5/10/15. ՌԴ կայանները Վրաստանում, «իմպիչմենտը», Սաֆարովը Բաքվում - Mediamax.am

exclusive
12289 դիտում

5/10/15. ՌԴ կայանները Վրաստանում, «իմպիչմենտը», Սաֆարովը Բաքվում


Բուդապեշտում բողոքի ակցիայի մասնակիցը
Բուդապեշտում բողոքի ակցիայի մասնակիցը

Լուսանկարը` REUTERS

Էդուարդ Շեւարնադձեն
Էդուարդ Շեւարնադձեն

Լուսանկարը` REUTERS

Վլադիմիր Կարապետյանը
Վլադիմիր Կարապետյանը

Լուսանկարը` Վ.Կարապետյանի արխիվից


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը գործարկում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնելու իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ՝ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 03

 

Հայ-ամերիկյան ռազմական կապերը

 

Օգոստոսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ասել էր, որ հայ-ամերիկյան ռազմական կապերը «վերընթաց» զարգացում են ապրում:

 

Ելույթ ունենալով Հումանիտար ականազերծման կենտրոնում, որը ստեղծվել էր ամերիկյան կառավարության աջակցությամբ, Սերժ Սարգսյանը նշել էր, որ շուտով Հայաստանի եւ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունները կսկսեն իրականացնել ռազմական կադրերի ուսուցման եւ ՀՀ զինված ուժերի կապի համակարգի արդիականացման ծրագրերը:

 

Ռուսական ռազմակայանների դուրս բերումը Վրաստանից

 

Օգոստոսի 29-ին Ջավախքում գործող «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը հույս էր հայտնել, որ նախագահ Էդուարդ Շեւարնադձեն հավանություն չի տա խորհրդարանի ընդունած՝ Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերման որոշմանը: 

Էդուարդ Շեւարնադձեն Էդուարդ Շեւարնադձեն

Լուսանկարը` REUTERS

Ռստակյանն ասում էր, որ Ախալքալաքից ռուսական ռազմական բազայի արագացված դուրս բերումը կարող է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, քանի որ կայանը հանդիսանում է տարածաշրջանի բնակիչների տնտեսական կայունության երաշխավորը:

 

Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերման գործընթացը մեկնարկեց 2005 թվականին եւ ավարտվեց 2007-ին: Այն Ջավախքում իրավավիճակի ապակայունացման պատճառ չդարձավ:

 

«Հանրապետությունը», Քոչարյանն ու իմպիչմենտը

 

Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը օգոստոսի 29-ին հայտարարեց, որ «Հանրապետություն» կուսակցության համար Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմպիչմենտի հարցը «սկզբունքային է»: Բազեյանն ասում էր, որ Հայաստանի նախագահը «բազմիցս խախտել է երկրի Սահմանադրությունը եւ չարաշահել իր պաշտոնական լիազորությունները»:

 

Իմպիչմենտի գործընթացը չսկսվեց:

 

Հանրապետական կուսակցությունը եւ Քոչարյանը

 

Սեպտեմբերի 3-ին «Միասնություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «ամենայն հավանականությամբ» կսատարի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը 2003 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում:

 

Գալուստ Սահակյանը նաեւ նշել էր, որ ՀՀԿ-ն «պատրաստ է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կիսել ազնիվ եւ արդար ընտրությունների անցկացման պատասխանատվությունը»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ՝ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 03

 

ԼՂՀ անկախության ճանաչումը՝ կողմ եւ դեմ

 

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր, որ «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման ժամանակը դեռ չի եկել»:

Վլադիմիր Կարապետյանը Վլադիմիր Կարապետյանը

Լուսանկարը` Վ.Կարապետյանի արխիվից

Այդպես նա մեկնաբանել էր Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած օրինագիծը: «ԼՂՀ ճանաչումը եղել  եւ մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության զինանոցում: Այն պետք է իրականացվի այն ժամանակ, երբ առավել արդյունավետ կլինի եւ կնպաստի հարցի վերջնական լուծմանը: Այդ ժամանակը դեռ չի եկել», - ասում էր Վլադիմիր Կարապետյանը:

 

Իսկ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը սեպտեմբերի 3-ին ասել էր, որ «ամեն տարի որպես օրենք ընդունելով Լեռնային Ղարաբաղին միջպետական վարկ տրամադրելու մասին դրույթը, ՀՀ խորհրդարանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ՝ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 03

 

Սաֆարովի վերադարձը Ադրբեջան

 

Օգոստոսի 31-ին Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովը վերադարձավ Ադրբեջան եւ անմիջապես ներման արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի կողմից:

 

Օտարերկրյա դեսպանների հետ արտահերթ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը որոշում է կայացրել կասեցնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

 

«Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետեւ գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ», - ասել էր ՀՀ նախագահը:

Բուդապեշտում բողոքի ակցիայի մասնակիցը Բուդապեշտում բողոքի ակցիայի մասնակիցը

Լուսանկարը` REUTERS

Բուդապեշտում մի քանի հազար մարդ դուրս եկավ ցույցի՝ բողոքելով վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած կառավարության գործողությունների դեմ:

 

Անցել է 5 տարի, Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունները շարունակում են կասեցված մնալ:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին