Գերմանիա եւ Արմենիա (հատված I) - Mediamax.am

Գերմանիա եւ Արմենիա (հատված I)
1741 դիտում

Գերմանիա եւ Արմենիա (հատված I)


                                         Նվիրում եմ ֆրանկոֆոնիայի օրերի հիշատակին

Ֆրանկոֆոնիայի օրերին գայթակղություն ունեի՝ գրել մի բան հայ-գերմանական հարաբերությունների մասին՝ ի հակադրություն տիրող ֆրանկոֆիլ տրամադրությունների: Գայթակղությանը ոչ թե չդիմացա ու չգրեցի, այլ պարզապես չհասցրեցի:

Իրականում խնդիրն, իհարկե, ինքնանպատակ ինադը չէ, ոչ էլ գերմանականը ֆրանսիականին ամեն գնով հակադրելու ազարտը:

Ավելի լուրջ հիմնավորում կա:

Ոչ միայն հայ-գերմանական կամ հայ-ֆրանսիական, այլ ընդհա՛նրապես՝ «հայ-իքսական», «հայ-իգրեկյան», «հայ-զեթական», «չինումաչինական» եւ «ֆլան-ֆստանական» հարաբերությունների թեմաները, որոնք առաջին հայացքից ոչինչ չունեն իրենց մեջ բացի դատարկա-կենացային, ծիսական-բացականչական հավաստիացումներից ու երդումներից, եւ այդ ոճով էլ որպես կանոն նշվում են, ներկայացվում են եւ խոսացվում են, իրականում՝ հակառակ այդ մակերեսային կողմի (որն ինքնին նորմալ է, որքանով որ նորմալ է մարդկային կյանքում ընդհանրապես կենացը, ծեսը եւ պատվավոր նշումը) ունեն նաեւ շատ ավելի խորքային ներուժ՝ բացահայտելու իմաստներ, կապեր, թեմաներ, որոնք այլ կերպ բացահայտելի չեն:

Մի երկու-երեք տարի է ինչ մտմտում եմ «հայ-չինումաչինական» հարաբերությունների՝ անգլիական, ռուսական, նույն ֆրանսիական եւ գերմանական, նաեւ՝ իրանական, թուրքական, վրացական, եթե ստացվի գուցե՝ իտալական, իսպանական եւ այլնի մասին մի շարք գրել «ի շահ Բիայնիլիի եւ ի սարսափ թշնամյաց»: Որպես 30-ից ավելի տարվա ստաժով գերմանասեր, բնականաբար, կսկսեմ հայ-գերմանականից, բայց խոստանալով լինել անաչառ եւ հնարավորինս հետաքրքիր:

20-րդ դարի հայտնի քաղաքական հանգամանքների բերմամբ հայ-գերմանական հարաբերությունների թեման, ի տարբերություն, օրինակ, նույն ֆրանսիականի կամ ռուսականի, պոպուլյար չի եղել: Նախ՝ որովհետեւ գերմանացիներն Առաջին hամաշխարհայինում եղել են թուրքերի դաշնակից, երկրորդ՝ Երկրորդ համաշխարհայինում եղել են ՍՍՀՄ թշնամի, որով սովետական գրաքննությունն ավելացել է ազգային հակակրանքի զգացումին: Վերջապես՝ գերմանական ազդեցությունը 19-րդ դարում հատկապես ուժեղ է եղել արեւելահայերիս վրա (ի հակադրություն արեւմտահայերի մեջ եղած ֆրանսիականի), հետեւաբար, մոտիկ մրցակից է եղել ռուսականին, որով շատ երեւույթներ, որ սովետական շրջանում պաշտոնապես վերագրվել են ռուսական ազդեցությանը, եղել են իրականում գերմանական:

Մի կողմ թողնենք քաղաքական հանգամանքների բարդ քննարկումը: Կգա գուցե այն օրը, մեկն ամբողջ ուժով հարց կդնի, թե մեծ տերություններից որո՞նց դիրքորոշումն է ավելի կործանարար եղել հայերիս համար՝ Առաջին համաշխարհայինի մեր «դաշնակից»՝ անգլիացի, ֆրանսիացի եւ ռուսական Անտանտի, թե՞ թուրքերի դաշնակից եւ այդու՝ մեր «թշնամի» գերմանացիների, որոնք երբեք խոստումներ չեն շռայլել մեզ, եւ դրանով իսկ գոնե որեւէ բան չեն դրժել ու դրժված դաշնակցության դիմաց էլ «հայերի ցավի» ճանաչմամբ մեզնից մի նոր շնորհակալության պոռթկում չեն ակնկալել ու չեն ստացել:

Չենք քննարկի նաեւ Երկրորդ hամաշխարհայինի հետ կապված խնդիրները, որոնց քննարկումը կարող է մեզ անտեղի շեղել ու տանել առայժմ ավելորդ մանրամասների դաշտ:

Մի կողմ թողնելով, ուրեմն, այս բարդ հարցերը, փորձենք թեման կարեւորել մի պնդմամբ՝ հայկական արդի ինքնությունը մեծապես ձեւավորվել է գերմանական ազդեցությամբ, գերմանական հիմքով: Գերմանականն՝ արդի հայ ինքնության թաքնված, գիտակցորեն մոռացված, բայց դրանով ոչ պակաս ազդու ենթաշերտն է, որից ավելի խորքային եւ կարեւոր արտաքին ազդեցություն մեր նորագույն պատմության մեջ չկա (որքան էլ զարմանալի լինի այս պնդումը), իսկ հնում սրա հետ համեմատելի են միայն հունականն ու իրանականը: Ռուսական կամ ֆրանսիական եւ մյուս ազդեցությունները, որոնց մասին այդքան խոսվում է, թեեւ անտեսելի չեն, բայց չունեն նույն հիմնարար, խորքային բնույթը: Զարմանալի չափազանցությո՞ւն:

Պարզապես թվարկենք մի քանի պատահական փաստ ոչ թե մեր պնդումն ապացուցելու, այլ զուտ խոսակցություն սկսելու համար:

Արդի արեւելահայ գրականության հիմնադիր Աբովյանի գերմանական կրթությունն ու գերմանական ռոմանտիզմի ազդեցությամբ հայ արդի վեպի նախատիպի ստեղծումը:

Արդի հայ հրապարակախոսության եւ հասարակական մտքի հիմնադիր Ստեփանոս Նազարյանցի գերմանական կրթությունը եւ ազգայինի մասին պատկերացումների գերմանական հիմքը (այսպես կոչված «մշակութային ազգայնականություն»),
բաց թողնելով եւս մի քանի անուն:

Արդի հայ պատմագիտության հիմնադիրներից Հակոբ Մանանդյանի եւ այլոց (օրինակ, Երվանդ Տեր-Մինասյան, Աշոտ Հովհաննիսյան) գերմանական կրթությունը:

19-րդ դարի հայ աստվածաբանության վերածննդի դեմքերից կարեւորների (Արշակ Տեր-Միքայելյան եւ այլք) գերմանական կրթությունը եւ այլ, եւ այլն:

Սրանք չոր թվարկումներ են, որոնք ինքնին քիչ բան են ասում (մանավանդ որ ունենք ոչ միայն գերմանական, այլեւ, ասենք, ֆրանսիական կրթությամբ հայտնի գիտնականներ, արվեստի գործիչներ եւ այլն), բայց պետք է հաշվի առնենք, որ խոսքը չոր-ֆորմալ կրթության մասին չէ, այլ ոճի, մեթոդի, շկոլայի: Մյուս կողմից՝ խոսում ենք հենց ինքնության տեսակետից հիմնարար ոլորտների եւ հիմնադիր անձանց մասին: Ի դեպ, պետք է հաշվի առնենք, որ գոնե մինչեւ 19-րդ դարի վերջ ռուսական իրականությունն էլ մեծապես ազդված էր գերմանականով՝ գիտություն, արվեստ, քաղաքական միտք, փիլիսոփայություն, եւ շատ ազդեցություններ, որոնք կրել ենք ռուսներից, իրականում միջնորդավորված գերմանական են: Այս շարքում առանձնացնենք ռուս նարոդնիկությունը, որն իր գաղափարախոսությամբ եւ ոճով դարձավ հայկական ազատագրական շարժման կարեւորագույն աղբյուրներից:

Կա հարցի եւ մյուս կողմը: Եթե մի կողմից հայերը գնալով Գերմանիա եւ կրթվելով այնտեղ, բերում էին այստեղ գերմանական կաղապարներ, որոնց միջոցով կառուցում եւ վերակառուցում էին հայկական ինքնությունը, ապա մյուս կողմից հենց իրենք գերմանացիները հիմնադրում էին հայ ինքնությանն առնչվող ամբողջ գիտական ոլորտներ:

Հայկական Լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունը եւ Հայկական Լեռնաշխարհ անվանումն իսկ հիմնադրել է Հերման Աբիխը:

Հայերենի հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ լինելն առաջինը հիմնավորել է Հայնրիխ Հյուբշմանը, որն էլ հայերենի արդի գիտական ուսումնասիրության հիմնադիրը կարող է համարվել:

Հայոց պատմության արդի քննական ուսումնասիրության ակունքներում են Հայնրիխ Գելցերը, Յոզեֆ Մարքվարթը:

Հայկական ճարտարապետության դերը բացահայտում եւ շեշտում է Յոզեֆ Ստրժգովսկին (ծագմամբ լեհ, բայց ինքնագիտակցությամբ գերմանացի) եւ այլն, եւ այլն:

Տեսնում ենք, որ այս ցուցակն էլ, թեեւ ինքնին չոր փաստ է, բայց վերաբերում է ինքնության համար հիմնարար՝ երկիր, լեզու, պատմություն, արվեստ ոլորտներին, եւ ցուցակում ներկայացվածները ոչ թե սոսկ անուններ են, այլ հիմնադիրների անուններ:

Գերմանական ենթաշերտը, ուրեմն, ոչ թե պարզապես մեկն է մյուսներից, որը դեր է ունեցել հայկականության «վերակառուցման» գործընթացում, այլ մեկն է, եթե ոչ ամենակարեւորը արդի հայ ինքնագիտակցության ձեւավորման արտաքին աղբյուրներից, արտաքին ազդակներից: Այսօր ինքնին պարզ ու հայտնի թվացող փաստերը՝ Հայկական Լեռնաշխարհը որպես աշխարհագրական միավոր, հայերենը որպես հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ, հայկական ճարտարապետությունը որպես ուրույն դպրոց եւ այլն, միշտ չէին այդպիսին, այլ ունեցել են իրենց հիմնադիրները, որոնց զգալի, եթե ոչ մեծ մասը եղել են գերմանացիներ:

Այս իրողությունը չենք նշում որպես թեմայի ամփոփում կամ եզրակացություն: Սա ընդամենը խոսակցության սկիզբն էր, որը պետք է ցույց տար, որ հայ-գերմանական հարաբերության մեջ ավելին կա, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից: Արդյո՞ք այդ ավելցուկը պատահականություն է, թե՞ գոնե ինչ-որ չափով օրինաչափություն, արդյո՞ք Գերմանիան եւ Արմենիան կապված են իրար հետ ավելի խորքային կապով, կփորձենք հասկանալ հաջորդիվ՝ այս գրառման շարունակությամբ:

Հրանտ Տէր-Աբրահամեանը վերլուծաբան եւ հրապարակախոս է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին