5/10/15. Առաջընթաց Սադարակում, Պորտերֆիլդի մահը, Հյուզը Արցախում - Mediamax.am

exclusive
9141 դիտում

5/10/15. Առաջընթաց Սադարակում, Պորտերֆիլդի մահը, Հյուզը Արցախում


Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը՝ Սարադակի հանդիպումից հետո
Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը՝ Սարադակի հանդիպումից հետո

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վիլայաթ Գուլիեւը ՄԱԿ-ում
Վիլայաթ Գուլիեւը ՄԱԿ-ում

Լուսանկարը` ՄԱԿ

Իէն Պորտերֆիլդը տոնում է հաղթականը Լեհաստանի նկատմամբ
Իէն Պորտերֆիլդը տոնում է հաղթականը Լեհաստանի նկատմամբ

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը
Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լեոնիդ Մելամեդը, Ռալֆ Յիրիկյանը եւ Պյեռ Ֆատուշը
Լեոնիդ Մելամեդը, Ռալֆ Յիրիկյանը եւ Պյեռ Ֆատուշը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Գլեն Հյուզը Հայաստանում
Գլեն Հյուզը Հայաստանում

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը գործարկում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնելու իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-17

 

Ընդհատված երկխոսություն Թուրքիայի հետ

 

ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը սեպտեմբերի 11-ին համոզմունք էր հայտնել, որ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո «Երեւանն ու Անկարան պատրաստակամություն կհայտնեն շարունակել այս տարի սկսած երկխոսությունը»: Նա հիշեցրել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ իր երկխոսությունը ընդհատվել էր Իսմայիլ Ջեմի հրաժարականից հետո:

 

Առաջընթացը Սադարակում եւ ելույթները Նյու Յորքում

 

Սեպտեմբերի 11-ին Վարդան Օսկանյանը ասել էր, որ Սադարակում կայացած վերջին հանդիպմանը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին «հաջողվել է առաջընթաց գրանցել մի շարք հարցերի շուրջ»:

Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը՝ Սարադակի հանդիպումից հետո Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը՝ Սարադակի հանդիպումից հետո

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մի քանի օր անց, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Վարդան Օսկանյանը եւ Վիլայաթ Գուլիեւը, ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 57-րդ նստաշրջանում, հանդես եկան փոխադարձ մեղադրանքներով:

 

Ադրբեջանի արտգործնախարարը, մասնավորապես, հայտարարել էր, որ «վկայակոչելով ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, Հայաստանը փորձում է քողարկել ադրբեջանական տարածքների բռնազավթման իր քաղաքականությունը»: Իսկ Վարդան Օսկանյանը նշել էր, որ «Ադրբեջանն ունի ընտրելու հնարավորություն. շարունակել հանդես գալ կոպիտ ցնորված մանիպուլյացիաներով կամ միանալ խնդրի խաղաղ լուծմանն ուղղված միջազգային ջանքերին»:

Վիլայաթ Գուլիեւը ՄԱԿ-ում Վիլայաթ Գուլիեւը ՄԱԿ-ում

Լուսանկարը` ՄԱԿ

Քոչարյանը՝ ընդդիմության կողմից միասնական թեկնածուի կողմնակից

 

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 17-ին ասել էր, որ ողջունում է երկրի 16 ընդդիմադիր ուժերի միավորումը:

 

«Ես կափսոսամ, եթե որևէ պատճառներով այդ միավորմանը չհաջողվի նախագահական ընկերություններում առաջադրել միասնական թեկնածու: Եթե ընդդիմությունը առաջադրի միասնական թեկնածու, առաջին իսկ փուլում նախագահ ընտրելու հավանականությունը կավելանա, եւ դա միայն ողջունելի կլինի», - ասել էր նախագահը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ.  2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-17

 

Մահացել է Յեն Պորտերֆիլդը

 

Սեպտեմբերի 11-ին, 61 տարեկան հասակում մահացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յեն Պորտերֆիլդը (Ian Porterfield):

 

Դրանից մի քանի ամիս առաջ Պորտերֆիլդի մոտ քաղցկեղ էին ախտորոշել, սակայն նա շարունակում էր աշխատել Հայաստանի հավաքականի հետ: Շոտլանդացի մասնագետի անվան հետ էին կապում ազգային հավաքականի վերջին հաջողությունները` Ղազախստանի եւ Լեհաստանի հավաքականների նկատմամբ տարած հաղթանակներն ու Պորտուգալիայի թիմի հետ ոչ ոքին:

Իէն Պորտերֆիլդը տոնում է հաղթականը Լեհաստանի նկատմամբ Իէն Պորտերֆիլդը տոնում է հաղթականը Լեհաստանի նկատմամբ

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լոնդոնյան The Times-ը մեջբերում էր Յեն Պորտերֆիլդի տիկնոջ` Գլենդայի խոսքերը.

 

«Նա ցանկանում էր մահանալ աշխատելիս: Ես միշտ կհիշեմ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղի նախօրեին Երեւանի մարզադաշտում կայացած մարզումները: Մարդիկ հավաքվել էին մարզադաշտում տեսնելու պորտուգալացի աստղերին` Կրիշտիանու Ռոնալդուին, Դեկուին եւ այլոց, սակայն երբ հայտնվեց Յենը, նրանք բոլորը կանգնեցին եւ սկսեցին վանկարկել նրա անունը: Դա շատ հուզիչ էր»:

 

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը Պորտերֆիլդի մահն անվանել էր «ողբերգություն նրա ընտանիքի եւ ֆուտբոլի համար»:

 

Հայ ըմբիշները Բաքվում

 

«Ձեր հաղթանակները կցնցեն աշխարհը»,- սեպտեմբերի 13-ին ասել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ճանապարհելով Բաքվի աշխարհի առաջնությանը մեկնող հունահռոմեական եւ ազատ ոճերի ըմբշամարտի հավաքականների անդամներին:

 

Ծառուկյանը հիշեցրել էր, որ վերջին 20 տարվա ընթացքում հայ մարզիկները չէին մասնացել Ադրբեջանում անցկացվող միջազգային մրցումներին:

 

Քոչարյանը չի թաքցնում, որ իր հետնորդը Սերժ Սարգսյանն է

 

Նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը սեպտեմբերի 14-ին ասել էր, որ երկրի ղեկավարը չի թաքցնում, որ գործող վարչապետ Սերժ Սարգսյանին ցանկանում է տեսնել որպես հաջորդ նախագահ:

Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մեկնաբանելով ընտրություններում ՀՀ  նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ տեղեկությունները, Վիկտոր Սողոմոնյանը նշել էր, որ «ընտրություններին մասնակցելը իր սահմանադրական իրավունք է, սակայն Տեր-Պետրոսյանը ինքը պետք է որոշի նման քայլի նպատակահարմարությունը»:

 

Գյուլի նախագահ դառնալը նոր հույսեր չտվեց

 

Սեպտեմբերի 14-ին Վիկտոր Սողոմոնյանը ասել էր, որ Աբդուլլաh Գյուլի նախագահ ընտրվելուց հետո հայկական կողմը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նոր հույսեր չունի:

 

ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը նկատել էր, որ վերջին տարիների ընթացքում Գյուլը զբաղեցրել էր Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնը, եւ «եթե այն քաղաքական ուժը, որը նա ներկայացնում է, իսկապես ցանկանար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, ապա ոչինչ չէր խանգարում համապատասխան քայլեր ձեռնարկել»:

 

МТС-ը ձեռք բերեց ՎիվաՍելի բաժնետոմսերի 80 %-ը

 

Ռուսական MTC ընկերությունը դարձավ հայկական «ՎիվաՍել» բջջային օպերատորի բաժնետոմսերի 80%-ի սեփականատերը: Սեպտեմբերի 14-ին այդ մասին Երեւանում հայտարարեցին MTC-ի նախագահ Լեոնիդ Մելամեդը, «ՎիվաՍելի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Fattouche Group լիբանանյան ներդրումային ընկերության նախագահ Պյեռ Ֆատուշը:

Լեոնիդ Մելամեդը, Ռալֆ Յիրիկյանը եւ Պյեռ Ֆատուշը Լեոնիդ Մելամեդը, Ռալֆ Յիրիկյանը եւ Պյեռ Ֆատուշը

Լուսանկարը` Ֆոտոլուր

MTC-ը ձեռք էր բերել International Cell Holding Ltd. ընկերության կանոնադրական կապիտալի 80%-ը, որը հանդիսանում էր «ՎիվաՍել» ապրանքանիշի ներքո հանդես եկող «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց անուղղակի սեփականատերը, ինչպես նաեւ ստորագրել էր մնացած 20 տոկոսանոց բաժնի ձեռք բերման օպցիոն պայմանագիր:

 

Գործարքի գումարը կազմել էր  310 մլն եվրո` ներառյալ 50 մլն եվրոն, որոնք վաճառողին պետք է վճարվեին 3 տարվա ընթացքում` 2008-2010 թթ. ընկերության հասույթի եւ եկամտաբերության հաստատված ցուցանիշների կատարման դեպքում: 

 

MTC-ը «Ղ-Տելեկոմին» նաեւ տրամադրել էր 140 մլն եվրոյի վարկ` պարտքերի մարման եւ ներդրումային ծրագրերի ֆինանսավորելու նպատակով: 

 

Լեոնիդ Մելամեդը հայտարարել էր, որ «տվյալ ձեռքբերումն ամբողջությամբ համապատասխանում է MTC-ի ռազմավարությանը` ուղղված ԱՊՀ արագ աճող շուկաների ներուժի օգտագործմանը»:

 

Արա Հարությունյանը գլխավորեց ԼՂՀ կառավարությունը

 

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր էր ստորագրել՝ Արա Հարությունյանին ԼՂՀ վարչապետ նշանակելու մասին: Նախագահը հույս էր հայտնել, որ  նոր կառավարությունը պատվով կկատարի իր առջեւ դրված խնդիրները եւ տնտեսական եւ սոցիալական ոլորտներում զգալի արդյունքների կհասնի: Արա Հարությունյանը դարձավ Արցախի թվով վեցերորդ կառավարության ղեկավարը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ.  2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-17

 

Հայերի մահը Հալեպում

 

Սեպտեմբերի 11-ին Հալեպում, շրջանցիկ ճանապարհով օդանավակայանից վերադառնալիս, ռմբակոծության տակ էին հայտնվել եւ զոհվել սիրիահայեր Մեսրոպ Աճեմյանը, Հարութ Սուլավյանը, Արսեն Պեպեջյանը եւ վերջինիս կինը:

 

Վիրավորվել էր եւս 10 հայ:

 

Գլեն Հյուզը Ստեփանակերտում

 

Ռոք-աստղ, Deep Purple-ի նախկին անդամ, Black Country Communion սուպեր-խմբի անդամ Գլեն Հյուզը սեպտեմբերի 13-ին ելույթ ունեցավ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:

Գլեն Հյուզը Հայաստանում Գլեն Հյուզը Հայաստանում

Լուսանկարը` Մեդիամաքս

Գլեն Հյուզը Dorians խմբի համերգի հատուկ հյուրն էր, որի հետ միասին ելույթ ունեցավ նաեւ Black Country Communion խմբի այլ անդամ Դերեկ Շիրինյանը:

 

Անվճար բացօթյա համերգը անց էր կացվել Ստեփանակերտի կենտրոնում եւ հավաքել էր բազմահազարանոց լսարան: Համերգի նախաձեռնությունը պատկանում էր Հայաստանի ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանին:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին