5/10/15. ԼՏՊ-ՀՅԴ հանդիպումը, կոռուպցիան ՊՆ-ում, Խաչիկյանի «գործը» - Mediamax.am

exclusive
14529 դիտում

5/10/15. ԼՏՊ-ՀՅԴ հանդիպումը, կոռուպցիան ՊՆ-ում, Խաչիկյանի «գործը»


Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը 2012թ. սեպտեմբերի 26-ին
Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը 2012թ. սեպտեմբերի 26-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Հրանտ Մարգարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը
Հրանտ Մարգարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վյաչեսլավ Տրուբնիկովը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիտիջը 2001 թվականին
Վյաչեսլավ Տրուբնիկովը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիտիջը 2001 թվականին

Լուսանկարը` AP

Վազգեն Խաչիկյանը
Վազգեն Խաչիկյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը գործարկում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնելու իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 01

 

Չիրականացած «ոգեշնչում եւ հույսեր»

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներ Վյաչեսլավ Տրուբնիկովը, Ռուդոլֆ Պերինան եւ Հյուգ Պերնեն սեպտեմբերի 26-ին Երեւանում հանդիպել էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

 

«Մեզ ոգեշնչում եւ հուսադրում է այն, ինչ այսօր մեզ ասաց Հայաստանի նախագահը», - ասել էր ՌԴ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը:

Վյաչեսլավ Տրուբնիկովը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիտիջը 2001 թվականին Վյաչեսլավ Տրուբնիկովը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիտիջը 2001 թվականին

Լուսանկարը` AP

«Անշուշտ, նախընտրական իրավիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում իր հետքն է թողում խաղաղ գործընթացի տեմպերի վրա, բայց ամենակարեւորն այն է, որ այն շարունակվում է: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը Սադարակում դրա վառ ապացույցն է», - նշում էր Տրուբնիկովը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 01

 

Տեր-Պետրոսյանը եւ Սարգսյանը

 

Սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ եթե նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշի մասնակցել 2008 թվականի ընտրություններին, ապա «նա շարքային ընդդիմադիր գործիչ կդառնա՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»:

 

Նույն օրը աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Սերժ Սարգսյանը ասաց, որ ամենայն հավանականությամբ կմասնակցի 2008 թվականի նախագահական ընտրություններին:

 

Տեր-Պետրոսյանի հանդիպումը ՀՅԴ հետ

 

Սեպտեմբերի 29-ին Երեւանում կայացավ ՀՅԴ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:

 

«Քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ գալիք նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Կողմերը կարեւորեցին գաղափարախոսական եւ քաղաքական քննարկումների անցկացումը», - հաղորդում էր «Դաշնակցության» մամուլի ծառայությունը:

Հրանտ Մարգարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հրանտ Մարգարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Այս հանդիպումը դարձավ 1994 թվականից ի վեր Տեր-Պետրոսյանի եւ ՀՅԴ առաջին շփումը: 1994 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահը մեղադրեց ՀՅԴ-ին «Դրո» ահաբեկչական խմբավորումը հիմնելու մեջ, ինչը կուսակցության մի շարք առաջնորդների ձերբակալման եւ Դաշնակցությանը պատկանող մի շարք լրատվամիջոցների փակման առիթ հանդիսացավ:

 

Հրանտ Մարգարյանին անվանեցին «Դրո» կազմակերպության առաջնորդ եւ ձերբակալեցին: ՀՅԴ բնականոն գործունեությունը Հայաստանում վերականգնվեց 1998 թվականին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 01

 

Կոռուպցիան ՊՆ-ում

 

Սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անթույլատրելի անվանեց ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացում պետության սուղ միջոցների եւ զինվորների հաշվին թույլ տրվող չարաշահումները եւ խստորեն քննադատեց այդպիսի մոտեցում ցուցաբերող անձանց:

 

ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավարը նշեց, որ դիտարկված մրցութային փաթեթներում բազմաթիվ են դեպքերը, երբ բոլոր մրցույթներին մասնակցում են նույն իրավաբանական անձինք: Կան դեպքեր, երբ գործում են «ունիվերսալ» կազմակերպություններ՝ իրականացնելով սննդամթերքի, ավտոպահեստամասերի, վառելիքաքսուքային նյութերի մատակարարման, ինչպես նաեւ շինարարության աշխատանքներ:

 

Խորհրդակցության ժամանակ ներկայացված հաջորդ խնդիրը վերաբերում էր մրցույթներում հաղթող ճանաչված եւ ՀՀ ՊՆ-ի հետ պայմանագրեր կնքած այն ընկերություններին, որոնք փոխկապակցված են որոշակի անձանց հետ:

 

«Վատ է, երբ նախարարության ներսում չեմ տեսնում կատաղի պայքար այդպիսի մարդկանց դեմ: Եվ պաշտպանության նախարարը, եւ գլխավոր շտաբի պետը պետք է ուշադիր լինեն, որպեսզի այն մարդիկ, ովքեր այդ երեւույթների դեմ պայքարում են, վաղը, մյուս օրը խնդիրներ չունենան»,- ասել էր նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը 2012թ. սեպտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը 2012թ. սեպտեմբերի 26-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Աշխատելու ենք ամեն մանրուքի վրա ուշադրություն դարձնել եւ ամեն ինչ կանենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը օրինակելի լինի գնումների գործընթացի իրականացման գործում»,- ասել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Այսպիսով, երկրի եւ ՊՆ ղեկավարությունը 2016 թվականի Ապրիլյան պատերազմից տարիներ առաջ տեղյակ էին կոռուպցիոն երեւույթների մասին, սակայն այդ խորհրդակցությունից հետո իրավիճակը, փաստացի, չփոխվեց:

 

Խաչիկյանի ձերբակալությունը

 

Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել էր սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը՝ առանձնապես խոշոր չափերով միջոցների յուրացման եւ վատնման կասկածանքով:

Վազգեն Խաչիկյանը Վազգեն Խաչիկյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

2016 թվականին Վազգեն Խաչիկյանը դիմեց  ՀՀ նախագահին ներում շնորհելու խնդրանքով: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, մոտ ապագայում նրան կարող է ներում շնորհվել:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին