Մանկապարտեզն ու երեխայի կյանքի փորձը - Mediamax.am

Մանկապարտեզն ու երեխայի կյանքի փորձը
10148 դիտում

Մանկապարտեզն ու երեխայի կյանքի փորձը


Ծնողները հաճախ հարցնում են․արդյո՞ք, դաստիարակները ճիշտ են, երբ հորդորում են հեկեկացող երեխային թողնել մանկապարտեզում եւ գնալ։ Դաստիարակներն իրենց հորդորը բացատրում են այսպես.

 -Մի քիչ լաց կլինի, կհանգստանա, հետո արդեն կներգրավվի խաղի մեջ եւ կմոռանա մայրիկին։

Այս մոտեցումը շատ խնդրահարույց է, քանի որ աշխատանքի շտապող մայրիկը սա ընդունում է որպես ճշմարտություն եւ այդպես էլ վարվում է։ Բայց որքանո՞վ է դա հոգեբանական տեսանկյունից արդարացված, եւ ո՞ր մասնագիտական շերտերում փնտրել նման խորհրդի արմատները։ Չեմ հերքում՝ գուցե որոշ երեխաներ նման վերաբերմունքի արդյունքում չունենան սթրեսային եւ հոգեբանական խնդիրներ, բայց սա շատ քիչ դեպքերում։ Արդյո՞ք իրավունք ունենք նման հուզական, անպաշտպան վիճակում թողնել երեխաներին։ 

Ինչպե՞ս վարվել

Ինչպե՞ս վարվել, երբ երեխան լաց է լինում, դժվար է բաժանվում մայրիկից եւ հրաժարվում գնալ մանկապարտեզ։ Արդյո՞ք անհրաժեշտություն է մանկապարտեզ հաճախելը։ Ի՞նչ է տալիս երեխային մանկապարտեզը։ Ի՞նչ մասնագետներ են աշխատում, կամ պետք է աշխատեն երեխայի հարմարման փուլի ընթացքում։ Ի դեպ, հարմարման միջին ժամանակահատվածը մեկ տարեկանում 7-10 օր է, երեք տարեկանում՝ 2-3 շաբաթ, նախադպրոցական տարիքում՝ 1 ամիս: Եթե նկատեցինք, որքան մեծ է երեխայի տարիքը, այնքան երկար է տեւում հարմարման ժամկետը։ Սա նույնպես ունի իր պատասխանը։ Վերը նշված հարցերը սկսում են անհանգստացնել մայրիկներին, երբ երեխան անցում է կատարում նախադպրոցական տարիք։

Նախադպրոցական տարիքը՝ 3-6 տարեկան փոքրիկներն են, ովքեր ակտիվ սոցիալականացման փուլ են ապրում։ Այս տարիքում ձեւավորվում է երեխայի ֆիզիկական եւ հոգեբանական ԵՍ-ը, նա ցանկանում է լինել ինքնուրույն, լինել «մեծ», արտահայտել ցանկություններ եւ հասնել դրանց իրագործմանը։ Բայց ցանկությունների իրականացման ճանապարհը մի փոքր անհարմարություն է պատճառում մայրիկներին։ Որպես կանոն, այն ուղեկցվում է վարքային դրսեւորումներով, ինչպիսիք են՝ կամակորությունը, ագրեսիվությունը, ներամփոփությունը, ամաչկոտությունը եւ այլն։

Նման իրավիճակների լուծման առաջին քայլը երեխայի տարիքային առանձնահատկությունների յուրացման հարցում ծնողների կոմպետենտությունն է։ Յուրաքանչյուր ծնող պետք է հասկանա, թե երեխայի հետ ինչ հոգեբանական եւ ֆիզիկական փոփոխություններ են տեղի ունենում, ինչ վարքային դրսեւորումներ են ի հայտ գալիս եւ ինչ խնդիր է լուծում երեխան նման վարքով։ Երբ ծնողը տեղեկացված է, նրա պահանջները եւ հարցերն՝ ուղղված ցանկացած մասնագետի, ով աշխատում կամ խնամում է երեխային, լինում են գրագետ եւ տեղին։

Երեխայի տարիքային առանձնահատկությունները յուրացնելուն պետք է հաջորդի մանկապարտեզի առօրյայի, դրական եւ բացասական կողմերի, այնտեղ աշխատող մասնագետների եւ նրանց գործառույթների վերաբերյալ տեղեկացվածությունը։ Երբ տվյալ բնագավառում ծնողն իրեն զգում է գիտելիքներով զինված, նա պետք է դա փոխանցի երեխային։ Ինչպե՞ս։ Պետք է զրույցի միջոցով ճանապարհ գտնել դեպի երեխայի ներաշխարհ, հասկանալ նրա ներկա հետաքրքրությունները եւ աստիճանաբար պատմել մի վայրի մասին, որտեղ կան շատ երեխաներ, խաղալիքներ, ուրախ մթնոլորտ, հետաքրքիր խաղեր եւ այլն։ Դիտեք մուլտֆիլմեր, կարդացեք հեքիաթներ, որտեղ կան մանկապարտեզ հիշեցնող դրվագներ։ Երեխան աստիճանաբար կհասկանա, որ դա ցանկալի եւ հաճելի մի վայր է, որտեղ կարելի է խաղալ, ուրախանալ, նոր հմտություններ ձեռք բերել, երեխաների հետ շփվել, խոսել։ Որպես կանոն, ճիշտ մատուցման արդյունքում երեխան ցանկություն է հայտնում գնալ մանկապարտեզ։

Հաջորդ կարեւոր քայլը հարմարման փուլի գրագետ կազմակերպումն է։ Սիրելի մայրիկներ, հոգեբանիս հորդորն է Ձեզ՝ մի թողեք լաց եղող փոքրիկին մանկապարտեզում։ Դա իրականում ավելի է սրում երեխայի հոգեբանական, հուզական վիճակը։ Միգուցե, վարքային մոդելով նա հարմարվի, սակայն հոգեբանական տեսանկյունից ձեռք կբերի անվստահություն ծնողի եւ շրջապատող աշխարհի հանդեպ, ծնողին կորցնելու վախ կունենա, անտեղի ագրեսիվ կլինի, քանի որ պահանջ ունի պաշտպանվելու։

Հարմարման փուլ

Երեխայի զարգացման անբաժանելի մաս է կազմում ինքնասպասարկման հմտությունների զարգացումը՝ միայնակ ճաշել, ասել կարիքների մասին, հանել կոշիկները, ինքնուրույն նստել աթոռին, բաժակով ջուր խմել եւ այլն։ Մանկապարտեզ հաճախելուց մի քանի ամիս առաջ անհրաժեշտ է երեխային ավելի շատ մղել ինքնուրույնության: Եթե երեխան դեռ չի ցանկանում գնալ մանկապարտեզ, պետք չէ դա խնդրի վերածել: Սկզբնական շրջանում ցանկալի է, որ ծնողը երեխայի հետ մի քանի ժամ մնա մանկապարտեզում, երեխայի հետ խաղա, ինքնուրույն ծանոթացնի միջավայրին։ Իսկ եթե կա բացակայելու անհրաժեշտություն, անպայմանորեն տեղեկացնի, նշի վերադարձի ժամը եւ անպայման վերադառնա նշված ժամին՝ ամրապնդելով վստահության զգացողությունը:

Իրականում մանկապարտեզը դա սոցիալական հմտությունների ձեռք բերման մի մեծ դպրոց է, որտեղ կան կյանքի տարբեր իրավիճակներ, շփման տարբեր ձեւեր, մարդկային բնավորությունների տեսակներ։ Այդ դպրոցը բարեհաջող հաղթահարած երեխաները դառնում են առողջ հասարակության առողջ անդամներ։ Սովորում են բախվել դժվարություններին, հաղթահարել դրանք եւ շարժվել առաջ։

Կամիլա Խաչատրյանը հոգեբան է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին