«Նյոկ». Երազանքների թակարդում - Mediamax.am

«Նյոկ». Երազանքների թակարդում
2631 դիտում

«Նյոկ». Երազանքների թակարդում


Ո՞ւր են տանում երազանքները:  Գուցե վերջնական արդյունքը ամենեւին էլ այն չէ՞, ինչ պետք է մեզ: Գուցե մեր ամենանվիրական ցանկությունները մեր ամենավտանգավոր թշնամինե՞րն են: Ի՞նչ է հաջորդում երազանքի իրագործմանը: Ի՞նչ ենք զգում հաջորդ օրը, երբ վերջապես այնտեղ ենք, ուր ձգտում էինք լինել, երանությո՞ւն, թե՞ ունայնություն:

«Երբեմն հրեշը մտնում է մարդու մեջ, գրավում նրան ամբողջությամբ, զրկում դիմադրելու հնարավորությունից ու մարդը խեղդվում է…»

Նյոկը նորվեգական դիցաբանությունից երազանքների ճերմակ ձի-փոխակերպուկ է, որն իր գեղեցկությամբ գրավում է, թույլ տալիս մոտենալ, շոյել, հեծնել, վարգել ու սլանալ վեր ... բայց նյոկն ամենեւին վեր չի տանում, այլ հասնում է անդունդի եզրին ու կտրուկ գլորվում ցած իր հեծյալի հետ: Նեյթան Հիլն (Nathan Hill) ասում է` ճերմակ ձին մեր ցանկություններն են, թուլությունները, սերերը, յուրաքանչյուրն ունի իր նյոկը, որը կարող է լինել ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը:

Այս դեպքում «Նյոկը» (“The Nix”) ամերիկյան նոր բեսթսելեր է, որն արդեն կարդում են 30 լեզվով (հայերենը դրանց թվում չէ): Նեյթան Հիլի «Նյոկը» 600 եւ ավելի էջանոց վեպ է՝ մայր եւ որդի հարաբերությունների, ընտանեկան արժեքների կամ դրանց բացակայության, սիրո ու 60-ականների ազատ սեքսի, թմրանյութերի ու քաղաքականության, մեր ժամանակների գեյմերների ու PR մասնագետների, մեդիայի ու հուսահատ գրողների մասին: Ամերիկյան ժամանակակից գրականության նոր դեբյուտանտը սկզբում շարժվում է Ջոնաթան Ֆրանզենի ու Դոննա Տարտի գրական հետքերով, բայց գրքի կեսերից կարողանում է գտնել իրենը եւ հաջողությամբ հատում վերջնագիծը: Հերոսներն իրենց նյոկերի հետեւից ընթերցողին տանում են միմյանցից անկախ տարբեր ուղղություններով, որ վերջում բոլորին հանդիպացնեն մեկ վայրում` հայելու առաջ:

«Դու չէիր պլանավորել այդպես ապրել. ուղղակի կյանքն այդպես դասավորվեց: Քեզ ձեւավորել է այն ամենն, ինչ քո հետ պատահել է»:

Երբ 11-ամյա Սեմյուելն աչքերը բացում է գիշերվա կեսին, մայրը գլխավերեւում նստած տղայի գլուխն է շոյում, հարցնում է՝ ի՞նչ է ուզում դառնալ, երբ մեծանա, Սեմյուելը պատասխանում է՝ գրող: Ֆեյը համբուրում է որդուն, ասում, որ կյանքում ոչնչից չվախենա, երբե´ք չվախենա, ու հեռանում՝ խոստանալով, որ կկարդա նրա գրած գրքերը: Սեմյուելը մեծանում է վախերով ու կոմպլեքսներով: 30 տարեկան է, ու դեռ հանճարեղ գրող չի դարձել, միայն դպրոցի գրականության ուսուցիչ, որ կախվածություն ունի համակարգչային խաղերից:

Արթնացումը տեղի է ունենում, երբ մոր անհետ հեռանալուց 20 տարի անց, մի իրավաբան զանգում ու ասում է, թե Սեմյուելը պետք է մոր՝ Ֆեյ Անդերսենի համար բնութագրական նամակ գրի դատավորին ներկայացնելու համար: Նրան մեղադրում են նախագահի հավանական թեկնածու, հանրապետական սենատոր Շելդոն Փեքերի դեմ մահափորձի համար:

ՀԳ. Նեյթան Հիլի «Նյոկի» հիման վրա Ջ. Ջ. Ադամսը մինի-սերիալ է նկարում Մերիլ Սթրիփի մասնակցությամբ:

Անի Հակոբյանը լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին