեխան լաց է լինում, սակայն բախվելով մոր անհույզ հայացքին, հասկանում է, որ պետք է ուժեղ լինել, լաց չլինել, որպեսզի հետագայում հեշտ հաղթահարի խնդիրները։ Ո°չ, որքան երեխային զրկեք քնքշանքից, այնքան նա իրեն լքված կզգա, թույլ կլինի, կապրի մի ամուր պատյանի մեջ, որտեղ նա այնքան փխրուն է, անպաշտպան, որ հնարավոր է ամբողջ կյանքում մնա այնտեղ։ 

 

Սիրեք ձեր երեխային հուզառատ, ամեն պահ, ամեն վայրկյան լիաթոք ուրախացեք, վազեք, գրկեք, խենթություններ արեք, երեխան այդ ամենի կարիքն ունի, իսկ սոցիալական հարթակների փորձն ու անձնային կայունությունը նա ձեռք կբերի ինքնուրույն՝ ունենալով հոգու հարուստ գունապնակ, ինչը երբեք նրանից խլել չես կարող։ Մի վախեցեք երեխայից թույլ լինել: Մի վախեցեք նրանից բարձր ծիծաղել: Մի կերտեք ծնողի պողպատե կերպար, որ ձեզ «հարգեն»։ Եղեք ազատ, բնական հույզերով եւ ուղղակի ապրեք կյանքը՝ ապրել սովորեցնելով երեխաներին։ 


Կամիլա Խաչատրյանը հոգեբան է:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին