Կյանքը 30-ից հետո՞... Հիասքանչ է - Mediamax.am

Կյանքը 30-ից հետո՞... Հիասքանչ է
7318 դիտում

Կյանքը 30-ից հետո՞... Հիասքանչ է


Հիմա կարճ ասեմ. ես այն տարիքում եմ, երբ կանայք Facebook-ից փակում են իրենց տարիքի մասին տեղեկությունը: Ես այն տարիքում եմ, որ Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական ռազմավարության մեջ ամրագրված է ոչ որպես երիտասարդություն:

 

30-ամյակիս օրը ընկերներիցս մեկն ասաց. «Սրանից հետո քո միակ հնարավորությունը սիրով ամուսնանալն է: 30-ից հետո կնոջ շուկայական արժեքը կտրուկ նվազում է,  «շահավետ» ամուսնության հույս չունենաս»: 

 

Ընկերս, իհարկե, կատակում էր: 30-ը ես անվանում էի ծերության սկիզբ, ընկերս ուղղակի ընդունել էր իմ խաղի կանոնները: Իսկ, իրականում, հավատացեք. եթե իմանայի, որ 30-ից հետո կյանքն այսքան լավն է, հենց դրանից էլ կսկսեի:  

 

30-ից հետո ես սովորեցի կյանքիս գլխավոր հմտություններից մեկը՝ ոչինչ չանել: Զարմանալի ոչինչ չկա: Մինչ այդ ոչինչ չանելը շռայլություն էր: Պետք էր լավ կրթություն ստանալ, կարիերա անել, ոտքի կանգնել, ինքնուրույն դառնալ: 30-ը այն պայմանական վերջնաժամկետն էր, մինչեւ որը ես պետք է դառնայի այն, ինչ ուզում էի: 

 

30-ից հետո փոխվում են առաջնահերթություններդ, որովհետեւ սկսում ես նկատել՝ ինչ ունես եւ ինչ չունես: Հենց այդ ժամանակ հասկանում ես, որ մոտեցել ես միջին վիճակագրական մարդկային կյանքի գրեթե կեսին, ճամփաբաժանին ու միտքն այն մասին, թե ինչ ունես, ուրախացնում է, իսկ միտքն այն մասին, թե ինչեր չունես, ափսոսանք բերում: Իսկ ափսոսանքը քնքշանք է բերում նախ ունեցածիդ, ու ավելի շատ չունեցածիդ նկատմամբ: Ու աշխատում ես կյանքդ չծախսել բաների վրա, որ արդեն ունես, ու մտածում ես չունեցածդ ստեղծելու մասին: 

 

Մինչեւ 30-ը լինում են պահեր, երբ որեւէ մեկին ասելիք չունես: Դա նեղացնում է: 30-ից հետո նույն այդ միտքը քեզ ազատություն է տալիս: Լռությունը մեծագույն ազատությունն է, որ արժեւորվում է միայն տարիքի հետ: 30-ից հետո ինքդ քեզ հետ խոսելու ժամանակն է, ոչ թե ուրիշների: 

 

30-ից հետո սկսում «թեթեւ տանել» սեփական «ես»-դ: Եթե ուզում եք՝ հաշտվել նրա հետ: Այլ ելք չի մնում: Սկսում ես ավելի դժվար սովորել, ավելի դանդաղ նիհարել, ավելի ցածր ծիծաղել, ավելի հաճախ մազերդ ներկել: Բայց դա դու ես, ու դու ստիպված ես առերեսվել ինքդ քեզ հետ:

 

30-ից հետո ավելի հեշտ ես որոշում տարածություն պահպանել մարդկանցից: Ավելի հոգատար ես դառնում քո անձնական տարածքի նկատմամբ, ավելի պահանջկոտ ես մարդկանց նկատմամբ, որ կազմում են կյանքդ: 30-ից հետո սկսում ես մաղել արժեքներն ու գաղափարները, ժամանակն ու մարդկանց, ու վերցնում ես միայն այն, ինչ մնում է մաղիդ խիտ հյուսքի վրա: 

 

30-ից հետո սկսում ես սիրել ինքդ քեզ ու կյանքը, որովհետեւ դրա առաջին կեսն անցկացրել ես անընդհատ վազքի պայմաններում, ապրել ես շտապ, սնվել անկանոն, քնել ուշ ու նայել լիքը վատ կինո: 30-ից հետո դա անթույլատրելի շքեղություն է: Գալիս է ամեն տարի պարտադիր արձակուրդ վերցնելու, մենակ ճամփորդելու, հանգիստը գնահատելու, անշտապ զբոսնելու, վայելքի համար խմելու, ոչ թե արբելու ժամանակը: Գալիս է անառիթ երջանկության, լինելու, ապրելու վայելքը զգալու անբացատրելի թեթեւությունը: Գալիս է քիչ հարցեր տալու ու երկար լսելու, անցածի համար ինքներդ ձեզ ավելի հեշտ ներելու ժամանակը: Եվ, ընդհանրապես, 30-ից հետո գալիս է ապրելու իսկական ժամանակը:

 

Ընկերուհիս զարմանում է, չէ՞ որ մեր երեխաների «Վերջին զանգին» մենք կլինենք 50 տարեկան, ի՞նչ կա ուրախանալու: Իսկ ես մտածում եմ՝ երեխաներիս ավարտական հանդեսին ես կլինեմ ամենասիրուն 50 տարեկանը: 

 

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին