Դառնանք, զօղորմին տանք - Mediamax.am

Դառնանք, զօղորմին տանք
2980 դիտում

Դառնանք, զօղորմին տանք


Մեկ-երկու ամիս առաջ, երբ հեղափոխությունից հետո «Սասնա ծռերի» կողմնակիցները փակել էին Արշակունյաց պողոտան՝ պահանջելով ազատ արձակել բանտում հայտնված իրենց ընկերներին, նստեցի տաքսի: Ուղղությունս Արշակունյաց էր: Ես շտապում էի, մեքենան կանգնած էր խցանման մեջ: 

 

- Դե ասա՝ համբերեք էլի, հիմա էլ հո գիտե՞ք, որ արդար դատավարություն կլինի: Ինչո՞ւ էք փողոց փակում,- քթիս տակ ասում եմ ես:

 

Վարորդը՝ իմ տարիքի տղա, հանկարծ ասում է.

 

- Լավ են անում, ի՞նչ դատավարություն: Հերոս տղերքին բռնել-փակել են: Դատավարությունն ինչների՞ս է պետք: Ի՞նչ են արել էդ տղերքը: Բա Արայիկ Խանդոյանի նման տղուն փակի տակ կպահե՞ն:

 

- Այդ գործողության ժամանակ մարդիկ են մահացել: Ինչպե՞ս կարող եք այդպես ասել,- պատասխանում եմ ես:

 

- Մարդիկ չէ, Սերժի ստրուկներ, համակարգի ստրուկներ: Լավ են արել, սպանել են,- ասում է տղան:

 

Ես սարսափում եմ: 

 

- Մեկի սպանությունն արդարացնելով, դուք արդարացնում եք մնացյալ բոլոր սպանությունները: Մարդուն չի կարելի սպանել: Դուք իրո՞ք ուզում եք ապրել մի երկրում, որտեղ հարցերը միայն զենքով են լուծվում,- ասում եմ ես:

 

- Նորից եմ ասում՝ դրանք մարդ չեն եղել, այլ՝ համակարգի, Սերժի ստրուկներ,- ասում է նա ու ավելացնում,- Ես ուզում եմ ապրել երկրում, որտեղ Արայիկ Խանդոյանը ստիպված չի լինում զենք բարձրացնել ուրիշի վրա:

 

Այդ ժամանակ աշխատում էի կառավարությունում:

 

- Կանգնեք խնդրում եմ,- ասում եմ ես,- Կանգնեք, դուրս եկեք մեքենայից: 

 

Տղան պտտվում է ու զարմացած նայում ինձ:

 

- Ես էլ կառավարությունում եմ աշխատում, - բացատում եմ ես,- Այդ տրամաբանությամբ՝ ես համակարգի ու Սերժ ստրուկ եմ: Կանգնեցրեք մեքենան, դուրս եկեք եւ հենց այստեղ սպանեք ինձ:

 

Տղան սարսափած նայում է ինձ:

 

- Ինչե՞ր եք խոսում: Ես ինչպե՞ս կարող եմ ձեզ սպանել: 

 

- Տեսնո՞ւմ եք, դժվար է մարդուն սպանելը, անգամ, եթե նա ձեզ դուր չի գալիս: Անգամ, եթե դուք համակարծիք չեք: 

 

Ճանապարհի մնացյալ հատվածը լուռ գնացինք:

 

Ես համոզված եմ, որ մարդիկ իրար սպանել չեն ուզում: Մարդիկ ուզում են ապրել լավ երկրում, իրար կողքի, իրար հետ: Բայց ստացվել էր այնպես, որ հայրենիքը մարդկանց իրար դեմ էր հանել: Փողոց էր հանել նրանց, ովքեր երբեք իր համար ոչինչ չէին խնայել: Երկիրը իր դեմ էր հանել իր զինվորներին: Երկիրն իր մարդկանց համար սպանությունն արդարացվող արարք էր դարձրել:

 

Այն, ինչ կատարվեց ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, վատ ֆիլմ էր հիշեցնում: Պատերազմից վերադարձածները հանկարծ հասկացել էին, որ հայտնվել են ուրիշ երկրում, ոչ այն մեկում, որի համար իրենք կռվել էին: Նրանք հասկացել էին, որ չեն ուզում ապրել մի երկրում, որի համար մեռնել էին պատրաստ: 

 

Ես համոզված եմ, որ «Սասնա ծռերի» գործողությունը շատ որոշակի ազդեցություն ունեցավ հեղափոխության վրա. մարդիկ հասկացան, թե ինչպես չի կարելի անել: Մարդիկ հասկացան, որ հայրենիքը, որը մարդուն մարդու դեմ է հանում, պետք է նորոգել եւ ոչ թե սպանել: 

 

Երեկ կեսգիշերին մահացել է Արայիկ Խանդոյանը: Նա ընդամենը 47 տարեկան էր, հինգ զավակների հայր: Ազատամարտիկ: Մնացյալ ամեն ինչն այլեւս էական չէ: 

 

Սոնա Մարտիրոսյանը լրագրող է:

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին