Ավետիք Իսահակյանի 10 իրերը - Mediamax.am

exclusive
27635 դիտում

Ավետիք Իսահակյանի 10 իրերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիք Իսահակյանը
Ավետիք Իսահակյանը

Լուսանկարը` Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի արխիվից

Ավետիք Իսահակյանը
Ավետիք Իսահակյանը

Լուսանկարը` Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի արխիվից

Ավետիք Իսահակյանը
Ավետիք Իսահակյանը

Լուսանկարը` Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի արխիվից


Մեդիամաքս-ը շարունակում է «Հայտնիների 10 իրերը» հատուկ նախագիծը: Ներկայացնում ենք տասը պատմություն հայտնի մարդկանց կյանքից, որոնց կրողը անշունչ իրեր են:

 

Ավետիք Իսահակյան՝ հայ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, ՀՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում,  մահացել է՝ 1957 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Երեւանում:

 

Գրողի՝ 1963 թվականի հոկտեմբերի 31-ին բացված տուն-թանգարանում պահվում են նրա բազմաթիվ արժեքավոր իրերը: Իսահակյանն այս տանն ապրել է կյանքի վերջին տասը տարին։

 

1. Ջրամանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իսահակյանի հայրական տնից Երեւան տեղափոխված իրերի կողքին առանձնանում է ջրամանը: Այս փոքրիկ դույլը գրողի ամենասիրելի իրերից է եղել մանկության տարիներին: Նա խաղացել է դույլով, իսկ ընտանիքը սրբությամբ պահպանել ու մեր օրեր է հասցրել այն:

 

2. Չարենցի նվերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեւելյան մշակույթով Եղիշե Չարենցի եւ Ավետիք Իսահակյանի հրապուրված լինելու մասին է վկայում Չարենցի նվերն ավագ ընկերոջը: 

 

Չարենցի դեմ սկսված հալածանքներից ու կալանքներից հետո երկու մեծ հայ գերողները չեն դադարել հանդիպել: Չարենցը կյանքի վերջին ամիսների տնային կալանքի տակ էր, իսկ Ավետիք Իսահակյանն ու նրա ընտանիքի անդամները փորձում էին կապը պահել: Իսահակյանի հարսը՝ դերասանուհի Բելլա Իսահակյանը, ձերբակալությունից առաջ գնում է Չարենցին տեսակցության, հանդիպման ավարտին Չարենցը նրան խնդրում է մի փոքր սպասել: Նա հայացքը գցում է իր սեղանին եղած արձանիկներին, վերցնում Չինական օճառաքարե արձանիկն ու մեխով դրա տակ փորագրում. «Սիրելի Ավետիքին, Չարենց , 24 / VI 1937 թ.»:

 

Սա համարվում է Չարենցի հրաժեշտի նվերն Իսահակյանին:

 

3. Գորգը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սասունցի Դավիթ» գորգը Իսահակյանին է նվիրել Հայաստանի կառավարությունը՝ գրողի ծննդյան 65-ամյակին: Գորգը հատուկ Իսահակյանի համար է հյուսվել, եւ առանձնանում է նրանով, որ չմանված բրդի թելերով է գործված: Այս գորգն Իսահակյանի սիրելի իրերից մեկն է եղել, որը կախված է նրա հյուրասենյակի պատին:

 

4. Հեռուստացույցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իսահակյանների ընտանիքն առաջիններից էր, որ հեռուստացույց ուներ: Գրողի թոռը՝ Ավիկ Իսահակյանը հիշում է, որ ընկերների հետ հաճախ էին գալիս տուն՝ հեռուստացույց դիտելու: Մի անգամ ընկերներով հարավսլավական «Գանա» ֆիլմն են դիտել, որի ընթացքում համբույրի տեսարան է եղել: Իսահակյանը մինչ այդ տեսարանը երիտասարդների հետ դիտել է ֆիլմը, ապա դուրս եկել պատշգամբ, մի ծխախոտ վառել եւ մտախոհ ասել. «Այս արկղը մի օր մեր երեխաներին կփչացնի»:

 

5. Սնդուկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իսահակյանի տան բակում դրված սնդուկում ժամանակին պահվել են գրողի գրքերը, անձնական փաստաթղթերը: Պատմում են, որ դիմացի հարեւանը, ով կոշկակար էր, տանը մասնավոր պատվերներով կոշիկ էր կարում: Եվ, քանի որ դա արգելված էր ու բացահայտվելու դեպքում կարող էր դատվել, ամեն անգամ հնարավոր ստուգայցերի ժամանակ նա իր գործիքները բերում եւ թաքցնում էր այս սնդուկում: Վարպետը դրանք դնում էր ներքեւում եւ վրան շարում գրքերը:

 

6. Մարմարի կտորները

Լուսանկարը` Մեդիամաքս

Աթենքում Իսահակյանն այցելում է Ակրոպոլիս: Հնագույն հուշարձանի տարածքից մարմարի կտորներ դուրս բերելն արգելված էր, սակայն գրողը չի կարողանում դիմադրել գայթակղությանը: Իսահակյանը խորամանկության է դիմում՝ աչալուրջ պահակին մոլորեցնելու համար: Նա վայր է գցում գլխարկն ու երբ կռանում է վերցնելու, գլխարկի հետ մարմարի երկու փոքրիկ կտոր է գցում գրպանը: Իսահակյանը մարմարի կտորները բերում է Հայաստան: Դրանք երկար տարիներ դրված են նրա աշխատասեղանին:

 

7. «Աղջիկը եւ եղնիկը» արձանիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիք Իսահակյանի աշխատասեղանի մշտական իրերից էր «Աղջիկը եւ եղնիկը» արձանիկը: Սիրելի արձանիկը վարպետը միշտ աչքի առաջ էր պահում: Երբ Իսահակյանը նստում էր գրասեղանի առաջ աշխատելու, ձեռքի թազբեհը կախում էր աղջկա վզից: Իսահակյանի հայտնի լուսանկարներում արձանիկը միշտ աշխատասեղանին է:

 

8. Տուֆակերտ նստարանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Թումանյանի դուստրը՝ Թամարը, ով մասնագիտությամբ ճարտարապետ էր, հաճախ էր լինում Ավետիք Իսահակյանի տանը: Այցելություններից մեկի ժամանակ Իսահակյանը նրան հայտնում է նստարան ունենալու իր ցանկությունը: Թամարն այս ցանկությունն ի կատար է ածում բանաստեղծի ծննդյան 80-ամյակին: Թումանյանի դստեր առաջարկությամբ Հայաստանի ճարտարապետների միությունը, Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, տուֆակերտ նստարան է նվիրում Իսահակյանին: Ճարտարապետներն իրենք են բերում նստարանը: Այն դրվում է թթենու տակ: Իսահակյանը շատ էր սիրում այգին գիշերով ջրել, որից հետո անրջել նստարանին նստած:

 

9. Գիշերազգեստը, հողաթափերն ու սկուտեղը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավետիք Իսահակյանի ննջարանում նրա գիշերազգեստն ու հողաթափերն են, որոնք բանաստեղծը հագել է կյանքի վերջին տարիներին: Լուսանկարներից հայտնի գիշերազգեստը խնամքով ծալված-կախված է մահճակալի հարեւանությամբ դրված աթոռին, իսկ հողաթափերը՝ մահճակալի մոտ:

 

Ննջասենյակում մի փոքր հեռու Իսահակյանների տան սիրելի սկուտեղն է, որը Փարիզից է բերված: Այս սկուտեղով բանաստեղծի կինը՝ Սոֆին, սիրելի ամուսնուն սուրճ է մատուցել ամեն առավոտ: Իսահակյանը շատ սիրել է հատկապես կաթով սուրճը:

 

10. Մոր նկարն ու շալը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բանաստեղծի ողջ կյանքի ընթացքում նրա մոտ են եղել մոր նկարն ու շալը: Արտասահմանում ապրելու տարիներին լուսանկարը վարպետի աշխատասենյակում  կամ ննջարանում է փակցված եղել: Վերջին տարիներին Իսահակյանը լուսանկարը փակցրել է ննջասենյակում եւ մոր պատկերը նրան ուղեկցել է մինչեւ կյանքի ավարտը:

 

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հասցեն է՝ Զարոբյան 20 Հեռախոսահամարները՝  (+37410) 56 24 24, 58 73 80

Կայքը՝  http://www.isahakyanmuseum.am 

 

Հեղինակ՝ Մարի Թարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին