Քավարանն ու լուսացույցի դեղին լույսը - Mediamax.am

Քավարանն ու լուսացույցի դեղին լույսը
3523 դիտում

Քավարանն ու լուսացույցի դեղին լույսը


8 տարի պահանջվեց`ընդունելու համար, որ Գեւը ուրիշ մարդ է՝ մեզնից  տարբերվող: Սկզբում չէինք մտածում այդ մասին, հետո փորձում էինք մեզ համոզել հակառակում, վերջում այլ տարբերակ, քան այդ գիտակցման հետ լեզու գտնելը, չունեինք: 

 

Գեւը բարձր է խոսում, երկու րոպեից ավելի նույն դիրքով աթոռին չի նստում, լացի մեջ մեկ էլ ծիծաղում է, պատահում է նաեւ հակառակը, սիրում է համով ուտելիքներ՝ ինչպես ինքն է ասում, «вкусняшка»-ներ, չի սիրում, երբ իրեն հրամայում են, որսում է աչքերի արտահայտությունը, չի բարեւում, երբ հավես չունի, պաղպաղակ ուտելիս մռութը պարտադիր կեղտոտում է ու դիտմամբ չի մաքրում, հաշիվ է պահանջում, երբ անտեղի մեղադրում ես, դպրոցում պառկում է հատակին, եթե այդպես է ուզում: Ու հենց այդտեղ է, որ եկավ վերջը` լեզու գտնել նրա տեսակի հետ:

 

Միանգամից ասեմ`հեշտ չէր, ավելին`շատ դժվար, եւ հատկապես մեզ նման ծնողների համար` հաճախ կանոնիկ, մեծամասամբ՝ պարտաճանաչ, գրեթե միշտ հաշվի նստող: Եվ հենց այդ աչքերով էլ նայում էինք Գեւին ու հրաժարվում ընդունել, որ նա կարող է լինել ուրիշ: Հրաժարվում էինք ու փորձում դաստիարակչական մեթոդներով ստանալ այն, ինչ չկար: 

 

Երբ ուսուցչուհին ահազանգեց, թե Գեւը պառկել է հատակին ու հրաժարվել վեր կենալ, ասես եռման ջուրը գլխիս լցնեին:  Բայց միանգամից չպոռթկացի: Կանչեցի զրույցի: Հարցրեցի՝ «Գեւ՛, էսօր դասարանում ի՞նչ եք արել»: Ասաց՝«խաղ էինք խաղում, մա՛մ, նե՜նց հավես խաղ էր՝ ես ցուլն էի, պառկում էի գետնին ու չէի թողնում, որ երեխեքը անցնեն»: Պատմում էր կայծկլտացող աչքերով, մի նախադասության մեջ 10 անգամ «մամ» ասելով, որ հանկարծ ուշադրությունս չշեղեմ: Լսեցի, լսեցի ու լռեցի: Օրենքով՝ պիտի սաստեի, բարկանայի, նախատեի, դասեր տայի այն մասին, թե ինչպես պիտի աշակերտը պահի իրեն դպրոցում: Ոչինչ չարեցի: Լսեցի երկար, չընդհատելով, ժպտալով: Ինքն էլ պատմեց ավելին, շատ ավելին, քան թույլ կտային իր շահերը: 

 

Այդ օրվանից ինչ-որ բան փոխվեց իմ մեջ`շատ կարեւոր բան: Ես սկսեցի ուսումնասիրել Գեւ մարդուն՝ երազողին, մտածողին, զվարճացողին, սիրողին ու ամենակարեւորը`երեւակայողին: 

 

Երբ Գեւը սկսում է չափազանց շատ հարցեր տալ, նշանակում է` վերջում քեզ փակուղի է գցելու: Մի քանի օր առաջ՝ վաղ առավոտյան, իրեն ամառային դպրոց էի տանում: Հարցրեց`քանի՞ օր է մնացել ծնունդին: Հաշվեցի, ասացի: Հետո, թե «մա՛մ, բա ես ու Հայկը ո՞նց ենք մեր դասարանցիներին կանչելու, ո՞նց ենք որոշելու՝ ով ում կանչի» (Հայկը Գեւի դասընկերն է, նույն օրն են ծնվել): Ասացի`մի՛ մտածի, բոլոր իրավիճակներում լուծում կա: Մի քանի վայրկյան լռեց ու թե՝ «իսկ մահվա՞ն դեպքում»:

 

Ու ես լռեցի: Երկուսս լռեցինք: Շարունակությունը`երկխոսությամբ.

 

- Դե՜, ասա՛, մա՛մ:

 

- Էդ դեպքում էլ լուծում կա, մարդու հոգին բարձրանում է երկինք:

 

- Նաեւ իջնում է, մա՛մ: Եթե դժոխք ընկնի, չի բարձրանա: Մա՛մ, իսկ ո՞ր դեպքում են ընկնում դժոխք: 

 

- Եթե մեծ մեղքեր ես գործել ու չես զղջացել:

 

- Մեծ մեղքերը որո՞նք են:

 

- Օրինակ`մարդ սպանելը:

 

- Իսկ եթե մարդ ես սպանել, որպեսզի պաշտպանես ընկերոջդ:

 

- Դա արդեն Աստված է դատում:

 

- Դրախտու՞մ, թե՞ դժոխքում:

 

- Քավարանում:

 

- Դա ի՞նչ ա:

 

- Դա դժոխքի ու դրախտի արանքում ա: Էդտեղ մարդիկ քավում են իրենց մեղքերը, որպեսզի դրախտ ընկնեն:

 

Շունչս պահած սպասում էի, թե հաջորդ հարցը որը պիտի լինի: Մտքում արդեն համակերպվել էի պարտությանս հետ: Ու մեկ էլ, թե՝ «մա՜մ, հասկացա, լուսացույցի պես` կարմիրը դժոխքն ա, դեղինը՝ քավարանը, կանաչը՝ դրախտը»: 

 

...Ու սկսեցինք ծիծաղել: Գեւի ուրիշ՝ երեւակայող, երազող, ազատ մտածող տեսակը փրկեց ինձ: 


Արփի Հարությունյանը լրագրող է, աշխատել է Հայաստանի մի շարք առաջատար ԶԼՄ-ներում։

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին